Տնտեսություն

Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ

Հայաստանը եւ Թուրքիան, լինելով հարեւան երկրներ եւ գտնվելով Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում, կիսում են 345 կմ ձգվող ցամաքային սահման, ինչը շուրջ 14 տարի է փակ է` Թուրքիայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջեւ չկան նաեւ դիվանագիական հարաբերություններ, թեպետ Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայության պայմաններում վերապահումով վերաբերվեց Հայաստանի հետ հարաբերություններին: Այսուհանդերձ, անգամ խոչընդոտների պարագայում, երկու երկրների գործարարները փնտրել են ուղիներ փոխշահավետ առևտրատնտեսական կապերը պահպանելու եւ զարգացնելու համար: Սակայն ժամանակ առ ժամանակ փորձ է արվում սեպ խրել նաեւ այս մակարդակի հարաբերություններում:

Թարմացվել է 2018թ. մարտի 2-ին

Իրավիճակ 

Այս տարվա ապրիլին հայկական լրատվամիջոցները տեղեկացրին, որ  թուրքական TRT հեռուստատեսության հաղորդումներից մեկի ընթացքում գյուղմթերք արտադրողներից մեկն իր խոսքում նշել է, թե «արհեստական ճանապարհով աճեցված եւ թունավոր սրսկումներ  պարունակող լոլիկները» վաճառում են «ոչ բարեկամ ժողովուրդներին` հայերին եւ քրդերին»: Այս լուրը լայն քննարկման եւ անհանգստությունների պատճառ դարձավ Հայաստանի հասարակության շրջանում: Սակայն Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասկածի տակ վերցնելով տեղեկությունը՝ նշեց, որ 2017թ. առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել, իսկ շուկայում առկա լոլիկի 136 նմուշի ուսումնասիրության արդյունքները շեղումներ չեն արձանագրել:

Միգուցե այս տարվա առաջին եռամսյակում թուրքական լոլիկ Հայաստան չի ներմուծվել, սակայն թուրքական լոլիկի որակին, ինչպես նաեւ թուրքական բանջարեղենի որոշ տեսականուն Հայաստանի սպառողը քաջ ծանոթ է նախորդ տարիներին շուկայում առկա առատությունից: Հայաստան-Թուրքիա առեւտրային հարաբերությունները չեն սահմանափակվում միայն լոլիկի առեւտրով կամ բանջարեղենի ներմուծմամբ: Միայն 2015թ․ ավելի քան 7000 տոննա սննդամթերք է ներմուծվել Հայաստան։ Իսկ վիճակագրության համաձայն, 2008թ-ից Թուրքիան մշտապես եղել է Հայաստանի առեւտրային գործընկերների առաջին տասնյակում՝ տատանվելով 5-8-րդ հորիզոնականներում:

Վերջին 8 տարիներին (2008-2016թթ.) Թուրքիային բաժին է ընկել Հայաստանի առեւտրաշրջանառության 3-5%-ը: Այսպես, 2008թ. այն կազմել է շուրջ 270 մլն դոլար, իսկ 2015թ.` մոտ 137 մլն դոլար: 2016թ.-ից Հայաստան-Թուրքիա առեւտրաշրջանառությունը սկսել է աճ գրանցել` կազմելով 164 մլն դոլար: Ընդ որում, թուրքական ապրանքի ներմուծումը Հայաստան կազմել է ընդհանուր առեւտրաշրջանառության 99,7%-ը (շուրջ 163,8 մլն դոլարի չափով), իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել է ընդամենը 505 հազար դոլարի ապրանք: Ներմուծման եւ արտահանման նման հարաբերակցություն կարելի է նկատել գրեթե ամեն տարի, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական երկկողմ առեւտրատնտեսական կապեր ասելով պետք է հասկանալ գերազանցապես թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան:

Թուրքիայից Հայաստան է ներմուծվում  500 անունից ավելի ապրանքատեսակ, որոնց թվում` սննդամթերք, հագուստ, տնտեսական եւ քիմիական արդյունաբերության ապրանքներ եւ այլն: Իսկ Հայաստանից հիմնականում արտահանվում է մորթի, ոսկերչական իրեր, զանազան մետաղական արտադրանք:

2017թ. հունվար-մարտ ամիսներին երկկողմ առեւտրում շարունակվել է աճ գրանցվել: Առաջին եռամասյակի ընթացքում Հայաստանից իրականացվել է շուրջ 227 հազար դոլարի արտահանում, մինչդեռ ներկրման ծավալները կազմել են 45 մլն դոլար: Թուրքիայի հետ առեւտուրը կատարվում է Վրաստանի սեւծովյան նավահանգիստների եւ ավտոճանապարհի միջոցով, ինչն անհամեմատ երկար է, քան, Գյումրի-Կարս երկաթուղին:

Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտ չի նաեւ Հայաստան-Թուրքիա զբոսաշրջության ձեւավորման հարցում, սակայն այստեղ եւս դեպի Թուրքիա դրական միտումով: Օրինակ, 2015թ. Թուրքիայից Հայաստան է ժամանել շուրջ 9500 մարդ, մինչդեռ Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանից Թուրքիա այցելուների թիվը կազմել է` 48,522 մարդ:

Պատմական ակնարկ 

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները ձեւավորվել են 90-ականների սկզբին` Հայաստանի անկախության հռչակումից եւ Թուրքիայի կողմից այդ փաստը պաշտոնապես ճանաչելուց հետո: 1991թ. Թուրքիան չխոչընդոտեց «Ալարկո Հոլդինգի» եւ նրա ամերիկահայ գործընկեր Հրայր Հովնանյանի համատեղ ծրագրին, որով Հայաստանի տրամադրության տակ էր դրվելու Թուրքիայի Տրապիզոն նավահանգիստը՝ այն ազատ առեւտրի գոտի դարձնելու նպատակով։ Նախատեսվում էր Կենտրոնական Ասիայի հանրապետությունների բնական գազն ու նավթը Հայաստանով Տրապիզոն, այդտեղից էլ՝ Արեւմուտքի շուկաներ փոխադրել: Ըստ ծրագրի պետք է բացվեր նաեւ Հայաստանի հետ Մարգարա-Ալիջան սահմանային կետը, սկսվեր Էրզրում-Տրապիզոն երկաթգծի կառուցումը՝ Գյումրիի երկաթուղային հաղորդակցությունը Տրապիզոնի նավահանգստի հետ ապահովելու համար: Սակայն ծրագիրն այդպես էլ չիրականացավ: Որոշ կարծիքների համաձայն, պատճառներից մեկն այն էր, որ Ամերիկայի հայկական լոբբիստական կազմակերպությունները չհրաժարվեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավներից։

1993թ. ապրիլին, երբ արցախյան պատերազմի ժամանակ Քարվաճառն (Քելբաջար) անցավ հայկական  ուժերի վերահսկողության տակ, Թուրքիան փակեց երկու երկրները կապող օդային միջանցքը, արգելեց մարդասիրական օգնության առաքումը Հայաստան, փակեց Գյումրի-Կարս երկաթգիծը, դադարեցվեց նաեւ ցորենի մատակարարումը: Ի հավելումն դրա, Հայաստանի Հանրապետությունից ապրանքներ ներկրելու վրա դրվեց էմբարգո։ Պաշտոնական հարաբերությունների բացակայության պայմաններում, 1997թ. հիմնադրվեց թուրք-հայկական բիզնեսի  զարգացման խորհուրդ, որը փորձում էր 2 երկրների հանրային եւ մասնավոր հատվածների միջեւ ապահովել կապ եւ կազմակերպել առեւտրատնտեսական հարաբերություններ:

2008թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով: Սրանով մեկնարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նոր փուլը, որին վերագրվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը: Բանակցությունների արդյունքում, 2009թ. Ցյուրիխում ստորագրվեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հարաբերություններ զարգացնելու մասին արձանագրություններ, սակայն Թուրքիան սկսեց արձանագրությունների վավերացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ՝ առաջ քաշելով այն որպես նախապայման: Արդյունքում, 2011թ. հայ-թուրքական արձանագրությունները դուրս եկան Թուրքիայի խորհրդարանի օրակարգից, իսկ 2015թ. ՀՀ նախագահի հրամանով դրանք հետ կանչվեցին նաեւ Հայաստանի խորհրդարանից: Իսկ 2018թ. մարտի 1-ի ՀՀ նախագահի հրամանագրով արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվեց:

Այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում կատարվեցին տարբեր հետազոտություններ սահմանի բացման դեպքում Հայաստանի համար ակնկալվող տնտեսական օգուտների մասին: Ըստ հաշվարկների, Հայաստանի ՀՆԱ-ն կարճաժամկետ հեռանկարում կաճեր 10,65 մլդ դրամով (միջնաժամկետ հեռանկարում` 43 մլդ դրամով): Աճ կլիներ նաեւ զբաղվածության, արտահանման եւ ներմուծման ոլորտներում: Պետբյուջե ստացվող գումարները կաճեին 1,16%-ով (միջնաժամկետում՝ 3,46%-ով): Կոնֆլիկտի հավանականության 30%-ով նվազումը կհանգեցներ ուղղակի ներդրումների 50% աճի, որի արդյունքում կապահովվեր ՀՆԱ-ի 3-4% աճ:

Մեկ այլ ուսումնասիրություն էլ փաստում է, որ շնորհիվ  սահմանի բացումից բխող անուղղակի ազդեցության՝ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանումը կկազմեր ՀՆԱ-ի 38%-ը: Հայաստանի բնակչության շրջանում 2014թ. արված հարցումների համաձայն, հարցվածների 64%-ը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենար Հայաստանի տնտեսության վրա:

«Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ»,- ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ. մարտի 1-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում եւ ավելացրել. «եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալու դիվանագիտական հարաբերություններ»

Փաստարկ

Թուրքիայի ընդհանուր արտահանումը 2016թ. կազմել է 142,6 միլիարդ դոլար: Հարեւան Վրաստանի հետ վերջին 5 տարիներին առեւտրաշրջանառությունը տատանվում է յուրաքանչյուր տարի 3,5-5 միլիարդ դոլարի շրջանակներում: Ցուցանիշները նույնն են նաեւ Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում: Հայաստանի փոքր շուկան Թուրքիային քիչ է հետաքրքրում, բացառությամբ, որ  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը  կարող է դրականորեն ազդել Հայաստանին սահմանակից Թուրքիայի պակաս զարգացած արեւելյան շրջանների տնտեսության վրա:

Երկու երկրների քաղաքական օրակարգում այլևս դրված չէ հարաբերությունների կարգավորման հարցը, սակայն թուրքական կողմը շարունակում է շեշտել, որ սահմանի բացումը հնարավոր է արցախյան հարցը Ադրբեջանի համար շահավետ տարբերակով լուծելու դեպքում միայն:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Աննա Բարսեղյանը

Ինֆոգրաֆիկան՝ Նարե Հովհաննիսյանի

Ժամանակագրությունը` Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 18/05/2017