Կրթություն

Սեպտեմբերի 1. մաքսիմալ ամփոփ

Լուսանկարը` Ֆոտոլուրի

2017-2018 ուստարում, նախնական տվյալներով, Հայաստանի դպրոցներ կհաճախեն շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ:

Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) հավաստիացնում է, որ բոլոր դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարին սկսելուն եւ ապահովված են անհրաժեշտ դասագրքերով:

1-ից 4-րդ դասարանների աշակերտներն իրենց դասագրքերը կստանան անվճար:

Ի՞նչ է փոխվել

Այս ուսումնական տարվանից պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը: Երեխային դպրոց չտանելու համար ծնողների նկատմամբ օրենսդրությամբ կարող է վարչական տույժ կիրառվել: Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` տույժը կկազմի 30 հազար դրամ (Հոդված 178): «Կրթության մասին օրենքում» այս փոփոխությունը կատարվել էր դեռևս 2015թ. (Հոդված 18, կետ 7):

Ի՞նչն է մտահոգում

Նորաստեղծ «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» (ԿՔՆ) ներկայացուցիչներին մտահոգում է այն փաստը, որ կառավարությունը նախատեսում է 2017-2020թթ. ընթացքում տարեցտարի կրճատել կրթությանը հատկացվող ֆինանսավորումը` նվազեցնելով այն 2.34%-ից մինչեւ 1.85%:

«Կրթական հաստատությունները առևտրայնացված են, քաղաքականացված ու կուսակցականացված, ինչը խանգարում է գիտելիքների ձեռքբերմանը, ազդում կրթության որակի վրա և նպասում հասարակության մեջ սոցիալական անհավասարության ու անարդարության խորացմանը», – ասում է ԿՔՆ անդամ,  «Հանրային քաղաքականության ինստիտուտի» տնօրեն Արևիկ Անափիոսյանը:

Ի՞նչ նորություն

Ուսումնական տարվա նորություններից է նաև դպրոցների օպտիմալացման գործընթացը, որը մեկնարկեց ուստարվան ընդառաջ: Օպտիմալացումը դպրոցների միավորման և խոշորացման ծրագիր է, որի համաձայն` Հայաստանի 13 դպրոցներ այս տարի կվերակազմավորվեն` միանալով մոտակա այլ դպրոցների: Ըստ ԿԳՆ-ի` այս գործընթացի մասին դպրոցներին տեղեկացվել է երկու ամիս առաջ: Այնուամենայնիվ, որոշ դպրոցներ, ըստ իրենց պնդման, անակնկալի են եկել ուսումնական տարվա նախօրեին:

Ի՞նչն է ամենից ողբերգականը. աշակերտների արտագաղթը

Դպրոցների վերակազմավորման պատճառը աշակերտների թվի նվազումն է: Ամփոփ Մեդիան ակտիվ ինֆոգրաֆիկայով ներկայացնում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշակերտների թվաքանակի դինամիկան վերջին 5 տարիների ընթացքում, համաձայն որի, աշակերտների թիվը 2012/13 ուստարվա համեմատ նվազել է: Աշակերտների թվի նվազումը պայմանավորված է նաեւ արտագաղթով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012-2017 ուսումնական տարիների ընթացքում երկրից արտագաթել է 18613 աշակերտ: Սա վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից մեկնող եւ վերադարձող աշակերտների թվի տարբերությունն է:

Փորձագետի կարծիք



Կարդացեք նաեւ

Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 31/08/2017