Տնտեսություն

Հանքարդյունաբերական հումքի արտահանումը

Տարիներ շարունակ Հայաստանից արտահանվող ապրանքների շարքում շուրջ 70%-ը բաժին է ընկնում հիմնականում 4 ապրանքախմբերի: Այստեղ ամենամեծ մասնաբաժինը հասնում է հատկապես հանքահումքային արտադրանքին: Սույն հոդվածը միտված է բացահայտելու արտահանման մեջ հանքամթերքի ծավալների շարժը եւ միտումները:

Իրավիճակ

Արտահանումը տնտեսության զարգացվածության մակարդակը բնորոշող կարեւոր բաղկացուցիչներից է, եւ վերջինիս ապրանքային կառուցվածքը ցույց է տալիս, թե երկիրը որ ոլորտների հաշվին է ապահովում արտաքին առեւտրաշրջանառությունը:

Անկախ Հայաստանի պատմության մեջ արտահանման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2016թ.: Այն կազմել է 1մլրդ 782 մլն դոլար` 2015թ. համեմատ գրանցելով 20% աճ կամ ավելանալով 300 մլն դոլարով:

Արտահանման ընդհանուր տեսակարար կշռի շուրջ 69%-ը կամ 1մլրդ 224 մլն դոլարը բաժին է ընկել «Հանքահումքային արտադրանք», «Պատրաստի սննդամթերք», «Թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ» եւ «Ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր» ապրանքախմբերին: Իսկ սա փաստում է արտահանման կենտրոնացվածության բարձր մակարդակի մասին: Եթե հաշվի առնենք, որ տվյալ 4 ապրանքախմբերից 3-ն ուղղակի կամ անուղղակի կապված են հանքարդյունաբերության ոլորտի հետ, ստացվում է, որ հանքահումքային արտադրանքի ծավալը կազմում է ընդհանուր արտահանման կեսից ավելին:

Արտահանվող ապրանքատեսակների մեջ ամենամեծ մասնաբաժինն ունի պղինձը: Հայաստանից արտահանվում է երեք տեսակի պղինձ՝  պղնձի խտանյութ,  չզտած պղինձ եւ պղնձի ջարդոն: Պղնձի արտահանումը Հայաստանում տարեցտարի աճող դինամիկա է արձանագրում: Առաջիկայում այն կրկին կունենա դրական միտում՝ հաշվի առնելով թե՛ գործող հանքավայրերի ակտիվ շահագործումը, թե՛ միջազգային շուկայում պղնձի չնվազող պահանջարկը:

Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքատեսակի՝ պղնձի խտանյութի արտահանումը 2007-2016թթ. աճել է 4 անգամ, միեւնույն ժամանակ արտահանման տեսակարար կշռում պղնձի (խտանյութ, չզտած եւ պղնձի ջարդոն) արտահանումը 14%-ից հասել է 24-26%-ի: Նույն ժամանակահատվածում չզտած պղնձի եւ պղնձի ջարդոնի արտահանման ծավալները մնացել են գրեթե նույնը: Պղնձի խտանյութի արտահանումը 2007թ. համեմատ 2016թ․ աճել է ավելի քան 6 անգամ՝ 61 հազար տոննայից ՝ հասնելով 389 հազար տոննայի:

2007-ից 2008թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պղնձի գները միջազգային շուկայում մեկ տոննայի դիմաց 5600 դոլարից աճել են մինչեւ 7000 դոլար, այնուհետեւ, կապված միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, կտրուկ նվազել են մինչեւ 3000 դոլար: Գները սկսել են վերականգնվել 2009թ. երկրորդ կիսամյակից՝ հասնելով նախաճգնաժամային մակարդակի, իսկ 2011թ. արձանագրել են մինչեւ 9800 դոլարի աճ: Ներկայումս (2017 հունիս) Լոնդոնի միջազգային շուկայում պղնձի մեկ տոննան սակարկվում է 5540 դոլարով: Պղնձի միջազգային գների փոփոխության վրա ամենամեծ ազդեցությունն ունենում են աշխարհում պղնձի ամենամեծ սպառողի՝ Չինաստանի ներմուծման վարքագիծը եւ տնտեսական աճի տեմպերը:

Ամենեւին պատահական չէ, որ հայկական պղնձի ամենամեծ ներմուծողը հենց Չինաստանն է: 2015թ. Հայաստանից Չինաստան արտահանվել է շուրջ 164 մլն դոլարի հանքաքար, որի առյուծի բաժինը (139 մլն դոլարը) ունի հենց պղնձի խտանյութը: Պղնձի ներմուծմամբ երկրորդ տեղում է Բուլղարիան (78.5 մլն դոլար), երրորդ տեղում՝ Վրաստանը (40 մլն դոլար): Հայաստանից  պղնձի խտանյութի, չզտած պղնձի եւ ջարդոնի ավելի փոքր խմբաքանակ են ներկրում նաեւ Ռումինիան, Շվեյցարիան, Գերմանիան:

2015թ. Ռուսաստանի տնտեսությունում անբարենպաստ պայմանների պատճառով Հայաստանի ընդհանուր արտահանումը կրճատվել էր 4%-ով: Իսկ ընդհանուր առմամբ արտահանման ցուցանիշը վերջին 10 տարիներին ավելացել է 1.5 անգամ:

Հանքահումքային մթերքների արտահանման կառուցվածքում շոշափելի մասնաբաժին ունի նաեւ ցինկի, մոլիբդենի եւ թանկարժեք մետաղների հանքաքարերի արտահանումը: 2016թ. արտահանվել են 5.8 մլն դոլարի մոլիբդենի, 9.6 մլն դոլարի ցինկի եւ 33 մլն դոլարի թանկարժեք մետաղների հանքաքարեր:

Թանկարժեք մետաղներից 2015թ. արտահանվել է 97 մլն դոլար արժողությամբ անմշակ, կիսամշակ ոսկի եւ ոսկու փոշի: Նույն թվականին արտահանվել են 22 մլն դոլարի ոսկերչական իրեր:

կարդացեք նաեւ

Հայաստանի հանքերի շահագործման թափանցիկությունը

Փաստարկ 

Պղնձի արտահանման մասով ակնառու է, որ այն շարունակում է մնալ ամենախոշոր ապրանքատեսակը, եւ միջազգային գների կտրուկ տատանումները կարող են ուղիղ ազդեցություն ունենալ ինչպես ընդհանուր արտահանման, այնպես էլ ՀՆԱ-ի աճի վրա: Հանքահումքային արտադրանքի գները կտրուկ իջնում են հատկապես միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամերի ժամանակ, եւ այդ պարագայում Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքների գների  նվազումը անխուսափելիորեն կբերի ՀՆԱ-ի նվազման, մանավանդ որ պղնձի տեսակարար կշիռը շարունակում է մնալ բարձր:

Սակայն Հայաստանից վերջին տասնամյակում աճում է միայն պղնձի խտանյութի արտահանումը: Մինչդեռ երկիրն այս ոլորտում կարող էր հավելյալ արժեք ստանալու հնարավորություն ունենալ, եթե կազմակերպվեր հանքահումքերի վերամշակող գործարանների կառուցումը։ Մաքուր պղինձ ստանալու հեռանկարներն այդպես էլ չիրականացան:

Հանքարդյունաբերական ոլորտի հետագա զարգացումը եւ որակական նոր մակարդակի բարձրացումը կառավարարությունը դիտարկում է առաջնահերթությունների շարքում: 2011թ-ին ընդունված «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն» նախագծում մեկ տասնյակ առաջնահերթությունների մեջ ներառված է նաեւ մետաղագործական արտադրության զարգացումը:  Ներկայիս կառավարության 2016թ. հոկտեմբերին ներկայացրած ծրագրում խնդիր է դրվել իրականացնել օգտակար հանածոների հանքավայրերի եւ երեւակումների անձնագրերի առկա նյութերի թվայնացման աշխատանքները, որպեսզի մինչեւ 2018թ. դրանք առցանց հասանելի լինեն բոլոր հնարավոր ներդրողների համար:

Թանկարժեք մետաղների, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի եւ խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման լիցենզիաների տրամադրումը լիազորված է ՀՀ Ներդրումների եւ տնտեսական զարգացման  նախարարությանը: Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո ինչպես մյուս բոլոր ապրանքների,  այնպես էլ հանքահումքային մթերքների արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ եւ երրորդ երկրներ կարգավորվում է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային օրենսդրությամբ: Ընդ որում, մի շարք թանկարժեք մետաղների եւ քարերի արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ իրականացվում է առանց արտահանման լիցենզիայի:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում – Հայաստան
  • Հանքարդյունաբերությունը՝ թվերով. արտադրություն, արտահանում եւ հարկեր
  • Հանքարդյունաբերությունը Հայաստանում․ համապարփակ նկարագիր, վերլուծություն

Ամփոփեց Հակոբ Սաֆարյանը

Ինֆոպատկերը՝ Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn