Տնտեսություն

Փաստարկում. Արտագնա աշխատանքը հարկելու նախագիծ չկա

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Արտագնա աշխատանքի մեկնածներին կամ, ինչպես ընդունված է ասել, «խոպանչիներին» հարկելու լուրը հասարակության և քաղաքական գործիչների շրջանում լայն քննարկումների պատճառ դարձավ: Եթե հաշվի առնենք նաև, որ այս քննարկումները տեղի են ունենում նախըտրական գործընթացների ֆոնին, ապա ակնհայտ երևում է, թե ինչպես են քաղաքական ուժերը շահարկում այս թեման:

Թեմայի քննարկումը ծավալվեց Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդման շրջանակներում նոյեմբերի 16-ին հրապարակված հարցազրույցից հետո, որն ունի հետևյալ խորագիրը.

««Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը՝ ըստ ՊԵԿ-ի»

Խորագրից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե արդեն որոշվել է, որ արտագնա աշխատանքը հարկվելու է, և մնում է որոշեն, թե ինչ մեխանիզմով:

Սակայն առաջին իսկ պարբերությունից հասկացվում է, որ խոսքը ընդամենը մի գաղափարի մասին է, որը վերաբերում է 18-65 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիների ընդհանուր եկամտահարկին:

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020թ-ից  եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը սույն հարցազրույցում պարզաբանում է, որ ըստ այդ գաղափարի, եկամտային հարկ վճարող են դառնալու ինքնազբաղվածները, գյուղոլորտում զբաղվածները, գրանցված աշխատողները, եթե նրանք աշխատավարձից զատ այլ եկամուտ էլ ունեն:

Սակայն սա չի նշանակում, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները Հայաստանում ևս կհարկվեն իրենց աշխատած գումարից: Անանյանը հարցազրույցում պարզաբանում է, որ խոսքը դրսից ստացված գումարների մասին է, որոնք կարող են դիտվել իբրև եկամուտ, և կարող են ենթակա լինել հարկման` տարեկան կտրվածքով:

«Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»:

Իսկ այսպես ասած` «խոպանչիներին» հարկելու կառավարության նախաձեռնությունը առաջ է քաշվել դեռևս 2015թ. մայիսին` Հովիկ Աբրահամյանի վարչապետության և Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Համաձայն նախագծի հեղինակների՝ նախկին կառավարության նպատակն էր, որ դրսում աշխատող հայաստանցիները այլ երկրներում հարկ մուծելու փախարեն այդ գումարները փոխանցեն Հայաստանի բյուջե:

Պատգամավորներն այն ժամանակ մեղադրեցին կառավարությանը, որ արտագաղթի դեմ պայքարելու փոխարեն վերջինս ցանկանում է արտագնա աշխատողներից գումար վերցնել: Այդ է նաև պատճառը, որ հանրության շրջանում այս լուրի վերնագիրն ասոցացվեց նախկինում արդեն իսկ դժգոհություն առաջացրած նախագծի հետ:

Հիմնական շեշտադրումները, որոնք արվեցին հանրային տարբեր շրջանակներում տեղեկատվության քննարկման ժամանակ, հետևյալն էին.

Հոդվածը վերնագրված է` թիրախավորելով կոնկրետ այն սոցիալական խմբի ներկայացուցիչներին, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում և գումար ուղարկում իրենց ընտանիքներին: Մինչդեռ հարկային նոր համակարգի գաղափարը ներառում է 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամտային հարկումը, եկամուտները ստվերից դուրս բերելը, ոչ թե միայն արտագնա աշխատանքից եկած գումարները:

Արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարները ներկայիս Հարկային օրենսգրքով արդեն իսկ ենթակա են հարկման: Հարկային օրենսգրքի 141-րդ հոդվածը սահմանում է.

Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:

Իսկ 20-րդ հոդվածը կարգավորում է կրկնակի հարկման հարցը:

ՊԵԿ-ի ղեկավարը շեշտում է, որ քննարկման արժանացած հարցը ներկայացվել է իբրև գաղափար, որը ենթակա է հետագա քննարկումների: Մինչդեռ սոցիալական ցանցերում այդ լուրը տարբեր աղբյուրներ տարածեցին իբրև կառավարության ծրագիր, օրենսդրական նախաձեռնություն, հայեցակարգ` բացասական երանգ հաղորդելով դրան:

Արդեն աղավաղված լուրը մի շարք քաղաքական ուժեր ընդունեցին իբրև փաստ` բաց չթողնելով կառավարությանը քննադատելու լավ հնարավորությունը նախընտրական շրջանում:

Քաղաքական ուժերից այս թեմային անդրադարձան «Հայաստանի հանրապետական», «Քաղաքացու որոշում», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազգային առաջընթաց» կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ:

«Հանրապետական» կուսակցության անդամ, կուսակցության համապետական ցուցակում առաջադրված պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում, ուղիղ հեռարձակմամբ անդրադառնալով այս գաղափարին, նշեց, որ ինքը կանի ամեն բան, որպեսզի նախագիծն իրականություն չդառնա:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը գրեց.

«Լավ, խոպանչիներին էլ հարկեք։ Սերժի մանկության երազանքն էլ նրանց հարկելը չէ՞ր»՝ հավելելով, որ իրենք կփոխեն իրերի նման դրությունը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության համապետական դաշինքը գլխավորող Լուսինե Հարոյանը ՀՀ բոլոր քաղաքացիներին հայտարարագրելը հետապնդում որակեց՝ նշելով, որ համոզիչ չէ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այն բացատրությունը, թե այդ գաղափարը դեռևս հանրային լայն քննարկումների առարկա է դառնալու:

ՀՀ կառավարության արտահերթ նիստին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով արդեն իսկ հանրային լայն քննարկման պատճառ դարձած այս տեղեկատվությանը, նշեց, որ առանց հանրային համաձայնության հարկային բեռի ավելացում չի լինելու.

«Պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել:… Կոնկրետ «խոպանչիներին հարկելու» նախաձեռնության օրինակով պետք է նկատեմ, որ խոսքը մի փոքր աղավաղվել է և սխալ է մեկնաբանվում: Գաղափարը հետևյալն է՝ կա միտք, ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչպես պաշտոնյաներն են հիմա հայտարարագրեր ներկայացնում, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները: Նախ պետք է հասկանանք, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ դրան: Եվ նույնիսկ, եթե դա կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը»:

Արարատ Միրզոյանը նաև իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը:

ՊԵԿ-ն իր պարզաբանման մեջ ամբողջությամբ հերքեց այն տեղեկատվությունը, թե քննարկվում է արտասահմանյան աղբյուրներից ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման կառավարության նախագիծ. «Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ»:

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 04/12/2018