Տնտեսություն

Անցում դեպի անկանխիկ գործարք․ պատրա՞ստ են արդյոք համակարգն ու հասարակությունը

2022թ․ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։

Ֆիզիկական անձանց միջև գործարքների այդ շեմը 500 հազարն է, սակայն 2023թ․-ից նշաձողը կիջեցվի մինչև 300 հազարը։ Օրենքի նախագիծն Ազգային ժողով էր մտել դեռևս 2021թ․ նոյեմբերին։

2022թ․ հունվարի 11-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում կատարված փոփոխությանը։ Ուղիղ մեկ շաբաթ անց՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը։

Օրենքն ուժի մեջ է մտնելու փուլային տարբերակով, նախ` Երևանում 2022թ․ հուլիսի 1-ից, ապա ՀՀ մարզերի վարչական կենտրոններում 2023թ․ հուլիսի 1-ից: Արդեն 2024թ․ հուլիսի 1-ից այն կտարածվի հանրապետության ամբողջ տարածքի վրա։

Օրենքի կիրառումն ապահովելու համար ընտրվել են վերահսկողություն իրականացնող մարմիններ․ դրանք են՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Ըստ էության՝ կատարվել է աշխատանքի բաժանում և հստակեցվել, թե որ մարմինը որ ոլորտները կամ գործունեության որ տեսակներն է վերահսկելու։

Համաձայն օրենքի՝ վերահսկողության ամենամեծ շրջանակը վերապահված է Պետական եկամուտների կոմիտեին։ Այն վերահսկելու է կազմակերպությունների, ԱՁ-ների, փաստաբանների, ֆիզիկական անձանց և նոտարների կողմից օրենքի պահանջների կիրառումը։


Կառավարությունն այս օրենքի անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ այն լուրջ դերակատարում կարող է ունենալ ստվերի դեմ պայքարում։

Ստվերային տնտեսությունը կրճատելու նպատակով 2019թ․ հոկտեմբերին ԱԺ-ն ընդունել էր մեկ այլ՝ «Աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքը, որով, ըստ էության, սահմանվել էր՝ 2020թ․ հունվարի 1-ից Երևան քաղաքում 10-ը և ավելի աշխատակից ունեցող գործատուներն աշխատավարձի վճարումներն իրականացնում են անկանխիկ եղանակով։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, հաշվի առնելով հենց այդ փորձը, թերահավատություն ունի, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը կծառայի նպատակին․

«Ժամանակին այդ օրենքի ընդունմամբ նախատեսվում էր երևան բերել, այսպես կոչված, «սև» աշխատավարձերը, բայց, ինչպես փորձը ցույց տվեց, այդ խնդիրը չլուծվեց։ Դա, ըստ իս, մի շարք հանգամանքներով է պայմանավորված․ նախ ձևավորված չէ անկանխիկ եղանակով գործարքներ կատարելու մշակույթ, երկրորդ՝ մարդիկ չունեն բավարար ֆինանսական գրագիտություն և այլն», – ասում է Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այս օրենքի դեպքում նշված կետերին ավելանալու են տեխնիկական ոչ բավարար հնարավորությունները, որոնք բազմաթիվ խնդիրներ են ստեղծելու։

«Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից 2021 թ․ հունիսի 30-ին կատարվել է ուսումնասիրություն հանրապետության տարածքում վճարային տեխնոլոգիաների և սարքավորումների առկայության հետ կապված։ «Ամփոփ Մեդիա»-ն տրամադրված տվյալների հիման վրա պատրաստել է ինֆոգրաֆիկա:ՀՀ տարածքում բանկային կամ անկանխիկ եղանակով գործարք կատարելու հնարավորություն տվող միասնական համակարգն ԱռՔա-ն է, որն ստեղծվել և ներդրվել է ՀՀ կենտրոնական բանկի և 10-ը առևտրային բանկերի նախաձեռնությամբ 2000-ականների սկզբին։

2021 թ․-ի ընթացքում «ԱռՔա»-ի աշխատանքը մի քանի անգամ խափանվել է, ինչի հետևանքով ՀՀ-ում գործող տարբեր բանկերի հաճախորդներ ժամեր շարունակ չէին կարողանում ոչ անկանխիկ վճարում անել, ոչ էլ գումար կանխիկացնել։

Նմանատիպ խնդիրների կրկնությունը, որը չի բացառվում նաև այսուհետ, Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ բազմաթիվ հետևանքներ կարող է ունենալ, երբեմն շատ լուրջ․

«Պատկերացրեք՝ ուրբաթ երեկոյան մարդուն հրատապ վիրահատելու կարիք է առաջանում, վերջինն էլ ցանկանում է, օրինակ, ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպել։ Քանի որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն 80 000-ից ավելի վարկերը գրավատները կկարողանան տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով, իսկ բանկերը, որպես կանոն, ոչ աշխատանքային օրերին չեն աշխատում, հետևաբար գործարքը մինչև երկուշաբթի չի կարող կատարվել։ Արդյունքում՝ մարդը կհայտնվի անելանելի վիճակում»։

Խաչատրյանը վստահաբար ասում է, որ հատկապես ՀՀ ամբողջ տարածքում 300 հազարից բարձր արժեքով գործարքների անկանխիկ իրականացման պահանջը կիրառելուց առաջ «ԱռՔա» համակարգը պետք է կատարելագործել, թողունակությունը բարձրացնել, այլապես գործարքների քանակի կտրուկ աճն անմիջապես հանգեցնելու է համակարգի խափանման։

«ԱռՔա» ընկերությունից «Ամփոփ Մեդիա»-ին վստահեցնում են, որ «մշտապես աշխատում են ծառայությունների մատուցման, անընդհատության, որակի, անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»։

Այն, որ համակարգի խափանումը՝ թեկուզ մի քանի ժամով, բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել, փորձն արդեն ցույց է տվել։

Նման իրավիճակում որպես այլընտրանք դիտարկվող «Իդրամ» վճարային համակարգի հնարավորությունները նույնպես զգալի կսահմանափակվեն։ Մասնագետների կարծիքով՝ «Իդրամ»-ի հաճախորդները չեն կարողանա կատարել դրամապանակի համալրում կցված քարտից, ինչպես նաև գործարք՝ որպես վճարման աղբյուր ընտրելով կցված քարտը։
Այսինքն, ցանկացած գործարք, որը բանկային քարտի օգտագործմամբ պետք է արվի, չի հաջողվի։

«Իդրամ» ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ ակտիվ աշխատանքներ են տարվում, և մինչև օրենքի ուժի մեջ մտնելը համակարգը լիարժեք պատրաստ կլինի վերը նշված ծավալներին:

«Եթե անգամ մեր բազան ներառի ամբողջ ակտիվ բնակչությունը, այսինքն՝ պայմանական 18-75 տարեկան անձինք, որոնք կատարում են անկանխիկ վճարումներ, ապա համակարգը կկարողանա ամբողջությամբ սպասարկել նրանց գործարքները»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է «Իդրամ» ընկերության տնօրեն Արսեն Քդեմյանը։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկները՝ Ամփոփ Մեդիայի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/04/2022