Քաղաքական

«Քայլ արա» շարժման ամփոփ լրահոս. ապրիլի 23-27

Լուսանկարները` Միլենա Խաչիկյանի

Ampop.am կայքը ներկայացնում է ապրիլի 23-27-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները տեքստային ժամանակագրությամբ: Սա փորձնական նախաձեռնություն է, որտեղ ընդգրկել ենք շարժման օրերի կարևոր իրադարձությունները մեկ էջում և դա արել ենք կարճ հաղորդագրությունների միջոցով: Իսկ լրահոսում առկա ակտիվ հղումներն օգնում են հավելյալ տեղեկություն ստանալ կոնկրետ իրադարձության վերաբերյալ սկզբնաղբյուրից: Հաջորդ 5 օրերի (ապրիլի 28 – մայիսի 3) ժամանակագրությանը ծանոթացեք այստեղ: «Քայլ արա» շարժման նախապատմությունն այստեղ` «Ինչո՞ւ է աղմկում Հայաստանը. #Քայլարա շարժումը թափ է հավաքում»: Մայիսի 4-8-ի ժամանակագրությանը ծանոթացեք այստեղ:

Ապրիլի 23, #Քայլարա շարժման 11-րդ օր

Վաղ առավոտից մայրաքաղաքում և հանրապետության տարբեր հատվածներում շարունակում են անհնազանդության երթերն ու բողոքի ակցիաները: Ցուցարարները փակում են փողոցները, իսկ վարորդներն ի նշան բողոքի՝ միացնում են ավտոմեքենաների ազդանշանները:

14:15 / Պոլիտեխնիկ, ԵՊՀ, ԵՊԲՀ, Թատերական, ՀՊՏՀ, Սլավոնական, Ֆրանսիական համալսարանների ուսանողները վաղ առավոտից դասադուլ են անում՝ փակելով համալսարանների հարակից փողոցները: Իսկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարյուրավոր ուսանողներ, ովքեր խաղաղ ցույց էին անում` հարձակման են ենթարկվել ոստիկանների կողմից: Ցուցարարներին են միացել վետերաններ և Քառօրյա պատերազմի մասնակիցներ: Իսկ Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցները փակել են Հալաբյան փողոցը:

-Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ դիմել է գլխավոր դատախազին՝ միջնորդությունը ետ վերցնելու նպատակով, ինչպես նաև փոխվարչապետը մտադիր է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

-Հերացի փողոցում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել, ինչի հետևանքով բժիշկը ստացել է սալջարդ: Վերջինիս վիճակը գնահատվել է բավարար:

-Հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ով նշել է, որ ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։

14:20 / Հատուկ քննչական ծառայության տվյալների համաձայն՝ ձերբակալվել է 41 անձ:

14:22 / Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում: Այս մասին հայտարարություն է տարածվեց վերջինիս ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Այսօր Աժ-ում նշանակված նիստը, որտեղ պիտի քննարկվեր Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը հետաձգվել է։ Այսօր՝ երեկոյան 7-ին, նոր թափով հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»:

14:40 / ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը և այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում:

14:44 / Այսօր վաղ առավոտից դպրոցներում արձանագրվել են մեծ թվով բացականեր: Հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարարությունը, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին` զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից: Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ` բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը: Վաղ առավոտից մայրաքաղաքում և հանրապետության տարբեր հատվածներում շարունակում են անհնազանդության երթերն ու բողոքի ակցիաները: Ցուցարարները փակում են փողոցները, իսկ վարորդներն ի նշան բողոքի՝ միացնում են ավտոմեքենաների ազդանշանները»,-ասվում է հայտարարությունում:

14:58 / Րոպեներ առաջ Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը նույնպես ազատ արձակվեցին:

15:32 / Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ասվում է, որ ԵԽԽՎ ղեկավարությունը հրաժարվել է հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպել:

15:57 / «ԲՀԿ» քաղաքական խորհուրդը  հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը…»:

16:15 / ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տալու մասին հայտարարություն է տարածել:

16:45 / Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվել է, որ Հանրապետության հրապարակում 18:30 տեղի կունենա հանրահավաք:

17:20 / Ավանդական ջահերով երթն այսօր չի լինելու:

18:00 / Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը:

18:50 / Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության արտահերթ նիստում հանդես է եկել հայտարարությամբ. «…Բոլորը մեր երկրում ակնկալում են, որ մենք անխափան շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը: Այդ աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը: Վստահ եմ, որ մենք բոլորս այն պատվով կկատարենք: Պաշտպանության նախարարին և մեր բոլոր զինվորականներին խնդրում եմ, որ դուք ևս առավելագույնս զգոն լինեք: Իրավապահ մարմինների աշխատակիցներին խնդրում եմ, որ ցուցաբերեն առավելագույն զգոնություն, շարունակեն հետևել օրինականությանը և հանրային կարգուկանոնի պահպանմանը: Տեղի ունեցող քաղաքական զարգացումները չպետք է որևիցե կերպ ազդեն մեր բնականոն կյանքի ընթացքի վրա: Դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին՝ ցուցաբերել մաքսիմալ զգոնություն և օրինապաշտություն, հարգանք այլ քաղաքացիների իրավունքների հանդեպ»:

18:59 / Հանրապետության հրապարակում մեկնարկել է նախատեսված հանրահավաքը: Օրվա իրադարձությունները տեսանյութերով այստեղ՝ Factor tv, NewsamChannel, PARA TV, 1in.am LIVE , Ազատություն:

19:49 / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:

20:00 / 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները խորհրդարանին կներկայացնեն վարչապետի թեկնածուներին: Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանվում է, որ վարչապետի հրաժարականն ընդունվելուց հետո յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ապրիլի 24, #Քայլարա շարժում, օր 12

Ժամը 15:00-ից քաղաքացիները սկսեցին հավաքվել Հանրապետության հրապարակում և «Քայլ արա» շարժման նախաձեռնող խմբի գլխավորությամբ երթով շարժվեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ապրիլի 25, #Քայլարա շարժում, օր 13

Ժամը 11-ից մայրաքաղաքում և հանրապետության տարբեր հատվածներում կրկին շարունակում են անհնազանդության երթերն ու բողոքի ակցիաները: Ցուցարարները փակում են փողոցները, իսկ վարորդներն ի նշան բողոքի՝ միացնում են ավտոմեքենաների ազդանշանները:

12:16 / Երևանում կրկին անհնազանդության խաղաղ գործողություններ են մեկնարկել: Փակ են մի շարք փողոցներ, երթի են դուրս եկել ուսանողները, բժիշկները, ովքեր հայտարարել են դասադուլի և գործադուլի մասին: Այս պահին փակ են մի շարք փողոցներ: Օրվա իրադարձությունները տեսանյութերով՝ այստեղ. Ազատություն, Factor tv, a1plusnews, NewsamChannel, PARA TV, SHANT NEWS:

12:32 / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, երեկ՝ ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ: Այսօր նույնպես, առավել քան երբևէ, մենք պետք է լինենք միասնական և համախումբ: Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել: Այդ իմաստով չափազանց կարևոր է կողմերի միջև երկխոսության մեկնարկը: Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին եւ արտահայտված դիրքորոշումներին: Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են: Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջև: Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»:

12:40 / Վանաձորում դասադուլն ու անհնազանդությունները շարունակվում են:

12:40 / ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել:

12:55 / Ոստիկանությունը շրջափակել է Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակը։

13:22 / Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է 19:00-ին Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է լինելու:

13:30 / Քիչ առաջ Գյումրու Թատերական հրապարակում բազմահազարանոց երթ է սկսվել. ցուցարարները վանկարկում են «Նիկո՛լ, վարչապետ»,««ՀՀԿ» հեռացի՛ր»: Երթին միացել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի անձնակազմը՝ տնօրենի ուղեկցությամբ, ինչպես նաև դպրոցների աշակերտներ:

13:36 / Երևանում ՌԴ դեսպանատունը ցույցերի առնչությամբ ուժեղացրել է անվտանգությունը:

14:31 / Ցուցարարները քիչ առաջ փակել են «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:

15:00 / «Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև այդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»,-այսօր երթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասել է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ իրենք ՀՀԿ-ի կազմակերպած «արտահերթ ընտրություններն ակտիվ կբոյկոտեն»:

15:12 / ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ տեղեկացրեց, որ ճանապարհների դժվարանցանելիության պատճառով Զինված ուժերի մարտունակության ապահովման գործընթացը ապահովելու համար ուղղաթիռ է օգտագործվում:

15:18 / Հայաստանի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը ընթացող քաղաքական գործընթացներն անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ։

15:20 / ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ արդեն այսօր երեկոյան կամ վաղը «ՀՀԿ»-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ: «Մենք առաջիկայում որոշում կկայացնենք վարչապետի թեկնածուի շուրջ» ,- ասել է Վահրամ Բաղդասարյանը:

15:35 / Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել Մաշտոցի պողոտայում: Ցուցարարների մի մեծ խումբ փակել էր Մաշտոց-Պուշկին խաչմերուկը, իսկ ոստիկանները փորձել են բացել այն։ Իրավապահները մի ցուցարարի էին փորձում բերման ենթարկել, սակայն ցուցարարները փակեցին մեքենայի ճանապարհը։ Ի վերջո, իրավապահները ազատ արձակեցին երիտասարդին, որից հետո ոստիկանական մեքենային թույլատրվեց հեռանալ։ Այս տարածքում են նաև ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ, որոնք կանխեցին հնարավոր թեժացումը։

15:38 / Ցուցարարները մոտ մեկ ժամ է, ինչ փակել են նաև Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը: Տեսանյութը՝ այստեղ:

16:30 / Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում: Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի: Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»:

16:52 / ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

17:14 / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման ուղիները:

18:00 / ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է տրանսպորտի փոխնախարար Արման Խաչատրյանին:

19:10 / ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքական ներկա իրավիճակում ճիշտ է համարում դադարեցնել իշխանական կոալիցիային իր մասնակցությունը:

19:20 / «ԵԼՔ» դաշինքը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

19:40 / ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանին:

19:55 / ՀՀ 3-րդ Նախագահ, «ՀՀԿ» նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին: Ուղերձում ասվում է. «Հարգելիներս, ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա: Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ: Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի «ՀՀԿ» ֆրակցիայի ղեկավարը: Հարգանքով՝ Սերժ Սարգսյան»:

 Ապրիլի 26, #Քայլարա շարժում, օր 14

Մայրաքաղաքում և հանրապետության տարբեր հատվածներում կրկին շարունակում են անհնազանդության երթերն ու բողոքի ակցիաները: Ցուցարարները փակում են փողոցները, իսկ վարորդներն ի նշան բողոքի՝ միացնում են ավտոմեքենաների ազդանշանները: Օրվա իրադարձությունները տեսանյութերով՝ այստեղ. Factor tv, Ազատություն, a1plusnews, PARA TV, 1in.am LIVE:

11:20 / Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը գիշերը հանդիպել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը. «Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»։

11:31 / Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները»:

11:40 / Ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության անդամների հանդիպումը «ՀՀԿ» նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպման առաջին մասում Սերժ Սարգսյանը «ՀՀԿ» խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։ Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:

11:52 / ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:

11:54 / ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»:

12:12 / «Առժամանակ դադարեցնել փողոցների փակումը»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

12:27 / Վանաձորում վաղ առավոտյան կրկին մեկնարկեցին անհնազանդության երթերը: Դպրոցականներն ու ուսանողները կրկին դասադուլ են հայտարարել:

13:00 / ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ապագա կառավարության ձևավորմանը և նշել, որ Պաշտպանության նախարարի ամենահարմար թեկնածուն Դավիթ Տոնոյանն է, ով ներկա պահին ԱԻ նախարարի պաշտոնակատարն է:

13:42 / Փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով: Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

13:55 / Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ երեկոյան՝ 19:00-ին, կրկին հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում:

14:20 / Yerkirmedia.am-ը գրում է, որ ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները»:

15:15 / Բազում գյուղի բնակիչները փակել են Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը:

15:40 / Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ: Քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

16:15 / Interfax.ru-ն` հղում անելով ԱԺ «Հանրապետական» խմբակցության իր աղբյուրին գրում է, որ ՀՀ նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը ԱԺ Հանրապետական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջարկել է ՀՀ վարչապետի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թեկնածությունը: (Այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել):

16:28 / Սերժ Սարգսյանը դեռևս դիմում չի ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «ՀՀԿ» ԳՄ անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

16:39 / Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտակա ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: Այս մասին գրում է TACC-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կատարած հայտարարությանը: Վերջինս անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի՝ մոսկովյան առաջիկա բանակցություներին, նշել է, որ այդ բանակցությունները կլինեն կառավարության և Արտաքին գործերի նախարարության գծով:

17:03 / Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:

17:31 / Քիչ առաջ տեղի է ունեցել #ԻմՔայլը, #ՄերժիրՍերժին և ուսանողական նախաձեռնությունների համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում. «Այդ նիստում քննարկել ենք բոլորին հուզող մի հարց, թե ինչպես պետք է շարունակվի մեր թավշյա հեղափոխությունը: Այն պետք է բերի իրական փոփոխություններ: Այսօր հանրահավաքին ստրատեգիական որոշումների մասին ենք խոսելու, հրապարակելու ենք 2-րդ փուլի ճանապարհային քարտեզը»:

Ապրիլի 27, #Քայլարա շարժում, օր 15

Օրվա իրադարձությունները տեսանյութերով՝ այստեղ. Ազատություն, CivilNet, Factor tv, PARA TV, 1in.am LIVE, a1plusnews, NewsamChannel:

10:15 / ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 26-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Պարզվել է, որ «Մերսեդեսը» վարած անձը հանդիսանում է ոստիկանության զորքերի զինծառայող, ոստիկանության սերժանտ Արմեն Թովմասյանը։ Նա հիշյալ արարքը կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի»:

10:20 / Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում շեշտվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության:

10:40 / Երեկ երեկոյան կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները…»,-գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՅԴ-ականներ՝ Արսեն Համբարձումյանի և Արմեն Ռուստամյանի հետ: «Երեկ երեկոյան հանդիպում ունեցա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները»,-գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք նաև, որ 12:00-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում սպասվում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հանդիպումը:

Նիկոլ ֆաշինյանը նաև ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ Գյումրիում, Վանաձորում և Երևանում կայանալիք հանրահավաքների մասին: «Ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք ենք անում Գյումրիի Վարդանանց հրապարակում. դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ուղիղ ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ թաղամասի և ՊՆ նախկին շենքի միջեւ ընկած հատվածից: Ապրիլի 28-ին, ժամը 15.00-ին հանրահավաք ենք անում Վանաձորի Արցախ պուրակում. դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 12.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից: Ապրիլի 27-ին և 28-ին առժամանակ դադարեցնում ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները Երևանում և մարզերում: Սա արվում է մեր ավտոերթերը չխոչընդոտելու, ինչպես նաև մեր շարժման մասնակիցներին հանգստանալու հնարավորություն տալու համար: Ապրիլի 29-ից գործողությունները Երևանում ու ողջ հանրապետությունում վերսկսվում են ամբողջ ծավալով»:

11:22 / Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:

12:05 / Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի տեսանյութերը՝ այստեղ.  Ազատություն, CivilNet, Factor tv, PARA TV, 1in.am LIVE, a1plusnews, NewsamChannel:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Մարիոթում» առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպելու և բանակցելու պատրաստակամության մասին, սակայն բանակցությունները չկայացան:

12:14 / ՀՀ դատախազությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ՀՀ դասախազությունն ընթացք է տվել հավաքների լուսաբանման ընթացքում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի մասին ահազանգերին: «…2018թ. ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազություն ստացվել է ընդհանուր առմամբ 17 ահազանգ: Դրանցից 11-ը՝ 13 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են հանցագործության հատկանիշներ և ՀՀ քրեական դատավարության մասին օրենքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից հանձնարարվել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ նախաքննական մարմիններին՝ դրանցում ներկայացվող հանգամանքներն ստուգելու, նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: Դրանցից 9 դեպքի առթիվ` 11 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր: Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, 3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվաի 1-ին մասով, 2 դեպքի կապակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ, 308-րդ և 309-րդ հոդվածների հատկանիշներով, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով, և 2-ը քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեկ վարույթում: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին մնացած տեղեկությունների, ահազանգերի վերաբերյալ բավարար փաստական տվյալներ դեռ չկան, կամ խիստ սահմանափակ են: Այդ ահազանգերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն, որից հետո կկայացվեն դատավարական համապատասխան որոշումներ նաև դրանց ընթացքը լուծելու համար: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ արձանագրված առերևույթ հանցագործության հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պարզելու, վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»:

12:55 / Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի վրա:

Կարեն Կարապետյանի մյուս որոշումներով՝ Կրթության և գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի վրա, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունները՝ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա, Բնապահպանության նախարարի պարտականությունները՝ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի վրա։

14:27 / ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը Հայաստան այցի ընթացքում տարածած հայտարարությամբ հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում:

14:45 / ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ քննություն է տարվում՝ պարզելու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նախաքննությունը շարունակվում է։

15:46 / Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում քաղաքական ուժերի միջև համաձայնություն ձեռք կբերվի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

15:58 / Մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ավոտերթը դեպի Գյումրի:

16:00 / Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում քաղաքական ուժերի միջև համաձայնություն ձեռք կբերվի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ բանակցություններ են ընթացել գերատեսչությունների մակարդակով, եղել է նաև հեռախոսազրույց, ինչպես դուք բոլորովին ճիշտ նշեցիք: Այդ շփումը հիմնականում կենտրոնացած է եղել Հայաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության ուղղությամբ: Կարգավորումը, անկասկած, պետք է լինի սահմանադրական շրջանակներում այնպես, որ համաձայնություն գտնվի բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Այժմ բոլորս սպասում ենք և հետևում ենք վարչապետի ընտրություններին, որոնք կկայանան խորհրդարանում մայիսի 1-ին»,- ասել է Պեսկովը:

16:54 / Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես հայտնում է կուսակցության մամուլի գրասենյակը, հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որում ասվում է. «Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության եւ օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.

– մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

17:30 / Երևանում այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները պատրաստ են հանդիպել Հայաստանում բողոքի ցույցի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

17:58 / Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 7, մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 12 հարց: Խորհրդի որոշմամբ սահմանվել է մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

18:05 / ՌԴ-ից ժամանած պատգամավորները հայտարարել են, որ ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը ու հորդորել կապվել իր հետ: «Հայտնում եմ հանդիպելու մեր պատրաստակամությունը, խնդրում եմ կապվել ինձ հետ»,- գրել է Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում:

18:59 / Այսուհետև Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստեր հաճախակի չեն լինելու կամ ընդհանրապես չեն լինելու: Մասնավորապես, երեկ երեկոյան ՀՀԿ ԳՄ չի եղել, ինչը երբևէ չէր պատահել: Հազվադեպ դեպքերում այն կարող էր մեկ օր առաջ կամ հետո լինել, սակայն յուրաքանչյուր հինգշաբթի ՀՀԿ-ն ԳՄ նիստ էր հրավիրում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ:

19:22 / «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

19:26 / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին: Նախագահը ընդունել է մի շարք եվրոպական երկրների դեսպանների: Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի Սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում:

20:00 / ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մեկնաբանել է, թե ինչու այսօր բանակցությունների չգնաց Նիկոլ Փաշինյանի հետ: Նա մասնավորապես ասել է. «Մեր հայտարարության մեջ մեկնաբանել ենք դա, և որևիցե տարբերություն մեր նախկին մեկնաբանության հետ չկա և, կարծում եմ, որ տրամաբանությունն ակնհայտ է: Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ որ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն, մեկը մյուսի դիրքորոշումն ընկալելու ցանկություն ունեն: Հետո իրենք կպայմանավորվեն, թե չէ, ճկուն կլինեն որպես բանակցող, թե չէ, դա արդեն գործընթաց է: Բայց ի սկզբանե, երբ որ հայտարարվում է, որ օրակարգը սա է, և մյուս կողմն իրավունք չունի որևիցե օրակարգ ձևավորել, դա արդեն բանակցություն չի, նույնիսկ չգիտեմ ինչ է»: Մանրամասները՝ այստեղ :

Հաջորդ 5 օրերի (ապրիլի 28-մայիսի 3) ժամանակագրությանը ծանոթացեք այստեղ:

«Քայլ արա» շարժման նախապատմությունը` այստեղ` «Ինչո՞ւ է աղմկում Հայաստանը. #Քայլարա շարժումը թափ է հավաքում»

Փորձագետի կարծիք



ժամանակագրությունն ամփոփեց Գայանե Մելիքյանը

Լուսանկարները` Միլենա Խաչիկյանի

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 04/05/2018