Երեքուկես տարի առաջ Արմինեն (անունը փոխված է) հղիության ընթացքում ընտրել էր բժշկին ու վճարել՝ վստահ լինելով, որ այդպես իր ծննդաբերությունն ավելի անվտանգ և հանգիստ կլինի։ Սակայն առաջին ծննդաբերությունը նրա առողջության վրա թողեց լուրջ հոգեբանական և ֆիզիկական հետևանքներ։
«Հերթապահ բժիշկը նայեց ու անմիջապես բարձրացրին ծնարան՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է»,– պատմում է Արմինեն։
Նա զանգել է իր հղիությունը վարող բժշկին, ով պետք է ընդուներ ծնունդը։ Երբ բժիշկը եկել է, Արմինեն նրա գործողություններում նկատել է շտապողականություն։
«Այլ կնոջ կեսարյան հատում ուներ նույն ժամին։ Ինձ վրա ուժեղ ճնշում գործադրեց, փորից սեղմեց, հետո մանկաբարձուհուն ասաց՝ մի հատ էլ կտրի։ Չհասկացա՝ ինչ են անում։ Ինձ դեղ միացրեցին, հարցրեցի՝ ինչ է, ասացին՝ սուս, հանգիստ պառկիր», – հիշում է Արմինեն։
Նրա խոսքով՝ առանց բացատրության կիրառվել է օքսիտոցին, գործադրվել են որովայնի վրա ուժեղ ճնշումներ, իրականացվել է շեքահատում, իսկ ցավազրկում ընդհանրապես չի կիրառվել։ Արմինեն վստահ է՝ գործողությունների նպատակը ոչ թե բժշկական անհրաժեշտությունն էր, այլ ծննդաբերությունն արագ ավարտելը։
«Կարերը դնում էին առանց ցավազրկման։ Ցավից բժիշկի ձեռքերը բռնեցի, ասացի՝ գոնե անզգայացրեք։ Պատասխանեց՝ ամբողջ ընթացքում ձայնդ չլսեցինք, քեզ ինչ եղավ»: Արմինեն ասում է՝ հղիության ընթացքում բժիշկ ընտրելը ու վճարելը նրա համար նշանակում էր վստահություն փնտրել՝ խուսափելու սթրեսից, անորոշությունից ու վտանգներից։ «Այդ ժամանակ մտածում էի՝ երևի ծննդաբերությունն այդպես պետք է լինի», – ասում է նա։ Տարիներ անց հասկացավ՝ ծննդաբերությունը պետք է ընթանա վստահության և անվտանգության պայմաններում, ոչ թե բռնության ու ցավի։
Արմինեի պատմությունը բացառություն չէ։ Այն բացահայտում է մի համակարգային խնդիր, որտեղ հաճախ խախտվում են կանանց իրավունքները, բժշկական միջամտությունները կատարվում են առանց տեղեկացված համաձայնության:
Արմինեի փորձը վկայում է այն իրականության մասին, որը շատ կանայք լռությամբ են անցկացնում, բայց որն իր անունն ունի՝ մանկաբարձական բռնություն։
Մանկաբարձական բռնությունը՝ որպես «նորմալացված» պրակտիկա
«Կետ 33» ՀԿ–ն 2025 թվականին իրականացրել է որակական հետազոտություն, որը ցույց է տալիս, որ Հայաստանի ծննդատներում մանկաբարձական բռնությունը տարածված երևույթ է։ Հետազոտության շրջանակում հարցազրույցներ են անցկացվել Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ 28 կանանց և 10 բժիշկների հետ։

«Հայաստանում շատերի համար «բնական» են համարվում այն միջամտությունները, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ պետք է կիրառվեն միայն կենսական անհրաժեշտության դեպքում», – նշում է «Կետ 33» ՀԿ–ի ղեկավար Աստղիկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ էպիզիոտոմիան և դեղորայքային միջամտությունները հաճախ իրականացվում են առանց բժշկական ցուցման և կնոջ տեղեկացված համաձայնության՝ ծննդաբերությունն արագացնելու նպատակով։ «Մինչդեռ կինը պետք է տեղեկացված լինի միջամտությունների անհրաժեշտության, հնարավոր ռիսկերի և հետևանքների մասին և ունի դրանցից հրաժարվելու իրավունք» , – ընդգծում է նա։
Հետազոտության հեղինակ Լուսինե Քոչարյանը նշում է, որ կանանց հատուկ հարցեր չեն ուղղվել մանկաբարձական բռնության մասին։ «Հարցը եղել է ընդհանուր՝ ինչպես կբնութագրեք ծննդաբերությունը։ Սակայն պատմությունների վերլուծությունը ցույց տվեց, որ գրեթե բոլոր կանայք նկարագրել են մանկաբարձական բռնության դրսևորումներ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական», – ասում է նա (հեղ․՝ Լուսինե Քոչարյանի հետ առաջին հարցազրույցն իրականացվել է 2025թ․ հոկտեմբերին) ։
Միևնույն ժամանակ բժիշկների մի մասը քննադատաբար է վերաբերվել «մանկաբարձական բռնություն» եզրույթին՝ նշելով, որ ծննդաբերությունը հաճախ պահանջում է արագ որոշումներ և մեծ պատասխանատվություն։
Մանկաբարձական բռնության հետքը՝ դեպրեսիա, վախ և հաջորդ հղիությունից հրաժարում

Հոգեբան Մարիամ Մելքումյանի խոսքով՝ բուժանձնակազմը հաճախ աշխատում է ծանր և լարված պայմաններում, սակայն դա չի կարող արդարացնել կանանց նկատմամբ բռնի կամ նվաստացնող վերաբերմունքը։ Նրա համոզմամբ՝ համակարգային խնդիր է այն, որ բուժաշխատողները հաճախ չունեն բավարար հմտություններ սեփական սթրեսը կառավարելու և մասնագիտական էթիկան պահպանելու համար։
Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշում է, որ կենտրոնում անցկացվող գրեթե բոլոր դասընթացների ժամանակ կանայք պատմում են ծննդաբերության ժամանակ իրենց նկատմամբ ցուցաբերված վիրավորական վերաբերմունքի մասին։ Նրանց խոսքով՝ երբեմն հնչում են արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ապուշ, ինչու ես գոռում», «հիմա երեխային սպանելու ես», «խեղդվելու է, դու ես մեղավոր լինելու»։
Հոգեբան Մարիամ Մելքումյանը, որն աշխատում է ծննդաբերությունից հետո մասնագիտական աջակցության դիմող կանանց հետ, նշում է, որ մանկաբարձական բռնության իրական տարածվածությունը շատ ավելի մեծ է, քան դրա մասին բարձրաձայնվում է։ «Կանայք հաճախ լռում են վախի, մեղքի զգացման կամ տեղի ունեցածը ապացուցելու դժվարության պատճառով: Ծննդաբերության ընթացքում կինը չափազանց խոցելի է և կարիք ունի աջակցության, սակայն շատերը հիշում են գոռոցներ, նվաստացում կամ անտարբերություն» , – ասում է նա։
Հոգեբանի գնահատմամբ՝ նման փորձառությունները կարող են հանգեցնել երկարատև հոգեբանական ճգնաժամի, հետծննդաբերական դեպրեսիայի, բժշկական համակարգի նկատմամբ անվստահության և հաջորդ հղիությունից հրաժարվելու։
Չկա բողոք, չկա սահմանում․ նախարարության դիրքորոշումը
Չնայած հետազոտություններին և մասնագետների ու կանանց պատմություններին՝ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ մանկաբարձական բռնության վերաբերյալ բողոքներ չի ստացել։ «Առողջապահության նախարարությունը մանկաբարձական բռնության, ինչպես նաև ծննդաբերության և հետծննդյան շրջանում մասնագետների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի կամ միջամտության վերաբերյալ բողոքներ չի ստացել։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նախարարությունը չի նախատեսում նշված եզրույթի օրենսդրական ամրագրման հարց», – նշվում է պաշտոնական պատասխանում:
Արդյունքում ստեղծվում է հակասական իրավիճակ․ մի կողմից կան կանանց պատմություններ և մասնագիտական գնահատականներ, մյուս կողմից՝ պաշտոնական մակարդակով խնդիրը փաստացի «չի երևում»։ Հայաստանում մանկաբարձական բռնությունը օրենսդրորեն սահմանված չէ, և բացակայում է նաև հատուկ ուղեցույց՝ ծննդօգնության ընթացքում նման դրսևորումները կանխելու համար։
Իրավական բացեր՝ միջազգային չափորոշիչների համատեքստում
Կամ՝ այն, ինչ չի գրանցվում, չի էլ երևում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ բժշկական միջամտությունները պետք է կիրառվեն միայն բժշկական անհրաժեշտության դեպքում և կնոջ տեղեկացված համաձայնությամբ։ Սակայն Հայաստանի ծննդատներում, ըստ մասնագետների, հաճախ արձանագրվում են հակառակ երևույթներ՝ օքսիտոցինի կիրառումը առանց բացատրության, էպիզիոտոմիան առանց հստակ ցուցման, կնոջ մասնակցության բացակայությունը որոշումների կայացման գործընթացում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մանկաբարձական ծառայության ղեկավար Կարեն Ջուլհակյանի խոսքով՝ իրավական հստակ սահմանումների բացակայությունը մանկաբարձական բռնությունը դարձնում է անտեսանելի, և չկարգավորվող։ «Շատ միջամտություններ պարզապես չեն գրանցվում բժշկական փաստաթղթերում, քանի որ դրանց իրական նպատակը՝ ծննդաբերությունն արագ ավարտելը, պաշտոնապես չի ֆիքսվում»,– նշում է նա։
Կարեն Ջուլհակյանի խոսքով՝ վիճակագրության մեջ ներառվում են միայն այն դեպքերը, որտեղ հստակ նշվում է միջամտության ցուցումը։ «Եթե որոշում է կայացվում արագ ավարտել ծննդաբերությունը, դա հաշվետվության մեջ չի հայտնվում»։ Նա որպես օրինակ նշում է օքսիտոցինի կիրառումը՝ ծննդաբերությունն արագ ավարտին հասցնելու նպատակով, ինչպես նաև «գոլդ օրերին» իրականացվող պլանային կեսարյան հատումները։

Միշել Օդեն Մայր Կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Սառա Աբրահամյանը այս երևույթը բնութագրում է որպես «շղթայական միջամտություններ», երբ մեկ անհարկի քայլը հանգեցնում է հաջորդին՝ հաճախ ավարտվելով կեսարյան հատմամբ։ Նա մատնանշում է առավել հաճախ կիրառվող, բայց ոչ միշտ հիմնավորված միջամտությունները՝
- Համիլտոնի և Քրիստելլերի հնարքներ,
- Անհարկի պտղապարկի հատում,
- Ծննդադրդում և ծննդախթանում,
- Շեքահատման լայն կիրառում,
- Կնոջ մեկուսացում՝ առանց ուղեկցողի,
- Ազատ դիրքով ծննդաբերության արգելում։
Քանի որ այս միջամտությունների մեծ մասը չի արձանագրվում բժշկական փաստաթղթերում, դրանց վերաբերյալ վիճակագրություն և վերլուծություն ևս չկա։ «Շեքահատումը պարտադիր գրանցվում է, սակայն Քրիստելլերի հնարք, պտղաթաղանթի հատումը կամ միզոպրոստոլի կիրառումը հաճախ փաստաթղթերում չեն երևում»,– նշում է նա։
Տեղեկացված համաձայնությունը՝ որպես կանխարգելման բանալի
Մասնագետների համոզմամբ՝ մանկաբարձական բռնության կանխարգելման առանցքային գործիքը տեղեկացված համաձայնության լիարժեք կիրառումն է։
«Եթե միջամտությունն արվում է առանց կնոջ տեղեկացված համաձայնության, այն կարելի է դիտարկել որպես բռնություն», – ասում է Կարեն Ջուլհակյանը՝ ընդգծելով, որ կինը պետք է տեղեկացված լինի ռիսկերի, հնարավոր բարդությունների և այլընտրանքների մասին։ Նրա խոսքով՝ բժշկական միջամտությունները պետք է հիմնված լինեն ապացուցողական բժշկության տվյալների վրա, մինչդեռ երբեմն բժիշկները իրենց անձնական փորձը վեր են դասում գիտական տվյալներից։
Նրա խոսքով՝ որոշ ծննդատներում արդեն ներդրվում են նոր մեխանիզմներ՝ QR կոդերի միջոցով միջամտությունների մասին տեղեկատվության տրամադրում, գրավոր համաձայնության պարտադիր ձևակերպում։
Առողջապահության նախարարությունը պնդում է, որ տեղեկացված համաձայնության պահանջը օրենսդրորեն ամրագրված է։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ մարդու գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է՝ բացառությամբ օրենքով սահմանված որոշ դեպքերի, մասնավորապես՝ կյանքին սպառնացող վտանգի դեպքում։
Համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարության շրջանակում «Արմեդ» համակարգի միջոցով ներդրվել է պացիենտների գոհունակության հարցման մեխանիզմը։ Պացիենտների արձագանքները ուսումնասիրվում են բուժհաստատությունների որակի ապահովման պատասխանատուների կողմից, իսկ վերհանված խնդիրները պետք է ներառվեն որակի բարելավման պլաններում, որոնք 2026 թվականից պետք է ներկայացվեն նախարարություն։ Կարեն Ջուլհակյանի խոսքով՝ դուրս գրվելիս կինը կարող է գնահատել ծննդաբերության ընթացքն ու բուժանձնակազմի վերաբերմունքը։ «Եթե տվյալները ամբողջական հավաքվեն, նախարարությունը կտեսնի՝ որ հաստատությունում ինչ խնդիր կա»։
Առողջապահության նախարարությունը նշում է նաև, որ հաստատվել և պարբերաբար թարմացվում են մանկաբարձական առավել հաճախ հանդիպող ախտաբանությունների վարման կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր, որոնցով պետք է առաջնորդվեն ոլորտի բուժաշխատողները։
ԱՀԿ-ի դիրքորոշումը․ գնահատում չկա, պատասխանատվությունը՝ ազգային մակարդակում
Մանկաբարձական բռնության հետ կապված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմեցինք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Հարցումը վերաբերում էր Հայաստանում խնդրի գնահատմանը, ինչպես նաև այն հարցին, թե ԱՀԿ-ի փորձից ելնելով որքանով է կարևոր «մանկաբարձական բռնություն» եզրույթի օրենսդրական սահմանումը ազգային մակարդակում և ինչ ռիսկեր են առաջանում այն երկրներում, որտեղ նման իրավական ձևակերպում չկա, իսկ դեպքերը չեն արձանագրվում վիճակագրորեն։ ԱՀԿ-ն հայտնել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում մանկաբարձական բռնության վերաբերյալ որևէ հատուկ գնահատում կամ ուսումնասիրություն չի իրականացրել։ Միջազգային կազմակերպությունը տվյալների և իրավիճակի գնահատման հարցում հղում է անում ազգային պատասխանատու մարմնին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։
«Այս հարցի վերաբերյալ ազգային մակարդակով տվյալների, միտումների, մոնիթորինգի մեխանիզմների կամ օրենսդրական դաշտի մասին կոնկրետ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, որը պատասխանատու մարմինն է երկրի մակարդակով վիճակագրության և տվյալների համար», – նշվում է ԱՀԿ-ի գրավոր պատասխանում։
Այսպիսով ձևավորվում է փակ շղթա․ միջազգային կառույցը հղում է անում ազգային մարմնին, ազգային մարմինը՝ բողոքների բացակայությանը, իսկ կանանց իրական փորձառություններն ու մասնագիտական գնահատականները մնում են համակարգից դուրս՝ առանց վիճակագրության, գնահատման և իրավական արձագանքի։
Մասնագետների համոզմամբ՝ այս փակ շղթայի պահպանման դեպքում խնդիրը դուրս է գալիս առանձին դեպքերի շրջանակից՝ վերածվելով հանրային առողջության, մարդու իրավունքների և պետական քաղաքականության խնդրի։ Միշել Օդեն Մայր Կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Սառա Աբրահամյանը հղում է անում Իտալիայում վերջերս իրականացված հետազոտությանը, համաձայն որի ծննդաբերության ընթացքում բռնության փորձը հաճախ հանգեցնում է հաջորդ հղիության հետաձգման կամ դրանից լիովին հրաժարվելու, ինչն արդեն արձանագրվում է ծնելիության ցուցանիշների նվազման մեջ։ «Նպատակը պետք է լինի դրական ծննդաբերական փորձի ապահովումը։ Բռնության փորձից հետո որոշ կանայք հետաձգում կամ ընդհանրապես հրաժարվում են հաջորդ հղիությունից։ Սա արդեն պետական լուրջ խնդիր է»,– եզրափակում է Սառա Աբրահամյանը։
Մինչև մանկաբարձական բռնությունը չստանա հստակ սահմանում, չափման մեխանիզմներ և իրավական արձագանք, Արմինեի նման պատմությունները կշարունակեն մնալ լռության մեջ՝ որպես «նորմալ» համարվող ցավոտ փորձառություններ։
Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
«Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 29/01/2026









