Միջազգային Քաղաքական

Հայացք Հայաստանից․ Թալիբանը նոր մարտահրավերներ ստեղծեց տարածաշրջանում

2021թ․ առաջին կիսամյակում Հայաստանի և Աֆղանստանի առևտուրը կազմել է ընդամենը 6 միլիոն 640 հազար դոլար: Ընդ որում՝ սա այն դեպքերից է, երբ սալդոն հօգուտ Հայաստանի է, այսինքն Հայաստանն ավելի շատ արտահանել է։

Արձանագրված առևտուրը եղել է շատ պարզ․

  • Հայաստանից Աֆղանստան է արտահանվել 6 մլն 630 հազար դոլարի սիգարետ,
  • Աֆղանստանից Հայաստան է ներմուծվել 10,4 հազար դոլարի չամիչ։

Փաստացի, սա է եղել Հայաստանի և Աֆղանստանի միջև այս տարվա առաջին վեց ամիսներին` մինչ «Թալիբան» շարժման իշխանության գալը, իրականացված առևտրաշրջանառությունը։ Շարժումն ահաբեկչական է համարվում մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում։

Միայն ոչ հացիվ

Առևտրաշրջանառության տվյալները, ըստ էության, ցույց են տալիս, որ Աֆղանստանը չնչին տնտեսական հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար։

Սակայն նույնը չի կարելի ասել ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Աֆղանստանում տիրող անկայունությունը մեր երկրի ուշադրության կենտրոնում է, քանի որ այստեղ տեղի ունեցող զարգացումները թեև անուղղակի, բայց կարող են շատ ազդեցիկ լինել թե՛ հարևան Իրանի համար, որը սահմանակցում է նաև Աֆղանստանին, թե՛ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի համար, քանի որ Աֆղանստանի հարևանությամբ է գտնվում ՀԱՊԿ անդամ Տաջիկստանը, որտեղ Ռուսաստանը բազավորված զորքեր ունի։

Քաղաքագետ Արա Պապյանը, ով դեռ 1980-ականներին ծառայություն է իրականացրել Աֆղանստանում՝ խորհրդային զորքերի կազմում, «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում այս խնդիրը պայմանավորում է անվտանգության պահանջարկով։ Նա նշում է, որ  Աֆղանստանում թալիբների իշխանության գալն առաջին հերթին ապակայունացնելու է հենց Կենտրոնական Ասիան։

«Եվ, բնականաբար, Ռուսաստանն ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնի այդ կողմերի վրա, մասնավորապես՝ Տաջիկստան, Ղրղզստան։ Դա նշանակում է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի խիստ սակավ հնարավորությունները, այդ թվում՝ ռազմական տեսանկյունից, նա ավելի պակաս կկարողանա ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի վրա», – նշում է Պապյանը։

Մյուս կողմից, ըստ Պապյանի, թալիբները հնարավոր է երկրից դուրս մղեն այլ ծայրահեղական ուժերի, օրինակ՝ մոջահեդներին, որոնք էլ կարող են Սիրիայից եկած վարձկանների նման կրկին որպես վարձկաններ գալ Հարավային Կովկաս։

Կարդացեք նաև․ Հայացք Հայաստանից․ Թալիբների իշխանությունը երկիրը վերադարձնելու է անցյալ

Աֆղանստանում անվտանգային պահանջարկի բավարարմանը նախկինում մասնակցել է նաև Հայաստանը։ Մինչև 2021թ․ մարտ ամիսը Հայաստանի  ուժային ստորաբաժանումներն այստեղ իրականացրել են խաղաղապահ առաքելության, որն սկսվել էր դեռևս 2010 թ․ փետրվարից։ Հայ խաղաղապահների թիվն այստեղ հասել է շուրջ 130-ի, իսկ ռոտացիոն համակարգով ծառայողներինը՝ մի քանի հարյուրի։

Սա արտասահմանում Հայաստանի խաղաղապահ ուժերի ամենալայնածավալ առաքելություններից է եղել։ 2020 թ․ պատերազմի ընթացքում, խաղաղապահների կեսը վերադարձել է հայրենիք։ Իսկ այս տարվա մարտին վերադարձել են հայկական վերջին ստորաբաժանումները՝ ավարտելով առաքելությունը։

Ուժեղինն է հայրենիքը

Ամերիկյան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի այլ պետությունների զորքերը շուրջ քսան տարի Աֆղանստանում անվտանգություն էին ապահովում և փորձում երկիրը ազատել Թալիբան զինված շարժումից։

Ստորև՝ աջ ու ձախ թերթելով, կարող եք տեսնել Աֆղանստանում Թալիբանի առաջխաղացմանը նախորդած և հաջորդած իրադարձությունների հակիրճ ժամանակագրությունը։

Այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ամերիկյան և այլ զորքերի վերջնական դուրսբերումից հետո թալիբները շատ արագ՝ մի քանի օրվա ընթացքում, իրենց տիրապետության տակ վերցրին գրեթե ողջ Աֆղանստանը։ Գործող նախագահը փախավ երկրից, ժողովուրդը գրեթե դիմադրություն ցույց չտվեց։

«Ալ Ջազիրայի» պատրաստած քարտեզում պատկերված է այդ առաջխաղացումը։ Թալիբանն օր օրի իր վերահսկողության տակ է վերցնում Աֆղանստանի շրջանները (գազարագույն), և օգոստոսի 15-ին կառավարական կամ այլ ուժերի վերահսկողության տակ մնում են մատների վրա հաշված շրջաններ (կապույտ)։

Այս իրադարձությունների վերաբերյալ հետագայում եղավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտնի հայտարարությունը․

«Ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել»։

Հայաստանի հարևանի հարևանը

Ամերիկացիների հեռանալը Թալիբանից հետո ամենաշատը, ենթադրաբար, դուր է եկել Իրանին։ Հարևան երկիրը առհասարակ դեմ է իր սահմաններին ամերիկյան ներկայությանը, իսկ Աֆղանստանը մեծ սահման ունի հենց Իրանի հետ։ «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Իրանագետ Գարիկ Միսակյանը հաստատում է սա, սակայն, բացատրում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։

«Նախնական փուլում Իրանում կար որոշակի դրական վերաբերմունք։ Կարծում էին Թալիբանը կառավարության ձևավորման հարցում հաշվի կառնի նաև Աֆղանստանի մյուս ուժերին և կնախապատրաստվի Իրանի հետ համագործակցության։ Սակայն իրականում տեսանք, որ Թալիբանի ձևավորած կառավարությունը հիմնված էր թալիբների երկու ցեղախմբերի վրա», – նշում է Միսակյանը և ավելացնում, որ դրանից հետո Իրանում որոշակի բացասական կարծիք ձևավորվեց, եղավ հայտարարություն, որ Աֆղանստանի կառավարությունը պետք է գործընթացներում ընդգրկի այդ երկրում առկա բոլոր ուժերին։

Իրանը, ըստ մասնագետի, կցանկանար, որ կառավարության կազմում լինեին այնպիսի ուժեր, որոնք մեծ հաշվով Իրանի ազդեցության ոլորտում են գտնվում։ Նրանց թվում են նաև Աֆղանստանի շիա հազարաները և տաջիկները, որոնք նախկինում էլ համագործակցել են հարևան պետության հետ։

Քաղաքագետ Արա Պապյանն էլ բացատրում է, որ անվտանգային վակուումը խնդիր է նաև Իրանի համար։ Աֆղանստանում Թալիբանի նման ուժի իշխանություն դառնալը սպառնալիք է նաև Իրանի սահմանների համար։

«Իրանը ևս, [ինչպես Ռուսաստանի դաշնակիցները Կենտրոնական Ասիայում], որոշակի հարձակումների կարող է ենթարկվել՝ հաշվի առնելով, որ Աֆղանստանում ճնշող մեծամասնությունը սուննիներ են, իսկ Իրանում՝ շիաներ։ Եվ դա նշանակում է, որ Իրանն ավելի ու ավելի շատ զորք պետք է տեղափոխի դեպի արևելք, ուշադրությունը կենտրոնացնի դեպի արևելք, ինչը նշանակում է, որ Հարավային Կովկասում ավելի քիչ ազդեցություն կունենա, այդ թվում՝ ռազմաքաղաքական ազդեցություն, որը կարևոր է մեզ համար», – նշում է Պապյանը։

Հիմա, երբ թալիբների պատճառով Իրանը ստիպված է զորք ուղարկել արևելք, Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները ստիպում են ուշադրություն կենտրոնացնել նաև այս ուղղթությամբ` միանգամից երկու ճակատով։

Իրանագետ Գարիկ Միսակյանը նշում է, որ Իրանի իշխանություններն արդեն հայտարարել են Աֆղանստանի հետ երկրի սահմաններում նոր ուժեր տեղակայելու, հսկողությունն ուժեղացնելու մասին։

Իրանական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչներն էլ հսկայական ինֆորմացիոն աջակցություն ցույց տվեցին Աֆղանստանի Փանջշիրի հատվածում թալիբների իշխանությանը դիմադրող ուժերին։

Այս առումով նույնպես, ըստ իրանագետի, Իրանը ուզում է ազդեցության գործիքներ ունենալ, բայց այնպես, որ դա չլինի հենց Իրանի կառավարության անունից, քանի որ չեն ցանկանում սահմանին խնդիրներ ունենալ թալիբների հետ։

Մեծ խնդիրները, սակայն, առջևում են։ Միսակյանը նույնպես հիշեցնում է, որ Իրանը շիայական պետություն է, իսկ թալիբները իսլամի ծայրահեղ սուննիական թևից են և գտնվում են Պակիստանի հովանավորության տակ, հետևաբար խնդիրներն անխուսափելի են։

Ափիոնահեն տնտեսությունը

Աֆղանստանի տնտեսության՝ համախառն ներքին արդյունքի 6-11%-ը ափիոն թմրանյութի արտադրությունն է։ Սա, իհարկե, ապօրինի է։ Ավելին, հենց Աֆղանստանն է ապահովում աշխարհում ափիոնի ապօրինի շրջանառության շուրջ 80%-ը։ Բայց դա երկրի տնտեսության համար ապահովում է զգալի եկամուտներ․

2017 թ-ին՝ 4,1-ից 6,6 մլրդ դոլար,
2018 թ-ին՝ 1,2-ից 2,2 մլրդ դոլար։

Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտության մեջ հիշատակվող այս թվերը մոտավոր են, քանի որ ինքնին ափիոնային տնտեսությունը ապօրինի ու ստվերային է, հետևաբար հստակ վիճակագրություն չկա։ Սակայն նույն տեղում նշվում է, որ ափիոնի արտադրությունը երկրի ՀՆԱ-ի մեջ գերազանցում է ապրանքների ու ծառայությունների արտահանման ամբողջ ծավալը (2017 թ-ին կազմել է 4,3%)։

Ափիոնի ծաղկի ցանքատարածությունների ծավալն Աֆղանստանում իր պիկին հասել է 2017 թ-ին։ Այդ ժամանակ այնտեղ եղել է 328 հազար հեկտար ափիոնի ցանքատարածություն։ Դա գրեթե նույնն է, որ Արմավիրի և Արարատի մարզերի ամբողջ տարածքը կազմված լինի բացառապես ափիոնի բույսերի ցանքերից։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) տվյալներով՝ 2019 թ․ դրությամբ ափիոնի բույսի աճեցումը Աֆղանստանում լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքով է ապահովում շուրջ 120 հազար մարդու։ Աշխատավարձերն էլ (օրական շուրջ 4 դոլար ≈ 2000 դրամ) համեմատելի են Աֆղանստանում գյուղատնտեսական այլ ոլորտների աշխատավարձերի հետ։

Թալիբանը նախկինում նույնպես զբաղվել է ափիոնի աճեցմամբ։ Թեպետ օգոստոսին իշխանության եկած շարժումը հայտարարել է, որ վերջ է դնելու ափիոնի աճեցմանը։

«Նախկինում, երբ մենք իշխանության էինք (1996-2001 թթ – խմբ․), Աֆղանստանում չկար թմրանյութերի արտադրություն․․․ Մենք ափիոնի արտադրությունը կրկին կվերադարձնենք զրոյական մակարդակի», – ասել է Թալիբանի խոսնակը։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Վիզուալ նյութերը հեղինակի և «Ալ Ջազիրայի»

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/10/2021