Սոցիալական

Գերեզմանոցներին հատկացվող տարածքի պակաս Երեւանում

Պատկերը՝ Ampop.am-ի

Մայրաքաղաքի գերեզմանատներում ազատ հողատարածքների սակավության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Այն մասամբ լուծելու համար փորձ է արվում հնարավորինս ընդլայնել գործող գերեզմանոցների տարածքները, որի պատճառով, սակայն, քաղաքի տարածքում գործող գերեզմանատները զգալի չափով մոտեցել են բնակավայրերին՝ խախտելով սանիտարահիգիենիկ պայմանները։ Համաձայն օրենքի, գերեզմանոցները բնակելի տարածքներից պետք է առնվազն 300 մետր հեռու լինեն, մինչդեռ այս պայմանը խախտված է գրեթե բոլոր գերեզմանատներում։ Այստեղ ազատ հողակտորների պակասը դարձել է նաև կոռուպցիոն երեւույթների ձեւավորման պատճառ:

Իրավիճակ

Պաշտոնական հաշվարկներով, 2020թ., այսինքն՝ ընդամենը 3 տարի հետո, մայրաքաղաքի գերեզմանատներում նոր հուղարկավորություն կազմակերպելու համար ազատ հողակտոր չի լինի: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներն ահազանգում են առնվազն 15 տարի: Սակայն խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում քաղաքային իշխանություններին այդպես էլ չհաջողվեց հիմնավոր լուծում տալ հարցին: Իսկ սա պատճառ դարձավ, որպեսզի ձեւավորվի կոռուպցիայի նոր տեսակ. խոսքը գերեզմանատներում նոր հողատարածքները բարձր գնով վաճառելու եւ հին գերեզմանների տերերին իրենց հողակտորը բարձր վճարի դիմաց վաճառելու թույլտվություն տրամադրելու մասին է:

Թե որքանով է արհեստականորեն ձգձգվում խնդիրը, դժվար է ասել։ Քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն, Երեւանում կա 21 գործող գերեզմանատուն, որոնց ընդհանուր մակերեսը 560 հա-ից մի փոքր ավել է: Սա Երևւանի ընդհանուր մակերեսի 2,5%-ն է: Մասնագետների կարծիքով՝ նոր գերեզմանատուն կառուցելու համար անհրաժեշտ է մայրաքաղաքում հայթայթել շուրջ 50 հա ազատ հողատարածք, որը, ըստ քաղաքային իշխանությունների, չկա: Չկան նաեւ համապատասխան միջոցներ դրա համար։

21 գերեզմանատներից 17-ը համարվում են մասնակի փակ, այսինքն՝ տվյալ գերեզմանատներում թույլատրելի է հուղարկավորություն կատարել միայն նախկինում հատկացված ընտանեկան գերեզմանատեղերում, այն էլ՝ ազատ տարածքի առկայության դեպքում։ Նոր հուղարկավորություններ կազմակերպելու համար մնացած ազատ տարածքները կազմում են ընդհանուր տարածքի մոտ 10-15%-ը։ Ստույգ տվյալներ քաղաքապետարանը չի տրամադրում՝ պատճառաբանելով այս պահին գերեզմանատների սահմանների և մակերեսների ճշտման աշխատանքներով։

կարդացեք նաեւ   Երեւանի ավագանու ընտրություններ. ի՞նչ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս

Մեկ ննջեցյալի համար պետությունը պարտավոր է անվճար գերեզմանատեղ տրամադրել՝ մեկ տեղի հաշվով 2,5քմ մակերեսով: Օրենքի համաձայն, ընտանեկան նոր գերեզմանի կազմակերպման համար անվճար հատկացվում է 12քմ հողատարածք։ Դրանից ավել պահանջի դեպքում, հնարավոր է առավելագույնը տրամադրել եւս 10քմ, սակայն՝ վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով: Սակայն բավական է այցելել Երևանի գերեզմանատներ եւ նկատել, թե ինչպես է անտեսվել օրենքի պահանջը։ Կան բազմաթիվ գերեզմանատեղեր, որոնց տարածքները հասնում են մի քանի տասնյակ քառակուսի մետրերի։ Մամուլում առկա նյութերի համաձայն, նոր գերեզմանատեղը, կախված վայրից եւ չափից, «սեւ շուկայում» հնարավոր է ձեռք բերել 300-3500 դոլարով:

Նման գերեզմանոցների տերերը քիչ չեն Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում։ Մասնագետները նշում են, որ սա սոցիալական բնույթի պահանջ է, երբ հասարակության մեջ մի զանգված պատրաստ է սահմանվածից ավելին վճարել մեծ տարածք վերցնելու համար, որպեսզի գերեզմանոցային տարածքի մեծությամբ ու գերեզմանաքարերի ճոխ հարդարանքի միջոցով ցուցադրի իր ընտանիքի դիրքը հասարակության մեջ:

Պատմական ակնարկ

Հուղարկավորությունների համար նախատեսված հողերի սակավության հարցին լուծում տալու նպատակով դեռեւս 2006թ. Ազգային ժողովն ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը։ Առաջին անգամ օրենքում կիրառվեց «դիակիզարան» բառը և օրենքով Հայաստանում ընդունվեց դիակիզարանների գոյության իրավունքը։ Իսկ 2015թ. ապրիլին օրենքում կատարված փոփոխությունների միջոցով հիմնական հասկացություններում «հուղարկավորություն» բառի բացատրությունը լրացվեց հետեւյալ կերպ. «մահացածի աճյունաuափորը  հուշապատի մեջ տեղադրելու  ծիսական արարողությամբ»։ Օրենքում նշվում է, որ դիակիզարանների շահագործումը կատարվելու է պետական լիազոր մարմի կողմից` բյուջեի հաշվին։ Երեւանում դիակիզարանի կառուցումը մնաց որոշումների եւ օրենքի մակարդակում, թեպետ կար նախագիծ եւ նախահաշվարկ այն կառուցելու համար:

կարդացեք նաեւ   Երեւանյան տրանսպորտի անվերջ ճգնաժամը  

Հայաստանի հասարակությունն այս նորարարությանը, կարծես, բացասաբար արձագանքեց: Հայ Առաքելական եկեղեցին եւս իր դժգոհությունն ու առարկությունները հայտնեց նախագծի հեղինակներին եւ աջակիցներին, նշելով, որ օրենքը դեմ է Աստծո պատվիրանին, եկեղեցու ծիսաարարողական ավանդույթներին, ինչպես նաև հայ ժողովրդի մտածելակերպին: Որեւէ հիմնավորում անզոր դարձավ եկեղեցու պնդմանը, անգամ այն, որ նորամուծությունը կհանգեցներ հողատարածքների խնայողության՝ թեթեւացնելով մարդկային հոգսերն ու ապահովելով  սանիտարական նորմերի պահպանում։

Հայացք նետելով անցյալին՝ պետք է նշել, որ դեռեւս միջին բրոնզի դարից մինչեւ ուշ  բրոնզի դար, ներկայիս Հայաստանի տարածքում հասարակության քաղաքական եւ կրոնական էլիտայի ներկայացուցիչների թաղումները կատարվել են դիակիզման միջոցով: Օրինակ, թռեղք-վանաձորյան մշակույթում բոլոր թաղումները կատարվել են շքեղագույն գույքով եւ դիակիզման եղանակով։ Հիմնականում դիակիզման եղանակով են կատարվել նաև քրմական վերնախավի ներկայացուցիչների թաղումները մ․թ․ա. 16-րդ դարից սկսած Լճաշենում եւ Լոռի բերդում։ Իսկ ուրարտական մշակույթում դիակիզումը եղել է առավել ընդունված եղանակներից մեկը։

Ըստ մասնագետների, մեր օրերում դիակիզարանի  շահագործման դեպքում ընտանեկան գերեզմանոցներն աճյունասափորների շնորհիվ ավելի արդյունավետ կօտագործվեն (հաշվարկների համաձայն, 12 քմ հողակտորը տեղավորում է մոտ 20-30  աճյունասափոր)։

Սակայն կա նաեւ մտավախություն, որ դիակիզարանի շահագործումը եւ անգամ հասարակությունում այդ ծառայությունից օգտվելու մշակույթի ձեւավորումը միեւնույնն է չի նվազեցնի ճոխ հարդարանքով մեծ գերեզմանակտորներ ունենալու պահանջարկը:

Փաստարկ

Համաձայն  Ազգային վիճակագրական ծառայության, Երեւանում տարեկան մոտ  9000 մահացություն է գրանցվում: Մահացածների մի մասի հուղարկավորությունն իրականացնվում է Երեւանից դուրս՝ սովորաբար մահացողի ծննդավայրում: Սա էլ ունի իր սոցիալական պատճառները. գյուղական համայնքներում շատ ավելի հեշտ է լուծվում գերեզմանակտորի հատկացումը:

2013թ. սեպտեմբերին եւ հոկտեմբերին Երեւանի ավագանու երկու տարբեր որոշումների հիման վրա ընդլայնվել են «Սիլիկյան», «Շահումյան-2», «Կենտրոնական» եւ «Կարմիր Բլուր» գերեզմանատների հարակից տարածքները՝ ընդհանուր առմամբ մոտ 7,8 հա տարածքով։ Տարածքներն ընդլայնվել են գյուղատնտեսական,  արդյունաբերական, ընդերքօգտագործման, արտադրական նշանակության հողերի, իսկ որոշ դեպքերում՝ անգամ բնակավայրերի հաշվին։

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • ImYerevan.com պորտալի հոդվածը Երեւանի գերեզմանատների մասին
  • Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ մայրաքաղաք Երեւանը և մարզերը թվերով» զեկույցը
  • Դիակիզում. քննարկման նյութեր, 2013թ.

Ամփոփեցին Մարիամ Սարիբեկյանը եւ Սուրեն Դեհերյանը

Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Կարեն Պետրոսյան

Նյութի պատկերը՝ Ampop.am-ի

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn