Կրթություն

Ինչպե՞ս է փոխհատուցվում համայնքային հանրակրթական դպրոցներ երթևեկողների ճանապարհածախսը

Հայաստանում 2013թ.-ից պետությունը օրենքով սահմանված կարգով պարտավորություն է ստանձնել փոխհատուցել այն ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսը, որոնք ուսման և աշխատանքի նպատակով իրենց բնակավայրից երթևեկում են մեկ այլ համայնք: Այս ծրագիրը, ևս 10 ծրագրի հետ միասին, «Հանրակրթության ծրագրի» մաս է կազմում: Սա երկարաժամկետ ծրագիր է, որի նպատակն է ապահովել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր, հիմնական ընդհանուր և անվճար միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ը կատարել է հետազոտություն՝ պարզելու նշված ծրագրի արդյունավետությունը:

 Իրավիճակ

«Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» պետական ծրագրով ՀՀ պետբյուջեով ծախսերը ծրագրավորվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված բյուջետային հայտերի հիման վրա՝ բյուջեի կազմման՝ սահմանված կարգով քննարկումների շրջանակում:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի (ՀՀԱԿ) ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ վերը նշված ծրագրով փոխհատուցում իրականացվում է Հայաստանի 7 մարզերում` Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի: Մյուս երեք մարզերում (Արմավիր, Կոտայք և Արարատ) փոխհատուցվում է միայն մի շարք դպրոցների ուսուցիչների և աշակերտների ճանապարհածախսը:

ՀՀԱԿ-ի կողմից մարզպետարաններ ուղարկված հարցումների պատասխանների վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ երթևեկող ուսուցիչների և աշակերտների ճանապարհածախսը փոխհատուցվում է օրերի հաշվարկով․ փոխհատուցման չափը երկկողմանի ուղեվարձի դիմաց ուսուցիչների դեպքում կազմում է 100-300 դրամ, իսկ աշակերտների դեպքում` 100-200դրամ։

Ծրագրի իրականացման մեխանիզմներ

Ծրագրի իրականացման հիմքում դրվել են հետևյալ մեխանիզմները՝

– ՀՀ հանրակրթական դպրոցները կազմում են երթևեկող աշակերտների և ուսուցիչների տրանսպորտային ծախսերի նախահաշիվները և ներկայացնում մարզպետարաններ, ավագ դպրոցների դեպքում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

– Մարզպետարանները և ԿԳՆ-ն նախահաշիվները ներկայացնում են ՀՀ ֆինանսների նախարարություն:

– ՀՀ ֆինանսների նախարարությունը կատարում է վերջնական հաշվարկ և ծախսերը ներառում ՀՀ տարվա բյուջեի նախագծում, որը հետագայում հաստատվում է ՀՀ տարվա պետական բյուջեի օրենքով:

-Բյուջեի հաստատումից հետո ծախսերը ներառվում են մարզերի մարպետարանների և ԿԳՆ բյուջեներում, և հատկացվում են շահառու դպրոցներին:

Ծրագրի մասին իրազեկվածության ցածր մակարդակ

Ստորև ներկայացված պատկերում, ՀՀ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների հիման վրա, 2015-2018թթ.-ին ծրագրի իրականացման համար տարեկան նախատեսված ու փաստացի ֆինանսավորման չափն է:

Պատկերից երևում է, որ 2018թ-ին ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված գումարները նվազել են, ինչպես նաև մեծ է տարբերությունը ծրագրով նախատեսված չափաքանակի և ֆինանսավորման միջև:

ՀՀԱԿ-ի հիմնադիր-նախագահ Օլեգ Դուլգարյանը ասում է, որ այդ նվազման հիմնական պատճառն այն է, որ հանրակրթական դպրոցներն ու մարզպետարանները նախապես ավելի քիչ հայտ են ներկայացրել ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարություններ: Սակայն Դուլգարյանը այն համոզմունքն է հայտնում, որ նման փոխհատուցման կարիք ունեցել են ոչ պակաս քանակով ուսուցիչներ և աշակերտներ, քան նախորդ տարիներին: Ըստ նրա՝ 2018-ին 2017թ․-ի համեմատ, պետք է անգամ գումարների աճ գրանցվեր:

«Նոր նախահաշիվներ չեն կազմվել՝ չներգրավված համայնքների երթևեկողների համար, իսկ արդեն նախկինում հաշվարկված երթևեկողների թիվը տրամաբանորեն նվազել է՝ հանրակրթական ուսումն ավարտելու փաստից ելնելով», – ասում է Դուլգարյանը և հավելում. «Նախահաշիվ չներկայացնելու հիմնական պատճառներից առաջինն այն է, որ պատասխանատու կողմերը (դպրոց, մարզպետարան, ՀՀ ֆինանսների նախարարություն) շահագրգռվածության պակաս ունեին՝ պետական միջոցներից նվազ ֆինանսավորում տրամադրելու համար։ Երկրորդ պատճառը երթևեկողների իրազեկվածության ցածր մակարդակն է կամ անտեղյակությունը՝ պետական ծրագրի և փոխհատուցման հնարավորությունների վերաբերյալ»։

Փորձագետի կարծիք



Ուսումնասիրության հեղինակ Նարե Ասլիզադյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Խորհրդատվական աջակցություն՝ Գայանե Մելիքյան, Ամփոփ մեդիա

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ և «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ՝ «Բաց տվյալների բանալի» ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 24/12/2018