Արցախից տեղահանված 67-ամյա Մարինան տղայի, հարսի և 2 թոռների հետ բռնի տեղահանումից հետո Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում է հայտնվել՝ Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիրում, որի մի մասը այժմ ժամակավոր կացարան է դարձել որոշ արցախցիների համար։ Ասում է, որ շատ են կարոտում Ստեփանակերտի իրենց տունն ու այգին, որտեղից քաղում էին իրենց աճեցրած բերքը, իսկ հիմա, կարծես, բանտում հայտված լինեն։
«Շատ ենք կարոտում, բայց չենք խոսում. հենց խոսում ենք, լացում են էրեխեքը։ էն օրը թոռս` Արմենս, 7-րդ դասարանում ա սովորում, դասարանցուն դրսում հանդիպեց, տեսնես ոնց էին փաթաթվել ու լացում․․․»,- ասում է Մարինան։
Սեպտեմբերի 19 –ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո տեղահանվել է ավելի քան 100 հազար մարդ, գրեթե ամեն երրորդը` երեխա։
Դեռ հոկտեմբերին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշում էր, որ ավելի քան 30,000 երեխաներ ստիպված են եղել փախչել իրենց տներից իրենց համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում էր, որ առանց անհապաղ աջակցության նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ:
«Ի լրումն տեղահանության, այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները, նոր հարձակումների վախի պարբերական զգացումով»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը:
Համաձայն հաղորդագրության, Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հիմնած ապահով անկյունների սոցիալական աշխատակիցները, որոնք սպասարկում են հարյուրավոր երեխաների, հայտնել են, որ երեխաները անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով:
Արցախից տեղահանված երեխաներից շուրջ 200-ն այս օրերին մասնագիտական օգնություն են ստանում Հայաստանում գործող 24 ցերեկային կենտրոններում:
«Կան ծանր տրավմատիկ վիճակներ, երբ ընտանիքում երեխաներն են զոհվել հենց այս երեխաների աչքի առաջ, դեպքեր, երբ հայտնի պայթյունի արդյունքում ծնողներն են զոհվել», – ասում է Աշխատանքի և սոցիալան հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի փոխանցմամբ, այս աջակցությունը դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին [ոչ միայն Արցախից] տրամադրվում է դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում։ Այս նպատակով այս տարի հատկացվել է մոտ 506 միլիոն դրամ։
Նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, սոցիլական ծառայության կենտրոնները շարունակում են գնահատումը, և նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ աշխատում է ընդլայնել ցերեկային կենտրոնների գործունեությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իր հերթին, կոչ է անում համապատասխան ներդրումներ կատարել հոգեկան առողջության և երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ․
«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները տարիներ շարունակ կրելու են այս անասելի տխրեցնող իրադարձությունների հետևանքները, եթե շարունակական աջակցություն չստանան», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
«Սա հավասարապես կարևոր է ոչ միայն վաղ հայտնաբերման և անհապաղ աջակցության տեսանկյունից, այլև երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ընտանիքները շարունակելու են բախվել կորստի զգացման և հետտրավմատիկ սթրեսի հետ», ասված էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հայտարարության մեջ:
Արցախից բռնի տեղահանված Անաիդայի մոտ երկու տարեկան զույգերը և 7 ամսական փոքրիկը գաղթի ճանապարհից հետո գրեթե անդադար հիվանդ են։ Անաիդան ամուսնու և երեք մանկահասակ երեխաների հետ արդեն բնակություն է հաստատել Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում։ Ու թեև ընտանիքին այժմ վտանգ չի սպառնում, սակայն երեխաների անդադար հիվանդությունների պատճառով Անաիդայի մոտ անքնություն է առաջացել: Դրան գումարվում են տարբեր կենցաղային և նյութական խնդիրները։
Սակայն, նրա խոսքով, այս հարցերը հաղթահարելի են, ավելի ծանր են հոգեբանական խնդիրները՝ տան, հողի ու հայրենիքի կորստի ցավը․
«Անդադար մտածում եմ, որ չկարողացա վերջին անգամ գնամ պապայիս գերեզմանին, բենզին չկար․․․»։
Նման իրավիճակում հայտված տասնյակ արցախցի ընտանիքների մասնագիտական աջակցություն են ցուցաբերում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ներկայացուցիչները։
Հայաստանի այս և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ այսպես փորձում են անմասն չմնալ կարեկցանքի կարիք ունեցողներին աջակցելու առաքելությունից՝ Արցախից տեղահանվածների համար հասանելի դարձնելով հոգեբանական աջակցությունը։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի խոսքով ժամանակին ցուցաբերած հոգեբանական օգնությունը կանխում է շատ խնդիրների առաջացումը՝ և՛ հոգեկան, և՛ հոգեմարմնական։ Սթրեսի վաղ շրջանում ցուցաբերած օգնությունը փոքրացնում է հավանականությունը, որ այն կշարունակվի։
«Որակյալ ցուցաբերված հոգեբանական օգնությունը շատ մեծ օգնություն է ոչ միայն տվյալ մարդկանց համար, այլ նաև առողջապահության համակարգի և պետության։ Դրա համար, առանց հապաղելու, րոպե առաջ պետք է այդ օգնությունը ցուցաբերվի, ինչը մենք փորձում ենք անել»,- ասում է Սողոյանը։
Հայկական հոգեբուժական ասոցիացիան կամավորներ է հավաքագրել և Առողջապահության համաշխարային կազմակերպության հետ պատրաստել շարժական խմբեր, որոնք Առողջապահության նախարարության ձևավորած բժիշկների խմբերի հետ մեկնում են տարբեր վայրեր՝ արցախցիներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու։
«Մենք ներգրավել ենք նաև հենց Արցախից տեղահանված մեր գործընկերներին, որոնք դրա շնորհիվ և՛ զբաղվածություն են ունենում, և՛օգնում են մեզ ավելի լիարժեք անել մեր աշխատանքը, քանի որ նրանցից լավ ոչ մեկ չի հասկանա էն մարդկանց, ովքեր տեղահանված են»,- ասում է Սողոյանը։
Նրա խոսքով՝ աշխատում են նաև այրվածքներ ստացած մարդկանց, նրանց ընտանիքների անդամների հետ։ Երբեմն հոգեբանական աջակցության կարիք է ունենում նաև այրվածքներ ստացած մարդկանց հետ աշխատող բուժանձնակազմը։
Բռնի տեղահանման մասին հուշերն արցախցի Արմիդային թույլ չեն տալիս գիշերները հանգիստ քնել՝ մտքերը հանգիստ չեն, մարմինն էլ սկսում է դողալ։
«Հակարիի կամրջով անցնելիս ընենց ենք վախեցել, որ հաշվի՝ մեռել ենք»,- ասում է նա։
Արցախում են թողել աշխատանքը, ողջ կյանքի ընթացքում վաստակածը, երեք հարկանի մեծ, գեղեցիկ տունը, որի պատշգամբում հաճախ հավաքվում էին ընկերների հետ թեյ խմելու։
Արմիդան ասում է, որ հոգեբանական վիճակը շտկելու համար մասնագետի կարիք ունի, բայց հիմա, ըստ նրա, ավելի կարևոր հարցեր կան լուծելու՝ հիվանդ մորն է խնամում, վարձով տուն և ապրելու համար մի շարք առաջնային իրեր է փնտրում, որոնց կարիքը հիմա շատ ունեն։
Արմեն Սողոյանը նշում է, որ բոլոր արցախցիների մոտ առկա է հայրենազրկության և տնավերության հոգեվիճակ, սակայն այն մարդիկ, որոնց միջավայրը շատ չի փոխվել, ավելի շուտ կարող են ադապտացվել նոր իրողություններին, օրինակ, Արցախի գյուղում ապրողները, ովքեր Հայաստանի գյուղերից մեկում են տուն գտել և փորձում են զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ըստ նրա, այս օրերին հոգեբանական օգնության կարիք ունեցողները պետք է հնարավորինս շուտ ստանան նման օգնություն․
«Յուրաքանչյուր մարդու առողջական խնդիրը ոչ միայն իրենն է, այլ նաև պետությանն ու հասարակությանն է»։
Հեղինակ՝ Լիլիթը Հարությունյան
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի
Այս նյութը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտած մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտած կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 04/12/2023