Վիկտոր Օրբանի՝ ավելի քան տասնամյակ ձգվող անսասան թվացող իշխանությունը հասավ իր հանգրվանին։ Ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրությունները դարձան հունգարական քաղաքական «բուրգի» տապալման կետը։ Պատմականորեն բարձր՝ 74% մասնակցության պայմաններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ստացավ ձայների 53%-ը, ինչը նրան տալիս է 138 մանդատ խորհրդարանի 199 մանդատից։
Օրբանն արդեն ընդունել է պարտությունը՝ արդյունքներն անվանելով «ցավոտ», և հայտարարել է, որ իր քաղաքական ուժն անցնում է ընդդիմադիր դաշտ։
Ինչո՞ւ է Օրբանի պարտությունը ցնցել Եվրոպան
Վիկտոր Օրբանը համարվում էր Եվրոպայի ամենաաղմկահարույց առաջնորդներից մեկը։ Լինելով «ազգային պոպուլիզմի» դրոշակակիր՝ նա տարիներ շարունակ հակադրվում էր Բրյուսելին, սերտ կապեր պահպանում Կրեմլի հետ և արգելափակում Ուկրաինային տրամադրվող Եվրամիության օգնության փաթեթները։ Նրա հեռացումը կարող է արմատապես փոխել Եվրամիության ներքին դինամիկան և թուլացնել պրոկրեմլյան թևը եվրոպական քաղաքականության մեջ։
Հայկական հետքը. մարդասպանին վաճառած վարչապետը
Հայ լսարանի համար Վիկտոր Օրբանի անունը կապված է ժամանակակից պատմության ամենամութ ու անարդար էջերից մեկի հետ։ Հենց Օրբանի «թեթև ձեռքով» և նրա կառավարության որոշմամբ 2012 թվականին Հունգարիան Ադրբեջանին փոխանցեց ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, ով Բուդապեշտում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
Այն ժամանակ Հունգարիայի ընդդիմությունը բացահայտ պնդում էր, որ Օրբանը Սաֆարովին պարզապես «վաճառել է» Ադրբեջանին՝ ակնկալելով տնտեսական շահեր և ադրբեջանական ներդրումներ հունգարական պարտատոմսերում։ Այս գործարքի պատճառով Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք վերականգնվեցին միայն տարիներ անց։
Օրբանը՝ որպես Հայաստան-ԵՄ գործակցության «արգելակ»
Վիկտոր Օրբանի հեռացումը կարող է վերջակետ դնել նաև այն խոչընդոտներին, որոնք Բուդապեշտը տարիներ շարունակ ստեղծում էր Հայաստանի համար եվրոպական հարթակներում։ Վերջին թարմ օրինակը Եվրոպական միության կողմից Հայաստանին խոստացված 20 միլիոն եվրոյի ռազմական օգնությունն էր (ոչ մահաբեր զինատեսակների տեսքով), որը Հունգարիան տևական ժամանակ արգելափակում էր։
Օրբանի կառավարությունը վետո էր դրել այս որոշման վրա՝ ԵՄ-ից պահանջելով «հավասար աջակցություն» ցուցաբերել նաև Ադրբեջանին։ Միայն վերջերս՝ Բրյուսելում կայացած նիստի ժամանակ, Բուդապեշտը տեղի տվեց և հանեց իր վետոն։
Սա միակ դեպքը չէր. 2020-ի պատերազմից հետո և 2023-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ Հունգարիան միակ երկիրն էր, որը բացահայտ պաշտպանում էր Բաքվի դիրքորոշումը և նույնիսկ արգելափակում Ադրբեջանի գործողությունները դատապարտող ԵՄ հայտարարությունները։ Չնայած 2022-ին Հայաստանը վերականգնել էր դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ, Օրբանի վարչակազմը այդպես էլ պաշտոնական ներողություն չխնդրեց Սաֆարովի գործի համար և շարունակեց իր միակողմանի ադրբեջանամետ քաղաքականությունը։
«Տիսա» և Պետեր Մադյար
Օրբանի պարտության գլխավոր հեղինակը «Հարգանք և ազատություն» կուսակցությունն է՝ առավել հայտնի որպես «Տիսա», որն առաջնորդում է 45-ամյա Պետեր Մադյարը։ Նրա քաղաքական վերելքը շատերն անվանում են «փոթորկալից»։ Ի տարբերություն դասական ընդդիմադիրների՝ Մադյարը Օրբանի վարչակարգի իսկական ինսայդերն էր։ Նա երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոններ պետական կառույցներում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության և ֆինանսական ոլորտներում։

Մադյարի քաղաքական կարիերայի մեկնարկը նման էր լրտեսական թրիլլերի։ Այն բանից հետո, երբ նրա նախկին կինը՝ արդարադատության նախարար Յուդիտ Վարգան, ստիպված եղավ հրաժարական տալ մանկապղծության գործով սկանդալային ներման պատճառով, Մադյարը հրապարակեց գաղտնի ձայնագրություններ։ Պարզվեց՝ նա թաքուն ձայնագրել էր կնոջ հետ իրենց տան զրույցները, որտեղ Վարգան խոսում էր կոռուպցիայի և Օրբանի մերձավորների կողմից դատական գործերին միջամտելու մասին։
Հենց այս բացահայտումներն էլ հիմք դարձան նոր քաղաքական պլատֆորմի համար, որն արագորեն ստացավ բողոքական էլեկտորատի աջակցությունը։ Մադյարին հաջողվեց համախմբել բոլոր նրանց, ովքեր հոգնել էին տարիներ տևող միանձնյա կառավարումից՝ Օրբանին մեղադրելով իշխանության ուզուրպացիայի մեջ։ Հավանաբար մայիսին հենց Մադյարին կվստահվի երկրի վարչապետի պաշտոնը։
Իշխանական բուրգի փլուզումը
Օրբանի իշխանությունը հենված էր դատական համակարգի, լրատվամիջոցների և տնտեսական լծակների նկատմամբ խիստ վերահսկողության վրա։ Նա ստեղծել էր մի համակարգ, որտեղ առանցքային պաշտոնները զբաղեցնում էին նրա մերձավորները։ Տարիներ շարունակ նրան հաջողվում էր պահել իշխանությունը՝ օգտագործելով եվրոսկեպտիցիզմի և ազգայնականության թեզերը։
Սակայն ռեկորդային բարձր մասնակցությունը (74%) և հասարակության հոգնածությունը երկարամյա միանձնյա կառավարումից բերեցին նրան, որ նույնիսկ Դոնալդ Թրամփի թիմի բացահայտ աջակցությունը չփրկեց Օրբանին։
Ի՞նչ է սպասվում
Պետեր Մադյարի հաղթանակը նշանակում է Հունգարիայի հնարավոր վերադարձ դեպի եվրոպական ընդհանուր արժեքներ և Բրյուսելի հետ հարաբերությունների ջերմացում։ Հայաստանի համար սա հնարավորություն է վերանայելու հարաբերությունները մի երկրի հետ, որի արտաքին քաղաքականությունը, հուսանք, այլևս չի ստորադասվի կասկածելի գործարքներին ու ավտորիտար համերաշխությանը։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 13/04/2026









