Կրթություն Սոցիալական

Որքան և ինչպես է վճարում ՀՀ կառավարությունը հաջողություններ գրանցած մարզիկներին

2022թ․ դեկտեմբերին հանրությանը ներկայացվեցին «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները։ Լավագույն տասնյակում ընդգրկվեցին անցնող տարվա ընթացքում մի շարք մարզաձևերի միջազգային մրցույթներում հաջողության հասած մարզիկները։

Մարզիկներից յուրաքանչյուրին պետությունը պարգևատրեց 5 մլն դրամով։ Սա պետությունից նրանց հատկացված դրամական խրախուսման միջոցներից միայն մեկն է։

Դրամական պարգևները մեկ մարզիկի օրինակով

Լավագույնների շարքում է նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ով 2022թ․ դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Այս նվաճումների շնորհիվ մարզիկը, բացի 5 մլն դրամի պարգևատրումից  ՀՀ պետբյուջեից կստանա նաև բավականին շոշափելի գումար։

Ինչպես «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ որպես աշխարհի չեմպիոն կստանա նաև միանվագ 10 մլն դրամ մրցանակ։ Այս գումարը, կառավարության որոշմամբ, սահմանվել է բոլորովին վերջերս: Այն այժմ կրկնակի ավելի է մինչ այս աշխարհի առաջնություններում (ԱԱ) ոսկե մեդալ նվաճողներին հատկացվող գումարից։

Բացի այդ, Դավթյանը ստանալու է նաև ամսական 1մլն 330 հազար դրամ, ինչը դրամական խրախուսման մի քանի տարբեր միջոցների հանրագումար է․
– 600 հազար դրամ՝ իբրև անվանական թոշակ ԱԱ չեմպիոնին
– 150 հազար դրամ՝ որպես օլիմպիական բրոնզե մեդալակիր (պատվովճար)
– 500 հազար դրամ` «Փարիզ 2024» ծրագրով՝ իբրև սպորտային նպաստ
– 80 հազար հավելավճար ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից՝ որպես ԱԱ չեմպիոն։

Այս գումարները սահմանված են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքով և ՀՀ կառավարության մի քանի որոշումներով։

Սակայն 1մլն 330 հազարը ցմահ չի վճարվելու մարզիկին։

Դրամական նմանատիպ խրախուսուսական միջոցները մարզիկներին բարձր նվաճումների համար տրամադրվում են տարբեր ժամկետներով։ Օրինակ, եթե 2023 թ․ Դավթյանը ԱԱ-ում չեմպիոնությունը չպահպանի, 2024-ին ամսական 600 000 դրամ անվանական թոշակը, որը նախատեսվում է 1 տարով, այլևս չի ստանա։ Կամ եթե, օրինակ, ԱԱ-ում արծաթ նվաճի, 2024-ին ամսական թոշակը կկազմի 400 հազար դրամ։

Ինչու և ինչպես

Ընդհանրապես մարզիկներին խրախուսելու համար պետությունը հատկացնում է դրամական մրցանակներ, ամսական պատվովճարներ և անվանական թոշակ։

Միանվագ դրամական մրցանակներ

Կառավարության որոշմամբ՝ դրամական մրցանակ տրվում է օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի (ՕԽ) ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ) ԱԱ-ներում ու Եվրոպայի առաջնություններում (ԵԱ) (նաև հաշմանդամների), Եվրոպական խաղերում (ԵԽ), շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան ՕԽ-երում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցնողներին։

Կառավարության վերջին որոշման համաձայն՝ ԱԱ-ների ու ԵԱ-ների մրցանակակիրների գումարներն ավելացել են, մյուսներինը՝ ոչ։

Ամսական պատվովճարներ

Սա տրվում է ՀՀ քաղաքացի ՕԽ-երի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին ու մրցանակակիրներին, ՀՀ քաղաքացի ՀՀ և նախկին ԽՍՀՄ հավաքականներում ՕԽ ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի (նաև թիմային) և սամբոյի ԱԱ-ներում չեմպիոն դարձած մարզիկներին։ Որոշ դեպքերում պատվովճարը ցմահ է, որոշ դեպքերում՝ 1 տարով։

Միևնույն մարզիկը կարող է ստանալ միայն 2 պատվովճար։ Դա կարող է լինել, եթե մարզիկը դարձել է և՛ ԱԱ չեմպիոն, և՛ ՕԽ չեմպիոն (շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն) կամ և՛ ԱԱ չեմպիոն, և՛ ՕԽ մրցանակակիր (շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիր)։

Անվանական թոշակ

Անվանական թոշակ տրամադրվում է այն մարզիկներին, որոնք օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի Հայաստանի հավաքականների (ներառյալ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, ԱԱ-ներում, ԵԱ-ներում և շախմատային օլիմպիադաներում ցուցաբերել են բարձր արդյունքներ: Անվանական թոշակը նշանակվում է 1 տարով։ Թոշակի հատկացումն իրականացվում է ամեն տարվա հունվարի 1-ից: Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկին նշանակվում է անվանական թոշակ արդյունքի ձեռքբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից մինչև ՕԽ ավարտին հաջորդող ամսվա 1-ը:

Սպորտային նպաստ

2022թ․ հունիսի 30-ի որոշման համաձայն՝ մարզիկները «Փարիզ 2024» ծրագրով ստանալու են նաև սպորտային նպաստ։ Այն տրվելու է 2024 թ․ Փարիզում կայանալիք ՕԽ-ին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով։ Նպաստ կստանան 2021 թ․ ՕԽ, 2021, 2022 կամ 2023 թթ․ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, Փարիզ 2024-ի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, ՕԽ-ում, ԱԱ-ներում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկները, ինչպես նաև երիտասարդների ԱԱ և Եվրոպայի 2021, 2022, 2023 թթ․ առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրածները։

Եթե ընթացքում որևէ նոր մարզիկ գրանցի այնպիսի արդյունք, որով կհամապատասխանի այս չափանիշներին, ապա նրա համար սպորտային նպաստ կնշանակվի արդյունքը գրանցելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Մարզիկներին սպորտային ամսական նպաստ է տրամադրվում 2022 թ․ հունիսի 1-ից մինչև 2024 թ․-ի օլիմպիական խաղերի ավարտը իրենց 1 լավագույն արդյունքի համար:

Ինչպես «Ամփոփ Մեդիային» տեղեկացրել են ԿԳՄՍՆ-ից, մարզիկներին տրամադրվող պարգևներն ու նպաստները չեն հարկվում: Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի, տրվող գումարները մարզիկները ծախսում են իրենց հայեցողությամբ, որևէ պարտադիր պայման չկա։

«Անցած տարի էլ, այս տարի էլ 40 մլն դրամի վիտամինիզացիա է արվել հավաքականներին, անվճար բուժօգնություն՝ վիրահատություններով, ամեն ինչով»,- ասում է նա՝ ավելացնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում գործում է հատուկ կառուցված և 2022թ․-ին բացված սպորտային բժշկության կենտրոն։

Որ կատեգորիաներում դրամական մրցանակների բարձրացում չի եղել

Դրամական մրցանակների բարձրացում ոչ բոլոր կատեգորիաներում է  եղել։ Օրինակ, պատանեկան ՕԽ-ի և շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի կամ երիտասարդական ԱԱ-ի մրցանակակիրների համար նախատեսված դրամական մրցանակների չափն այսօր, ինչպեսև 2017 -ին նույնն է։

Բացի այդ՝ եթե նախկինում ՕԽ-ի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների դրամական մրցանակները հավասար էին, ապա հիմա շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների դրամական մրցանակները մնացել են նույնը՝ 20, 15 և 10 մլն դրամ։

Պատվովճարների դեպքում ևս ոչ բոլոր կատեգորիաներում է ավելացում եղել։ Օրինակ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների պատվովճարները, որոնք նախկինում հավասար էին ՕԽ-ի մրցանակակիրների պատվովճարներին, մնացել են նույնը՝ 200, 140 և 100 հազար դրամ։

Անվանական թոշակները 2020 թ․ հունվարից կրկնապատկվել են մինչև այդ սահմանված թոշակների համեմատ։ Այստեղ բացառություն է ՕԽ-ի վարկանիշի նվաճման դեպքը, որի համար մինչև 2020թ․ հունվարը սահմանված գումարը կազմել է 90 հազար, իսկ 2020-ի հունվարից՝ 300 հազար դրամ։

Մարզիկների պարգևավճարների ավելացման ֆոնին 2018-2020 թթ նկատվում է մեդալների քանակի աճ։ Ամեն դեպքում միանշանակ պնդել, որ դա պայմանավորված է պարգևավճարների աճով, կարող է սուբյեկտիվ լինել, որովհետև մեդալների աճ գրանցվել է 2018-ից սկսած, իսկ գումարներն ավելացել են հիմնականում վերջին 2 տարիներին, բացառությամբ 10 լավագույն մարզիկների 5-ական մլն-ի պարգևատրումը, ինչը շնորհվում է 2019-ից։

Բացի այդ՝ 2022-ին Ուկրաինայում պատերազմի պատճառով ռուս մարզիկներին արգելում են մասնակցել մի շարք մրցաշարերի, ինչը էականորեն պակասեցնում է մրցակցությունը և հեշտացնում մեդալային պայքարը՝ այդ թվում Հայաստանի համար հենակետային մարզաձևերում, որոնցից է, օրինակ, ըմբշամարտը։

2020-ին էլ մեդալներ գրեթե չեն եղել, քանի որ COVID-19 համաճարակի պատճառով չեղարկվել էին գրեթե բոլոր մրցաշարերը։ Մինչև համաճարակի հայտարարումը Հայաստանը նվաճել էր 12 մեդալ, ինչը վիճակագրության մեջ ներառելը ոչինչ չի տալիս։ 2021-ի մեդալներն էլ ավելի քիչ էին, քան 2019-ին, քանի որ, ինչպես նշել է Գիլոյանը, 2021-ին էլ մի շարք մրցաշարեր չեն կայացել կորոնավիրուսի պատճառով։

*2022 թ․ մեդալների քանակը դեկտեմբերի 7-ի դրությամբ է։
*Բոլոր ժամանակների լավագույն արդյունքը, ինչպես նշել է Գիլոյանը, գրանցվել է 2019-ին։
*Ծանրամարտի դեպքում մեդալների քանակը հաշվելիս պոկում, հրում, վարժությունների և երկամարտի արդյունքները դիտարկվում են առանձին-առանձին, սակայն տարբեր տեսակ խրախուսական գումարներ տրամադրվում են միայն երկամարտի արդյունքի համար։

Ամփոփում

Ինչպես երևում է, դրամական խրախուսական միջոցներ սահմանելիս պետությունը տարբերություն է դնում ՕԽ-երի, ԱԱ-երի ու ԵԱ-ների միջև։ Կարելի է նկատել, որ տարբերություն կա նաև օլիմպիական ծրագրում ներառված ու չներառված մարզաձևերի ԱԱ-երի ու ԵԱ-ների մեդալակիներին տրվող գումարների չափերի դեպքում։

Պետությունն առավել բարձր է գնահատում այն մարզաձևերը, որոնք ներառված են ՕԽ ծրագրում։ Պետության կողմից խրախուսում են նաև ոչ օլիմպիական մարզաձևերի մարզիկները, սակայն ավելի քիչ գումարով։ Կարելի է եզրակացնել, որ պետությունն առավել կարևորում է ՕԽ-ում ՀՀ դրոշը բարձրացնելն ու հիմնը հնչեցնելը, հետևաբար ավելի կարևոր են նաև օլիմպիական մարզաձևերի ԱԱ-երն ու ԵԱ-ները։

Հեղինակ՝ Քրիստինա Խաչատրյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի

#Sport

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/01/2023