Կրթություն

Առանց սահմանների ակադեմիական քաղաք

ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Աշտարակ

Աշտարակում առավելագույնը 8 պետական բուհ կոնսոլիդացնող ակադեմիական քաղաք կառուցելու կառավարության մտադրության մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, այսպիսով հնարավոր կդառնա բուհերի խոշորացումն ու որոշ գիտահետազոտական ինստիտուտների ինտեգրումը:

«Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրեր և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմ», – սեպտեմբերի 1-ի կառավարության նիստում հայտարարել էր Փաշինյանը:

Ակադեմիական քաղաք հիմնելու գաղափարն այս կառավարության օրոք նախկինում ևս հնչեցվել էր, սակայն նոր ուսումնական տարվա առաջին օրը կրկին բերվեց օրակարգ:

Իսկ ահա սեպտեմբերի 12-ին` ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա մի քանի ուղղություններով իրականացված հարձակումից ժամեր առաջ, վարչապետ Փաշինյանն այցելել էր Աշտարակ` ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտների տարածք, որն էլ նշվում է իբրև ապագա ակադեմիական քաղաքի վայր:

Այնուամենայնիվ, թե՛ նախկինում, թե՛ հիմա փորձագետները շարունակում են պնդել, որ ակադեմիական քաղաքի կառուցումը բարձրագույն կրթությունն ավելի լավը չի դարձնելու, քանի որ նախագծի շուրջ խոսույթներն ավելի շատ շենքերի կառուցման, շինարարության մասին են, այլ ոչ թե կրթության բովանդակության բարելավման մասին։

Պետք է նշել, որ ակադեմիական քաղաքի ստեղծման մտադրության մասին մեկ պարբերությամբ անդրադարձ կա «ՀՀ կրթության մինչև 2030 թ․-ը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծում։ Այն կառավարության հավանությանն է արժանացել դեռ հուլիսի 28-ին և ուղարկվել խորհրդարան։ Այս մասին հիշատակում կա նաև կառավարության 2021-2026 թթ․ հնգամյա ծրագրում՝ որպես ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ։

Ինչպես Փաշինյանն էր հայտարարել՝ բուհերից բացի, ակադեմիական քաղաքում նախատեսվում են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար անձի համար:

Ակադեմիական քաղաքի մասին դեռևս 2021թ․ մարտին Փաշինյանը խոսել է Արմավիրում բնակիչների հետ հանդիպմանը՝ նշելով, որ կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք:

Եվ թեպետ այդպես էլ չի հստակեցրել՝ ո՞ր պետական բուհերը կարող են լինել ակադեմիական քաղաքի կազմում, կառավարությունն ի՞նչ է մտադիր անել Երևանի բուհերի շենքերի հետ, կամ արդյոք մասնավոր բուհերը, մնալով Երևանում, ավելի մրցունակ չե՞ն դառնա, ոլորտի պատասխանատու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծում է` ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն գործնական փուլում է:

«Քննարկվում են տարբերակներ ոչ թե բուհերի միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր, եղած բուհերի հենքով: Այսինքն չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում»,- կառավարության սեպտեմբերի 8-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

Ինքը՝ նախարարը, ասում է, որ շատ դրական է նայում գաղափարին, քանի որ գաղափարի հիմքում մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր ունենալն է, ինչը, ըստ նրա, լիովին հնարավոր է իրագործել Աշտարակում։

Իրագործումն անիրատեսական է

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ակադեմիական քաղաք հիմնելու գաղափարին դրական է վերաբերվում, սակայն ընդգծում է` անիրատեսական է, բավական շատ ծախսեր ու ներդրումներ է պահանջելու՝ սկսած տրանսպոտային հանգույցից, քանի որ խոսվում է անգամ արագընթաց գնացքի մասին:

«Ընդհանուր ոլորտի վրա մեծ ազդեցություն չի ունենալու, որովհետև կրթական համակարգը նույնն է մնալու։ Մի տեղից մյուսը տանելն ի՞նչ է փոխելու։ Ֆուտբոլի օրինակով դիտարկենք, եթե մեր թիմերից մեկի համար Աշտարակում շքեղ մարզադաշտ կառուցենք, դրանից հետո ավելի լավ ֆուտբոլ կխաղա՞ն… Եթե այս ամենը հանգեցներ բովանդակային փոփոխության, դա այլ է, բայց որակական փոփոխություն չեմ տեսնում»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է փորձագետը:

Խաչատրյանը կարևորում է դասախոսների վերապատրաստման ծրագրերի որակի բարելավումը, կառավարման համակարգում իրավամբ հեղափոխական փոփոխությունները, սակայն այն կարծիքին է, որ այդ ամենը Երևանում էլ է հնարավոր իրականացնել:

Նման փոփոխությունը կարող է հանգեցնել որակյալ մասնագետների արտահոսքի, քանի որ մասնավոր կամ պետական համակարգից կան անձինք, որոնք շաբաթը մեկ-երկու անգամ դասավանդում են Երևանի տարբեր բուհերում, իսկ Աշտարակ տեղափոխվելու պարագայում քիչ հավանական է, որ վերջիններս շաբաթը երկու դասի համար գնան Աշտարակ:

Բուհի առանցքում մարդն է, բայց պետությունը շենքի շինարարությունն է կարևորում

Պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը հիշեցնում է` ցանկացած բուհի գործունեության առանցքում ուսանողները և դասախոսներն են, այսինքն պետք է լինեն մոտիվացված ուսանողներ և դասախոսներ, վերջիններս պետք է որոշակի որակական պահանջների բավարարեն:

«Երևակայական ակադեմիական քաղաքում պետք է ունենանք որակյալ դասախոսներ, որոնք ունակ են տարբեր լեզուներով ծանոթանալ մասնագիտական գրականության, և ուսանողներ, որոնք հանրակրությունից գալիս են գիտելիք փնտրելու», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Քյուրումյանը:

Ըստ Քյուրումյանի, այդ քաղաքում պետք է լինեն լավ լսարաններ, ինչը Հայաստանի բուհերի մի մասն արդեն ունի, լավ էլեկտրոնային և իրական գրադարաններ, որ ուսանողներն ու դասախոսներն օգտվեն ժամանակակից գրականությունից, հասանելի լինեն թարմ, հետազոտական հոդվածներ։ Իսկ այս ամենը, ըստ փորձագետի, հնարավոր է ստեղծել նաև գործող համալսարանների պայմաններում և դրա համար նոր շենք-շինություններ պետք չեն:

Քյուրումյանը կարևորում է կառավարման առումով կոմպետենտ ռեկտորների նշանակումը՝ համարելով, որ նրանք պետք է  ունենան հստակ կառավարման ծրագիր, որտեղ անդրադարձ կլինի ակադեմիական ազնվությանը` գրագողության բացառմանը, ինչպես նաև կառավարման խորհուրդների առկայությունը, որտեղ կնշանակվեն կրթությամբ ու գիտությամբ իրապես մոտիվացված անձինք։

Մինչդեռ այսօր, ըստ Քյուրումյանի, կառավարման խոհուրդներում նշանակվում են մարդիկ, որոնք մեծամասամբ պետական պաշտոնյաներ են, և այդ նշանակումը ոչ թե որպես առաքելություն են ընկալում, այլ` պարտականություն:

Քյուրումյանը հիշեցնում է` դեռ նախկին իշխանություններն էին իրենց ռազմավարական փաստաթղթերում նշել, որ գրագողությունը Հայաստանում համակարգային բնույթ է կրում, միջազգային հրապարակումներում է անգամ այդ խնդիրն արձանագրվել, ուստի վերջինիս հատուկ ուշադրություն է պետք դարձնել:

Փորձագետն այսպիսի ծրագրի իրականացումըե մի քանի տասնյակ միլիարդ դրամ է գնահատում և հարց է բարձրացնում՝ արդյոք երկրում կա՞ն կառավարչական կարողություններ ունեցող անձինք նման մեծածավալ նախագիծ իրականացնելու համար, թե՞ դրսից են մասնագետներ հրավիրվելու:

«Շատ հավակնոտ ծրագիր է, այնքան հավակնոտ, որ այս պահի դրությամբ երևակայական է թվում․․․ Շատ մեծ է ռիսկը, որ դու կարող ես ունենալ լավ շենք, բայց եթե դասախոսները վերապատրաստումներ չանցնեն, եթե նրանց շարքերից չհեռացվեն մարդիկ, ովքեր կասկածվում են գրագողության մեջ, եթե գիտես, որ այդ դասախոսը կուրսային, դիպլոմային աշխատանք է վաճառել և չփոխես նրանց, ոչինչ չի փոխվելու»,- ասում է Քյուրումյանը:

Կառավարման փորձագետն ասում է, որ ակադեմիան քաղաք կառուցելու համար շինանյութ կգտնվի, բայց բարձրագույն կրթության հասնելու համար կարևորը մարդն է` ուսանողը, դասախոսը։

«Որտե՞ղ են վերապատրաստելու դասախոսներին, ինչպե՞ս են ուսանողներին մոտիվացնելու, որ գիտությամբ կարող են նվաճումներ ունենալ, ո՞ւմ են օրինակ բերելու, որպես կրթված մարդ, ով այս երկրում հաջողությունների է հասել իր գիտելիքներով», – հռետորական հարցերով եզրափակում է Քյուրումյանը:

Աշտարակ քաղաքի ընտրությունը պատահական չէ, բայց որքանո՞վ է իրատեսական

Խորհրդային տարիներին Աշտարակը դիտարկվում էր որպես գիտական քաղաք։ Այստեղ տեղաբաշխված էին 4-5 հզոր գիտահետազոտական ինստիտուտներ, Երևանից ամեն օր 15-20 ավտոբուս աշխատակիցներին տեղափոխում էր Աշտարակ, երեկոյան` հետ տանում, կար հանրակացարան, գիտական թաղամաս, գիտնականների համար կառուցված բնակարաններ:

Սովետական Միության փլուզումից հետո այդ ամենը հօդս ցնդեց, եղած տարածքներն էլ սեփականաշնորհվեցին:

«Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանի գնահատմամբ` գլխավոր հարցն այն է, թե որքանո՞վ է հավանական, որ այդ գիտական քաղաքը կդառնա ուսանողական։

«Որքանո՞վ է գիտությունը պահանջված Հայաստանում, իմ կարծիքով, ըստ արժանվույն պահանջված չէ, չկա այն էնտուզիազմը, որ գիտելիք ձեռք բերելով կդառնաս լավ մասնագետ: Ո՞րն է լինելու գիտությամբ զբաղվելու մոտիվացիան»,- հարցնում է նա:

Մովսիսյանի համոզմամբ` միանգամից 8 բուհ Աշտարակում տեղակայելը իրատեսական չէ, որովհետև ոչ միայն կապիտալ ներդրման խնդիր է, այլ նույնիսկ` եղած ֆինանսական միջոցները ճիշտ կառավարելու։

Ըստ նրա՝ չկան կազմակերպություններ, որոնք կարող են գումարը վերցնել ու բարեխիղճ ձևով նման ծավալի շինարարություն անել, իսկ միջազգային տենդեր հայտարարելու դեպքում էլ կա ռիսկ, որ կարող է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի պատմությունը կրկնվել:

Մովսիսյանն ուշադրություն է հրավիում այն հանգամանքին, որ Աշտարակը մի քանի քաղաք կապող խաչմերուկի վրա է, ուստի տրանսպորտային հաղորդակցության իմաստով անհրաժեշտություն կա բարեփոխումների:

Ըստ նրա` նման ծավալի մարդկային հոսքերը գործող տրասնպորտային պայմաններում հնարավոր չէ ապահովել:

ՏԻՄ փորձագետը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ Երևանին հարող տարածքներում գրեթե չկա որևէ հողատարածք, որը չլինի մասնավորի սեփականությունը, ինչն ավելի է բարդացնելու, օրինակ, նոր ճանապարհի կամ տրանսպորտային հանգույցի կառուցումը:

«Գաղափարը լավն է, բայց դեռ ոչինչ չկա ռեալ քննարկումների համար, այն կարծես թե նախընտրական թեզի է նման: Իհարկե, պետք է մտածել նման ծրագրի մասին, բայց հատկապես պատերազմական այս իրավիճակում, երբ հայտնի չէ, թե առհասարակ ինչ աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինելու, չեմ կարծում, թե մեզ համար ամենակարևորն ակադեմիական քաղաքն է»,- ասում է Մովսիսյանը:

Բոլոր երեք փորձագետներն էլ այն մտքին են, որ բուհերի Աշտարակ տեղափոխելուց միակ հարցը, որ կլուծվի, Երիտասարդական մետրոյի հարակից տարածքների բեռնաթափումը կլինի, այն էլ ժամանակավոր:

«Բուհի շենքի տեղափոխությունից Ա ուսանողը չի դառնալու Ա+ ուսանող։ Այսինքն ի՞նչ, մենք ասում ենք, որ ուսանողները վատ են կրթվում, որովհետև շենք չկա՞: Երկրում մասնագիտական ռեսուրսների, որակյալ կադրերի խնդիր կա, և ի վերջո մենք պետք է առաջնահերթ պատրաստ լինենք անվտանգային խնդիրները լուծելու, եթե ընտանիքիդ անվտանգությանը խնդիր է սպառնում, երբեք չես մտածելու երեխայիդ ավելի լավ, որակյալ կրթության մասին»,- իր համոզմունքն է հայտնում Վահան Մովսիսյանը:

Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան 
Վիզուալիզացիան՝ Անուշ Բաղդասարյանի և Կարինե Դարբինյանի
Լուսանկարները՝ Raffi Niziblian, Vahram Mekhitarian

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 03/10/2022