Իրավունք

Երևանի նորաբաց «Կենսագրական սալոն»-ում պատրաստ են լսել պատմություններ պատերազմից

«Ողջ պատերազմի ընթացքում հորս ձայնը չսասանվեց գեթ մեկ անգամ, ու հենց դա էր ինձ ապրեցնում ու հույս ներշնչում, որ հաղթանակը մոտ է․․․ Ես հիմա խոսում եմ պատերազմի մասին ու դեռևս չեմ էլ գիտակցում, որ այն տեղի է ունեցել», – ասում է ծնունդով Հադրութից Անի Գրիգորյանը։

Նրա մեծ ընտանիքի անդամներից շատերը մասնակցել են 44-օրյա պատերազմին, ինչն անջնջելի հետք է թողել։ Անին պատերազմին վերաբերող իր հուշերով կիսվում է Երևանում բացված «Կենսագրական սալոն» անունը կրող կենտրոնի հյուրերի հետ։

«Պատերազմն ինձնից խլել է հորաքրոջս տղային, հարազատ եղբայրս վիրավորում է ստացել․ այս շարքը կարող եմ երկար թվարկել, քանի որ պատերազմին մասնակցել են ընտանիքիս անդամներից շատերը՝ ներառյալ հայրս, ով պահեստազորային է։ Մենք չզարմացանք, չփորձեցինք նույնիսկ հետ պահել նրան․ պետք էր կռվել ու պաշտպանել հայրենի հողը»,- ասում է Անին։

«Կենսագրական սալոնի» լուսավոր սրահում հավաքված հյուրերը հետևում են Անիի պատմության ընթացքին՝ հուզական կարճ դադարներով։

Կենտրոնը բացվել է Բերգոֆ հիմնադրամի՝ «Պատմությունը և հիշողությունը որպես երկխոսության հիմք» ծրագրի շրջանակներում։ Այստեղ գլխավոր հերոսը մարդն է՝ իր զգացմունքներով ու ապրած հիշողություններով։ Հանդիպումների միջոցով պատերազմի հետ առնչություն ունեցող անձն ինքնաարտահայտման և շփվելու հնարավորություն է ստանում փոքրաթիվ լսարանի մոտ։

«Հավատում ենք, որ պետք է խոսել անցյալի մասին, և պատերազմի, բռնության կամ հեղափոխության գործոնը չէ պայմանը։ Առողջ երկխոսության հիմք ունենալու համար անհրաժեշտ է վերլուծել, հասկանալ յուրաքանչյուր անձնական պատմություն»,- ասում է ծրագրի ղեկավար Օլիվեր Վոլլեհը։

Միջոցառման յուրաքանչյուր մասնակից «Կենսագրական սալոնում» ներկայացվող պատմությունները զգում է յուրովի, իսկ հեռանալով սալոնից՝ հավանաբար պատումը փոխանցում իր մտերիմներին, ծանոթներին։

Սալոնում հնչեցրած պատմությունները չեն ձայնագրվում և գրի չեն առնվում՝ գիրք, ֆիլմ կամ հետազոտություն դառնալու նպատակով։ Այսպիսի հաղորդակցման հեղինակները հավատում են մարդու՝ բանավոր տեղեկություններ փոխանցելու, տարածելու կարողությանը։ Մասնակիցները կարող են պատմության ներկայացումից հետո քննարկել այն և վերլուծել՝ «անցյալը հասկանալով շարժվելով դեպի ապագա»։

«Փորձը և տարիները ցույց են տալիս, որ հետազոտությունները, հրապարակումները քիչ թվով մարդիկ են ուսումնասիրում, իսկ մենք չենք ուզում կեղծել կամ սրբագրել պատմությունները։ Հակառակը՝ լսում ենք շատ պատմություններ, որոնց մեր հասարակությունը պատրաստ չէ, բայց ոչ մի միջամտություն․ ամենքը վերցնում և փոխանցում է մյուսներին այն, ինչ ուզում է»,- ասում է ծրագրի համակարգող Ալվարդ Զաքարյանը։

Հանդիպման հերոսներին փնտրում և ընտրում են կենտրոնի աշխատակիցները, սակայն․

«Ամեն պատմություն չէ, որ դառնում է «Կենսագրական սալոնի» հանդիպման առիթ, իսկ դառնալու դեպքում՝ մենք հյուրին զգուշացնում ենք, որ չբարձրաձայնի ռազմական կամ խիստ անձնական տեղեկություն», – կարևորում է ծրագրի ղեկավար Արմանի Գամբարյանը:

Բերգոֆ հիմնադրամը տարածաշրջանում իրականացնում է նաև այլ նախաձեռնություններ։ Դեռ 2017 թ-ին Արցախում ուսումնասիրել էին առաջին պատերազմն ու մարդկանց պատմությունները։ Ասում են՝ փորձը հաջողել է և սիրվել արցախցիների շրջանում։ Նույն տարին ծրագիրը սկսվել է նաև Ադրբեջանում։

«Արցախյան առաջին պատերազմից հետո մարդիկ հաճախ չէին հասկանում՝ ինչու սկսվեց հակամարտությունը, որոնք էին Սումգայիթի, Խոջալուի դեպքերի պատճառները։ Հաճախ լսում էինք, թե հայերն ու ադրբեջանցիները լավ հարաբերությունների մեջ են եղել, բայց պատմությունները լսելով նաև հասկանում էինք, որ միջանձնային խնդիրներ են եղել, մինչև անգամ սպանություններ»,- ասում է Ալվարդը և ավելացնում, որ այս հանդիպումների միջոցով մեկը մյուսից նոր գիտելիք է ստանում։

«Պատմություն և հիշողություն» ծրագիրն արդեն 8 տարի է, ինչ գործում է հարևան Վրաստանում և Աբխազիայում՝ կենտրոնանալով վրաց-աբխազական հակամարտությանը, միայն թե այդ դեպքում երկխոսությանը մասնակցում և պատումները վերլուծում են հակամարտության երկու կողմերն էլ։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Լուսանկարները՝ Բերգոֆ հիմնադրամի արխիվից

#դասերպատերազմից

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/10/2021