Դըրբըզեք Կրթություն

Ի՞նչ կարգավիճակով են սովորում արցախցի դպրոցականները ՀՀ դպրոցներում

Արցախցի Կաքավ Ղուլյանն արդեն մի քանի ամիս է՝ Երևանում է դպրոց հաճախում։ Դասերից հետո էլ քայլելով գնում է մոտակայքում գտնվող իրենց վարձով բնակարան։ Ժամանակին այդպես իր ծննդավայրի՝ Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միակ դպրոցից էր տուն վերադառնում։ Այժմ գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ամիսներ անց Կաքավը հենց այստեղ էլ կավարտի 9-ամյա միջնակարգ ուսումը, քննություն կհանձնի ու ավագ դպրոց կտեղափոխվի՝ կրկին Երևանում։

Արցախյան 2-րդ պատերազմի մեկնարկից ի վեր հազարավոր արցախցի դպրոցահասակ երեխաներ, ՀՀ տեղափոխվելով, ժամանակավոր կրթությունը շարունակում են հայաստանյան դպրոցներում։ Նրանցից շատերը վերադառնալու տեղ չունեն, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետևանքով, նրանց բնակավայրերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։

Աշակերտներն այստեղ շարունակում են սովորել յուրաքանչյուրն իր բնակավայրին մոտ գտնվող դպրոցում:

Սեպտեմբերի 27-ի գիշերն էր, երբ Կաքավը փոքր քրոջ ու եղբոր հետ հեռացավ հայրենի Շեխեր գյուղից։ Երեւանում սկզբում բարեկամների հետ էին ապրում։ Իր հետ բերած դասագրքերով էր պարապում, որ դասերից ետ չմնա։ Շաբաթներ անց, երբ մայրը, պապն ու տատն էլ են տեղափոխվում Երևան, երեխաներն ընդունվում են միջնակարգ դպրոց։

«Սկզբում մի քիչ լարված էի, շատ էի վախենում, բայց՝ իզուր։ Առաջին օրը շփվեցի, ծանոթացանք, հետո արդեն ուրախ էի, որ դպրոց եմ գնում»,- նոր դպրոցից առաջին տպավորություններով կիսվում է Կաքավը՝ ավելացնելով, որ արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել։

Անձրեւոտ եղանակին նրա հետ դպրոցից տուն ենք գնում։ Շարունակ համեմատում ենք այստեղի ու այնտեղի եղանակը, դպրոցներն ու դասերը։ Կարծում է՝ իրենց գյուղի դպրոցում դասերն ավելի խիստ էին, քանի որ աշակերտների թիվն էր քիչ, և դասերն անցնում էին անհատական պարապմունքների նման։

«5-6 հոգով նստում, ամեն օր դաս էինք պատմում»,- ծիծաղում է ու հիշում իրենց փոքրիկ գյուղը, որտեղ, իր խոսքով, ամեն հարմարություն կար՝ խաղահրապարակ, խանութներ, մարզադահլիճ։

«Կրակոցներից դպրոցն ու մարզադահլիճը շատ են տուժել։ Մեզ մոտ մի շաբաթ դիմադրել են հենց գյուղի երիտասարդները, 20 հոգով հսկել են։ Արդեն թուրքը գյուղում, իրենք դեռ այնտեղ էին, մի քանի հոգով ձորերով կարողացել են փախչել»,- պատմում է նա։

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում հունվարի դրությամբ Արցախից շուրջ 7200 երեխա է սովորում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ասում են, որ թիվը փոփոխական է` պայմանավորված արցախցիների ԱՀ վերադարձի գործընթացով:

Կրթության գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ այն երեխաները, ում ծնողները փաստացի որոշում են կայացրել մշտապես բնակվել ՀՀ-ում, ծնողի դիմումի համաձայն` կհրամանագրվեն դպրոցում։ Հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտներին էլ կտրվեն ավարտական փաստաթղթեր:

Հադրութցի 11-ամյա Տարոն Բաբայանը, ի տարբերություն Կաքավի, Երեւանում ժամանակավոր է կրթություն ստանում, որ ետ չմնա ծրագրից, մինչեւ տեսնեն՝ ինչ են անում։ Հույս ունի, որ շուտով կվերադառնան հայրենի բնակավայր։ Նրա ընտանիքը չի շտապում դպրոց դիմում ներկայացնել՝ Հայկի մշտական ուսումը Երևանում կազմակերպելու նպատակով։

6-րդ դասարանցի Տարոնը հասուն մարդու նման պատմում է իրենց պատմությունը։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան են Հայաստան եկել։ Բաբայանների ընտանիքը 4 անդամից է բաղկացած։ Տարոնն այժմ մոր ու փոքր քրոջ հետ ժամանակավոր բնակվում է հորեղբոր տանը, իսկ հայրը Ստեփանակերտում է։ Մայրն ուսուցչուհի է, փոքր քույրը՝ դպրոցական։ Այժմ իր հետ նույն հաստատությունում է սովորում։

«Ուսուցիչները լավ են վերաբերվում, դասերս սովորում եմ, ամեն ինչ լավ է»,- կարճ պատասխանում է Տարոնը։ Ասում է՝ հասցրել է նաև ընկերներ ձեռք բերել։

«Առաջին օրը չհասցրի ընկերներ գտնեմ, բայց մի քանի օր հետո կարացի»։

Կաքավը բազմազավակ ընտանիքից է։ Թեեւ այժմ ոչ բոլորն են մեկ տանիքի տակ հավաքված, նա սիրով պատմում է 2 քույրերի և 4 եղբայրների մասին։

Ասում է՝ ամենամեծ քույրը սովորում է Գերմանիայում, երկու եղբայրներն օգնում են հոր գործերում, փոքր եղբայրն ու քույրն էլ այժմ դպրոցում են սովորում։

Առավել հիացած ու հպարտ մյուս եղբոր մասին է խոսում՝ Հայկի, ում նկարը տան հյուրասենյակի պատից է կախված։ 19 տարեկան Հայկը հոկտեմբերի 4-ին է զոհվել։ Հադրութում ծառայում էր իբրև ժամկետային։

Կաքավը հենց Հայկից է սովորել շատ սիրել գիրքը։

«Մեր ընտանիքի ամենախելացին էր, ընդունվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Մի տարի սովորելուց հետո գնացել էր բանակ։ Ինձ միշտ խորհուրդներ էր տալիս՝ ասում էր՝ այս գիրքը կարդա։ Հետո էլ գալիս, հարցնում էր՝ նոր գիրք ունե՞ս։ Նույնիսկ բանակում պայուսակը հավաքում էր գրքերով ու այնտեղ էլ սովորում»,- պատմում է Կաքավը։

Եղբոր շիրիմը ևս հակառակորդի տիրապետության տակ գտնվող տարածքում է։ Երբ իրենց տանն էինք, նրա հայրը մեկնել էր Արցախ, հասկանալու՝ ինչպես կարող են որդու աճյունը տեղափոխել։

Թշնամուն է մնացել նաեւ իրենց գինու գործարանը, որ հենց գյուղի անունով է կոչվում։ Գործարանի մասին ոգեւորված պատմում է, որ սկզբում արտադրում էին սպիտակ ու կարմիր գինի, որին ավելացավ նաև բաց վարդագույնը։ Վերջին տարիներին արտադրանքը նաև արտահանում էին։ Կաքավի երազանքներից էր՝ աշխատել հայրական գործարանում։ Այժմ էլ, եթե նորից գինու գործարան հիմնեն, պատրաստ է գործը շարունակել։

11-ամյա Տարոնը դեռ չի որոշել՝ ինչ է դառնալու․ ժամանակ շատ ունի։ «Ինչո՞վ է սիրում զբաղվել դասերից հետո» հարցին էլ հպարտորեն պատասխանում է, թե բռնցքամարտիկ է։ Հադրութում սպորտով է զբաղվել, սակայն ինչ եկել է Հայաստան, նման հնարավորություն չի ունեցել։ Հիմա դասերից հետո տնային առաջադրանքներն է կատարում ու հեռախոսով խաղում։

Հադրութից խոսելիս իրենց տան մասին է պատմում, որ կառուցել, սակայն չեն հասցրել ապրել։

«Հադրութում լավ էր», – ասում է Տարոնը՝ խոստովանելով, որ կարոտել է դպրոցը, ընկերներին, թեպետ վերջինների հետ հեռախոսով կապը միշտ պահում է։

Տարոնի երևանյան դպրոցում իր պես 14 աշակերտ ժամանակավոր կարգավիճակով է սովորում, իսկ 3-ը պաշտոնապես ընդունված են։ Հաստատության տնօրենի պաշտոնակատար Հայկ Բախչինյանի խոսքով՝ պատերազմի մեկնարից ի վեր 37 արցախցի աշակերտ են ունեցել, բայց մեծ մասը կարճ ժամանակ սովորելուց հետո գնացել է։

Տնօրենի խոսքով՝ եթե աշակերտները որևէ փաստաթուղթ չունեն, բավարար է ծնողի դիմումը, որպեսզի երեխան սկսի դպրոց հաճախել։ Իսկ հիմնական ընդունվելու համար անհրաժեշտ են որոշ հավելյալ փաստաթղթեր։

Հայկ Բախչինյանի խոսքով, եթե դպրոցականը այն շրջանից է, որն արդեն հակառակորդի տիրապետության տակ է, ծնողից հավելյալ փաստաթղթեր չեն պահանջում։

Հեղինակ՝ Անի Ավագյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/02/2021