ՀՀ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում աշակերտների թիվն անընդհատ նվազել է` կրճատվելով մոտ 225000-ով, միայն վերջին տասը տարվա ընթացքում՝ շուրջ 100000-ով:
Հայաստանում դպրոցների վերակազմակերպման գործընթացի հիմքերը մտահոգիչ են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցների թիվը նշված ժամանակահատվածում էական փոփոխության չի ենթարկվել, այս դինամիկան նշանակում է դպրոցների շենքերի թերբեռնվածություն՝ սովորողների թվաքանակի համեմատ, քանի որ Հայաստանում բոլոր դպրոցները միասին նախատեսված են շուրջ 650 հազար աշակերտի համար, սակայն այսօր դպրոց հաճախում է ընդամենը 365 հազար աշակերտ: Այսինքն, Հայաստանում դպրոցները գործում են իրենց նախագծային հզորության 43%-ի չափով:
Իրավիճակ
2017թ. օգոստոսի 24-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում 16 դպրոցների (6-ը` Երևանում, 10-ը՝ մարզերում) փակման մասին որոշումներ ընդունվեցին: Թեպետ փաստաթղթում այն ներկայացվում էր ոչ թե դպրոցների փակման որոշում, այլ միացման ձևով վերակազմակերպման որոշում:
Դպրոցների օպտիմալացման անհրաժեշտությունը հիմնավորվում էր թերբեռնվածության և կրթության որակի հետ կապված խնդիրներով: Նախատեսված էր, որ առաջիկայում միավորվելու են քաղաքներում գործող մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները, իսկ հետագայում՝ նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները:
Հայաստանում մինչև 300 աշակերտ ունեցող 985 դպրոց կա, ինչը առկա ընդհանուր 1421 դպրոցի շուրջ 70%-ն է կազմում:
Կառավարության փոփոխությունից հետո օպտիմալացման գործընթացը դադարեցվեց, իսկ Փյունիկի դպրոցի վերակազմակերպումը, որը նախորդ կառավարության ժամանակ հետաձգվել էր, չեղյալ համարվեց։
ՀՀ-ում դպրոցների օպտիմալացման լայնածավալ մի գործընթաց տեղի է ունեցել 2003-2004թթ., որի արդյունքում փակվել է շուրջ 60 դպրոց, և մոտ 6000 ուսուցիչ` յուրաքանչյուր 6-րդը, դարձել է գործազուրկ:
Խնդիրներ
Հայաստանում դպրոցների օպտիմալացման գործընթացը ՀՀ օրենսդրության և ՀՀ միջազգային պարտավորությունների ու ընդունված սկզբունքների խախտումների էական ռիսկեր է պարունակում:
Հատկապես գյուղական դպրոցների վերակազմակերպման պարագայում լուրջ խոչընդոտներ են առաջանում՝ Կրթության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների (կրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստակամության աստիճանին` պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ) իրագործման առումով:
Օպտիմալացման գործընթացը հակասության մեջ է նաև ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի դրույթների հետ, որոնցով նախատեսված էր՝ մինչև 2015թ․ բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրը ստանա առավել որակյալ կրթություն:
Խնդիրներ են առաջացել նաև ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման հարցում:
Մասնավորապես, Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի առաջին հոդվածն արգելում է որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը, ինչպես նաև կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը:
Մինչդեռ գյուղական դպրոցների վերակազմակերպումը սահմանափակում է գյուղաբնակ երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները, ինչպես նաև նրանց համար կրթության կազմակերպման ավելի ցածր ստանդարտներ է նախատեսում կրթության միջավայրի, ենթակառուցվածքների և այլ պայմանների առումով: Սա նշանակում է, որ դպրոցների օպտիմալացումը` փաստացի փակումը, ազդում է կրթության որակի և հասանելիության վրա, ոտնահարվում է սովորողների կրթության հավասար իրավունքը, առաջ են գալիս տրանսպորտի և սոցիալական ադապտացիայի հետ կապված խնդիրներ:
Դպրոցների օպտիմալացումը պատճառաբանվում է ֆինանսական սուղ պայմաններով, ծախսերի կրճատմամբ, դպրոցների թերբեռնվածությամբ և կրթության որակով: Սակայն օպտիմալացման հետևանքով առաջանում են մի շարք այլ խնդիրներ, որոնք ավելի մեծ վնաս են հասցնում ոչ միայն կրթությանը, այլև այն համայնքներին, որտեղ դպրոցներ են օպտիմալացվել:
Վերոնշյալ խնդիրների արդիականությունը մատնանշելու համար Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) հետազոտություն է իրականացրել` նպատակ ունենալով նպաստել սույն որոշման կասեցմանը կամ փոփոխմանը:
Հետազոտության շրջանակներում իրակացվել է հարցում ուսուցիչների և ծնողների շրջանում, ովքեր կրթության որակի վրա բացասաբար ազդող գործոնների շարքում առաջին հերթին նշել են երեխաների սոցիալական և հոգեբանական ադապտացիոն խնդիրները: Նրանք դա պայմանավորում են մանկավարժական և ընկերական միջավայրի փոփոխությամբ, ինչպես նաև նոր դասարաններում երեխաների բարձր թվաքանակով (խմբ. ցածր խտությամբ դասարաններում ուսուցիչներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր աշակերտի):
Որոշ դպրոցներում եղել են տեղափոխված աշակերտների նկատմամբ խտրականության ու պիտակավորման ակնհայտ դրսևորումներ թե՛ ուսուցիչների, թե՛ այլ աշակերտների ծնողների կողմից:
Կրթության որակի հետ կապված մեկ այլ խնդիր վերաբերում է օտար լեզուների ուսուցմանը: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրված առնվազն երկու դեպքում վերակազմակերպված և իրավահաջորդ դպրոցներում տարբեր օտար լեզուներ են դասավանդվել: Տեղափոխված աշակերտները, որոնք վերակազմակերպված դպրոցում այլ լեզու են սովորել, իրավահաջորդ դպրոցում պետք է նոր օտար լեզու յուրացնեն, ինչը հատկապես դժվար է բարձր դասարանների երեխաների համար: Այս հանգամանքը նաև օտար լեզվի կրկնուսուցման հավելյալ ծախսերի պատճառ է դարձել:
Շենքային պայմաններ և տրանսպորտ
Ինչ վերաբերում է կրթության միջավայրին` հատկապես շենքային և գույքային պայմաններին, ապա վերակազմակերպումը միշտ չէ, որ հանգեցրել է կրթության միջավայրի բարելավման: Դպրոցների վերակազմակերպման երեք դեպքում (Երևանում, Փարաքարում, Փյունիկում), ըստ շահառուների գնահատման, իրավահաջորդ դպրոցի շենքային և գույքային պայմաններն ավելի վատն են, քան՝ փաստացի փակված դպրոցինը:
Վերակազմակերպման գործընթացում հաշվի չեն առնվել նաև երեխաների տրանսպորտային տեղաշարժի հետ կապված խնդիրները:
Օրինակ, երեխաները ստիպված են լինում ծախսել 1-2 ժամ ավել հարևան գյուղի դպրոց հասնելու համար, քանի որ պետությունը չի տրամադրում անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ: Միջհամայնքային տրանսպորտը ձմռանը գրեթե չի սպասարկում: Բնակլիմայական այս պայմաններում շատ հավանական է դասերից ուշանալը և անգամ՝ մի քանի օր շարունակ դասի չներկայանալը:
Դպրոցների վերակազմակերպման բոլոր դեպքերում աճել է սովորողների տեղաշարժի համար անհրաժեշտ ժամանակը: Ուսումնասիրված բոլոր դեպքերում, անկախ տեղաշարժման եղանակից` ոտքով կամ տրանսպորտով, սովորողները միջինում 2 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում դպրոց հասնելու և վերադառնալու համար:
Բնակավայրից հեռանալու պատճառ
Սահմանամերձ գյուղերում դպրոցների օպտիմալացումը հանգեցնում է նաև արտագաղթի ինչպես այլ մարզեր կամ քաղաքներ, այնպես էլ արտերկիր: Ըստ հետազոտության, արտագաղթի դեպքեր գրանցվել են թե գործազուրկ դարձած ուսուցիչների, թե աշակերտների շրջանում:
Ուսումնասիրված դպրոցներից մեկի` Փյունիկի դպրոցի փակումը, հատկապես զգայուն խնդիր է, քանի որ գյուղի բնակչությունը գրեթե ամբողջությամբ կազմված է շուրջ 30 տարի առաջ Ադրբեջանից բռնագաղթած հայերից: Գյուղի բնակիչները դպրոցը համարում են համայնքաստեղծ և համայնքապահպան գործոն, դրա բացակայությունն էլ մեկնաբանում են որպես բնակչության հնարավոր արտահոսքի լուրջ պատճառ. «Մեկ անգամ զգացել ենք արտագաղթի դառնությունը, երկրորդ անգամ չենք ցանկանում», – ասում են նրանք:
Փորձագետի կարծիք
Ուսումնասիրության հեղինակ Աստղիկ Փիրումյան, «Հանրային քաղաքականության ինստիտուտ»
Խորհրդատվական աջակցություն՝ Կարինե Դարբինյան, Ամփոփ մեդիա
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
Հղումների պահոց
- Կառավարության որոշման հիման վրա օպտիմալացվող դպրոցների ամբողջական ցանկը
- Կառավարության՝ 2017թ. օգոստոսի 24-ի նիստի որոշումներով օպտիմալացման ենթակա դպրոցների ամբողջական ցանկը:
- Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-18 ուս. տարվա վիճակագրական տվյալները
Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ և «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ՝ «Բաց տվյալների բանալի» ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 20/12/2018