Սոցիալական

Մեղվապահի վերադարձը․ Երևանից Ազոխ՝ մեղուների ու թռչունների մեծ ընտանիքով

Երեք տարի առաջ Ասրյանների պապական օջախից նորից ծուխ բարձրացավ։ Արշավիր դայու թոռը՝ Արմենը, 30 տարի անց պապական տուն վերադարձավ՝ այդպես էլ չհամակերպվելով քաղաքային կյանքին։

Ապրելով Երևանում վարձակալած տանը` Արմենը տարիներ շարունակ մեղվապահությամբ է զբաղվել, ունեցել է նաև 30 տեսակի թռչուն։ Մեղուների ու թռչունների հանդեպ Արմենի սերը փոխանցվել է նաև կնոջն ու երեխաներին։ Եվ երբ Արմենի մոտ Երևանից Արցախի Ազոխ գյուղ տեղափոխվելու ցանկություն առաջացավ, ընտանիքի անդամները միաձայն ողջունեցին նրա մտադրությունը։

Վերադարձ պապական տուն

Մեղուների հանդեպ հետաքրքրություն Արմենը մանկուց ուներ, ասում է՝ գենով է փոխանցվել։ Մեղու պահում էին հորաքույրը, նրանից առաջ՝ հոր քեռին… Ինքն էլ 2000-ականների սկզբին է միացել «մեղվապահների ընտանիքին». Արցախում բնակվող հորաքրոջ մեղուն ձագ էր տվել, Արմենն էլ քանի որ որոշել էր մեղու պահել, ձագն իր հետ Երևան է տարել ու տարիների ընթացքում մեղվաընտանիքների թիվը հասցրել 150-ի։

Ժամանակի ընթացքում այդ թիվը կրճատվել է, սակայն մոտեցումը չի փոխվել. հիմնական աշխատանքին՝ դարբնությանը զուգահեռ՝ միշտ ուշադրության կենտրոնում է պահել խելացի միջատներին։

«Ամեն տարի մեղուներիս Երևանից դուրս էի տանում՝ Ապարան, Դիլիջան, Եղվարդ, քանի որ այդ տարածքները մեղուների համար բարենպաստ են՝ թե´ կլիմայով, թե´ բուսականությամբ։ Մեկ մեղվաընտանիքից առնվազն 10-12 կգ մեղր էի ստանում։ Տարիներ են եղել՝ մինչև 40 կգ մեղր եմ հանել մեկ լիարժեք փեթակից [հեղ․՝ կորպուսով՝ երկու հարկանի փեթակ]»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Արմենը։

Տարածքները, որտեղ ամառները ժամանակավոր իջևանում էին Արմենի մեղուները, այժմ տնկարկների են վերածվել։ Այդ հանգամանքն է, որ արագացրել է նրա գյուղ տեղափոխվելը։

Հիմա պապական տան ընդարձակ բակում կողք կողքի տեղավորված են Երևանից բերված ութ մեղվաընտանիքները՝ բոլորն էլ կարպատկա ցեղատեսակի։ Նախկինում այլ ցեղատեսակների մեղուներ էլ է պահել՝ կարնիկ, գորշ կովկասյան մեղու։ Ասում է՝ մեղվատվությամբ կարպատկան զիջում է վերջիններին, բայց ցրտադիմացկուն է ու ոչ ագրեսիվ։

Մեղուների շարժն ուսումնասիրելով

Արմենի խոսքով՝ տեղի եղանակային պայմաններին մեղուները շուտ են հարմարվել, կողմնորոշվել, թե երբ որտեղից կարող են ծաղկափոշի հավաքել։

Ծաղկափոշի գտնելու համար աշխատող մեղուները մեկ օրում մինչև 4 կմ ճանապարհ են անցնում, նույնքան էլ՝ հետ գալիս։ Դրանում Արմենը համոզվել է մեղուների վրա արված նշանի օգնությամբ։

Թե որքան մեղր կքամի մեղվաբույծը օգոստոսին, մեծապես կախված է այդ միջատների աշխատասիրությունից, բայց պակաս ազդեցություն չեն ունենում նաև եղանակային պայմանները։

Օրինակ՝ վերջին երկու տարում Արմենը յուրաքանչյուր փեթակից մեկ կամ երկու «ռամկա» մեղր է հանել, մնացածը հազիվ մեղուներին է հերիքել։ Այս տարի ևս ավել բերք չի սպասում։

Արմենի անարատ մեղրը

«Մեկ մեղուն միջինում 40-50 օր աշխատում է ու առանց ծաղկափոշու ոչ մի անգամ հետ չի գալիս։ Ու քանի որ աշխատելու արդյունքում նա ուժասպառ է լինում, մայր մեղուն նույն պարբերությամբ՝ 40-50 օրը մեկ ձագ է տալիս»,- պատմում է Արմենը և գլուխը կախ՝ առաջին փեթակի մեղրախորշերն է ուսումնասիրում։

Կարճատև լռությունից հետո մանրամասնում է՝ մեղուների նոր խմբաքանակը, սովորաբար, այլ վայր է տեղափոխում, քանի որ մեկ մեղվաընտանիքում այդքանը չեն կարող տեղավորվել, այդքանին կերակրելն էլ է դժվար։

Պարզվում է՝ հերթապահ մեղուն հարմար վայր է գտնում ձագերի համար, որտեղ և նրանք տնավորվում են՝ մեկ այլ՝ նոր ընտրված մայր մեղվի գլխավորությամբ։ Մոտ 200 ավագ մեղուներ պարտադիր ուղեկցում են ձագերին՝ իրենց կերակրափողերում նրանց համար նաև սնունդ ու ջուր տանելով։

«Նորածին մեղուներին մայր մեղուն միանգամից ազատ չի արձակում. նրանք նախ թռչել են սովորում։ Երբ մեղուների պարսը օդում պար է բռնում, նշանակում է՝ ավագները կրտսերներին թռչել են սովորեցնում»,- ասում է Արմենն ու ժպտում։

4-5 օրը, ըստ Արմենի, բավարար է, որ ձագերը սովորեն թռչել։

Մեղուների կարգապահությունը իբրև դրական օրինակ

Պաշտպանիչ գլխարկը նորից դնելով՝ ուղիղ գծի վրա դասավորված փեթակներից երկրորդին է մոտենում Արմենը. «Երբ փեթակը բացում ես, պետք է անմիջապես հասկանաս, թե ինչ պահանջ ունեն նրանք։ Մեղուն նշաններով ամեն ինչ հասկացնում է»։

Առաջին բանը, որ Արմենն արեց փեթակը բացելուց անմիջապես հետո, մեղրամոմը ձեռքերին քսելն էր։ Եվ իրոք, «ոտքի կանգնած» մեղուների անհանգստությունն անհետացավ, հենց որ իրենց մոմի հոտն առան։

Արմենը համոզված է՝ եթե մեղվին բավարար ժամանակ տրամադրվի, եղանակային պայմաններն էլ բարենպաստ լինեն, ապա 20-25 փեթակից ստացած բերքով կարելի է ընտանիք պահել։

Երևույթներին մեղվի փեթակի պրիզմայի միջով է նայում Արմենը։ Տարբեր թեմաներով զրույցների ընթացքում հաճախ է մեղուների հետ զուգահեռներ տանում։ Իսկ ամենաշատը նրանց կարգապահության ու կազմակերպվածության վրա է զարմանում.

«40-50 հազարանոց մեղվաընտանիքում կա մեկ ղեկավար՝ մայր մեղուն, իսկ մյուսները, գլուխները կախ, ամբողջ օրն աշխատում են։ Իսկ ահա մի փոքրիկ Հայաստանում իրար են ուտում ու մեկը մյուսի հետևից ղեկավարներ փոխում»։

Արմենը քաղաքականության մասին զրույցները նախընտրում է թողնել գյուղամիջում հավաքվողներին, բայց քաղաքականությամբ զբաղվողներին խորհուրդ տալիս՝ նրանց կարծիքն անպայման հաշվի առնել։

image-13155
Ինքն անձամբ ազատ ժամանակը նույնպես ինչ-որ բան ստեղծելու վրա է ծախսում, օրինակ՝ կաքավի կամ նապաստակի ձագի համար բույն է սարքում։ Իսկ ազատ ժամանակ, ինչպես ինքն է ասում, քիչ է լինում․ դարբնի օգնության կարիք գյուղում հաճախ են ունենում։

Արմենենց բակում հանդիպող թռչունների մեծ մասին գյուղում ուրիշ ոչ մեկի բակում չես հանդիպի։ Կաքավ, չինական հավ, փասիան, սիրամարգ և այլն. ընտանի ու վայրի մոտ 15 թռչնատեսակ կողք-կողքի ապրում են նույն բակում։ Իսկ Երևանում թողած թռչուններին ընկերների խնամքին է հանձնել։ Միայն ջայլամն է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նույնպես կտեղափոխվի Ազոխ։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Լուսանկարները՝ հեղինակի

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/08/2020