Կրթություն

ԵՊՀ-ում անբավարար գնահատականների պատճառով հեռացումները աճել են․ վիճակագրություն

Տարեցտարի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից հեռացվող ուսանողների թիվը նվազում է, մինչդեռ Հայաստանում չեն դադարում դժգոհությունները կրթության որակից։

«Ամփոփ Մեդիայի» լրագրողական ուսումնասիրությունը փաստում է, որ անցած 5 տարիների կտրվածքով ՀՀ բուհերից ուսանողների հեռացումների կայուն նվազում կա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «Ամփոփ Մեդիային» տրամադրած տվյալների համաձայն՝ 5 տարվա ընթացքում պետական 40-ից ավելի բուհերից հեռացվել է շուրջ 26 000 ուսանող։

Եթե 2015-16 ուստարվա ընթացքում հեռացվածների թիվը 5900-ից ավելի էր, ապա հինգ տարի անց՝ 2019-2020 ուստարում հեռացվածների թիվը նվազել է 27%-ով՝ հասնելով 4300-ի։

Սիլվի Տիգրանյանը Երևանի պետական համալսարանի այն ուսանողներից է, ով կիսատ է թողել մագիստրոսական ուսումը։ Նա ասում է, որ մագիստրատուրայի առաջին կուրսում հասկացել է, որ էլ չի ցանկանում ավելին սովորել իր ընտրած մասնագիտության շրջանակներում և հեռացել է բուհից։ Փոխարենը ընդունվել է մեկ այլ համալսարան՝ այլ մասնագիտությամբ։ Սիլվին կարծում է՝ այս անգամ ճիշտ ընտրություն է կատարել և ուսումը կիսատ չի թողնի։

Վիճակագրական տվյալները բուհից հեռացման չորս պատճառ են նշում՝ անբավարար առաջադիմություն, ինչն ամենամեծ չափաբաժինն ունի հինգ տարիների ընթացքում հեռացվածների շրջանում, ապա համապատասխանաբար ուսման վարձավճարի չվճարումը, ներքին կարգապահական կանոնների չկատարումը և սեփական դիմումի հիման վրա հեռանալը։

Հեռացվածների շուրջ 24%-ը բուհը լքել է սեփական դիմումի համաձայն, ինչպես Անի Սերոբյանը։ Վերջինիս հիմնավորումն այն է, որ ֆորմալ կրթությանը չի հարմարվել, չեն արդարացել սպասելիքները դասապրոցեսից, բովանդակությունից։

«Աշխատաշուկան այլևս ուշադրություն չի դարձնում դիպլոմի առկայությանը, գնահատում է ինքնակրթությամբ զբաղվող ու ժամանակի տենդենցներով շարժվող մասնագետներին։ Հասկացա, որ չեմ ուզում կյանքիցս ևս երկու տարի վատնել համալսարանի պատերի ներսում»,- ասում է Անին։ 2019 թ.-ի ամռանը որոշել է զբաղվել ինքնակրթությամբ և շուրջ մեկ ամիս Հանրային գրադարանում ուսումնասիրել է իր մասնագիտությանն առնչվող գրականություն։

Հեռացումների պատկերը 3 բուհերում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռացումների նվազման միտում է նկատվում։ Այս բուհերում հեռացումների հիմնական պատճառը ակադեմիական անբավարար առաջադիմությունն է։

Պատկերը տարբերվում է ԵՊՀ-ում, որտեղ հեռացվածների թիվն ավելացել է, և 2015/16 ուստարվա համեմատ 2019/20 ուստարում անբավարար գնահատականների պատճառով բուհը լքածների թիվն աճել է 47%-ով։

Ըստ տրամադրված վիճակագրության՝ 5 տարվա ընթացքում նշված 2 համալսարաններում նվազել է ուսման վարձը չվճարելու հետևանքով հեռացված ուսանողերի թիվը։

ԵՊԲՀ-ից նշել են, թե 5 ուսումնական տարվա ընթացքում ուսման վարձը չվճարելու պատճառով՝ որևէ ուսանող չի հեռացվել։

Սեփական դիմումի հիմա վրա ազատված ուսանողների թիվը ևս նվազել է ներքոնշյալ 2 բուհերում։ Այս մասին չեն տրամադրել տվյալներ ԵՊՀ-ից։

Ընդհանուր առմամբ բուհերում հեռացումների թվի նվազման վարկածներից մեկն այն է, որ վերը նշված պատճառներից ցանկացածով հեռացնելու դեպքում՝ նվազում է բուհի վարձավճարների թիվը։

Նշված բուհերից ամենացածր վարձը ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում է։ Ֆինանսներ և կառավարում ֆակուլտետներում վարձավճարը 300 000 դրամ է։ Ամենաբարձր վարձավճարը ԵՊԲՀ-ում է։ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի վարձը 1 600 000 դրամ է։

Կրթության ոլորտի փորձագետներից մի քանիսը հրաժարվեցին կարծիք հայտնել՝ նշելով, թե բուհերից հեռացումների հետ կապված վերլուծություն չունեն։

Փորձ՝ Շվեդիայից

Խնդիրը լուծելու և համալսարանում «որակյալ» ուսանողներ ունենալու համար՝ Շվեդիայի համալսարաններից մեկում այլ համակարգ է գործում։ Այնտեղի փորձի մասին «Ամփոփ Մեդիային» պատմեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը։

Ըստ նրա, ցածր առաջադիմությամբ ուսանողներին բաժանում են խմբերի և նրանց կցում դասախոսներ։ Օրինական կարգով դասախոսները սկսում են պարապել ուսանողների հետ այնպես, ինչպես Հայաստանում ընդունելության քննություններից առաջ անհատական պարապունքներին։ Զաքարյանի խոսքով՝ այդ պարապմունքների, հավելյալ աշխատանքի համար դասախոսները գումար ստանում են ոչ թե ուսանողից, այլ բուհից։ Երբ ուսանողը հասնում է հաջողության, հաղթահարում է նվազագույն շեմը, դասախոսը հավելյալ գումար է ստանում նաև ապահոված որակի համար։

Հեղինակ՝ Անի Ավագյան

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/04/2021