Դըրբըզեք

Ինտեգրում նոր կյանքին. ժպիտը` խնդիրների լուծման բանաձև

By CSA- Plastock / Getty Image

Արցախցիները հայաստանյան կյանքին ինտեգրվում են հաղթահարելով սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ նաև հումորի ու ժպիտի միջոցով։ Տեղահանությունից հետո, նոր իրականությունում, նոր միջավայրում ու նոր մշակույթում բախումները հանգուցալուծվում են ծիծաղով։

Կողմնորոշվել տեղանքում

Ռուսական հայտնի «Слово пацанов» սերիալի ”Теперь запомни: ты теперь беженец, ты теперь на улице, а кругом индийцы” ձևափոխված արտահայտությունը շրջանառվում էր հենց առաջին ամիսներին։

Ավելի ուշ արդեն, հումորի թեմա էին դարձել Երևանի փողոցներն ու թաղամասերը, հատկապես այն արցախցիների համար, ովքեր ապրում էին մայրաքաղաքում և ունեին տեղանքի կողմնորոշման հետ դժվարություններ։

«Պատահական հանդիպում Երևանում.
-Վաաայ, Անոո, հու՞նցք, կրեցա՞լք տղվարվիք։
-Հաա էննք Նորադավիթ, վեչինչ լի։ Պա տուք շտե՞ղք տղվարվալ։
-Մունք էլ Դանգլադեշնք։
(Արցախյան բարբառում՝ դանգլա – միամիտ)

Ասումա նոր մի հնդիկ առաքիչա մուտիկացալ՝ թա էս հինչ հասցեն հունց քինամ։ Փռնալում հանց բացատրալ, մհենգ էնա քինամա Ղարաբաղ»։

Ուշացող 40+10-ը

Հումորային պատմությունները ուղեկցում են նաև արցախցիներին ուղղված կառավարության աջակցության ծրագրին։ Կառավարությունը մեկ շնչին տրամադրում է ամսեկան 50 հազար դրամ (որից 40 հազար դրամը որպես տան վարձակալության վճար, իսկ 10 հազարը՝ կոմունալ ծախսերի վճար)։ Նպաստները ուշացումով են տրվում՝ սովորաբար հաջորդ ամսվա կեսերին, այն դեպքում, երբ վարձավճարը տանտերերը պահանջում են նախապես։

– Բարև ծեզ, Երևան լավ գուշակի տեղ հուվա՞ գիդում։
– Կներիք, իսկ հինչ հարցավա պետք, եթե գաղտնիք չի։
– Օզումմ գիդամ էս 40+10-երը հիբն տալու։

Ծայրահեղ դեպքում` վարորդ կամ ժենգյալով հաց թխող

Հայաստանում արցախցի տղամարդկանցից շատերը աշխատում են, որպես վարորդ` տաքսի ծառայություններում, կանանց մոտ էլ գերակշռում է ժենգյալով հացի պատրաստումն ու վաճառքը։ Ու երբ պատահական հանդիպում են երկու արցախցի, խոսակցությունը հիմնականում սկսվում է, թե ով ինչ գործով է զբաղվում Հայաստանում։

Հանդիպում Կոմիտասում.
– Ա պարյոր, հինչ կա հու՞նցս
– Վեչինչ յոլա, տու հու՞նցս
– Վեչինչ, գործ պեն անու՞մս
– Չէէէ
– Յանի՞ յանդեքս էլ չս քշում
– Չէէէ
– Յանի՞ մի տղ անվտանգության աշխատակից էլ չըս
– Չէէէ
– Յանի՞ ժենգյալավ հացի գործ էլ չես անում
– Չէէէ
– Դե հինչ տեռավ էդ…

Հումորն օգնում է հեշտ ապրել

Սոցիալական ցանցերի արցախյան խմբերում բազմաթիվ հարցեր հնչում են հումորի վերածված, իսկ արցախցիները խնդիրները վեր են բարձրացնում տողատակերում թաքնված ժպիտով։

«Կարի՞ք ասիք, եթե ամուսինս 9 ժամավ երկրից տուսա եկալ, քեցալ Թիֆլիս խինկալի կերալ եկալ, էս ամսվա 40+10-երը մունք ստնալվու՞նք»։

«Հուվա՞ տեղյակ, եթե բլոկադի վախտ ես անխիղճ փոխանակումներմ ըրալ, էդ մի շնչին 3 միլիոն վեր պիտի տան ինձ կարողա՞ տան վեչ»։

«Էդ մագազիններին բոնուս քարտերը վեր սաղ ստանումն, մունք պա խե ստանում չնք, կարողա՞ ռժիյնք, թա տիյա քինանք մազերնես ծյոմնի կաշտան անինք»։

«Ժողովուրդ էդ դուզա՞ վեր ՀՀ քաղաքացիությունս ընդունում, ավտամատ լուզուդ քղցրանումա, սկսումս ջան-ջիգյար անելավ խոսելը»։

Արցախից՝ Արցախի փողոց ու Արցախի թաղամաս

Արցախում գրեթե բոլորն իրար ճանաչում էին, Հայաստան տեղափոխվելուց ու քիչ թե շատ տեղավորվելուց հետո, փորձում են գտնել իրար, տեղեկություն ունենալ, հասկանալ ով ինչպե՞ս և որտե՞ղ է տեղավորվել։ Ֆեյսբուք սոցիալական հարթակում, հաճախ են նման հումորային երկխոսությունները։

– Պա Ղարաբաղ շտե՞ղս իլյալ կնալիս։
– Մարտունի։
– Պա ստեղ շտե՞ղս կենում։
– Մարտունի։
– Պա տու շտե՞ղս իլալ կնալիս։
– Արցախ թաղամասում։
– Մհենգ շտե՞ղս կենում։
– Արցախ պողոտայում։
– Մեր ախպեր, տու մհենգ շտե՞ղս ինում
– Ես Շվեյցարիայմ քոչալ։
– Էդ խե շտե՞ղս իլյալ կնալիս։
– Շվեցարսկուն թաղումը։

070՝ արցախյան պնդաճակատություն

Արցախից տեղահանվելուց հետո, պարտադիր դարձավ ժամանակավոր կացության կարգավիճակի կամ ՀՀ քաղաքացիության ընդունման անհրաժեշտությունը, որի դեպքում արցախցիները նոր անձնագիր էին ստանում, նոր կոդով, մինչդեռ նրանց անձնագրերը հայտնի էին 070 կոդով։

Անձնագրերի 070 կոդը, 40+10-հազարական դրամ տրվող աջակցությունները, արցախյան բջջային օպերատորի հայտնի 097 կոդը արտացոլված են այսօրվա արցախցու ներկան ամփոփող բանաձևում, որի շուրջ հյուսվում են բազմաթիվ հումորային պատմություններ։

«Բրիտանացի մաթեմատիկոսները պարզել են այն բանաձևը, որը լավագույնս նկարագրում է այսօրվա արցախցուն` 097 ÷ (40+10) × 070

  • 097-ը ցույց է տալիս անցյալից մնացած հիշողությունը,
  • (40+10)-ը՝ ներկա անորոշությունը,
  • 070-ը՝ կորչող արցախյան պնդաճակատությունը»։

Պատրաստեց Դավիթ Աբաղյանը
Հումորները մեջբերված են Արցախյան հումորներ ֆեյսբուքյան էջից
Հիմնական պատկերը պատրաստվել է արհեստական բանականության օգնությամբ

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/09/2024