Էկոլոգիա Քաղաքական

Ամուլսարը՝ կրկին օրակարգում․ սահմանված է շահագործման նոր ժամկետ

Լուսանկարը` Lydian Armenia

Հայաստանի կառավարությունը մտադիր է սկսել Ամուլսարի հանքի շահագործումը։ Սրա մասին կարելի է եզրակացնել՝ դիտարկելով կառավարության հնգամյա միջոցառումների ծրագիրը։ Այն գործադիրի նիստում ընդունվեց նոյեմբերի 18-ին, առանց «աղմուկի»։

Ինքնին պարզ է, որ կառավարության ընդամենը կեսժամանոց նիստի ընթացքում շուրջ 1500 էջանոց փաստաթուղթը չէր կարող ներկայացվել ամենայն մանրամասնությամբ։ Պարզ է նաև, որ կառավարությունը կխուսափեր այս կնճռոտ թեման առանձնահատուկ արծարծելուց։

Ամուլսարի հանքի շահագործումը մեկն է այն 8 միջոցառումներից, որոնք, ըստ կառավարության ընդունած այդ փաստաթղթի պետք է 2021-2026 թվականներին ապահովեն տնտեսական աճի 7-9% տեմպ։

Ներկայացված փաստաթղթի համաձայն՝ արդեն 2022 թվականի դեկտեմբերի վերջին՝ մեկ տարուց, ներկայացվելու են տեխնիկատնտեսական փաստաթղթերը։ Բերվում է նաև Ամուլսարի շահագործման հետևյալ հիմնավորումը․

«Ներկայումս Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ տարվում են աշխատանքներ՝ հաշվի առնելով արդեն իսկ կատարված ներդրումները և հիմնված ենթակառուցվածքները։ Հիմնական խնդիրն է հանքի շահագործումն իրականացնել՝ առաջնորդվելով բնապահպանական և ընդերքօգտագործման նորմերով»։

Հենց բնապահպանական նորմերի հարցն է, որ մինչև հիմա կասեցված է պահում ծրագիրը։ Բանն այն է, որ Ամուլսարի հարևանությամբ են գտնվում առողջարանային քաղաքի համբավ ունեցող Ջերմուկը և Գնդեվազ գյուղը։ Մտահոգությունն այն է, որ հանքավայրի շահագործման հետևանքով առաջացած վնասակար նյութերը կարող են աղտոտել տարածաշրջանի բնությունը, մասնավորապես՝ ջրերը։

Ու թեև հանքավայրի տարածքում զգալի շինարարական աշխատանքներ արդեն իրականացվել են, հիմա դրանք դադարեցված են։ Ավելին, հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները 2018-ի հունիսից փակել էին հանքավայր տանող ճանապարհը՝ թույլ չտալով, որ այնտեղ տեղափոխվի շինարարական տեխնիկա։

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը բացատրում է, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական իշխանությունը հայտարարել է, որ Ջերմուկ համայնքն ունի զարգացման մեկ ուղղություն՝ տուրիզմը, հատկապես՝ առողջարանային տուրիզմը։ Ըստ Ենոքյանի՝ համայնքը հանքարդյունաբերություն չի տեսնում իր ծրագրերում։

«Կառավարությունը կարող է ունենալ հնգամյա ծրագիր, ՏԿԵ նախարարությունը կարող է ունենալ ռազմավարություն, կարող են մշակել դրանք, հանքարդյունաբերական ընկերության փորձագետներ ներգրավեն, երազանքներ ունենան, որ հանքարդյունաբերությունը զարգացնեն։ Դա նրա՛նց ֆանտազիաների մեջ է։ Ինչ վերաբերում է համայնքի դիրքորոշմանը, այն արձանագրված է 3000 ստորագրություններով հանրագրի տեսքով։ Դա անբեկանելի է», – նշում է Ենոքյանը։

Նրա խոսքով՝ իրենց հայտնի է դարձել, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հիմա քանդում է հանքավայրի տարածքում կառուցած ենթակառուցվածքները, վաճառում է այն, ինչ հնարավոր է։ Անկախ դրանից, ըստ Ենոքյանի, գոյություն ունի երկու դատական գործ, որոնք դեռ ընթացքի մեջ են։

Ավելի ուշ, սակայն, «Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքել է ծրագիրը վաճառելու մասին լուրերը։

«Ընկերությունը որևէ ընկերության հետ չունի պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը: Նաև իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, ըստ որի պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս», – նշվում է հաղորդագրության մեջ:

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը այս հարցին նայում է այլ դիտակետից, ասում է՝ եթե վաճառեն, մեկ այլ ընկերություն կգա, կշարունակի նույն ծրագիրը։ «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Վարդանյանը բացատրում է, որ Ամուլսարի ծրագրում, սկսած թույլտվություններից, վերջացրած վերջին գործընթացներով, ամեն ինչ անօրինական է, նույնիսկ քրեական գործի կարճումը։

Այդ գործի կարճման մասին դեկտեմբերի 21-ին հայտնեց քննչական կոմիտեն։ Վարդանյանի խոսքով, սակայն, քննչական կոմիտեի կարճման հիմնավորումները չեն համապատասխանում այն հիմքերին, որոնցով հարուցվել է քրեական գործը։

«Այսինքն մի գործ հարուցել են, մի ուրիշ հիմքով կարճում են։ Ու դա պատահական չէ, այդ կեղծիքը հատուկ արվել է, որ ասեն՝ այդ գործընթացներում ամեն ինչ ճիշտ է եղել, որովհետև առնվազն գոնե ես՝ որպես վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամ, գրել եմ 34-էջանոց եզրակացություն, թե ինչ օրենքներ են խախտվել։ Մի բնապահպանական օրենք չկա, որ խախտված չլինի», – բացատրում է Վարդանյանը։

Այս պայմաններում, ըստ իրավաբանի, իրավական գործընթացի մասին խոսելն ավելորդ է, քանի որ կան նաև վարչական գործեր, որոնցով պետք է գոնե արգելվեր գործունեությունը մինչև այդ գործերի ավարտը։

«Մենք ուրիշ ճանապարհ չունենք, իրավական ճանապարհով ենք գնում։ Բայց տեսնում ենք, որ քննչական կոմիտեն կեղծիք է անում։ Տեսնում ենք, որ կառավարությունն անտեսում է բոլոր հանգամանքները ու իր ուզածն անում է։ Նպատակ է դրել Ամուլսարի հանքը աշխատացնել, ու նույնիսկ մյուս տարվա բյուջեում նախատեսել է եկամուտ։ Ուրեմն արդեն ուրիշ գործընթացներ են գնում, ինչի մասին չեն ասում, ինչը նորմալ չէ», – բացատրում է Վարդանյանը։

Հիմա, հավանաբար հարմար պահ է համարվել՝ հանքի շահագործման մասին որոշում ընդունելու համար, քանի որ Ամուլսարի նկատմամբ հետաքրքրությունները բոլորովին առաջին պլանում չեն։ Google Trends համակարգը ցույց է տալիս, որ ամենամեծ հետաքրքրությունը Ամուլսարի հանքի վերաբերյալ եղել է 2019-ի օգոստոսին

Կարդացեք նաև․ Ամուլսարի 400 օրը. Non-stop դիմադրություն

Գրաֆիկը ցույց է տալիս, թե որքան հաճախ են Հայաստանից օգտվողները որոնել հայերենով Ամուլսար կամ անգլերենով Amulsar բառերը Գուգլում։ Ցուցանիշները ներկայացված են տոկոսային հարաբերությամբ՝ ամենաբարձր ցուցանիշի նկատմամբ։ Այսպիսով՝ վերջին ամիսներին Ամուլսարի թեմայի նկատմամբ հետաքրքրություն չի եղել կամ եղած հետաքրքրությունը չնչին է եղել առնվազն Գուգլի որոնումներում։

Էկոնոմիկայի նախարարությունը, պատասխանելով «Ամփոփ Մեդիայի» հարցմանը, հաստատել է, որ 2022 թ․-ին նախատեսվում է իրականացնել հանքի շինարարությունը, նույն տարվա վերջին կամ 2023-ի սկզբին նախատեսվում է սկսել հանքի շահագործումը։

«Ծրագրի իրականացման արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, ՀՆԱ-ի վրա ուղղակի և անուղղակի ազդեցությունները կկազմեն 1,4-2%», – նշվում է նախարարության պատասխանում։

Հանքավայրի շահագործման ծրագրով, ըստ էկոնոմիկայի նախարարության, արդեն իսկ կատարվել է շուրջ 490 մլն դոլարի ներդրում։ Իսկ հանքավայրի շինարարությունն ավարտին հասցնելու համար կատարվելու է ևս 200 մլն դոլարի ներդրում։
Նախարարության հաշվարկով՝ ծրագրի իրականացման դեպքում միայն ռոյալթիների և շահութահարկի մասով կանխատեսվում է տարեկան գեներացնել 70 մլն դոլար։

Ենոքյանն էլ բացատրում է, որ 2018 թվականից համայնքը մշտապես ընդդիմացել է հանքավայրի շահագործման նախաձեռնությանը, և մտադիր չեն հետ կանգնել այդ որոշումից։ Բնապահպանի խոսքով՝ բնապահպանական որևէ ռիսկ այդ տարածքում կառավարելի չէ։

«Չկա այնպիսի գոնե մեկ փորձագետ, կառավարության մեկ անդամ, գոնե մեկ նախարար, որ կարողանա երաշխիք տալ, որ մեկ պայթեցումից ամբողջ ջրային համակարգը վնաս չի կրի, թթվային դրենաժը կառավարելի է, հանքային ջրերի աղբյուրները չեն կորի, և ընդհանրապես ցիանով լվացում արած ոսկու հետևանքներից հետո այդ ամբողջ տարածքը չի դառնալու անապատ։ Չկա այդպիսի փորձագետ, որ 2006-2021 թթ․-ին կարողացել է երաշխիք տալ և որևէ փաստաթղթի տակ ստորագրել», – նշում է Ենոքյանը։

Կառավարության փաստաթղթում նշվում է, որ հիմնական խնդիրն է հանքի շահագործումն իրականացնել՝ առաջնորդվելով բնապահպանական և ընդերքօգտագործման նորմերով։ Շրջակա միջավայրի նախարարությունը հիշատակվում է որպես ծրագրի համակատարող։

Բնապահպանական մասով վերահսկողության վերաբերյալ «Ամփոփ Մեդիայի» հարցին, նախարարությունը պատասխանել է այսպես․

«Հանքի շահագործման պետական հսկողական մեխանիզմի ներդրումը և ծրագրի համակարգումը դուրս է ՇՄՆ լիազորությունների շրջանակից, սակայն ՇՄՆ-ն՝ որպես ծրագրի համակատարող, մասնակցություն կունենա միջոցառման պատասխանատու կատարողի կողմից նախատեսվող հայեցակարգի մշակման՝ բնապահպանական և ընդերքօգտագործման նորմերի վերանայման գործընթացում»։

Այլ մանրամասներ հարցման պատասխանում ներառված չեն։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/12/2021