Ընտրություններ

Ի՞նչու է աղմկում Հայաստանը. #Քայլարա շարժումը թափ է հավաքում

Լուսանկարը` Ֆոտոլուրի/Photo by Photolure

Հայաստանի մայրաքաղաք Երևանում արդեն մի քանի օր է մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, որոնք մեծ թափ առան երկուշաբթի՝ ապրիլի 16-ին, երբ նախաձեռնության հարյուրավոր մասնակիցներ, վաղ առավոտից սկսեցին փակել Երևանի կենտրոնական փողոցները` խափանելով քաղաքի բնականոն երթևեկությունը: Նախաձեռնության մասնակիցները հայտարարեցին, որ իրենց դժգոհության գործողություններն ուղղված են Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)՝ շաբաթ օրը՝ ապրիլի 14-ին, կայացրած որոշման դեմ, որով հնարավորություն է տրվում երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մնալ երկրի առաջին ղեկավարի պաշտոնում՝ արդեն 3-րդ անգամ անընդմեջ, սակայն այս անգամ՝ որպես վարչապետ:

Թարմացվել է ապրիլի 17-ին, ժամը 14:30

Ապրիլի 17-ի կեսօրին, երբ Ազգային ժողովում 97 պատգամավորի և վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ նոր վարչապետի ընտրությանը նվիրված հատուկ նիստը, անհնազանդության գործողություններն ավելի մեծ թափ առան: Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարների առջև շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ «մեկնարկում է ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխություն» և կոչ արեց շրջափակման մեջ վերցնել պետական հիմնարկները, այդպիսով խափանելով բնականոն աշխատանքը: Ժամը 13:40 դրությամբ ԱԺ-ում նիստը շարունակվում էր, մինչդեռ, շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասնելով Ստեփան Շահումյանի հրապարակ, որտեղ երկու կողմից տեղակայված են պետական, կառավարական շենքեր, սկսեցին շրջափակման մեջ վերցրել գերատեսչությունները` խմբերով կանգնելով շենքերի մուտքերի առջև:

Ժամը 14։00-ի դրությամբ, վարչական իրավախախտում կատարելու հիմքով, ոստիկանություն է տարվել 80 անձ։ Այս մասին «Հետքը» տեղեկացել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից։

Ցուցարարների ապրիլի 16-ի գործողությունները

Ապրիլի 16-ին, վաղ առավոտից բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ, Բաղրամյան, Արշակունյաց պողոտաները, Կիևյան փողոցը, Աբովյան-Կորյուն խաչմերուկը: Ցուցարարները մտան նաև Մանկավարժական համալսարան՝ կոչ անելով ուսանողներին դասադուլ անել: Շարժման մասնակիցներից ոմանք փորձեցին փակել նաև Մետրոպոլիտենի մի շարք կայարաններ՝ «Երիտասարդական», «Շենգավիթ», «Հանրապետության հրապարակ», իսկ Մետրոպոլիտենի ղեկավարությունը՝ փակեց «Մարշալ Բաղրամյան» կայարանը, որն անմիջապես Ազգային ժողովի շենքի և նախագահականի նստավայրի հարևանությամբ է:

Առավոտյան 10:30 բախում տեղի ունեցավ Հերացի փողոցը փակած ուսանողների և անհայտ քաղաքացիների միջև: Վերջիններս «Մերսեդես G» մակնիշի մեքենայով ուզում էին անցնել այն փողոցը, որը փակել էին ուսանողները: Մեքենայից դուրս եկած երիատասարդները հարձակվեցին ճանապարհը փակած ուսանողների վրա` հարվածելով վերջիններիս, ապա նստելով մեքենան, քշեցին ուսանողների ուղղությամբ և ճեղքեցին պատը: Միջադեպի հետևանքով մի քանի ուսանողի ցուցաբերվեց բժշկական միջամտություն:

Ժամը 16:00 դրությամբ ցուցարարների քայլարշավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասավ Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, որտեղից դեպի Ազգային ժողովի շենք տանող ճանապարհը ոստիկանության կողմից փակված է փշալարերով, իսկ անմիջապես ետևում՝ կանգնած են մեծ թվով ոստիկաններ: Ոստիկանական ուժեր են կենտրոնացած նաև Պռոշյան-Բաղրամյան հատվածում:

16:15-ից ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց, որից հետո ոստիկանությունը սկսեց կիրառել հատուկ միջոցներ: Ոչ պաշտոնական աղբյուրներում մասնավորապես նշվում է, որ ձայնային նռնակներ էին նետում քաղաքացիների ուղղությամբ։

Առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ 16։30 դրությամբ  բուժօգնություն ստանալու նպատակով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկան։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են եղել ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվել է առաջնային բժշկական օգնություն։ Ոստիկանները ստացել են բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ։ Նրանցից մեկի երակի կտրվածքի պատճառով անհրաժեշտ է եղել իրականացնել վիրահատական միջամտություն։

Քաղաքացիական անհնազանդության կոչերին հետևել են նաև Գյումրիում, որտեղ շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը: Ցույցեր են ընթացել նաեւ Վանաձորում:

Անհնազանդության գործողությունների վերաբերյալ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով դադարեցնել հավաքները, այլապես՝ «սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»: Ավելի ուշ, ոստիկանությունը ևս մեկ հայտարարությամբ էր հանդես եկել, հիշեցնելով, որ «հասարակական կարգի կոպիտ խախտումների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալու դեպքում ոստիկանական ուժերը իրավունք ունեն դիմելու համապատասխան միջոցառումների և հատուկ միջոցների կիրառման»:

Ինչպե՞ս ընտրվեց վարչապետը

Ըստ 2015թ. ընդունած ՀՀ փոփոխված Սահմանադրության՝ Հայաստանի գործադիր իշխանության բարձրագույն մարմինը, 2018թ. ապրիլից դառնում է կառավարությունը: Վարչապետը, լինելով կառավարության ղեկավար, ստանում է ամենալայն լիազորությունները:

Մասնավորապես՝ վարչապետն է պատասխանատու թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության համար: Նա է գլխավորելու Ազգային անվտանգության խորհուրդը: Վարչապետին են ենթարկվում նաև Ազգային անվտանգության, Պետական պահպանության, Պետական վերահսկողական ծառայությունները եւ Ոստիկանությունը:

Վարչապետին ընտրում է Ազգային ժողովը՝ 5 տարի ժամկետով, սակայն ժամկետի լրանալուց հետո նույն անձի վերընտրման որևէ սահմանափակում նախատեսված չէ: Վարչապետի ընտրությունը կատարվում է ԱԺ հատուկ նիստի ընթացքում, որը մեկնարկեց երեքշաբթի՝ ապրիլի 17-ին: Թեպետ ցուցարարները հայտարարում էին, որ իրենք ամեն բան անելու են, որպեսզի այդ նիստը չկայանա, այնուամենայնիվ, նիստը կայացավ և, 77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ:

ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին սատարում էր նաև իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմած Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը: Ապրիլի 16-ին կոալիցիան միաձայն հաստատեց վարչապետի թեկնածուի առաջադրումը: Սերժ Սարգսյանը, իր հերթին, ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում վերահաստատեց այդ պաշտոնում իր լինելու պատրաստակամությունը, թեպետ, վերջինս դեռևս 2014թ-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր այլևս երկրի ղեկավար պաշտոն չզբաղեցնել:

Ինչպե՞ս սկսվեցին անհնազանդության ակցիաները

2008-2018թթ. նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի առաջադրումը ՀՀ վարչապետի պաշտոնում դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքացիների մոտ: Ազգային ժողովի ընդդմիադիր «Ելք» խմբակցության մաս կազմող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիական անհնազանդության միջոցով քաղաքացիները պետք է իրենց դժգոհությունը հայտնեն Սերժ Սարգսյանի վերարտադրման ցանկությանը:

Ի նշան  բողոքի՝ մարտի 31-ից Փաշինյանն իր մի խումբ կողմնակիցների հետ սկսեց «Իմ քայլը» նախաձեռնությունը և քայլարշավով 14 օր շարունակ անցավ 6 քաղաքներով՝ Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան` ապրիլի 13-ին հասնելով Երևան: Այս նախաձեռնությանը նրան չմիացան «Ելք» խմբակցության մյուս անդամ կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը»` հիմնավորելով, որ ընդդիմությունը պետք է մնա ինստիտուցիոնալ գործողությունների դաշտում:

Ապրիլի 13-ին՝ Երևանի «Ազատության» հրապարակում կայացավ հանրահավաք, որից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Օպերայի և Բալետի ազգային թատրոնի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակ՝ փակելով Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա խաչմերուկը: Ապրիլի 14-ին շարժման մասնակիցները քայլերթով գնացին դեպի Հանրային ռադիոյի շենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը, իր կողմնակիցների հետ մտնելով շենք, պահանջեց ուղիղ եթեր տրամադրել: Փաշինյանին եթեր չտրամադրվեց, շենքը հոսանքազրկվեց:

Արդեն հաջորդ օրը՝ կիրակի՝ ապրիլի 15-ին, Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հրապարակեց ապրիլի 16-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունների պլանը, որով էլ նախատեսվում էր փակել Երևանի կենտրոնական փողոցները, մետրոյի կայարանները, դասադուլ և գործադուլ անել:

Հնարավո՞ր է ԱԺ-ի լուծարում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները նշում են, որ ըստ Սահմանադրության՝ եթե ապրիլի 17-ին և դրանից 7 օր անց վարչապետի ընտրություն չկայանա, ապա Ազգային ժողովը կլուծարվի: Մինչդեռ ըստ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի՝ Ազգային ժողովը կարող է արձակվել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա վարչապետի թեկնածության քննարկում, քվեարկություն և քվեարկության արդյունքում՝ վարչապետ չընտրվի: Իսկ եթե Ազգային ժողովում նիստ գումարելն անհնար լինի որոշ խոչընդոտների պատճառով, ապա նիստը կգումարվի այլ վայրում, որտեղ նման խոչընդոտներ չեն լինի:

Սահմանադրագետները միանշանակ պատասխան չեն տալիս այն հարցին, թե ներկայիս լարված իրավիճակում ով է հանդիսանում երկրի ղեկավարը: Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, կառավարությունը հրաժարական տվեց, իսկ նախկին նախագահի լիազորություններն ավարտվեցին:

Կարդացեք նաև Այլեւս անկարող. ՀՀ Նախագահի պաշտոնը

Ըստ սահմանադրագետ Կարեն Այվազյանի՝ ապրիլի 9-ից մինչև ապրիլի 17-ը, մինչև նոր վարչապետի ընտրությունը, Հայաստանի ղեկավարը գործող վարչապետն է, ով, սակայն, այս ժամանակահատվածում չունի նոր Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի լիազորությունները:

Մինչդեռ, ըստ սահմանադրագետ Գևորգ Դանիելյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կարող է իրացնել նոր Սահմանադրությամբ սահմանված վարչապետի լիազորությունները:

Ինչպե՞ս հետևել զարգացումներին

Առցանց հեռարձակում

 Լուսանկարներ

Հաշթեգեր Ֆեսյբուքում, Թվիթերում  

#քայլարա

#ՄերժիրՍերժին

#իմքայլը

#RejectSerj

#միացեք

#ցուցարարներ

#mystep

#merjirserjin

#մենքենքտերըմերերկրի

#protests

#civildisobedience

#yerevan

#activist

Փորձագետի կարծիք



Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
16/04/2018