Մեր մասին Էթիկա
Քաղաքական

#ԱԺ2026. Հերթական ընտրությունների ամփոփում և միտումներ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունիսի 14-ին պաշտոնապես ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների քվեարկության արդյունքները։ Դրանից հետո ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժեր դիմեցին Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի որոշումը։ Հունիսի 26-ից Սահմանադրական դատարանը սկսել է գործի քննությունը, իսկ վերջնական որոշումը, ըստ օրենքի, կարող է կայացվել 19 օրվա ընթացքում։

Մինչ Սահմանադրական դատարանը կկայացնի իր որոշումը, «Ամփոփ Մեդիան» վերջնական պաշտոնական տվյալների հիման վրա առանձնացրել է այն հիմնական միտումները, որոնք բնորոշում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները և տարբերում դրանք նախորդ երկու ընտրություններից։

Վերլուծությունը հիմնված է ԿԸՀ-ի վերջնական հրապարակած թվերի, մանդատների բաշխման և տեղամասային արդյունքների վրա և չի անդրադառնում ընտրական գործընթացի իրավական գնահատականներին, որոնք այժմ քննվում են Սահմանադրական դատարանում։

9-րդ գումարման Ազգային ժողովի մանդատների բաշխումը

105 մանդատանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 53, իսկ սահմանադրական մեծամասնության համար՝ 70 մանդատ։

2026 թ.-ի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) կունենա 64 մանդատ` ընդհանուրի 61%-ը։

Համեմատության համար՝ 2021-ին 107 մանդատից բաղկացած խորհրդարանում կուսակցությունն ուներ 71 մանդատ (66.4%), իսկ 2018-ին՝ 132 մանդատից` 88-ը (66.7%)։

Ընդդիմադիր երկու ուժերը միասին ստացել են 41 մանդատ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (ՈւՀԴ)՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը (ՀԴ)՝ 12։ Վերջինս, 2021-ին խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժն էր՝ 29 մանդատով։

2018-ի խորհրդարանում ներկայացված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները 2026-ին նոր խորհրդարանում ներկայացված չեն լինի՝ անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով։ Իսկ 8-րդ գումարման ԱԺ-ում մանդատներով երկրորդ ուժը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, 2026-ի ընտրություններին չի մասնակցել։


Ընտրական համակարգն աշխատում է այնպես, որ մանդատները բաշխվում են միայն անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև։ Հետևաբար, խորհրդարան չանցած ուժերին տրված ձայները մանդատների հաշվարկում այլևս չեն ներառվում։ Օրինակ՝ ՔՊ-ն ստացել է վավեր ձայների 49.74%-ը, սակայն նրան բաժին կհասնի Ազգային ժողովի 105 մանդատներից 64-ը՝ մոտ 61%-ը։

Քվեարկության արդյունքները և մասնակցության ցուցանիշը

2026 թ.-ի ընտրություններն առանձնանում են մասնակցության զգալի աճով։ Վերջնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.91%-ը, ինչը շուրջ 10 տոկոսային կետով բարձր է նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ցուցանիշներից։

2026-ին քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող։ Թեև ընտրողների ընդհանուր թիվը 2021-ի համեմատ նվազել է մոտ 88 հազարով, քվեարկության եկած քաղաքացիների թիվը, հակառակը, աճել է շուրջ 195 հազարով։

Եթե համեմատենք ՔՊ-ի ստացած ձայների քանակը, ապա 2021-ի համեմատ կուսակցությունն ավելի շատ ձայն է ստացել՝ 726,819՝ նախկին 688,598-ի փոխարեն։ Սակայն քանի որ այս ընտրություններին ընդհանուր մասնակցությունն ավելի բարձր էր, այդ ձայներն ընդհանուր քվեների մեջ ավելի փոքր մասնաբաժին են ունեցել՝ 2021-ի 53.96%-ից նվազելով մինչև 49.74%։

Եթե արդյունքը դիտարկենք ոչ թե քվեարկությանը մասնակցածների, այլ ընտրողների ընդհանուր թվի համեմատ, ապա ՔՊ-ի օգտին տրված ձայները կազմում են 29%, ՈւՀԴ-ի օգտին՝ 13.6%, ՀԴ-ի օգտին՝ 5.8%։ Սա չի հակասում պաշտոնական արդյունքներին, պարզապես ցույց է տալիս ուժերի հավաքած ձայների կշիռն ամբողջ ընտրազանգվածի մեջ՝ ներառյալ չքվեարկած քաղաքացիները։

Մասնակցությունն ու առաջատար ուժերի ստացած ձայները՝ տեղամասային կտրվածքով

2026-ի տեղամասային տվյալները ցույց են տալիս, որ ընտրողների ակտիվ մասնակցությունը որևէ ուժի համար ընդգծված բարձր արդյունք չի ապահովել։ Այն տեղամասերում, որտեղ ընտրողներն ավելի ակտիվ են քվեարկել, ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին և ԲՀԿ-ին տրված ձայների թույլ աճող միտում է նկատվում։

Մինչդեռ «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեպքում մասնակցության բարձր ցուցանիշներ գրանցած տեղամասերում դաշինքի ստացած ձայների բաժինը միջինում փոքր-ինչ նվազում է։

Այսպիսով, ի տարբերություն 2021-ի, երբ տեղամասային տվյալներում մասնակցության և անցողիկ շեմը հաղթահարած ուժերի արդյունքների միջև ավելի նկատելի կապ էր երևում, 2026-ին հիմնական ուժերի դեպքում այդ կապը թույլ է կամ հստակ օրինաչափություն չի երևում։

Ընտրությունների արդյունքները՝ ըստ ձայների բաշխման

2018 թ․-ից հետո քաղաքական դաշտը միաբևեռ չէ. հաղթող և երկրորդ տեղը զբաղեցրած ուժերի միջև ձայների տարբերությունը զգալիորեն կրճատվել է։ Եթե 2018 թ․-ի խորհրդարանական ընտրություններում հաղթող «Իմ քայլը» դաշինքը (70.44%) ճնշող առավելություն ուներ երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ի նկատմամբ (8.27%), ապա 2021-ին առաջին և երկրորդ ուժերի միջև տարբերությունը կազմել է 33, իսկ 2026-ին՝ շուրջ 26.5 տոկոսային կետ։

2026-ին երկրորդ ուժի կշիռը շարունակել է մնալ բարձր՝ անցնելով 20%-ը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը հավաքել է 23.27%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ մոտ 9.9%։

Քաղաքական ուժերի տեղամասային արդյունքները

Հանրապետական արդյունքները ցույց են տալիս քաղաքական ուժերի հավաքած ձայների ընդհանուր պատկերը, իսկ տեղամասային տվյալները թույլ են տալիս հասկանալ, թե որ քաղաքական ուժը որ բնակավայրերում կամ ընտրատեղամասերում է համեմատաբար ուժեղ կամ թույլ եղել։

Ստորև ներկայացված են 1%-ից ավելի ձայն ստացած ուժերի ցուցանիշները՝ ըստ մարզերի և ընտրատեղամասերի։ Ըստ այս ցուցանիշների՝ 2026-ին ՔՊ-ի ստացած ձայների կշիռը հատկապես ցածր է Երևանում և Կոտայքում, իսկ մի շարք մարզերում՝ մասնավորապես Տավուշում, Վայոց ձորում և Արագածոտնում զգալիորեն բարձր է՝ մոտենալով կամ գերազանցելով 59%-ը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի համար առանձնանում է Լոռին, «Հայաստան» դաշինքի համար՝ Երևանը, Կոտայքն ու Սյունիքը, իսկ անցողիկ շեմը չհաղթահարած ԲՀԿ-ի համար՝ Կոտայքը, Արարատն ու Գեղարքունիքը։ 1%-ից ավելի ձայն ստացած մյուս ուժերը հանրապետական մակարդակով համեմատաբար փոքր կշիռ ունեն, սակայն առանձին տեղամասերում նրանց արդյունքները երբեմն զգալիորեն բարձր են իրենց միջին ցուցանիշից։

2026-ին Երևանում ՔՊ-ն ավելի բարձր արդյունքներ է գրանցել Նուբարաշենում, Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում և Շենգավիթում, մինչդեռ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքների դիրքերն ավելի ուժեղ են Կենտրոնում, Արաբկիրում և Ավանում։
Թեև մայրաքաղաքում ՔՊ-ի ընդհանուր ցուցանիշը նախորդ ընտրությունների համեմատ գրեթե չի փոխվել (աճը շուրջ 0.36 տոկոսային կետ է), վարչական շրջաններում տեղաշարժերն ուշագրավ են։ Իշխող ուժի կշիռն աճել է Կենտրոնում և Արաբկիրում, սակայն նվազել է հենց այն շրջաններում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նուբարաշեն), որտեղ ՔՊ-ն շարունակում է համեմատաբար բարձր արդյունքներ ապահովել։

Մանդատ չստացած ուժերին տրված ձայները

2021-ի ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքը, հավաքելով 5.22%, չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7% շեմը, սակայն խորհրդարան անցավ այն կարգավորման հիմքով, ըստ որի՝ Ազգային ժողովում պետք է ներկայացված լինի առնվազն երեք քաղաքական ուժ։ «Պատիվ ունեմ»-ը շեմը չհաղթահարած ուժերից ամենաշատ ձայներ հավաքած ուժն էր։

2026-ին անցողիկ շեմի հաղթահարման խնդիր ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ստացել է 58,287 ձայն կամ ձայների 3.9893%-ը՝ մնալով կուսակցությունների համար սահմանված 4% շեմից փոքր-ինչ ցածր։

Մինչ երեք ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը, ԲՀԿ-ին շեմը հաղթահարելու համար պակասում էր մոտ 41 ձայն։ Վերջնական հաշվարկում՝ այդ տեղամասերի արդյունքների չներառումից և այլ տեղամասային ճշգրտումներից հետո, պակասող ձայների թիվը դարձավ 156։

Ընդհանուր առմամբ, 2026-ին մանդատ չստացած ուժերին տրվել է 244,932 ձայն, ինչը ԿԸՀ-ի հաշվարկային հիմքով կազմում է մոտ 16.8%։ Այս ձայները վավեր են, բայց չեն վերածվում խորհրդարանական ներկայացվածության, քանի որ դրանք ստացած ուժերը չեն հաղթահարել անցողիկ շեմը։

Համեմատության համար՝ 2021-ին մանդատ չստացած ուժերին տրված ձայների բաժինը մոտ 20% էր։ Այսինքն՝ 2026-ին այդ ցուցանիշը նվազել է, բայց շարունակում է զգալի մնալ ։

Երեք տեղամասերի արդյունքներն անվավեր են ճանաչվել, բայց վերաքվեարկություն չի նշանակվել

2026-ի ընտրությունների վերջնական ամփոփման ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել երեք ընտրատեղամասերի (35/65, 10/51, 12/13) քվեարկության արդյունքները, սակայն այդ տեղամասերում վերաքվեարկություն չի նշանակել։

ԿԸՀ-ն պարզաբանել է, որ որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը ինքնաբերաբար չի նշանակում վերաքվեարկության նշանակում։ Հանձնաժողովի հիմնավորմամբ՝ մասնակի վերաքվեարկությունը կարող էր ստեղծել տակտիկական քվեարկության ռիսկ, քանի որ այդ տեղամասերի ընտրողները կքվեարկեին արդեն ընդհանուր արդյունքների հիմնական պատկերը հայտնի լինելու պայմաններում։

ԿԸՀ-ի դիրքորոշմամբ՝ նման պայմաններում վերաքվեարկությունը կարող էր ոչ թե վերացնել խախտման հետևանքը, այլ ավելի մեծ աղավաղում առաջացնել ընտրողների կամքի արտահայտման մեջ։ Այդ պատճառով հանձնաժողովը որոշել է չնշանակել վերաքվեարկություն՝ հիմնվելով ընտրողների իրական կամքի պաշտպանության, համաչափության և ազատ ու հավասար ընտրության սկզբունքների վրա։

Ընտրությունների արդյունքները վիճարկվում են Սահմանադրական դատարանում

ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո դրանք վիճարկվում են Սահմանադրական դատարանում։ Դատարան դիմած 7 քաղաքական ուժեր պահանջում են անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։

ՍԴ-ում դիմումները միավորվել են մեկ վարույթում, քանի որ վերաբերում են նույն հարցին՝ ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքներն ամփոփելու որոշմանը։ Դիմում ներկայացրածների թվում են ինչպես խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, այնպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Նոր ուժ», ԴՕԿ և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ Գործով որպես երրորդ անձ ներգրավված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Դիմումատուները վիճարկում են ընտրական գործընթացի օրինականությունը՝ բարձրացնելով վարչական ռեսուրսի կիրառման, ընտրողների ազատ կամարտահայտման և հնարավոր համակարգային խախտումների հարցեր։ ՍԴ-ն, գործի քննության արդյունքում, կարող է ընդունել օրենքով նախատեսված որոշումներից մեկը՝ ուժի մեջ թողնել ԿԸՀ-ի որոշումը, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, սահմանել մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ։

Մինչ ՍԴ որոշումը՝ այս նյութում ներկայացված թվային վերլուծությունը հիմնված է ԿԸՀ-ի ամփոփած վերջնական արդյունքների վրա։

Անվավեր քվեաթերթիկների կտրուկ աճ

2026-ի ընտրությունների մեկ այլ կարևոր վիճակագրական առանձնահատկություն անվավեր քվեաթերթիկների աճն է։ Եթե 2018-ին և 2021-ին անվավերների թիվը տատանվում էր 4,500-ի սահմաններում, ապա 2026-ին, վերջնական տվյալներով` անվավեր է ճանաչվել 16,210 քվեաթերթիկ։

Տոկոսային ցուցանիշով ևս աճն ակնհայտ է։ 2018-ին և 2021-ին անվավեր քվեաթերթիկների բաժինը կազմում էր 0.35%–0.37%, իսկ 2026-ին՝ 1.1%։

Անվավեր քվեների աճը տարածքային առումով համատարած բնույթ է կրել՝ գրանցվելով թե՛ Եևանում, թե՛ բոլոր մարզերում։ Մի շարք մարզերում դրանց բաժինը մոտեցել կամ գերազանցել է 1%-ը։

Ըստ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության զեկույցի անվավեր քվեաթերթիկների թվի աննախադեպ աճի հիմնական պատճառը 2026 թվականի ապրիլի 7-ին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն են։

Ըստ այդ նոր կարգավորման՝ անվավեր է ճանաչվում նույնիսկ սահմանված նմուշի (այսինքն՝ պատշաճ դրոշմանիշով) քվեաթերթիկը, եթե քվեարկության ծրարում դրանից բացի հայտնաբերվում է որևէ այլ իր։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ծրարում հիմնական քվեաթերթիկի հետ միասին դրված լինի մեկ այլ, առանց դրոշմանիշի քվեաթերթիկ։

2021-ի ապրիլի 1-ի փոփոխությամբ՝ քվեաթերթիկը կարող էր անվավեր համարվել, եթե դրա վրա կար որևէ ավելորդ «գրառում կամ նշում»։ Նախկինում «նշում» բառը չի եղել։

Վերջում մեկ անգամ էլ հիշեցնենք, որ այս վերլուծությունը հիմնված է ԿԸՀ-ի հունիսի 14-ին ամփոփված վերջնական արդյունքների և տեղամասային տվյալների վրա։

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները դեռևս վիճարկվում են Սահմանադրական դատարանում։ ՍԴ-ի որոշումից հետո պաշտոնական պատկերը փոխվելու դեպքում տվյալները կթարմացվեն։

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան

#armvote2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/06/2026