Ընտրություններ

«Քայլ արա» շարժման ամփոփ լրահոս. մայիսի 4-8

Լուսանկարները` Միլենա Խաչիկյանի

Ampop.am կայքը շարունակում է ներկայացնել «Քայլ արա» շարժման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Սա 3-րդ` ավարտական մասն է, որտեղ կրկին կարճ հաղորդագրությունների միջոցով ընդգրկել ենք այն բոլոր կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մայիսի 4-ից մինչև մայիսի 8-ի 13:32 րոպեն, երբ Ազային ժողովի քվեարկության արդյունքում վարչապետ ընտրվեց «Քայլ արա» շարժման հիմնադիր-առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Այս և նախորդ լրահոսներում առկա ակտիվ հղումներն օգնում են հավելյալ տեղեկություն ստանալ կոնկրետ իրադարձության վերաբերյալ սկզբնաղբյուրից: Եթե երբևէ կցանկանաք վերհիշել «Քայլ արա» շարժման ընթացքը քայլ առ քայլ, ապա այդ հարցում Ձեզ կօգնի Ampop.am կայքը: Ապրիլի 23-27-ի քայլերն ամփոփելու համար այցելեք այստեղ, իսկ ապրիլի 28-ից մայիսի 3-ի համար սեղմեք այստեղ: Շարժման մասին ընդհանուր տեղեկություն ստանալու համար կարդացեք «Ինչո՞ւ է աղմկում Հայաստանը»

Ստորև ներկայացնում ենք մայիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները. 

Մայիսի 4, #Քայլարա շարժում. oր 22

11:36 / Ազգային Ժողովում ընթացող Սահմանադրական դատարանի դատավորների ընտրություններն ԱԺ «Ծառուկյան» և «ԵԼՔ» խմբակցությունները բոյկոտեցին: Քվեակությանը մասնակցում էր միայն «Հանրապետական» խմբակցությունը, որի քվեները բավարար չեղան ՍԴ դատավոր ընտրելու համար:

11:48 / Այսօր ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրիի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակն ու Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր։

13:08 / ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա:

14:00 / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել և ՀՀ ներքաղաքական իրավիճակի հարցերը քննարկել է արաբական երկրների դեսպանների և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ:

15:26 / Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ավագանին միացավ համաժողովրդական շարժմանը:

16:45  / Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի(ՇՊՀ) ռեկտոր Սահակ Մինասյանն այսօր աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին:

16:57 / Ռուս փորձագետներն անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին հանդես են եկել մեկնաբանություններով:

18:59 / ՀՀ ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող 459 ահազանգ: Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում: Ոստիկանության բաժիններ և ձերբակալվածներին պահելու վայրեր կատարած 70 այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 974 անձի հետ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 22 անձի հետ»:

19:55 / ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Մոսկվան չի վերանայի մոտեցումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Զախարովայի խոսքով՝ անհրաժեշտ է սպասել Հայաստանի քաղաքական իրավիճակի կայունացմանը:

19:56 / Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն:

20:15 / Այսօր ռուսական անկախ «Դոժդ» հեռուստաընկերությունն իր տարբերանշանի վրա տեղադրել է Հայաստանի դրոշը։ «Ազատության» հարցմանը հեռուստաընկերությունը պատասխանել է, որ դա արել է ի նշան իր ապագան ինքնուրույն կերտող Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:

20:33 / Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի 8 բնակավայր միացել է համաժողովրդական շարժմանը:

21:08 / Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հղել, որում ասվում է, որ հեղափոխությունը քնած չէ. պետք է պատրաստ լինել ամեն վայրկյան:

21:28 / ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

22: 32 / Տավուշի մարզի Գանձաքար համայնքը միացավ համաժողովրդական շարժմանը:

Մայիսի 5, #Քայլարա շարժում. oր 23

09:00 / Գեղարքունիքի մարզի Ծովինար, Խաչաղբյուր , Ծովակ, Աստղաձոր, Լուսակունք և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքները միացան համաժողովրդական շարժմանը:

13:00 / Չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր հատվածներում դադարել են բողոքի երթերն ու ակցիաները, մայիսի 4-ի վաղ առավոտից, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Նրանք դժգոհում էին, որ իրենց արգելել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցերին, նշելով, որ ՀՀԿ-ական տնօրենն իրենց վրա ճնշումներ է գործադրում: Տնօրենը, սակայն հերքել է մեղադրանքները: Այսօր՝ մայիսի 5-ին, աշակերտները, ուսուցիչները և ծնողները շարունակել են պահանջել տնօրենի հրաժարականը: «Ազատության» հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը հայտարարել է, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ Քիչ անց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:

13:05 / Ժամը 12-ից սկսած ՇՊՀ-ի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:

21:22 / Հայաստանում ՌԴ դեսպանատունն անդրադարձել է Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անհատների կողմից մայիսի 5-ին արված հայտարարություններին՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: «Հիշեցնում ենք, որ ՀՀ-ում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում է բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններ կառուցելու և պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ է կարծիքին, որոնք հնչեցվել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից»,- ասվում է հայտարարությունում:

Մայիսի 6, #Քայլարա շարժում. oր 24 

23:04 / Կրեմլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանում հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար: Հանդիպման նախապատրաստման մասին «Тelegram»-ի ալիքում հայտնել է «Эхо Москвы» ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Մայիսի 7, #Քայլարա շարժում. oր 25

10:29 / Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել կոչ-հորդորով՝ ուղղված ուսանողներին ու դասախոսներին. «Անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձություններին՝ նշենք, որ անհասկանալի են որոշ մարդկանց կողմից համաժովորդական շարժման որդեգրած օրակարգից շեղումը և կեղծ օրակարգն անձնական նեղ շահերին ծառայեցնելը: Հայտնի է, որ համաժողովրդական շարժման առաջնորդների հորդորն է եղել աշակերտների և ուսանողների վերադարձը դասարաններ ու լսարաններ` վերականգնելով ուսումնական բնականոն գործընթացը: Մինչդեռ պատեհ առիթն օգտագործող որոշ անձինք, առաջնորդվելով անձնական նեղ շահերով, աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին կոչ են անում միանալ իրենց: Ելնելով այս ամենից՝ կոչ ենք անում ՇՊՀ-ի ուսանողներրին և դասախոսներին, որ ուսումնական գործընթացին առավել ջանասիրաբար մասնակցելով բարձրացնեն բուհի վարկանիշը` զրկելով պատեհապաշտներին իրենց անձնական նեղ շահերը ակամա բավարարելուց»:

Իր հերթին ՀՀ ԿԳՆ-ն ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով վերականգնել բնականոն ուսումնական գործընթացը Շիրակի պետական համալսարանում:

11:27 / ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստամյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնում Աղվան Վարդանյանին կփոխարինի Արմենուհի Կյուրեղյանը:

12:36 / Գյումրիում շարունակվում է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հրաժարականը պահանջող բողոքի ակցիան:

12:41 / Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ՀՀԿ-ականներին կրկին հավաքելու է Մելիք Ադամյան 2-ում: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

15:04 / ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այս պահին ընթանում է ԳՄ նիստը: Ներկա է նաև Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում որոշվելու է, թե պատգամավորները վաղն ինչպես են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին: Հստակեցվելու է կողմ քվեարկողների ցանկը:

16:00 / Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հղել, որում ասվում է, որ Սերժ Թանկյանը 20:00-ին ժամանելու է Հայաստան, իսկ 21:00-ին Հանրապետության հրապարակում կկայանա հանդիպում:

17:53 / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը: Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ,- խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև: Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն ևհեռատեսություն և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով: Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով: Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից: Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, և մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին: Ուրեմն ի գործ՝ հանուն Նոր Հայաստանի»:

18:47 / ՀՀԿ ԳՄ և ՀՀԿ խմբակցության համատեղ նիստերից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի օգտին 45 քվե կար և «ՀՀԿ»-ն համապատասխան ձայներ կապահովի:

Մայիսի 8, #Քայլարա շարժում. oր 26

12:23 / Ազգային ժողովում սկսվել է վարչապետի քվեարկության համար հրավիրված նիստը: Հատուկ նիստին մասնակցում է 101 պատգամավոր: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան, տեղեկացրեցին խորհրդարանի ԱԺ նիստերի ապահովման բաժնից: Բաժնի փոխանցմամբ՝ բացակա պատգամավորներն են ՀՀԿ-ականներ Կարեն Կարապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Գրիգոր Ավալյանը և ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: Նշենք, որ Կարեն Կարապետյանը, Գրիգոր Ավալյանը և Աղվան Վարդանյանը վայր էին դրել պատգամավորական մանդատները:

13:32 / Ազգային ժողովում 59 կողմ և 42 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել են ՀՀԿ խմբակցության այն անդամները, ովքեր կազմում են գործարար մասը: Վերջիններիս ձայները որոշիչ դարձան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: Ներկայացնում ենք ՀՀԿ խմբակցության պատգամավորների ցանկը, ովքեր կողմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանին.  Սամվել Ալեքսանյան,  Աշոտ Արսենյան,  Արայիկ Գրիգորյան, Մանվել Գրիգորյան,  Շիրակ Թորոսյան, Կնյազ Հասանով,  Արսեն Միխայլով,  Մուրադ Մուրադյան,  Միհրան Պողոսյան, Արման Սահակյան, Արտակ Սարգսյան,  Սեյրան Սարոյան,  Ֆելիքս Ցոլակյան:

Փորձագետի կարծիք



ժամանակագրությունն ամփոփեց Գայանե Մելիքյանը

Լուսանկարները` Միլենա Խաչիկյանի

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
07/05/2018