Կրթություն

Ամփոփ թվեր․ Բոլոր մարզերում տղա աշակերտներն ավելի շատ են, քան` աղջիկները

Հայաստանում ընդհանուր առմամբ առկա է 1400 հանրակրթական ուսումնական հաստատություն, որից գրեթե 93%-ը կամ 1300-ը պետական դպրոցներ են։

Վերջին տարիներին, սակայն, ՀՀ պետական հանրակրթական դպրոցների թվի նվազման միտում կա։ Այն կապված է դպրոցների օպտիմալացման ծրագրերի հետ։ Ցածր թվաքանակով աշակերտ ունեցող դպրոցները փակվում են, և աշակերտները տեղափոխվում են տվյալ կամ մոտակա համայնքում առկա փոքրաթիվ աշակերտներ ունեցող այլ դպրոցներ։

Ինչպես մասնավոր դպրոցները, պետականները ևս առավել շատ են մայրաքաղաք Երևանում։ Դպրոցների թվով առաջատար են նաև Լոռու և Շիրակի մարզերը, թեև այնտեղ աշակերտները, ի տարբերություն մի քանի այլ մարզերի, ավելի քիչ են։ Այս մասին են փաստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքէջի տվյալները։


Կարդացեք նաև․ Ամփոփ թվեր․ Աշակերտների թվի աճ մասնավոր դպրոցներում


Հայաստանում ամենաքիչ դպրոցները Վայոց Ձորի ու Տավուշի մարզերում են։

image-15148

Աշակերտների և ուսուցիչների թիվը ՀՀ-ում

ՀՀ-ում սովորում է 380․000-ից ավելի աշակերտ։ Նրանց թվով առաջատարը կրկին Երևանն է (տես գրաֆիկը)։ Դպրոցականների թիվը համեմատաբար մեծ է նաև Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում։

Ընդգծենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին՝ 2019 թ․-ի տվյալների, մայրաքաղաքից հետո ՀՀ-ում ամենաշատ բնակչությունն ունեն հենց Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերը։

Տվյալները ցույց են տալիս, որ բոլոր մարզերում տղա աշակերտներն ավելի շատ են, քան` աղջիկները։ Հակառակ պատկերն է ուսուցիչների պարագայում։ ՀՀ դպրոցներում դասավանդող 31․000 ուսուցիչների մեծ մասը՝ 27․000-ից ավելի կամ 87%-ը, իգական սեռի ներկայացուցիչներ են։

Ամփոփեց Անի Ավագյանը

Ինֆոգրաֆիկան՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 11/02/2021