Կրթություն

Երևանի արվեստի դպրոցների նոր վարձաչափն ու սահմանափակ արտոնությունները

Լուսանկարը` Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից

Երևանի երաժշտական և արվեստի թվով 26 դպրոցներում 2018թ. հունվարից գործում են նոր ամսական վարձավճարներ` 8000-24500 դրամ: Վարձավճարների չափը սահմանվել է՝ ըստ մատուցվող ծառայությունների, և եթե մինչ այս փոփոխությունը մայրաքաղաքի տարբեր համայնքներում գտնվող արվեստի դպրոցներում նույն ծառայության դիմաց տարբեր վճարներ էին սահմանված, ապա այժմ բոլոր դպրոցներում ամեն ծառայություն ունի ֆիքսված վարձավճարի չափ: Օրինակ՝ երգեցողության ուսուցման ամսական վարձավճարն արվեստի բոլոր դպրոցներում կազմում է 15000 դրամ, իսկ կերպարվեստինը` 9000 դրամ:

Սակայն Երևան քաղաքի ավագանու մեկ այլ որոշման համաձայն՝ 2018թ. համար, իբրև արտոնություն, սահմանվել է մեկ միջինացված վարձավճար. 8000 դրամ՝ բոլոր ծառայությունների դիմաց: Արտոնությունից կարող են օգտվել այն երեխաները, ում ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը Երևանի գրանցում ունի: Արտոնությունից կարող են օգտվել նաև ազատամարտիկների և Երևանում զինվորական ծառայություն իրականացնողների, զոհված ազատամարտիկների կամ զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ և սիրիահայերի երեխաները:

Բացի այդ, եթե երեխան օգտվում է միաժամանակ երկու ծառայությունից` մի երաժշտական գործիքի ուսուցումը համատեղելով մեկ այլ գործիքի ուսուցման հետ կամ հաճախում երգեցողության խմբակ, ապա երկրորդ ծառայության վարձավճարը 50%-ով կրճատվում է` դառնալով 4000 դրամ:

Այս և մյուս լրացուցիչ արտոնությունները, սակայն, նախատեսված են միայն 2018թ. համար, և դեռևս պարզ չէ, թե արդյոք հաջորդ տարիներին էլ Երևանի քաղաքապետարանն իր բյուջեից կկարողանա վճարել այս տեղական վճարները: Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության՝ 2018թ. Երևան քաղաքի բյուջեով նախատեսված է մոտ 1.3 մլրդ դրամ հատկացնել երաժշտական և արվեստի դպրոցների 2018թ. եկամուտների և ծախսերի արդյունքում առաջացող վնասի փոխհատուցման դիմաց (եկամուտներ՝ 737 մլն դրամ, ծախսեր՝ 2 մլրդ դրամ):

Այնուամենայնիվ, արտոնություններից ոչ բոլորը կարող են օգտվել: Վարձավճարների փոփոխությունը փաստի առաջ է կանգնեցրել այն քաղաքացիներին, որոնք փաստացի բնակվում են Երևանում, սակայն մայրաքաղաքի գրանցում չունեն, հետևաբար չեն կարող օգտվել սահմանված  արտոնություններից: Նրանք ստիպված են վճարել նախկինից շատ ավելի բարձ գումար կամ դադարեցնել երեխայի հաճախումն արվեստի դպրոց:

Նրանցից է նաև Ռիտա Հովհաննիսյանը, ում 12-ամյա աղջիկը չորս ամիս հաճախում էր Երևանի «Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի» նկարչական խմբակ: «Հետո մեզ ասացին, որ օրենքը փոխվել է, ու պետք է վճարովի դառնա: Մենք Երևանի գրանցում չունենք ու ստիպված պետք է վճարեինք կրկնակիից թանկ` 17500 դրամ: Որոշեցինք արտոնություն ստանալու համար դիմում գրել, բայց աղջիկս չցանկացավ շարունակել», – ասում է տիկին Ռիտան:

Ամփոփի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ 2018թ. փետրվարի դրությամբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երաժշտական և արվեստի դպրոցներում սովորում է 12 հազար երեխա: Նրանցից 8 հազարը սովորում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսումնական պլանով: Գրավոր պատասխանում նշվում է, որ այդ 8000 երեխայից 119-ի օրինական ներկայացուցիչները մայրաքաղաքում գրանցում չունեն: Սակայն նրանցից 52-ը Երևանի քաղաքապետին տրված դիմումի հիման վրա ստացել են արտոնություններ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի նվազեցմամբ:

Քաղաքապետարանի գրավոր պատասխանից պարզ չի դառնում, թե մյուս 4 հազար երեխայից քանիսը չեն օգտվում արտոնյալ պայմաններից:

Փոխվել է նաև վճարման կարգը: Այժմ ծնողների հետ կնքված նոր պայմանագրի համաձայն՝ երեխաների յուրաքանչյուր ամսվա ուսման վարձը պետք է փոխանցվի մինչև ընթացիկ ամսվա 6-ը՝ Երևան քաղաքի բյուջեի համապատասխան հաշվեհամարին: Նշված ժամկետում վճարումը չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում, դպրոցի տնօրինությունն իրավասու է 3 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծանուցման և հրամանի հիման վրա, երեխային հեռացնել դպրոցից:

Փաստարկ

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում 2017թ. դեկտեմբերի 16-ին կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվեցին տեղական վճարների նոր տեսակներ, որոնց մեջ էին մտնում նաև համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն) վճարները: Փոփոխությունների արդյունքում կարիք առաջացավ հստակեցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների վարձավճարների չափը:

Երևանի քաղաքապետարանն ըստ իր հիմնավորման՝ որոշեց միջինացնել վարձավճարները՝ դրանով փորձելով լուծել դպրոցներում տարբեր դրույքաչափերի հարցը:  Դրույքաչափերը տատանվում էին 3000-12000 դրամի սահմաններում: Այս գնային տարբերությունը նկատվում էր ոչ միայն երաժշտական գործիքների և արվեստի տարբեր բաժիններում, այլև վարչական շրջանների միջև:

2018թ. համար Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վճարման խնդիր ունեցող ծնողների ներկայացրած դիմումների հիման վրա վճարել 500 երեխայի վարձավճարներն ամբողջությամբ: Քաղաքապետարանը կվճարի նաև 400 երեխայի վարձավճարների 50%-ը՝ 4000 դրամ, վճարման խնդիր և/կամ բարձր առաջադիմություն ունենալու դեպքում, եթե դրանք միջինացման արդյունքում բարձր են դարձել նախկին վարձավճարի չափից:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Մերի Հովհաննիսյանը

Պատասխանատու խմբագիր՝ Աստղիկ Գևորգյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin