Քաղաքական

«Քայլ արա» շարժման ամփոփ լրահոս. ապրիլի 28 – մայիսի 3

Լուսանկարները` Միլենա Խաչիկյանի

Ampop.am կայքը ներկայացնում է ապրիլի 23-27-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները տեքստային ժամանակագրությամբ: Սա փորձնական նախաձեռնություն է, որտեղ ընդգրկել ենք շարժման օրերի կարևոր իրադարձությունները մեկ էջում և դա արել ենք կարճ հաղորդագրությունների միջոցով: Իսկ լրահոսում առկա ակտիվ հղումներն օգնում են հավելյալ տեղեկություն ստանալ կոնկրետ իրադարձության վերաբերյալ սկզբնաղբյուրից: Նախորդ 5 օրերի (ապրիլի 23-27) ժամանակագրությանը ծանոթացեք այստեղ: «Քայլ արա» շարժման նախապատմությունն այստեղ` «Ինչո՞ւ է աղմկում Հայաստանը. #Քայլարա շարժումը թափ է հավաքում»: Մայիսի 4-8-ի ժամանակագրությանը ծանոթացեք այստեղ:

Ապրիլի 28, #Քայլարա շարժում, օր 16 

10:14 / Իմ քայլը շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վանաձորի և ավտոերթի ժամը փոխվում է: 11.00 սկսում ենք ավտոերթը, 14.00 Իջևանում ենք, 17.00 Վանաձորում»:

13:47 / ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Միջոցառմանը հրավիրված են եղել վերլուծաբաններ Սթեֆան Նիքն ու Էլեն Աղեքյանը, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը» ռադիոկայանը: «Անկախ նրանից, թե մենք այս շարժումը կոչենք գունավոր հեղափոխություն կամ ուղակի հեղափոխություն, այն միանշանակ ազատության, ընտրություն ունենալու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման վառ դռսևորում է: Հենց սա է ժողովրդավարության բնույթը»,- հայտարարել է «International Republican Institute» կազմակերպության վրասիայի տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսը, ով բանախոսներից մեկն էր հայաստանյան վերջին զարգացումներին նվիրված ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներում: Լսումների մյուս բանախոս՝ անկախ վերլուծաբան Էլեն Աղեքյանն, իր հերթին, գտնում է, որ շարժումն առերեսվում է ավելի դժվարին խնդրի հետ, մասնավորապես գործող համակարգի դեմ պայքարը:

13:57 / Հայաստանյան իրադարձություններին շարունակում են ակտիվ կերպով անդրադառնալ նաև Թուրքիայի առաջատար լրատվականները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած հանդիպմանը:

14:09 / Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով: Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և «ՀՀԿ» փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:

17:00 / ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Նաիրի Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ ստանձնում է պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: «Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»,-գրել է Պետրոսյանը:

18:12 / ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ մայիսի 1-ին սահմանափակումների ապօրինի շրջանցումը, ոստիկանության վերակարգերի վրա ճնշում գործադրելու կամ ճեղքելու, ինչպես նաև ոստիկանության տարածքային մարմինների շենքեր և պետական պահպանության ենթակա կարևորագույն այլ օբյեկտներ ներթափանցելու փորձերը միանշանակորեն գնահատվելու են որպես բռնության ակտեր, որոնք խափանելու նպատակով ոստիկանությունը կկիրառի օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներն անխտիր: Մանրամասները՝ այստեղ:

18:20 / ՀՀ Ազգային ժողով են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորներ: Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարևորվել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության եւ օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության:

18:23 / Եվրասիական ինտեգրացման և համերկրացիների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի համար Հայաստանում իշխանության ընտրության ապօրինի ճանապարհն անընդունելի է: Նա ընդգծեց, թե այժմ Ռուսաստանի համար ամենակարևոր է, որ նոր վարչապետին ընտրեն օրինական ճանապարհով։ Հենց այդ մասին է խոսվել Հայաստանում ռուս և հայ պատգամավորների պատվիրակությունների հանդիպման ժամանակ։Պետք է աջակցություն ցուցաբերել Հայաստանի գործադիր մարմնին, որը ապահովում է երկրի անվտանգությունն ու անդորրը։

18:44 / Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Այսօր «ՀՀԿ» նիստից հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ, «ՀՀԿ» խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

19:44 / «ՀՀԿ»-ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողներին ասաց «ՀՀԿ» խմբակցության փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

20:12 / ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Րոպեներ անց «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով Գագիկ Ծառուկյանը կներկայացնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը»:

20:52 / «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Այս մասին «Կենտրոն» ՀԸ եթերով հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

21:11 / «Քայլ արա» շարժումը վաղը կշարունակցվի Երևանում: «Ուսանողները հավաքվում են 11։30 Իսահակյանի արձանի շրջակայքում»,-գրված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:

Ապրիլի 29, #Քայլարա շարժումօր 17

Իրադարձություններին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ. Ազատություն, PARA TV, NewsamChannel, a1plusnews, Factor tv:

12:00 / Աբովյան փողոցի Ավետիք Իսահակյանի հուշարձանի հարակից տարածքից առավոտյան մեկնարկեց ուսանողական երթը: Ուսանողական շարժման անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր համալսարաններով կմիավորվեն և կգնան Ֆրանսիայի հրապարակ, ապա՝ հանրահավաքի:

«ժամը 17.00 երթ Ֆրանսիայի հրապարակից, ժամը 19.00 հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում»,-գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

12:30 / Գիշերը կայացել է Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես գրել է. «Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները»:

13:00 / Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

13:22 / Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: «Արմենպրես»-ի թղթակիցը Ազգային ժողովից հայտնում է, որ «ՀՀԿ» խմբակցության ղեկավարի մոտ մուտք գործելուց առաջ Փաշինյանը հրաժարվել է նշել այցի նպատակը:

13:42 / «ՀՅԴ» Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վարչապետի միասնական թեկնածուի և քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։ Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»:

15:15 / «ՀՀԿ» խմբակցությունը մայիսի 1-ին վարչապետի ընտրությանը կապահովի քվորում և չի խոչընդոտի գործընթացին: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողերի հետ զրույցում ասել է «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

15:48 / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC News-ին: Նախագահը մասնավորապես նշել է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ներքաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում, դա հեղափոխություն է, թե ոչ, կարևորն այն է, որ երկրում գոյություն ունեն իրենց ձայնը տեղ հասցնող քաղաքացիներ: Մանրամասները՝ այստեղ:

15:54 / Շիրակի մարզում փակված է Գյումրի-Սառնաղբյուր ճանապարհը: Մ-1 մայրուղին, այսինքն՝ Երևան-Բավրա ճանապարհը փակ է Կաթնաղբյուր գյուղի մոտ և Աշնակի հատվածում: Ալավերդիում Մ6 մայրուղին փակ է Սանահին Կայարանի հատվածում, փակ է նաև երկաթգիծը: Ճանապարհները փակած մարդիկ մտադիր են մայիսի 1-ի վաղ առավոտյան լինել Երևանում:

Ապրիլի 30, #Քայլարա շարժում, օր 18

Օրվա իրադարձությունների տեսանյութերը՝ այստեղ.  Ազատություն, 1in.am LIVE, a1plusnews:

11:00 / Երևանի պետական համալսարանը, արձագանքելով հարյուրավոր հրապարակումներին՝ Նիկոլ Փաշինյանի համալսարանից հեռացվելու մասին, պատրաստակամություն է հայտնել դիմել ԿԳՆ ու սկսել դիպլոմի վերականգնման գործընթացը:

11:40 / Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը քիչ առաջ իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ««ԵԼՔ» խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանին առաջադրեցինք ՀՀ վարչապետի թեկնածու»,- ֆեյսբուքի իր էջում գրել է «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

12:00 / Այսօր ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ուժերի հետ, մասնավորապես՝ Ծառուկյան դաշինքի, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի հետ:

13:00 / Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։ «Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ և օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր»,- տեղեկացնում է նա:

17:30 / Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գարեգին Նժդեհի հրապարակից քիչ առաջ մեկնարկեց քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ:

18:04 / «Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

18:07 / ԱԺ փոխնախագահ, «ՀՀԿ» խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վարչապետի ընտրության հարցով ՀՀԿ-ն դեռ որոշում չունի:

18:50 / ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

20:27 / Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է մոտ 100 միջազգային լրատվամիջոց ներկայացնող լրագրող, այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունները տեղի են ունենալու վաղը, ժամը 12-ին, Ազգային ժողովում, ՀՀ վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Մայիսի 1 #Քայլարա շարժում. oր 19

ՀՀ ԱԺ-ում այսօր վարչապետի ընտրություններ են: Փաստացի կա մեկ թեկնածու` «Քայլ արա` մերժիր Սերժին» անհնազանդության շարժման հիմնադիր առաջնորդ, «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը:

Օրվա լրահոսի տեսանյութերը՝ այստեղ. Ազատություն, Factor tv, a1plusnews, SHANT NEWS, 1in.am LIVE

09:10 / «ՀՀԿ»-ն ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «ՀՀԿ» խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

11:11 / Հայաստանյան իրադարձություններին է անդրադարձել է «The Guardian» պարբերականը, և նշել, որ հայաստանյան զարգացումները թե՛ արևմտյան մայրաքաղաքների և թե՛ Մոսկվայի ուշադրության կենտրոնում են: Ժողովրդավարության կանոնները պահպանելու և հարցերն օրինական կարգով լուծելու մասին կոչերից զատ, միջազգային քաղաքականության խոշոր կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ ուղղություն կընտրի երկիրը իշխանափոխությունից հետո:

12:02 / Ազգային ժողովում այս պահին քննարկում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

12:25 / Մինչ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա:Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի»:

20:00 / «ՀՅԴ» Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:

20:50 Ձայների 45 կողմ և 57  դեմ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց Վարչապետ։

21:00 / ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.«Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

23:10 / Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է ինքը՝ Վարազդատ Կարապետյանը:

Մայիսի 2 #Քայլարա շարժում. oր 20

Օրվա իրադարձությունների տեսանյութերը՝ այստեղ.  Ազատություն, 1in.am LIVE, Factor tv, PARA TV

-Հրաժարական է տվել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

-Գեղարքունիքի մարզի Չխալովկա համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Վահրամ Կարապետյանը հրաժարվել է լինել ՀՀԿ անդամ և միացել շարժմանը:

-ՀՀԿ անդամ Արտակ Առաքելյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին:

-Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանի նախաձեռնությամբ համայնքը միացել է շարժմանը: Նշենք, որ Ախուրյանը խոշորացված համայնք է, կազմում 7 գյուղ կա: Ուղերձի տակ ստորագրել են նաեւ ավագանու «ՀՀԿ»-ական անդամները: Ախուրյանի ավագանին 15 անդամ ունի, բոլորն էլ ստորագրել են ուղերձը:

– ՀՀԿ կուսակցության անդամները Գյումրիում հրաժարվել է լինել կուսակցության անդամ՝ պատռելով անդամատոմսերը:

09:13 / Վաղ առավոտից ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը, երկաթուղին, Երևանի և հանրապետության տարբեր քաղաքներ իրար կապող ճանապարհները: Աշակերտներն ու ուսանողները կրկին դասադուլ են հայտարարել:

10:00 / -«Lragir.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

10:38 /«Զվարթնոց» օդանավակայանի մի շարք աշխատակիցներ գործադուլ են հայտարարել:

14:10 / Ազգային ժողովի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով։ «Գրանցվել է 33 պատգամավոր, ԱԺ կանոնակարգով 4 ժամվա ընթացքում անհրաժեշտ պատգամավորներ չեն գրանցվել, նիստը համարվում է չկայացած, կհանդիպենք վաղը»,- հայտարարեց Արա Բաբլոյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և այս չորսօրյա աշխատանքներին չի մասնակցելու:

14:25 / Կասեցվել է գնացքների երթևեկությունը՝ մինչև գծերի արգելափակման վերացումը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

15:21 / ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության հետ կապված. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:

18:00 /«Մարիոթ» հյուրանոցում կայացել է ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է ժողովրդի թեկնածուի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգտին: Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

18:28 / Կայացել է «ՀՀԿ» խմբակցության նիստը: Ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը, սակայն նիստի ընթացքում լքել է դահլիճը: Նիստից հետ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, և նշել, որ սատարելու են ժողովրդի թեկնածուին: «Հայաստանը մայիսի 8-ին ունենալու է Սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրած վարչապետի թեկնածուին աջակցելու են դառնա վարչապետ: Կոչ ենք անում բացել հանրապետության փողոցները, դադարեցնել շրջափակումները»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը:

20:00 / «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: «Ես վաղը, ձեր թույլտվությամբ, պաշտոնապես Ազգային ժողովի պատգամավորների մեկ երրորդի կողմից կառաջադրվեմ որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Այսինքն՝ «Ծառուկյան», «Դաշնակցություն» և «Ելք» խմբակցությունները իրենց ստորագրությունը կդնեն, որպեսզի ես առաջադրվեմ վարչապետի թեկնածու»,-նշեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ «ՀՀԿ»-ն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին կաջակցեն «ժողովրդի թեկնածուին»:

Մայիսի 3-ին կիրականացվեն անհրաժեշտ գործողությունները՝ փաստաթղթերի պատրաստումը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ մայիսի 3-ին ակցիաներ չեն իրականացվի, փողոցներ չեն փակվի, ուսանողներն ու աշակերտները կգնան դասի: Սակայն կոչ արեց բոլոր դեպքերում զգոնությունը չկորցնել, հետևել իր ֆեյսբուքյան էջին՝ «որովհետև զուտ տեսականորեն կարող են իրադարձությունները զարգանալ այնպես, որ հենց վաղը՝ օրվա կեսին, կամ ցանկացած ժամի անհրաժեշտ լինի հավաքվել»: Նիկոլ Փաշինյանը նաև բոլորին կոչ արեց վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 8-ին կրկին հավաքվել:

Մայիսի 3, #Քայլարա շարժում. օր 21

12:40 / Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

13:05 / ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Ստորագրած պատգամավորների ցանկը՝ ստորև.

«ԵԼՔ» խմբակցություն-097 Արարատ Միրզոյան, 096 Գևորգ Գորգիսյան, 091 Արամ Սարգսյան, 093 Արտակ Զեյնալյան, 090 Էդմոն Մարուքյան, 094 Լենա Նազարյան, 092 Սասուն Միքայելյան, 095 Մանե Թանդիլյան:

«ՀՅԴ» խմբակցություն-099 Արմեն Ռուստամյան, 105 Սուրեն Մանուկյան, 101 Արմենուհի Կյուրեղյան, 104 Ռոմիկ Մանուկյան, 102 Արմեն Բաբայան, 103 Անդրանիկ Կարապետյան

«Ծառուկյան» խմբակցություն-061 Նաիրա Զոհրաբյան, 068 Լուիզա Սարգսյան, 073 Շաքե Իսայան, 072 Մարինա Մարգարյան, 067 Արթուր Մանուկյան, 070 Կարինե Պողոսյան, 074 Տատյանա Միքայելյան, 084 Վանիկ Ասատրյան, 083 Հրանտ Մադաթյան, 081 Արայիկ Աղաբաբյան, 077 Հակոբ Նազարյան, 078 Նապոլեոն Ազիզյան, 063 Միքայել Մելքումյան, 087 Վարդևան Գրիգորյան, 080 Տիգրան Ստեփանյան, 076 Վահան Կարապետյան, 075 Գևորգ Պետրոսյան, 064 Արարատ Զուրաբյան, 079 Արգամ Աբրահամյան, 066 Իվետա Տոնոյան, 082 Նորա Առուստամյան, 069 Վահե Էնֆիաջյան, 085 Դավիթ Մանուկյան, 088 Վարդան Ղուկասյան, 087 Վարդևան Գրիգորյան:

14:19 / ՌԴ ԱԳՆ-ն հայաստանյան իրադարձությունների հետ կապված հանդես եկել հայտարարությամբ. «Շարունակում ենք ուշադիր հետևել բարեկամական Հայաստանում ընթացող ներքաղաքական իրավիճակին։ Հույս ունենք, որ բոլոր տարաձայնությունները կլուծվեն իրավական, սահմանադրական շրջանակներում քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության ճանապարհով»:

14:32 / Հայաստանում ընթացող թավշյա հեղափոխության լուսաբանման աշխարհագրությունը վաղուց դուրս է եկել տարածաշրջանի և աշխարհաքաղաքական կենտրոնների սահմաններից: Բացի «Politico», «Bloomberg», «Reuters», «France Press», «Deutsche Welle», «CNN» և շատ այլ հեղինակավոր լրատվական-վերլուծական գործակալություններից, Հայաստանին են անդրադարձել նաև «China Daily»-ն, «The Jakarta post»-ը, ավստրիալական «SBS News»-ը, անգամ աֆրիկյան եւ հարավամերիկյան մի շարք լրատվամիջոցներ: Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ դրանցից շատերն իրենց կայքերում ուղղակի տեղադրել են վերոնշյալ համաշխարհային հեղինակություն վայելող գործակալությունների հոդվածերը: Ամենատարածվածը «Reuters»-ի հոդվածն է, որում բրիտանական լրատվականն անդրադառնում է հայկական քաղաքացիական անհնազանդությանը: «Reuters»-ը գրում է, որ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիական անհնազանդության կոչին, տասնյակ հազարավոր ցուցարարներ չորեքշաբթի օրը փակել են մի շարք փողոցներ, որպեսզի «ստիպեն իշխող վերնախավին՝ հրաժարվել իշխանությունից»:

15:00/ 41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։

15:02 / ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը հրաժարական տվեց:

15:15 / ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կառավարությունն այսօր վերջին նիստն է գումարել։

15:30 / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ներքաղաքական վիճակը քննարկել է ԱՊՀ մի շարք երկրների դեսպանների, Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ:

15:42 / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշվում է, որ Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երեկվա ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները: «Այս կապակցությամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, «Հանրապետական կուսակցության», «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ելք» դաշինքի և «ՀՅԴ» պատասխանատու կեցվածքը, որը բխում է Հայաստանի և մեր ժողովրդի գերակա շահերից և դուռ բացում ազգային համերաշխության: Սրանով մեր ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբվելու և ազգանպաստ որոշումներ կայացնելու: Այս օրերին Հայաստանը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է: Մենք անցնում ենք փորձությունների միջով և վստահ եմ, որ մայիսի 8-ին կամրագրվեն հանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մեջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից սկսած մինչև մեր ժողովրդի բոլոր հատվածները Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում»,-ասվում է նախագահի ուղերձում:

15:56 / «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ: Հարուցվել է քրեական գործ:

16:00 / «The Washington Post»-ն անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին գրել է. «ՀՀ-ն ձերբազատվում է իր հետխորհրդային հիվանդությունից և ժողովրդական շարժման շնորհիվ փորձում է իրականացնել ժողովրդավարական փոփոխոթյուններ`հավասարություն պահպանելով Արեւմուտքի ու ՌԴ-ի հետ հարաբերություններում»:

16:40 / Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը վայր դրեց մարզպետի իր լիազորությունները:

17:30 / ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ, երբ այն կազմվի:

17:38 / ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպումներ է ունեցել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։ Վերջիններիս հետ քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր:

18:07 / Վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրող Ա. Գրիգորյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

19:55 / ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն իր դիմումի:

21:16 / ՀՀ ԿԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` ուսումնական պարապմունքներն ավարտվում են 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում»:

21:33 / Ախթալա խոշորացված համայնքի ավագանին միացավ համաժողովրդական շարժմանը:

22: 11 / Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը հայտնվել են ռուսական ԶԼՄ-ներում ամենից շատ հիշատակված անձանց տասնյակում:

Նախորդ 5 օրերի (ապրիլի 23-27) ժամանակագրությանը ծանոթացեք այստեղ:

«Քայլ արա» շարժման նախապատմությունն այստեղ` «Ինչո՞ւ է աղմկում Հայաստանը. #Քայլարա շարժումը թափ է հավաքում»

Փորձագետի կարծիք



ժամանակագրությունն ամփոփեց Գայանե Մելիքյանը

Լուսանկարները` Միլենա Խաչիկյանի

Ինֆոգարֆիկան` Աստղիկ Գևորգյանի

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 06/05/2018