Դըրբըզեք

Մենք Արցախ էինք մտնում, իսկ մեքենաների շարասյունը դուրս էր գալիս

Գոհարի արցախյան ապրումները

Ես Գոհար Պետրոսյանն եմ՝ Արցախից։

2020 թվականի սեպտեմբերին Շուշիի տեխնոլոգիական համալսարանից ինձ պրակտիկայի էին ուղարկել Երևան։ Սովորում էի ընդհանուր պարենամթերքի տեխնոլոգիա բաժնում։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7-անց էր, երբ մեզ հետ գտնվող դասախոսներից մեկն ասաց, որ Արցախում պատերազմ է։ Այդ օրը պիտի վերադառնայինք Ստեփանակերտ։ Ճանապարհվեցինք Քարվաճառի ուղղությամբ, բայց կես ճանապարհից մեզ հետ դարձրին, և որոշեցինք Գորիսով գնալ։

Մենք Արցախ էինք մտնում, իսկ մեքենաների մեծ շարասյունը դուրս էր գալիս Արցախից․․․

Երբ մտա Ստեփանակերտ, այնպիսի լռություն ու դատարկություն էր, որ ճամպրուկիս անիվների ձայնն ամբողջ Ստեփանակերտով լսվում էր։

Ընտանիքս Մարտակերտում էր, եղբայրս՝ Մատաղիսի դիրքերում։ Մորաքույրս զինվորական հոսպիտալում էր աշխատում․ ամեն անգամ զոհեր բերելիս, գնում էր դեմքը բացում, որ տեսնի քրոջ որդին է, թե ոչ։

Չորս օր հետո՝ հոկտեմբերի 2-ին միայն լուր ստացանք, որ եղբայրներս ողջ են։

Հետո լուր ստացանք, որ քեռուս տղան զոհվել է։ Այնքան էին բթացել զգացմունքներս, որ քարացած կանգնել էի ու մտածում էի՝ դե նորմալ է, շատերն են զոհվում։ Ավելի ուշ պարզվեց, որ ոչ թե զոհվել է, այլ ծանր վիրավորվել։

Հիշում եմ՝ պատերազմի երկրորդ կամ երրորդ օրն էր՝ ծնկի եկա ու սկսեցի աղոթել եղբայրներիս համար։ Աստծուն խնդրեցի, որ բոլորին պահպանի և խոստացա այլևս չհեռանալ Աստծուց․․․

Այդպես էլ եղավ․․․

Դեկտեմբերի 27-ին վերադարձա տուն․ աննկարագրելի ցավոտ էր տեսնել Շուշիի պարսպից կախված ադրբեջանական դրոշը, դեպի տուն տանող ճանապարհին կանգնած օտար զինվորականներին՝ խաղաղապահ կոչվող, ճանապարհին դրված անցակետերը, որոնց մոտ պետք է կանգնեիր, անձնագիրդ ցույց տայիր, որ թույլ տային մտնես քո տուն, քո երկիր։

Ստեփանակերտն անճանաչելի էր դարձել պատերազմից հետո․ քաոս էր տիրում։ Հադրութից, Շուշիից, հանձնված շրջանների գյուղերից հազարավոր տեղահանվածներ կային։ Ամեն երրորդի ձեռքին ծաղկեփունջ էր՝ սև ժապավենով․․․

Մինչև 44-օրյա պատերազմը աշխատում էի նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում: Պատերազմական գործողությունների ավարտից որոշ ժամանակ անց մեր աշխատանքները վերսկսեցինք՝ արդեն Ստեփանակերտում։

Մի օր համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը խնդրեց հաշվել մեր գյուտերի քանակը, որոնք արել էինք ՇՏՀ-ի լաբորատորիայում։ Արդյունքից մենք էլ անակնկալի եկանք․ մինչև 44-օրյա պատերազմը 44 գյուտ էինք արել՝ օգտագործելով միայն արցախյան բուսականությունը։

Նոր կարիերայի սկիզբ՝ շոկոլադագործություն

2022թ․ դեկտեմբերի 11-ին, առողջական խնդիրներով պայմանավորված, եկա Երևան․ հաջորդ օրը բժշկից իմացա, որ Բերձորի միջանցքն ադրբեջանցիները փակել են։

Անցան օրեր, շաբաթներ՝ ճանապարհը չբացվեց։ Քանի որ բոլորովին անպատրաստ էի եկել Արցախից, որոշեցի ինչ-որ աշխատանք գտնել, որ կարողանամ որոշ չափով հոգսերս հոգալ՝ մինչև ճանապարհը բացվի։

Պատահաբար Inspire Chocolate-ում աշխատող ծանոթներիցս մեկի գրառումն աչքովս ընկավ։ Նրան գրեցի, որ ես էլ եմ ուզում շոկոլադագործություն սովորել։ Սովորելու համար հայտ պետք է լրացնեի։ Հարցերից մեկն էլ սա էր՝ փոխնորդ շորեր ունե՞ք։

Հումորով պատասխանեցի՝ ոչ, (չնայած, իրոք, չէի բերել հետս)՝ մտածելով, որ հարցը ևս հումորով է գրվել։ Պատասխանս դարձավ հաջողությանս գրավականը։ Այդպես մուտք գործեցի շոկոլադագործության աշխարհ։

Այդ ընթացքում որտեղ ասես՝ դիմել եմ Արցախ վերադառնալու համար։

2023-ի մարտի 27-ին Կարմիր Խաչի ուղեկցությամբ վերջապես վերադարձա Ստեփանակերտ։

Այնքան էի կարոտել քաղաքիս ամեն ինչին, որ ամբողջ ճանապարհին հոնգուր-հոնգուր լացում էի․ չէի հավատում, որ տուն եմ գնում։ Հակարի կամրջի վրա դրված ադրբեջանական անցակետում մանրազնին ստուգում անցանք, հետո 2 ժամից ավել Շուշի-Քարին տակ հատվածում կանգնեցինք․ ստուգում էին փաստաթղթերը, հավանաբար «սև ցուցակից» մարդ էին փնտրում։

Այդ ընթացքում ադրբեջանցի, այսպես կոչված,«էկոակտիվիստները» հայհոյում էին, հայացքով փորձում էին ընկճել մեզ, ոնց որ մեր տուն գնալու համար օտարից պետք է թույլտվություն ստանայինք․․․

Երբ անցանք այդ դժոխքով ու հասա Ստեփանակերտ, այդ ամենի թողած բացասական զգացողությունները չնչին էին թվում ապրածս ուրախության համեմատ, որ ունեի տուն վերադառնալու, հարազատներիս կրկին տեսնելու, գրկելու առիթով։

Շրջափակման անակնկալները դիմավորեցին ինձ Արցախ մուտք գործելուն պես։

Սկսեցի ուտելիք փնտրել․ կարողացա գտնել միայն նեխած բրինձ ու պահածոներ։

Շրջափակումն այսպիսի տեսք ունի՝ մոմի լույս, բորբոսնած հաց և աղ

Անկեղծ ասած, սննդի սղությունից ու անվերջ ձգվող հերթերից չէի նեղվում։ Նեղվում էի, երբ պատկերացնում էի, որ հնարավոր է ստիպված լինենք դուրս գալ Արցախից․․․․

Ամբողջ ճանապարհին մտածում էի՝ մի՞թե էլ հետ չեմ գնալու։

2023թ․ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12-ն անց էր, որ զանգեցի եղբորս․ մի ամիս էր, որ դիրքերում էին։ «Համար 1» էր։

Հարցիս՝ ո՞նց ես, պատասխանեց՝ շատ լավ, սրանից լավ չէր էլ կարող լինել։ Պարզվեց՝ խաբում էր։ Կես ժամ անց սկսվեց պատերազմը։ Ամենուր կրկին վազող, գոռացող, միմյանց փնտրող մարդիկ էին՝ ինչպես 44-օրյային էր։ Ռմբակոծության ձայներն այնքան մոտիկից էին լսվում։

Քանի որ երկու եղբայրներս դիրքերում էին, կրկին սկսեցի աղոթել նրանց համար ու Աստծուն խնդրել, որ պահպանի նրանց։

Ամբողջ գիշերն անցկացրի արթուն՝ աստիճաններին նստած։ Կապ չկար, լույս չկար, հեռախոսի մարտկոցն էլ նստած էր։ Լուր չունեի ո՛չ եղբայրներիցս, ո՛չ էլ մորիցս։

Սեպտեմբերի 20-ի առավոտյան ընկերներիցս մեկը գալիս է, թե՝ եղբորդ անունը դիահերձարանի պատին կպցրած ցուցակներում կարդացել եմ։ Չեմ ուզում վատ տրամադրվես, բայց փորձիր զանգել ու ճշտել։

Չէի ուզում զանգել, որովհետև վախենում էի հաստատվի ասածը։ Մի քանի րոպե հետո զանգ եմ ստանում հարազատներիցս մեկից, ով ասում է, որ եղբայրներս ողջ են։

Հետո եմ իմանում, որ զինվորները շրջափակման մեջ էին ընկել, ու որ Մարտակերտ քաղաքի բնակչությանը փորձել են տարհանել, դուրս չեն եկել՝ ասելով, որ կմնան այնքան, մինչև բոլոր տղաներն իջնեն դիրքերից։

Այդպես էլ արեցին․ մարտակերտցիների թվում էր նաև մայրս։

Մարտակերտից Ստեփանակերտ եկել են 7 ժամում։ 4000 հոգի անցել է ադրբեջանական շարասյան միջով՝ քաղաքացիական մեքենաների ուղղությամբ բացված կրակահերթերի տակ։

Վերջաբան

Հայրիկիս (և ոչ միայն նրա) գերեզմանը մնացել է Մարտակերտում։ Հայրս մահացել է 2005թ․-ին, երբ ես 8 տարեկան էի։

Ամբողջ ճանապարհին մտածում էի՝ Տեր Աստված, մի՞թե հետ չեմ գնալու էլ, մի՞թե ես դավաճանում եմ հայրիկիս, ընկերներիս, որ մնացին։

Ստեփանակերտից դուրս եկանք սեպտեմբերի 24-ին՝ առաջին շարասյունով։

Հ․Գ․ Գոհարն այժմ ապրում է Երևանում և շարունակում է զբաղվել սիրելի շոկոլադագործությամբ Inspire Chocolate ձեռագործ շոկոլադների խանութում։ Նրա շոկոլադառատ աշխատանքներին հնարավոր է ծանոթանալ Ինստագրամի իր էջում՝ այստեղ։ 

Պատրաստեց Մարիամ Անդրեասյանը
Մենթոր՝ Լիլիթ Պողոսյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 30/07/2024