Կրթություն

Զորակոչից տարկետման տրամադրման նոր կարգը․ Ի՞նչ է փոխվել

Լուսանկարը՝ ԵՊՏՀ-ի

Այսուհետ տարկետում կտրամադրվի նոր կարգի հիման վրա և փոփոխված պայմաններով։ Փոփոխությունները հաստատվել են կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի ընթացքում` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկի հիման վրա։ 

Ընդամենը 18 ամիս առաջ՝ 2018թ․ ապրիլին ընդունած տարկետում տալու կարգի և պայմանների վերաբերյալ որոշման մեջ կատարված փոփոխությունները, ըստ նախաձեռնողների, կատարվում են ելնելով գործնականում առաջացած խնդիրներից և բողոքներից։ 

Որո՞նք են տարկետում տրամադրելու հիմքերը

Ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերը տրամադրվում են՝ 

առողջական վիճակի պատճառով, ընտանեկան պայմաններից ելնելով, Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու պարագայում  և նպատակային ուսումնառության համար։ 

Կառավարության սահմանված կարգով՝  տարկետում տրամադրվում է 2018թ․ ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ այն քաղաքացիներին, որոնք ունեն նշանակալի նվաճումներ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում։ 

image-9064

Այս փոփոխությունը, ինչպես «Ամփոփ մեդիային» ասում է Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը, պայմանավորված է նրանով, որ որոշ դիմորդներ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ապահովել ՄՈԳ-ի սահմանված շեմը, սակայն ունենում են բավականին շատ նվաճումներ և ըստ կարգի՝ գնահատվող մնացած գործակիցների պարագում, ստանում են առավելագույն բալեր։ 

«Օրինակ Երևանի պետական համալսարանում 20 բալանոց համակարգ է, այսինքն՝ ՄՈԳԻ 90%-ը կազմում է 18 բալ։ Մենք ունեցել ենք մի քանի դիմող՝  17.87 կամ 17,9  և նման ՄՈԳ-երով, որոնք առաջին կամ երկրորդ կուրսում, օրինակ ինչ-որ առարկայից ցածր ստանալու պատճառով հետագայում խնդիր են ունեցել», – ասում է Մարգարյանը։ 

Ըստ նրա՝ սանդղակը փոխվեց, քանի որ ստացվում էր, որ գործակցի մեխանիկորեն բարձր լինելու արդյունքում անձը չէր կարողանում տարկետում ստանալ այն պարագայում, երբ բավականին հաջողություններ ուներ։ Սակայն նա նշում է, որ ամբողջությամբ, մեխանիկորեն իջեցում չի կատարվել։ Տեղի են ունեցել գործակիցների փոփոխություններ․ «․․․իմ նշած ուսանողները, որոնք կազմում էին մեկ տասնյակ և իրենց նվաճումներն իրոք ակնառու էին, բայց գործող կարգը թույլ չէր տալիս, այսուհետ հնարավորություն կունենան տարկետումներ ստանալ»։

Ըստ կարգի՝ նշանակալի նվաճում է համարվում նաև քաղաքացու՝ աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 5 տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը (կրթաթոշակի առնվազն 70%-ի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բուհերի):

Մինչ փոփոխությունը այս բացառությունը ներառված չէր, իսկ կրթաթոշակի առնվազն 70%-ի առկայության փոխարեն դիմողից պահանջվում էր ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայություն։ Էմիլ Մարգարյանը պարզաբանեց, որ բացառությունը ներառվել է պրակտիկայի ընթացքում առաջացած խնդիրների պատճառով․ 

«Գերմանիայում բուհերն անվճար են, և, օրինակ թոփ 50-ի բուհերի ցանկում (խմբ․  shanghairanking.com կայքի տվյալներով) մի քանի գերմանական բուհ կա, որտեղ մենք բազմաթիվ դիմորդներ ունենք։ Ստացվում է` կարգը կրթաթոշակի չափի վերաբերյալ տեղեկատվության պարտադիր պահանջ էր նախատեսում,  և անձը ստիպված էր ինչ-որ ձևով կրթաթոշակ ձևակերպել կամ հիմնավորել, որ այն չկա»։

Այս թվարկված նվաճումները գնահատող հանձնաժողովը մինչ այժմ գնահատում էր առնվազն 100 բալի շրջանակներում։ Կատարված  փոփոխությամբ այս շեմը իջեցվում է 80 բալի։ Հիմավորումն այն, որ հարցազրույցի փուլը հանվել է և նախատեսված չափորոշիչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է: Ըստ այդմ՝ մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք են բերում առնվազն 49 (նախկինում-60 բալի), իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում` առնվազն  51 (նախկինում-65) բալային միավոր հավաքած քաղաքացիները: 

image-9065

Մինչ վերոնշալ փոփոխությունները՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող էին ստանալ կառավարության կողմից գերակայություն ճանաչված ոլորտներում գործունեություն իրականացնող և այս կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները: Սակայն այս արտահայտությունը ևս հանվել է։

Հոկտեմբերի 3-ի որոշմամբ՝ նվազեցվել է նաև հանձնաժողովի անդամների քանակը և հանվել հարցազրույցը։ Վերջինիս առկայության և դրա խնդիրների՝ մասնավորապես սուբյեկտիվիզիմի դրսևորումների վերաբերյալ մամուլում բազմիցս է գրվել։ Նախարարության ներկայացուցիչն ասում է, որ բազմաթիվ բողոքներ են ստացել այդ գործընթացի հետ կապված։ Թեպետ հարցազրույցի համար դիմողը հանձնաժողով էր ներկայացնում իր մոտիվացիոն նամակը, ուսումնական հաստատությունների կամ գիտական կազմակերպությունների կողմից տրված երաշխավորագրերը, այնուամենայնիվ, տվյալ անձին գնահատելու հստակ չափորոշիչներ չկային։

«Անհնար է որոշել` երաշխավորագիրը լա՞վն է, թե՞ վատը կամ ինչպե՞ս գնահատել. ինչո՞ւ հինգ բալ և ոչ տաս կամ երկու: Ո’չ կարգը, ո’չ օրենսդրությունը երաշխավորագիր գնահատելու չափորոշիչներ չեն ներառում»։

Մարգարյանը նշում է, որ հարցուպատասխանի փուլը ևս խնդրահարույց էր․ «Քանի որ սահմանված հարցաշար չկա և ոչ էլ հարցի պատասխան, որ ասվի՝ այո՛, դու ճիշտ ասացիր, դու՝ սխալ, ուստի դրանից ելնելով,  ինչքան էլ հանձնաժողովն օբյեկտիվ փորձում էր զուտ գնահատել անձի հետաքրքրվածությունը ոլորտով, գիտությամբ զբաղվելու ցանկությունը կամ գիտական հետազոտությունը, որն անցկացնելու է, միևնույն է՝ խնդիրներ են առաջացել դիմորդների մոտ․ ինչո՞ւ ինձ տրվեց այս հարցը, այն հարցը՝ ոչ»։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, նա նշում է, որ հարցազրույցի հիմքով տարկետում չստանալու դեպքեր չի հիշում։

Ահա այս վերոնշյալ  չափանիշներով էլ տարկետում տրամադրվում է կառավարության որոշմամբ՝ համապատասխան կրթական ծրագրով, ուսումնառության ժամկետով` սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

image-9066
  

Վերջին փոփոխություններով՝ տարկետում կարող է տրամադրվել նաև 17 տարին լրացած անձանց։ Նախարար Հարությունյանը, կառավարության նիստում պարզաբանել էր, որ այս իրավակարգավորումը ներառվել է, որովհետև համապատասխան վարկանշային սանդղակում ընդգրկված արտասահմանյան բուհ ընդունված 17 տարեկան դիմորդը, նախկին կարգով չէր կարող տարկետում ստանալ, հետևաբար, վերջինս երկրից դուրս գալու և արտերկրում ուսանելու հետ կապված խնդիրների էր բախվում: 

Սակայն սա խնդրահարույց էր համարել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա պարզաբանել էր, որ բոլոր զինապարտները բուժփորձաքննություն են անցնում 18 տարեկանում՝ մինչև զորակոչը, իսկ այդ դեպքում՝ գործընթացի կազմակերպումը պետք է փոփոխվի․«Մենք առաջարկում ենք, որ, եթե նման բան ենք որոշում, ապա փոփոխություն կատարենք նաև օրենքում, որովհետև զինակոչիկի պարտականությունները ծագում են 18 տարեկանը լրանալիս»,- կառավարության նիստում առաջարկել էր Պաշտպանության նախարարը։

ԿԳՄՍ  իրավաբանական վարչության պետի կարծիքով՝ խնդիրն այս դեպքում ավելի շատ տեխնիկական է․ «Արտասահմանում սովորող ուսանողների համար ելքի թույլտվության երկար ժամանակահատված է կարիք լինում։ Վեց ամսվա  համար վիզա չեն տրամադրում և խնդիրներ են առաջանում։ Դրանից ելնելով փորձեցինք այսպիսի լուծման տարբերակ առաջարկել»։

Պարզեցվել է նաև նշանակալի նվաճումների հաշվարկման մեթոդաբանությունը։ Մասնավորապես բանաձևն ավելի պարզեցված է, քանի որ հարցազրույցի փուլն այլևս չկա։

Ըստ Էմիլ Մարգարյանի՝ այս բոլոր փոփոխությունները տարկետում ստացողների քանակի վրա  էական ազդեցություն չեն ունենա։ Նա նշում է, որ մարդիկ արդեն իսկ տեղյակ են, թե ինչ ընթացակարգերով է տարկետում տրամադրվում, ուստի դրանից ելնելով համապատսխան միջոցներ են ձեռնարկում․ օրինակ՝ հրապարակվում են հոդվածներ և զեկույցներ։

«Եթե նույնիսկ լինի տարբերություն, ապա այն 10%-ը չգերազանցող տարբերություն է լինելու, առավել ևս՝ մեծամասամբ սկզբունքները չեն փոխվել, ուսանողները տեղյակ են և՛ ընթացակարգին, և՛ պահանջներին․ որպես այսպիսին այս փոփոխություններում անակնկալ չկա»,- ասում է Մարգարյանը։ 

image-9067

Հեղինակ՝ Կարինե Կիրակոսյան

Տվյալների վիզուալիզացիա՝ Գայանե Մելիքյան

Պատասխանատու խմբագիր՝  Սուրեն Դեհերյան

Սույն նյութը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 21/10/2019