Քաղաքական

Փաստարկում. ռուսական քարոզչամեքենան հօգուտ Ռոբերտ Քոչարյանի

Ռուսական երեք խոշոր լրատվամիջոցներ Россия 24-ը, НТВ-ն և ТВ Центр-ը մարտի 28-ի երեկոյան՝ Փրայմ թայմի ընթացքում, գրեթե միաժամանակ անդրադարձան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։ Երեք հեռուստաալիքներում էլ նյութերը գրեթե նույն բովանդակությունն ու ուղղվածությունն ունեին։ Նրանցում Քոչարյանը ներկայացվում է որպես քաղբանտարկյալ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչ։

ТВ Центр հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժում մարտի 1-ի դեպքերը համեմատվում է 2014թ.-ին Կիևում տեղի ունեցած Եվրամայդանի հետ։ Ռեպորտաժում թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տված ՌԴ քաղաքացիներ Գևորգ Խաչատրյանը և Ռոման Բաբայանը հաստատում են ռեպորտաժի հեղինակի կարծիքը, թե մարտի 1-ին ցույցերի հիմնական կազմակերպիչներից մեկը Փաշինյանն է եղել: Ռոման Բաբայանը նշում է, որ ներկայումս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սատարում է Նիկոլ Փաշինյանին, իսկ Քոչարյանը` նրանց հիմնական քաղաքական հակառակորդն է։ Ըստ Բաբայանի՝ սա է պատճառը, որ նոր իշխանությունները փորձում են «ազատվել» Քոչարյանից։

Ռեպորտաժի հեղինակը հնչեցված տեքստում համոզմունք է հայտնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայումս պատասխանատվության չի ենթարկվում, քանի որ 2008թ-ին նրա կողքին կանգնած էր ներկայիս վարչապետը։

Россия 24-ի եթերում` մեկնաբանի խոսքով՝ Փաշինյանի կողմից Քոչարյանին բանտ նստեցնելու ցանկության մասին պարզ է դարձել Արթուր Վանեցյանի հետ հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից հետո, ինչը հայտնվել էր յութուբում և տարածում գտել սոցիալական ցանցերով։ Այստեղ նշվում է, որ Քոչարյանին կալանավորել են անմիջապես այն դեպքից հետո, երբ նա հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։ Մինչդեռ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացվել է նախորդ տարվա հուլիսի 28-ին, իսկ քաղաքականություն վերադառնալու մասին նա հայտնել է դրանից հետո` օգոստոսի 16-ին՝ «Երկիր մեդիային» տված հարցազրույցի ժամանակ։

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ նմանատիպ ռեպորտաժերը նորմալ են ռուսական մեդիայի պարագայում։ «Կարծում եմ՝ հայկական մամուլն արժանի պատասխան տվեց այդ ռեպորտաժներին՝ ցույց տալով իրական փաստերը»,- ասում է վերլուծաբանը։

Մեհրաբյանը ռեպորտաժների հրապարակման ժամկետները որևէ կերպ չի կապում Փաշինյան-Ալիև հանդիպման հետ։ Նա նաև ասում է, որ, այնուամենայնիվ, ժամանակագրությունը ևս փաստ է։ «Կարծում եմ՝ սա կարելի է դիտարկել նաև որպես ոչ բարեկամական մոտեցում Հայաստանի նկատմամբ՝ Ռուսաստանի կողմից, ինչը, ըստ իս, նորություն չէ», – ասում է վերլուծաբանը։

Ռուսական պետական հեռուստաընկերություններով հեռարձակած ռեպորտաժներում նշվում է նաև, որ Քոչարյանի փաստաբաններն ասում են, թե հայկական ԶԼՄ-ների կողմից որևէ դրական հրապարակում Քոչարյանի վերաբերյալ չկա։ Մինչդեռ Fip.am (Փաստերի ստուգման հարթակի) կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ հայկական մի քանի  լրատվամիջոցներ ակտիվորեն լուսաբանում են Քոչարյանին վերաբերող իրադարձությունները։

Նրանցից մասնավորապես աչքի է ընկնում  «5-րդ ալիք»-ը, որն ի տարբերություն հայկական այլ լրատվականների, հրապարակել է ոչ թե  ռուսական ռեպորտաժների՝ ապատեղեկատվություն պարունակելու մասին նյութ, այլ նույն տրամադրություններով նկարահանված Ren TV հեռուստաալիքի ռեպորտաժը՝  հայերեն մեկնաբանությամբ։ Այստեղ ևս Քոչարյանը ներկայացվում է որպես քաղբանտարկյալ։ Այս ռեպորտաժում ևս նշվում է, որ Քոչարյանին ձերբակալելու որոշում Հայաստանի իշխանությունները կայացրել են վերջինիս՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո։

НТВ հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժը սկսվում է՝ ներկայացնելով, որ հայկական իշխանությունները Քոչարյանի գործին կցել են նաև կաշառք վերցնելու մեղադրանքը։ Քանի որ, որքան շատ լինեն մեղադրանքները, այնքան քիչ կլինեն Քոչարյանին արդարացնելու շանսերը։

Իրադարձությունների լուսաբանման այս մոտեցումը, ըստ Ռուբեն Մեհրաբյանի,  պետական քաղաքականություն է և բացահայտորեն ուղղված է Հայաստանի իշխանություններին։ «Պատճառն այն է, որ Ռուսաստանում այլ կարծիք ունեցող հեռուստաընկերություն պարզապես չկա»,- ասում է քաղաքական վերլուծաբանը և հավելում, որ ռուսաստանյան հեռուստաալիքների պարագայում միայն ոճի և ներկայացման տարբերություն կա, իսկ դիրքորոշումները հիմնականում նույնն են։

Ռուսական լրատվամիջոցների այս հրապարակումներին անդրադարձել են հայկական լրատվամիջոցները։ «Ազատություն» ռադիոկայանը, Fip.am-ը և մի քանի այլ կայքեր հրապարակումներում անդրադարձ կատարելով ռուսական մեդիայում միաժամանակ տարածված հրապարակումներին նշում են նաև դրանց ոչ հավաստի լինելու փաստը։ Բայց օրինակ՝ Henaran.am, Iravunk.com կայքերում և «5-րդ ալիք» հեռուստաալիքի լուրերով հրապարակված ռեպորտաժներին անդրադարձ են կատարել միանգամայն այլ տեսակետից։ Օրինակ` ըստ Iravunk.com կայքի՝ այդ ռեպորտաժները Մոսկվայի վերջին նախազգուշացումն են Փաշինյանին։

Ուսումնասիրելով նշված լրատվամիջոցների՝ մինչ այս հրապարակված նյութերը, երևում է, որ ակնհայտ կողմնակալություն պարունակում են հիմնականում ՀՀ երկրորդ նախագահին անմիջապես վերաբերող կամ նրա գործին առնչվող նյութերը։

Նույն տրամադրություններով հրապարակումներ էին տարածվել նաև նախորդ տարվա դեկտեմբերի վերջին` Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ։ Այս դեպքում  ռուսական լրատվամիջոցների մի մասը այն տեսակետն էր արտահայտում, որ գազի գնի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը կախված է Ռոբերտ Քոչարյանի ճակատագրից։

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/04/2019