Իրավունք Տնտեսություն

Հայտարարագրում կամ տուգանք․ ինչո՞ւ քաղաքացիները չեն շտապում ներկայացնել եկամուտները

67–ամյա Ալինա Անտինյանը մի քանի անհաջող փորձերից հետո հասկացավ՝ եկամուտների տարեկան հայտարարագիրը միայնակ չի կարող լրացնել։ Այսպիսի հայտարարագիր այսուհետ պետք է լրացնեն բոլոր աշխատակիցները՝ պետության միասնական հարթակում մուտքագրելով նախորդ տարվա ընթացքում ստացած եկամուտները՝ աշխատավարձից մինչև նվիրատվություն։

Տիկին Ալինան խոստովանում է, որ գործընթացն այնքան էլ հեշտ չէ, ինչպես ներկայացնում են պետական այրերը։

«Իմ պարագայում աղջիկս է արել։ Վստահ եմ՝ միայնակ գլուխ չէի հանի», – ասում է նա։ Տիկին Ալինան թոշակառու է, բայց քանի որ շարունակում է մանկավարժությունը, նա ևս պարտավոր է հաշվետու լինել։

Ալինայի պատմությունը, ցավոք, բացառություն չէ։ Շատ քաղաքացիներ բախվում են նույն խնդիրներին։

2022-ին ԱԺ ընդունած փոփոխություններով սահմանվեց, որ 2023-ից պետական ու համայնքային ծառայողները, իսկ 2025-ից արդեն բոլոր աշխատողները պետք է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնեն։

Պետական եկամուտների կոմիտեից «Ամփոփ Մեդիային» տեղեկացրին, որ սեպտեմբերի դրությամբ հայտարարագիր է լրացրել շուրջ 93 հազար քաղաքացի։ Եթե հաշվի առնենք, որ նոր փուլով ակնկալվում է առնվազն 700 հազար հայտարարագրող, սա նշանակում է, որ առայժմ հայտարարագիր ներկայացրել է նրանց շուրջ 15 %-ը՝ ներառյալ պետական կառույցների աշխատակիցները։

Հայտարարագիրը ժամանակին լրացնողներին պետությունը նաև շահագրգռում է սոցիալական ծախսերի փոխհատուցմամբ՝ կրթական, առողջապահական ոլորտներում 100 հազար դրամի շրջանակում կատարված ծախսերի դիմաց: ՊԵԿ-ից «Ամփոփ Մեդիային» հայտնեցին, որ օգոստոսի 8–ի դրությամբ հայտարարագրման համակարգի շրջանակում շուրջ 43,000 ՀՀ քաղաքացի ընդհանուր 3,7 մլրդ դրամի սոցիալական ծախսի փոխհատուցում է ստացել։

 

Խոչընդոտները՝ ID քարտեր և վատ կոմունիկացիա

Անձի եկամուտների հայտարարագրումը հաստատվում է քաղաքացու էլեկտրոնային ստորագրությամբ, որն էլ հնարավոր է դնել քաղաքացու նույնականացման քարտի (ID) միջոցով։ Պարզվում է՝ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դեռ չունի ID։ Այսինքն, հայտարարագրումից առաջ քաղաքացիները նախ պետք է դիմեն ոստիկանության անձնագրային բաժիններ ID քարտ ստանալու համար, ինչն էլ օրենքով տրամադրվում է հայտը ներկայացնելուց 15 աշխատանքային օր հետո։ Սակայն նույնականացման քարտերի մեծաթիվ դիմումները մեծ հերթերի, ուշացումների, դժգոհությունների պատճառ են դարձել հանրության շրջանում։

Հուլիսի 31–ին ID քարտ ստանալու համար ներկայացված հայտերի քանակը հասել էր 43,500–ի, դրանցից 35,000՝ Երևանի բաժանմունքներում։

«Մարզերում հակառակ պատկերն է, օրինակ՝ Վեդիում հայտը ներկայացնելու օրը անմիջապես ընթացք է տրվում, հերթեր չկան։ Ջերմուկում երբեմն ընդամենը 10 հայտ է լինում», – «Ամփոփ Մեդիային» ասում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանը։

Պաշտոնյան վստահեցնում է՝ համակարգի թողունակությունը զգալիորեն ավելացել է՝ օրական մինչև 2200 քարտ է տպագրվում՝ նախորդ տարվա օրական միջինում 900-ի փոխարեն։ Այս տարվա ընթացքում արդեն տպագրվել է 160 հազարից ավելի քարտ, ինչը տասնապատիկ անգամ գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։

Հարցին՝ արդյոք հայտարարագրման վերջնաժամկետին անձնագրայինները կհասցնե՞ն սպասարկել բոլոր հերթագրված քաղաքացիներին, պաշտոնյան դժվարանում է պատասխանել՝ միևնույն ժամանակ նշելով, որ դիմելիությունը նվազել է։

Մինչև վերջնաժամկետը հայտարարագիր չլրացրած քաղաքացիների համար սահմանված է 5000 դրամ, իսկ սեփականատերերի համար ավելի բարձր՝ 50 հազար դրամ տուգանք, թեև ՊԵԿ նախագահն ԱԺ-ում հայտարարել է, թե այն անձիք, որոնք հայտարարագիր չեն լրացրել ID քարտ չունենալու պատճառով, չեն տուգանվի: Բայց ինչ մեխանիզմով է ստուգվելու՝ չի պարզաբանվում:

Համակարգի նպատակը. եկամուտների վիճակագրություն՝ սոցիալական ծրագրեր թիրախավորելու համար

Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը հերքում է, թե համակարգի նպատակը «ցանկացած եկամուտ հարկելն է»։

«Իրական նպատակն է ունենալ ամբողջական վիճակագրություն և տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների մասին։ Այդ տեղեկությունը կօգտագործվի պետության սոցիալական ծրագրերն ավելի թիրախային դարձնելու համար, որպեսզի պետությունը իմանա, թե արդյոք հանրային ռեսուրսները հասնում են այն քաղաքացիներին, ովքեր դրա իրական կարիքն ունեն»,- ասում է նա։

Տեղեկությունը կօգտագործվի պետության սոցիալական ծրագրերն ավելի թիրախային դարձնելու համար

Ալավերդյանը նշում է, որ հարկային հետևանքներ չեն առաջանա այն դրամային փոխանցումների համար, որոնք ընտանիքի անդամների կամ ընկերների միջև են տեղի ունեցել, բայց դրանք ևս ենթակա են հայտարարագրման։

Արտերկրից ստացվող գումարներ և դրանց հարկումը

Անդրադառնալով արտերկրից ստացվող եկամուտներին՝ պաշտոնյան բացատրում է, որ դրանց հարկման կարգը չի փոխվել։

«Այդ տեսակ եկամուտները հարկվող էին մինչև հայտարարագրման համակարգի ներդրումը, իսկ նոր համակարգը պարզապես տեսանելի է դարձրել այդ շարժերը։ Եթե եղել է հարկվող եկամուտ, որը մինչ այս քաղաքացին թաքցրել է, անգամ առանց օրենքի փոփոխության, ՊԵԿ-ի կողմից հայտնաբերելու դեպքում համապատասխան պատասխանատվություն էր լինելու և հարկվեր»,- մանրամասնում է Ալավերդյանը:

Ո՞վ և ի՞նչ պետք է հայտարարագրի

Նախկին պաշտոնյա․ «համակարգը աղճատված է և շտապողական»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի կարծիքով՝ նոր ներդրված համընդհանուր հայտարարագրման համակարգը շեղվել է իր սկզբնական նպատակից և չի լուծում այն խնդիրները, որոնց մասին խոսում են իշխանությունները։

Անանյանը հիշեցնում է, որ գաղափարը քննարկվում էր դեռ 18–20 տարի առաջ՝ որպես առավել ինքնաշխատ համակարգ, որը կձևավորեր հարկ վճարելու մշակույթ։

«Այսօրվա համակարգով նպատակադրումները աղճատվել են։ Այն երբեք նախատեսված չէր կոռուպցիայի կանխարգելման կամ ապօրինի գույքի բացահայտման գործիք դառնալու համար»,– «Ամփոփ Մեդիային» ասում է նա։

Նախկին պաշտոնյան ընդգծում է, որ համակարգը անհրաժեշտ է, բայց պետք է զուգորդվեր գույքահարկի բարեփոխման հետ․ դա թույլ կտար թաքցված եկամուտներով ձեռք բերված գույքը բերել իրավական դաշտ։ Միասին այս երկու գործիքները կդառնային «համալիր մշակութային հաստատություն»։ Սակայն ամենակարևորը, ըստ նրա, ներդրման ժամանակացույցն է․ և՛ գույքահարկի, և՛ եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում անհրաժեշտ է առնվազն տասնամյա անցումային շրջան։

Անանյանը կասկածում է, որ պետական համակարգը երեք տարվա ժամանակացույցով կկարողանա լիարժեք մշակել ֆիզիկական անձանց հայտարարագրերը։ Ըստ նրա, եթե կարողությունները ճիշտ չգնահատվեն, բարեփոխումը կդառնա անիմաստ։ Նա հավելում է, որ շտապ ներդրումը նաև քաղաքական նպատակ ունի․ «Տնտեսությունը հիմա բավարար հարկեր չի գեներացնում, և իշխանությունները փորձում են այս ճանապարհով լրացուցիչ ֆիսկալ արդյունք ապահովել»։

Բանկային գաղտնիքի և անձնական տվյալների ռիսկեր

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը համակարգում այլ վտանգներ էլ է տեսնում։ Նրա խոսքով՝ այն ավելացնում է հարկային բեռը և սպառնում է բանկային գաղտնիքին․

«Հայտարարագրերի գործընթացը ներառում է ոչ միայն ֆիզիկական անձի տվյալները, այլև բանկերի ու Կենտրոնական բանկի տրամադրած ամփոփ տեղեկատվությունը։ Երբ մարդիկ դիմում են մասնագիտացված կազմակերպությունների իրենց տվյալները լրացնելու համար, վերջիններս դառնում են բանկային գաղտնիքի կրողներ։ Սա ոչ միայն վտանգում է անձնական տվյալների պաշտպանությունը, այլև հնարավորություն է տալիս կազմակերպություններին կամ պետական մարմիններին յուրաքանչյուր մարդու համար մշակել անհատական պլան՝ նրա վրա ներազդելու համար»,– նշում է նա։

300 հազար դրամի շեմը․ պարզեցո՞ւմ, թե՞ ստվերի խթանում

Նոր համակարգով մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարելի է չհայտարարագրել։ Ընդդիմախոսները պնդում են, որ այս շեմը կոռուպցիոն գործարքների համար հնարավորություն է ստեղծում։

«Կաշառքը պարզապես կբաժանվի փոքր մասերի»,– նշում են նրանք։

Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը հակադարձում է․ այս տրամաբանությունը սխալ է, քանի որ դրույթը վերաբերում է այն եկամուտներին, որոնք հարկային հետևանք չունեն։ «Շեմի սահմանումը որևէ կերպ չի խթանում կոռուպցիան կամ ստվերային գործարքները»,– ասում է նա՝ ընդգծելով, որ ստվերի դեմ պայքարը պետությունը իրականացնում է այլ մեխանիզմներով։

Ստվերային շրջանառության ու վարչարարության վտանգները

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը հակառակ կարծիք ունի։ Նրա խոսքով՝ համակարգը մեծացնելու է կանխիկ շրջանառությունը, իսկ արդյունքում՝ ստվերը։ Նա նաև քննադատում է նոր կարգավորումը որպես «վարչարարական ծանրաբեռնվածություն և տնտեսական ահաբեկում»։

Օրինակ է բերում կոլեկտիվի հավաքական վճարումները․ «Եթե աշխատանքային խումբը 400 հազար դրամ է հավաքում էքսկուրսիայի համար և փոխանցում մեկ անձի քարտին, ապա այդ գումարի 20 տոկոսը հարկային բեռ է դառնում։ Խուսափելու համար մարդիկ պետք է նվիրատվության պայմանագրեր կնքեն և պահեն տարիներով՝ կարծես հաշվապահություն վարեն սեփական տանը»,– ասում է Սարգսյանը։

Նրա գնահատմամբ, այս մոտեցումը տոտալ վերահսկողության հնարավորություն է տալիս իշխանություններին։ «Հայտարարագիրը դառնում է մարդկանց լռեցնելու օրինական գործիք։ Ցանկացած ընդդիմադիր կամ ակտիվ քաղաքացի կարող է հարկային պարտավորությունների անվան տակ ճնշման ենթարկվել»,– «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ընդգծում է նա։

Սարգսյանը նաև կասկածի տակ է դնում պետական կառույցների կարողությունը՝ բոլոր հայտարարագրերը պատշաճ վերահսկելու համար։ Նա հիշեցնում է, որ անգամ գործող էլեկտրոնային հարթակները հաճախ անկայուն են, իսկ քննչական մարմիններում տարիներով չբացահայտված գործեր կան։

«Այսպիսի պայմաններում փոքր ու միջին բիզնեսը, որը տնտեսության հիմքն է, կանգնում է լուրջ ռիսկի տակ՝ խեղդվելով վարչարարության ու պատժամիջոցների ճնշման ներքո»,– ասում է նա։

Միջազգային փորձը․ երբ համընդհանուր հայտարարագրումը դառնում է արդյունավետ

Աշխարհի տարբեր երկրներում եկամուտների համընդհանուր հայտարարագրումը գործում է տարբեր մոդելներով։ Հիմնական օրինաչափությունը, սակայն, պարզ է․ այն հաջողում է, երբ ներդրվում է աստիճանաբար, կիրառվում են եկամտային շեմեր, իսկ թվային հարթակները բավարար զարգացած են։

ԱՄՆ-ում համակարգը գործում է ավելի քան մեկ դար, սակայն պարտադիր չէ բոլորի համար․ ցածր եկամուտ ունեցողները ազատված են հայտարարագիր ներկայացնելուց։ Գերմանիայում և Չեխիայում ևս գործադրվում է շեմային մոտեցում․ միայն սահմանված շեմը գերազանցած եկամուտները ենթակա են հայտարարագրման։

Ֆրանսիան համընդհանուր հայտարարագրում ներդրել է դեռևս 1917-ին։ Այստեղ պարտադիր է բոլորի համար, անգամ այն քաղաքացիների, ովքեր եկամուտ չունեն։ Հարկային համակարգի լիարժեք թվայնացման շնորհիվ գործընթացը համեմատաբար հեշտ է։

Էստոնիան համարվում է ամենաարդյունավետ օրինակը․ քաղաքացիների մեծ մասը չի լրացնում հայտարարագիրը ձեռքով։ Պետությունն արդեն իսկ հավաքում է գրեթե բոլոր տվյալները և քաղաքացիներին ուղարկում է նախապես պատրաստի հայտարարագիր, որը մնում է միայն հաստատել։

Հայաստանում օրենքն արդեն ընդունված է։ Եվ թեպետ չհայտարարագրողների համար սահմանվել են տուգանքներ, խնդիրները դեռ շատ են․ տեխնիկական դժվարությունները և թվային ծառայությունների թերզարգացած լինելը բարդացնում են գործընթացը։

Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ մինչև տարեվերջ կներկայացվի բարելավումների փաթեթ։ Նրա խոսքով՝ համակարգը կդառնա ավելի հեշտ ու մատչելի։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ 2026 թվականից առնվազն 500 հազար քաղաքացի, այդ թվում՝ թոշակառուները, արդեն պարտավորված կլինեն ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։

Հեղինակ՝ Անի Օհանյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/09/2025