Լրահոս

Փետրվարի 2-8. Կառավարության ծրագիրը հաստատվեց, ՀՀ նախկին նախագահները` գործով վկաներ

Հայաստանը Freedom house- ի ուշադրության կենտրոնում

Freedom house կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը աշխարհում» իր տարեկան զեկույցը, որում տեղ են գտել նաև Հայաստանին վերաբերող տեղեկություններ։ Զեկույցում մասնավորապես նշված է, որ 2018-ին Հայաստանը աննախադեպ առաջընթաց է գրանցել դեպի ժողովրդավարացում, սակայն շարունակում է դասվել մասնակի ազատ երկրների շարքին, ինչպես նախորդ տարի։

Տարածաշրջանում մասնակի ազատ է նաև Վրաստանը։ Մյուս հարևանները` Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, անազատ երկրների շարքում են: Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ևս անազատ երկրների շարքում է։

Հայաստանում 2018թ. գարնանը և դրանից հետո տեղ գտած քաղաքական զարգացումների վերաբերյալ զեկույցում նշվում է հետևյալը. «Հայաստանում զանգվածային ոչ բռնի ցույցերը ստիպեցին 2008թ-ից ի վեր երկրի ղեկավարումը ստանձնած Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Նա փորձ էր արել շրջանցել իր կառավարման ժամկետը` նախագահականից անցում կատարելով վարչապետական կառավարման: Իսկ դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանի նոր ռեֆորմիստ մեծամասնությունը խոստացել է թափանցիկություն ու հաշվետվողականություն կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեմ պայքարում»:

Նշենք, որ 2018թ․ աշնանը Freedom house-ի «Ազատությունը համացանցում» զեկույցի գնահատմամբ` Հայաստանը մասնակի ազատ ինտերնետ ունեցող երկրներից անցել է ազատների շարքը։

Նշանակվեցին նոր ղեկավարներ Շիրակի և Տավուշի մարզերում

Կառավարության այս շաբաթվա որոշումներով կատարվեցին մի շարք փոփոխություններ կառավարման հատվածում: Կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ Շիրակի մարզպետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանը, իսկ Տավուշի մարզում` Հայկ Չոբանյանը։ Նրանք 7-րդ գումարման ԱԺ պատգամավորներ էին «Իմ քայլը» դաշինքից։ Նույն օրը վարչապետի որոշմամբ Ինեսսա Գաբայանն ազատվեց ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Գաբայանը նշել է, որ պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Հարցաքննվել են ՀՀ առաջին և երրորդ նախագահները

«Մարտի 1-ի գործով» հարցաքննվել են ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի հարցաքննությունն ընդհանուր առմամբ տևել է 8 ժամ։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է մոտ 1,5 ժամ։ Մարտի 1-ի գործում նրանք ներգրավված են որպես վկաներ։ Նույն գործով շարունակվում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննությունը։ Փետրվարի 7-ին հրապարակվեց դատարանի որոշումը վերջինիս խափանման միջոցի վերաբերյալ` Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։

Հայաստանի դիմումները Եվրոպական դատարան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2018թ. տարեկան վիճակագրական զեկույցը։ Ըստ զեկույցի` Հայաստանից ՄԻԵԴ-ին ներկայացվել է 1901 դիմում, ինչը կազմում է Դատարանի բոլոր դիմումների 3,4%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը 8-րդն է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների շարքում։ Առավելագույն թվով դիմումներ ուղարկվել են Ռուսաստանից՝ 11,750 դիմում:

Հայաստանից ուղարկված դիմումներից ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել 167-ը, մերժել՝ 72-ը, իսկ 16-ի վերաբերյալ վճիռ է կայացրել: Դիմումներից 15-ի առնչությամբ ճանաչվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ դրույթի խախտում:  2017թ․ Հայաստանից ընդունվել էր 356, իսկ 2016թ․ 753 դիմում:

Կառավարությունը հաստատեց ծրագիրը և ուղարկեց ԱԺ

Փետրվարի 8-ին Կառավարությունն արտահերթ նիստում հաստատեց առաջիկա տարիների ծրագիրը, որն ուղարկվեց Ազգային ժողով քննարկման և հաստատման: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ նշեց, որ կառավարության այս ծրագրով իրենք ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկը: Ըստ ծրագիրը մշակողների՝ փաստաթուղթը կազմվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա։

Ավարտվել են նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ քննարկումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել, որում նշում է, որ Հայաստանում կլինի 12 նախարարություն, իսկ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն։ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել. դրանք կշարունակեն ենթարկվել վարչապետին։

Նախատեսվում է, որ Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 12-ին կայանալիք նիստում։

«Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծ

Առողջապահության նախարարությունը կառավարություն է ուղարկել մի նախագիծ, որով նախատեսվում է արգելել ծխելը հանրային փակ վայրերում։ Նախագծի քննարկումները կմեկնարկեն մեկ ամիս անց, սակայն անծուխ միջավայրի ստեղծման հեռանկարն այսօր արդեն լայն արձագանք է գտել հանրության շրջանում։

Ծխելու դեմ պայքարի քարոզարշավին և համացանցային ակցիային միացել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակում է լուսանկարներ ռեստորաններից, որտեղ ծխելն արգելված է։ Նա հրապարակել է նաև ուսումնասիրություն, թե ինչպես կանդրադառնա 100% անծուխ միջավայրի վերաբերյալ օրենսդրությունը ռեստորանների, բարերի և փաբերի եկամուտների վրա։

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/02/2019