Կրթություն

Պարտադիր ուսուցման բացերը

12-ամյա կրթությանը ոչ բոլորն են համաձայն

Հայաստանի Հանրապետությունում դպրոցական տարիքի 274 երեխա 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում չի հաճախել դպրոց: Մինչ դեռ գործող օրենսդրության համաձայն, 6 տարեկանը լրացած յուրաքանչյուր երեխա պետք է պարտադիր անցի 12-ամյա կրթություն: Հակառակ պարագայում, ստացվում է, որ դպրոց չհաճախող և պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների ՀՀ Սահմանադրությամբ տրված իրավունքը խախտվում է:

Արդյոք այս պնդման հետ համաձա՞յն են այն երեխաների ծնողները, որոնք խախտել են օրենքը` երեխաներին կրթական գործընթացից դուրս թողնելով:

Ամփոփ մեդիան փորձել է հասկանալ թե ինչո՞ւ երեխաները չեն հաճախում դպրոց և ո՞վ է այս երեխաների ուսում ստանալու իրավունքի խախտման պատասխանատուն:

Կրթությունից դուրս մնացած երեխաները

Լոռու մարզում, այս տարվա հոկտեմբերին, պարտադիր ուսումից դուրս մնացած 106 երեխա է հաշվառվել: Տվյալները տրամադրվել է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից:

Ինչպես երևում է գրաֆիկից, այդ երեխաների մեծ մասը հիմնականում առաջին դասարանի կամ 8-րդ եւ բարձր դասարանների տարիքի երեխաներ են: Առաջին դասարանի տարիք ունեցող երեխաների պարագայում մարզպետարանում նշում են, որ դպրոց չհաճախելու որոշումը կայացվում է հիմնականում ծնողների կողմից:

«Վեց տարեկանի համար ծնողն ասում է, թե փոքր է, չի դիմանա ծանրաբեռնվածությանը, մյուս տարի ենք ուղարկելու, որ լավ սովորի: Իսկ ավելի բարձր տարիքային խմբերում դպրոց չհաճախելու որոշումը նաև կարող է երեխայի կողմից լինել»,- նշում է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կրտսեր մասնագետ Անի Ղազարյանը:

Ըստ Ղազարյանի, թեպետ 12-ամյա կրթությունը Հայաստանում պարտադիր պայման է, բայց դրա մասին ոչ բոլոր ծնողներն են տեղյակ և կարծում են, թե 9-րդ դասարանից հետո կարող են այլեւս չուղարկել երեխաներին դպրոց: «Ունենք ընտանիքներ, որ ծնողն ասում է դպրոցն ի՞նչ կրթություն է տալիս, որ ուղարկեմ, ավելի լավ է գնա արհեստ սովորի»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետների դիտարկումների համաձայն՝ կրթությունից դուրս մնացած երեխաները բաժանվում են 3 խմբի: 1-ին խումբը կոչվում է տեսանելի, քանի որ այդ երեխաները ընդունվում են դպրոց, սակայն որևէ փուլում կիսատ են թողնում ուսումը:

2-րդ խումբը՝ կիսատեսանելի: Վերջիններս ընդգրկված են որեւէ տեղական տեղեկատվական համակարգում, սակայն որպես հաշմանդամություն ունեցող կամ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների երեխաներ՝ նրանց մասին կրթական համակարգը հնարավոր է տեղեկություն չունենա, եթե սոցհամակարգը չտեղեկացնի և չսկսի աշխատել իր համայնքում գտնվող դպրոցի հետ:

3-րդ խումբը անտեսանելի երեխաներն են, ովքեր որևէ տեղեկատվական համակարգում ընդգրկված չեն: Կան նաև երեխաներ, որոնք պարտադիր կրթությունից դուրս են մնացել, այսինքն՝ չեն հաճախում կամ չեն հաճախել դպրոց:

Լոռու մարզպետարանի աշխատակիցների կողմից տարվող աշխատանքների արդյունքում հաջողվել է 106 երեխայից 12-ին վերադարձնել դպրոց:

Այդ նպատակով, Անի Ղազարյանը, մարզպետարանի բաժնի մյուս աշխատակիցների հետ, ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիմքով, կատարում են տնայցեր` հասկանալու համար երեխայի դպրոց չհաճախելու պատճառները: Կախված խնդրից, նրանց կարող է միանալ նաև համայնքային սոցաշխատողը կամ կրթության վարչության աշխատակիցը:

Ղազարյանը նշում է, որ երբեմն այդ այցելություները ուղղորդվում են խնդիրներով, քանի որ որոշ ծնողներ տեղեկանալով այցելության պատճառների մասին, չեն ցանկանում խոսել և ագրեսիվ են տրամադրվում անկոչ հյուրերի նկատմամբ:

«Դեպք ենք ունեցել, որ անգամ ոստիկանությունում մեր դեմ բողոք են ներկայացրել, որ ապօրինի ներխուժել ենք իրենց բնակարան: Բայց մենք ապօրինի ոչինչ չենք անում: Մեր բաժնի կանոնադրությունից ելնելով տնայց ենք կատարում, հիմնվելով կառավարության 1044 Ն որոշման վրա»,- պարզաբանում է Անին:

Ամփոփ մեդիան ևս փորձեց կապ հաստատել Վանաձորի ընտանիքներից մի քանիսի հետ, որոնց երեխաները դպրոց չեն հաճախում: Ծնողները չհամաձայնվեցին, որպեսզի լրագրողը այցելի իրենց, սակայն կարճ հեռախոսազրույցների միջոցով փորձ արվեց պարզաբանում ստանալ դպրոց չհաճախելու պատճառների մասին:  Գրեթե բոլոր զրուցակիցներն էլ, պնդեցին որ իրենց երեխայի դպրոց հաճախելու կամ չհաճախելու որոշումն ընդունելը իրենց իրավունքն է:

Զրուցակիցներից մեկը նշեց, որ ինքը առողջական խնդիրներ ունի, որն էլ պատճառ է դարձել, որ երեխային դպրոց չտանի, քանի որ երեխային ուղեկցել չի կարող: Մեկ ուրիշն էլ ասաց, որ տղան չի ցանկանում ավագ դպրոց գնալ, քանի որ իրեն հետաքրքիր չէ այնտեղ և ընտանիքի անդամների հակառակ պնդումները լսել չի ուզում:

«Ավագ դպրոց չհաճախելու պատճառը, կարծում եմ այն է, որ ավագ դպրոցը բովանդակային առումով գրեթե դատարկ է, շատ է կրկնողությունը։ Եթե այն լցվի հասարակագիտության ուժեղ դասընթացով, բնագիտության կիրառական դասերով և տեղի ունենա բուհերի հետ համագործակցություն, մասնագիտական կողմնորոշում, ապա ավագ դպրոցը կսկսի լուրջ դեր կատարել աշակերտների կյանքում»,- ասում է Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը:

Ըստ նրա, շատ վայրերում չհաճախելու պատճառներից կարող է լինել նաև նախկին ռեֆորմների արդյունքում ավագ դպրոցների տեղանքով պայմանավորված շերտավորումը:

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արեն Եղիազարյանը Ամփոփի հետ զրույցում ասում է, որ խնդրին լուծում տալու համար օրենսդրական փոփոխություններ են պետք:

«Մենք ծնողներին տեղեկացնում ենք, որ օրենսգրքով տուգանք է սահմանված 30.000-ից 50. 000 դրամ: Բայց դա էլ կարող են վճարել եւ էլի դպրոց չտանել երեխաներին: Դա հարցի լուծում չէ»,- ասում է Եղիազարյանը և ավելացնում, «Համայնքը պետք է դատի տա այդ ծնողին, բայց համայնքի ղեկավարն էլ ասում է ես իմ գյուղացուն ո՞նց վարչական տույժի ենթարկեմ: Մարդ էլ կա, ասում է՝ իմ երեխան է, ինչ կուզեմ կանեմ: Վարչական տույժով հարց չի լուծվում: Այլ բան պետք է մտածել: Օրենքի բաց կա»:

Լոռու մարզի օրինակով

Լոռու մարզում, մի քանի տարի առաջ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համատեղ իրականացրել է  «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտում» փորձնական ծրագիրը: Դպրոց չհաճախող երեխաների բացահայտման համար, ծրագրի շրջանակներում երկու տարի շարունակ, ուսումնասիրվել է մարզի բոլոր համայնքները:

Միայն Վանաձոր և Գուգարք քաղաքներում բացահայտվել էր դպրոց չհաճախող 228 երեխա, որոնցից 212-ը 6-8 տարիքային խմբի երեխաներ են եղել, իսկ 16-ը`  9-16 տարիքային խմբի: Երեխաեր դպրոց չհա-ախելու հիմնական պատճառներից են եղել հաշմանդամությունը, մշակութային առանձնահատկությունները, լեզվի հետ կապված խնդիրները, միգրացիան, ծայրահեղ աղքատության կամ անբարենպաստ ընտանեկան հանգամանքները:

Ծրագրի շրջանակներում իրականացված նախաձեռնությունների շնորհիվ հնարավոր է դարձել այս երեխաներից  ընդամենը 83-ին վերադարձնել դպրոց. 6-8 տարիքային խմբի 72 երեխա ընդունվել է առաջին դասարան, իսկ 9-16 տարիքային խմբի 11 երեխա վերականգնել է ուսումը:

Ամփոփի հարցմանն ի պատասխան՝ Կրթության և գիտության նախարարությունից նշեցից, որ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո և Լոռու մարզում «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հաշվառման» ենթածրագրի արդյունքների վերլուծության հիման վրա նախատեսվում է համակարգի ներդրումն ամբողջ հանրապետությունում:

Փաստարկ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով՝ երեխաների կրթության իրավունքը հիմնարար իրավունք է, որի պաշտպանությանը պետք է ոչ միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ջանքերը, այլ նաեւ Կրթության, Առողջապահության նախարարությունների եւ ընդհանուր պետության:

«Այո՛, դա լրջագույն խնդիր է: Սոցիալական աշխատողների այն համակարգը, որ մենք փորձում ենք ներդնել եւ կատարելագործել, ունի գործառույթ՝ պատճառների հայտնաբերման, ուսումնասիրման եւ վերացման: Այդ ուղղությամբ աշխատանքներ կան եւ տարվում են: Մենք փորձում ենք դա արագացնել եւ կատարելագործել, որովհետեւ բավարար չեն: Պետք է ասեմ, որ մենք չենք կարողանում դեռեւս հասնել այն մակարդակի, որ կարողանանք պաշտպանել սոցիալապես անապահով երեխաների կրթության իրավունքը, որովհետեւ նրանք հաճախ նաեւ անուշադրության են մատնված»:

ՀՀ կրթության գիտության նախարարությունը, ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ, 2017թ. համատեղ մշակել և  ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Փաստաթղթում նշված է, որ սույն նախագծով նպատակ կա իրացնել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը: Նախատեսվում է կանոնակարգել դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և ապահովել շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացումը՝ երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում:

Սակայն խնդիրը ունի նաև ստվերային դրսևորումներ, ինչը կարող է իր ուղակի ազդեցությունը ունենալ իրական պատկերի վրա: Համաձայն 2018թ.-ի աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի՝ հանրակրթական դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, ուստի հաճախ ոչ միշտ է փաստացի գրանցված աշակերտների թիվը համընկնում փաստացի հաճախող երեխաների թվի հետ: Բայց այս հարցը դեռ կարիք ունի խորքային ուսումնասիրման:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Գայանե Մելիքյանը

Տեղեկատվական աջակցություն Վանաձորից` Տաթևիկ Ղազարյան

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 08/12/2018