Դըրբըզեք

Հինչա իլա՞լ. հարցերի պատասխաններ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ

«Հինչա իլա՞լ» խորագրի ներքո «Ամփոփ Մեդիան» ներկայացնում է բռնի տեղահանված արցախցիների սոցիալ-հումանիտար խնդիրների վերաբերյալ լուրերի ամփոփագիրը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շուրջ առավել հաճախ հնչող 11 հարցերին: Հարցերից մի քանիսը տեղադրում ենք ամփոփագրի այս համարում։

ՀԱՐՑ 1։ ՀՀ քաղաքացիություն ունեցող ընտանիքը բնակվել է ԼՂ-ում, սակայն երեխան ծնվել է ՀՀ-ում: Այս դեպքում նորածինը կարո՞ղ է դիտարկվել որպես բնակարանային ապահովման ծրագրի շահառու։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, տվյալ դեպքում նորածինը ևս կարող է դիտարկվել ծրագրի շահառու։ Միջոցառման շրջանակում անչափահաս են համարվում 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած, այդ թվում՝ մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները։

ՀԱՐՑ 2։ Եթե ընտանիքը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլով դիմում է լրացրել, արդյոք այդ պահից սկսած դադարեցվո՞ւմ է 40+10 հազար դրամ աջակցությունը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, նման սահմանափակում նախատեսված չէ․ շահառուն կշարունակի օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։

ՀԱՐՑ 3։ Եթե ամուսիներից մեկը չդիմի բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար, մյուս ամուսինը կարո՞ղ է իր երեխաների հետ դիմել բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, սակայն եթե վերջինս ունի սեփականություն, ապա դա կարող է տարածվել նաև կնոջ և անչափահաս երեխաների վրա։

Մյուս հարց ու պատասխաններին ծանոթացեք այստեղ։

Մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ից մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից (Արցախից) բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։ Այս փուլում առցանց դիմում կարող են ներկայացնել անհատական բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող և հետևյալ պայմաններին բավարարող շահառուները՝

  • 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,
  • զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները,
  • ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Դիմումների վերաբերյալ ուղեցույցն այս հղմամբ՝ https://housing.socservice.am/

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հրապարակել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակելի տների կառուցման նախագծերը

Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակվել են լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակելի տների նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Ինչպես տեղեկանում ենք քաղաքաշինության կոմիտեից, այդ փաստաթղթերն անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։

Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։

Հրապարակված 18 նախագծերից 8-ն ավանդական կոնստրուկցիաներով՝ քարե կրող պատերով և երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ 10-ն արագ կառուցվող տների նախագծեր են։

Ցանկալի տարբերակն ընտրելուց հետո տների կառուցման համար անհրաժեշտ է դիմել շինարարություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին, որոնց ցանկը հրապարակված է կոմիտեի կայքում (https://minurban.am/hy/NK_project_catalogue), կամ նախագիծը հեղինակած ընկերությանը։

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հարթակով։ Ծրագրի մանրամասները ներկայացված են bnakavayr.am տեղեկատվական հարթակում։

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունն ու «Սատար Արցախին» միությունն արցախահայության աջակցության ծրագրեր կիրականացնեն

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը և «Սատար Արցախին» միությունը համատեղ բարեգործական ծրագրեր կիրականացնեն՝ ուղղված արցախահայության աջակցությանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը:

«Մեր կազմակերպությունը հիմնվել է բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից և շրջափակման ժամանակ կենսական նշանակության մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախում: Ուրախ ենք, որ շարունակում ենք նրա գործը»,- նշել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը և հավելել, որ կազմակերպությունների առաջին համատեղ մեծածավալ համագործակցությունը նախատեսվում է «Թևեր» վերականգնողական ծրագրի շրջանակում։

Արցախի շրջափակման ընթացքում գործակալությունն իր ջանքերը կենտրոնացրել էր արցախահայությանը սնունդ մատակարարելու, առողջապահության և այլ ոլորտներում աջակցություն ցուցաբերելու վրա, իրականացվել են նաև կրթական, մշակութային ծրագրեր:

«Սատար Արցախին» միությունը Ֆրանսիայում գործում է 1999 թվականից:

Ամփոփ Մեդիա

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/07/2024