Առողջություն

Կորոնավիրուսի համաճարակը կարող է հանգեցնել հոգեբանական տրավմայի. ո՞րն է լուծումը

Այս պահին նոր կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը ողջ աշխարհում կազմում է շուրջ 5,5 մլն։ Նոր վարակակիրների տվյալները հիմնված են թեստավորման արդյուքների վրա։

Սակայն նույն COVID-19-ը այս ամիսների ընթացքում ունեցել է նաև հոգեբանական ահռելի ազդեցություն համաշխարհային մակարդակով, սակայն, ցավոք, չկա դրա մասին փաստող վիճակագրություն։ Բայց հոգեբանները վկայում են, որ հոգեբանական տրավմա ստացողների թիվը մի քանի անգամ գերազանցում է ընդհանուր COVID-19-ով վարակվածների թվին։

image-12943

«Միջավայրում տեղի ունեցող որևէ փոփոխություն անհետք չի անցնում դրանում ապրող մարդկանց առողջության, ապրելակերպի և հատկապես հոգեկան համակարգի կողքով»,- ասում է փրկարար ծառայության մայոր Արևիկ Երիցյանը։

Մայոր Երիցյանը, լինելով ԱԻՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի (ՀԱԲ) պետ, իր բաժնի 10 հոգեբանների հետ արտակարգ դրության ռեժիմի բոլոր ամիսներին քաղաքացիների ավելի քան 2000 զանգ է սպասարկել։

Զանգողները կորոնավիրուսի հոգեբանական ազդեցությունն իրենց վրա զգացած և դրա մասին բարձրաձայնելու, օգնության կարիք ունեցող քաղաքացիներն են։ Մայոր Երիցյանը պատմում է դեպքեր, երբ հոգեբանը 2 ժամ զրուցել է զանգողի հետ։ Վերջին շրջանում զրույցներն իրականացվում են նաև տեսակապի միջոցով։

Հոգեբան-խորհրդատու Դավիթ Գևորգյանը նշում է, որ երկարաժամկետ մեկուսացումը կարող է հանգեցնել տագնապային տրամադրության և անգամ դեպրեսիայի։

Տագնապը նորմալ հույզ է, որով մարդն արձագանքում է վտանգին և խուսափում մի շարք խնդիրներից, բայց Գևորգյանը նշում է՝ COVID-19-ի առաջացրած տագնապը զուտ պաշտպանական բնույթի տագնապ չէ․ այն կարող է վերաձևակերպվել նեվրոտիկ տագնապի։

Պատճառը՝ անորոշության բարձր աստիճանն է։

«Մենք իրեն չենք տեսնում, չենք շոշափում, հանկարծակի է հայտնվում։ Այս իրավիճակում մարդը սկսում է ամեն ինչից ու ամեն տեղ տեսնել վտանգներ, իսկ առավել զգայուն հոգեկան կառուցվածք ունեցողների համար նեվրոտիկ տագնապով արձագանքելու առիթ է նաև խառնիճաղանճ ինֆորմացիոն դաշտը», – ասում է Գևորգյանը, ով ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոնը։

ԱԻՆ ՀԱԲ-ը նոր կորոնավիրուսին առնչվող զանգեր սկսել է ստանալ Հայաստանում վարակի առաջին դեպքի գրանցումից 3 օր անց՝ մարտի 4-ից։ Մայոր Երիցյանի խոսքով՝ բոլոր զանգերի հիմքը նույնն է՝ մարդիկ վախենում են, լինում են տագնապային իրավիճակում, կպչուն մտքեր են ունենում։

Եթե մարտ ամսին զանգերի թիվը 323 էր, ապա հուլիսին դրանց թիվը քառապատկվել է՝ հասնելով 1400-ի։ Երիցյանի փոխանցմամբ՝ եղել է օր, երբ մոտ 100 զանգ են սպասարկել։

«Էական ժամկետներով մարդուն մեկուսացնելու դեպքում սոցիալական փոխհարաբերություններում կարող է ձևավորվել հետաճ, վախ, կասկած, արհեստական կաշկանդվածություն», – ասում է Գևորգյանը։

Ըստ նրա, կա հավանականություն, որ զգայուն, սոցիալական կոնտակտների տեսանկյունից առավել տագնապային մարդկանց մոտ կարող են ձևավորվել բավականին անցանկալի հոգեախտաբանական հատկանիշներ։

Մայոր Երիցյանը նման դեպքերի ծանոթ է․ «Ինքնօգնության տեխնիկաներ, հանգստացնող տեսանյութեր ենք ուղարկում, սոցիալական ցանցերում տեղադրում ենք տարբեր նյութեր՝ հավանական լարվածությունը և տագնապային մտքերը վերացնելու նպատակով։ Պարտադիր ունենում ենք նաև հետադարձ զանգ, որպեսզի տեղեկանանք՝ արդյոք ամեն ինչ կարգին է»։

Ինչպե՞ս ինքնուրույն հաղթահարել տագնապը

«Ամփոփ Մեդիան» հոգեբան Դավիթ Գևորգյանի հետ առանձնացրել է մի քանի խորհուրդ՝ սթրեսային իրավիճակում հայտնվելու դեպքերն ինքնուրույն կանխելու նպատակով:

Տրանսպորտը, պարետատունը կամ նախարարությունը իր վերահսկողության ներքո չեն, բայց ինքը գեներացնում է ուժեղ տագնապներ։ Մարդը պիտի հասկանա, որ չի կարող առողջապահական համակարգում ինչ-որ բան փոխել, բայց կարող է հետևել իր սննդակարգին, անել որոշակի ֆիզիկական վարժություններ, սահմանափակել ինֆորմացիոն սնունդը, շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, օնլայն կապ հաստատել մտերիմների հետ։

«Կան այլ տեխնիկաներ ևս, օրինակ՝ մտքերի վիճարկումները։ Սա կիրառվում է, երբ տագնապային մտքերը ծայրահեղացված են․ «Ես կվարակվեմ ու կմահանամ», «Ես ունեմ ճնշում, եթե հիվանդացա՝ հաստատ մահանալու եմ»։

Հոգեբանը վստահեցնում է՝ այս մտքերը հաղթահարելի են սթափ բանականության կողմից տրվող հարցադրումներով․ «Ի՞նչ հիմք ունես էդպես մտածելու», «Կա՞ ուրիշ տարբերակ, թե՞ ոչ», «Որտեղի՞ց ես վերցնում բացասական հետևանքները»։

«Ամենակարևոր հարցը՝ քեզ տագնապ պատճառող միտքը քո կարծիք-ենթադրությու՞նն է, թե՞ փաստ։ Եթե կարծիք-ենթադրություն է, բայց ներկայացնում ես որպես փաստ, ուրեմն քեզ գցում ես ծուղակը։ Եվ եթե դու դա գիտակցեցիր, արի տեսնենք՝ էս ենթադրությունդ ինչի՞ վրա է հիմնվում ու արդյո՞ք կարող է չիրականանալ»,- նշում է Դավիթ Գևորգյանը։

previous arrow
next arrow
Slider

 

Վտանգը՝ երբեմն չգիտակցված

Տագնապի որոշակի չափաբաժին այսօր խրախուսվում է։ Բայց այս հարցում չափը վերահսկելի չէ։ Գևորգյանի խոսքերով՝ համավարակի պարագայում մարդը կարող է չիմանալ, որ հոգեկան վատ վիճակում է և ունի աջակցության կարիք։

Խնդիրն ավելի լուրջ է վարակվածների մոտ․ «Նրանք բացի վարակի հետ կապված հոգեբանական խնդիրները կրելուց (ո՞նց կընթանա, ի՞նչ կորուստներ կունենամ, կառողջանա՞մ, թե՞ ոչ), նաև ենթարկվում է «ինքնախարազանման»։ Մարդը չի ուզում ուրիշներն իմանան, որ հիվանդացել է, որովհետև հնարավոր է՝ մեղադրվի վարակի տարածման մեջ»։

ԱԻՆ ՀԱԲ-ը փորձում է այս մասին ևս հոգ տանել․ «Մեկուսացածների հետ ևս աշխատանքներ տարվում են՝ հիմնականում մեր նախաձեռնությամբ։ Իմանում ենք մեկուսացած խմբի մասին, ճշտում տվյալները և զանգահարում։ Բոլորի համար է դժվար, պիտի մի քիչ էլ համբերություն ունենանք, մի քիչ էլ դիմանանք և լավատես լինենք։ Իսկ մարդիկ պիտի իմանան, որ ցանկացած դեպքում կարող են զանգահարել մեզ` 911։ Հոգեկան առողջությունը կարևոր է»։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

#COVID19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/07/2020