Տնտեսություն

Արտաքին տնտեսական կապանքներ

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հայաստանի արտաքին տնտեսական կապերի ձևավորումը մի շարք առանձնահատկություններ ունի: Հայաստանը չունի ելք դեպի ծով, շրջափակված է երկու հարևանների կողմից: Այն հակամարտության մեջ գտնվող երկիր է: Հիմնական առևտրատնտեսական գործընկերների հետ կապն իրականացնում է հյուսիսային հարևան Վրաստանի միջոցով` որպես տարանցիկ երկիր: Նման պայմաններում Հայաստանը պետք է շահագրգռված լիներ ունենալ առևտրատնտեսական գործընկերների լայն ցանց և նրանց հետ ամրապնդեր հարաբերությունները երկկողմ և բազմակողմ պայմանագրերով: Մինչդեռ այս տարվա առաջին կիսամյակի տվյալների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ առևտրաշրջանառության չնչին փոփոխության պայմաններում առևտրատնտեսական գործընկերների մի մասի հետ կապերն էլ ավելի են թուլացել, իսկ արտաքին տնտեսական կապերը միտված են միակողմանիության:

Փոխվել է առևտրաշրջանառության աշխարհագրությունը

Հայաստանը արտաքին առևտրում օգտվում է արտոնություններից. մի կողմից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), իսկ մյուս՝ Եվրոպական միությանը (ԵՄ), ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ առևտրում օգտվում է արտոնությունների ընդհանրացված համակարգերից (GSP – Generalised Scheme of Preferences): 2015 թ. և 2016 թ. առաջին կեսին ապրանքաշրջանառությունն էական փոփոխություն չի կրել, բայց փոխվել է դրա աշխարհագրությունը: Չնայած առևտրաշրջանառության մեջ ԵՄ բաժնի նվազմանը, այն շարունակում է զգալի տեղ զբաղեցնել Հայաստանի արտաքին տնտեսական կապերում: Պատճառն այն է, որ Հայաստանն օգտվում է 2014 թ.-ից նորացված` արտոնությունների ընդհանրացված  համալրված համակարգի (GSP+) ռեժիմից, որի օգտագործման մակարդակը, ըստ ԵՄ գնահատականների, 2015 թ. կազմել է 90%:

ԵՏՄ շրջանակներում Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ընդամենը 0,7% է: Ընդ որում, այս ցուցանիշն անփոփոխ է 2014 թ.-ից ի վեր: Իսկ 2016 թ. առաջին կիսամյակում նկատվում է ԵՏՄ անդամ Ռուսաստան արտահանման զգալի աճ` 47%: Սա նշանակում է, որ ԵՏՄ-ին անդամակցումը չի նպաստել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, միայն ավելի են խորացել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը: Ավելին, հենց ԵՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 17%-ով:

Մյուս կարևոր տնտեսական գործընկերոջ` Իրանի հետ Հայաստանը տնտեսական սերտ կապեր հաստատելու մեծ պոտենցիալ ունի, որը, սակայն, չի օգտագործվում: Այս պոտենցիալն էլ ավելի մեծացավ, երբ տարվա սկզբին ԱՄՆ-ը և ԵՄ-ը հանեցին Իրանի հանդեպ պատժամիջոցները: Սա Իրանին հնարավորություն տվեց ընդլայնելու իր տնտեսական կապերը տարբեր երկրների, այդ թվում` Հայաստանի հետ: Հայաստանն այժմ Իրանից ստանում է գազ, որը փոխակերպում է էլեկտրաէներգիայի և փոխանցում Իրանին: Մինչդեռ Իրանը բազմիցս է ակնարկել, որ բանակցությունների արդյունքում պատրաստ է ավելի շատ գազ մատակարարելու Հայաստանին, ընդ որում` ավելի էժան, քան առաջարկում է ներկայումս Հայաստանի գազի շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող ռուսական «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը:

Քանի որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, ըստ տրանսպորտի տեսակների Հայաստանի արտաքին առևտուրն իրականացվում է հիմնականում ցամաքային՝ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով (արտահանում՝ 76%, ներմուծում` 75%), բացի գազի ներկրումից, որն իրականացվում է խողովակաշարային տրանսպորտով: Իսկ օդային տրանսպորտը զգալիորեն զիջում է երկաթուղայինին և ավտոմոբիլայինին՝ ապահովելով արտահանման 16%-ը: Ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից ներկայացված զեկույցի` դրա հիմնական պատճառներն են ոչ մրցակցային շուկան, սահմանափակ ճկունությունը, բարձր գները:

01-Ampop-01
image-1936

ԵՄ-ի հետ 3 տարվա բանակցություններից հետո` անդամակցություն ԵՏՄ-ին

Վերջին վեց տարիներին Հայաստանի արտաքին տնտեսական կապերը կտրուկ փոփոխությունների ճանապարհով են գնացել: Դեռևս 6 տարի առաջ մեկնարկեցին Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ 2 տարի անց` 2012-ին` ասոցացման համաձայնագրի մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները, որոնք ավարտվեցին 2013 թ. հուլիսին:

Թվում էր, թե Հայաստանը շուտով էլ ավելի կամրապնդի իր առաջատար տնտեսական գործընկերոջ հետ կապերը` ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտում ընդգրկվելով: Սակայն 2013 թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցից հետո, Հայաստանն աչք փակեց 3 տարվա աշխատանքի վրա, կտրուկ փոխվեց երկրի արտաքին տնտեսական կապերի աշխարհագրությունը, և հայտարարվեց Եվրասիական տնտեսական ընկերակցության Մաքսային միությանը միանալու մասին: 2015 թ.-ից Մաքսային միությունը նույն կազմով վերափոխվեց Եվրասիական տնտեսական միության: Երկրի արտաքին տնտեսական կապերում նման կտրուկ անցումը շատ տնտեսագետներ բացասական գնահատեցին:Այդ ժամանակ ԵՄ-ը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն էր: Իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանը տնտեսական ծանրակշիռ կապեր ուներ միայն Ռուսաստանի հետ: 


կարդացեք նաեւ  Հայաստանի առեւտուրը ԵՏՄ շրջանակներում

ԵՏՄ կանոնադրության 35-րդ հոդվածի համաձայն` անդամ պետությունները չեն կարող առանձին առևտրային պայմանագրեր կնքել երրորդ երկրների հետ: Սա Հայաստանի տնտեսությանը մեծապես հարվածող հոդված է, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵՏՄ-ի հետ, իսկ իր հիմնական առևտրային գործընկերների հետ կապվում է Վրաստանի միջոցով: Ստացվում է այնպես, որ Հայաստանը ինքնուրույն չի կարող ազատ առևտրի պայմանագրեր կնքել Վրաստանի կամ Իրանի հետ` առևտրատնտեսական հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար: Իսկ այս երկրները, իրենց հերթին, չեն ցանկանում մի ամբողջ ԵՏՄ-ի հետ պայմանագիր կնքել` պաշտպանելով տեղական արտադրողներին ԵՏՄ-ի մեծ և ոչ այնքան զարգացած շուկայից:
 

01-Ampop-02
image-1937

Առևտրային հոսքերի փոփոխություն

Հայաստանի արտաքին տնտեսական կապերի փոփոխությունները նկատելի են ապրանքաշրջանառության փոփոխություններում: Մասնավորապես, անկում է ապրել ապրանքաշրջանառությունը Չինաստանի հետ` 22%-ով, ԱՄՆ-ի հետ` 33,8%-ով, Իրանի հետ` 16%-ով: ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը թեև աճել է ընդամենը 1,7%-ով, սակայն առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը նվազել է: Սա այն դեպքում, երբ մինչ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունն իր ծավալով եղել է ամենամեծը` 2012-ին` 29,6%, իսկ 2013-ին` 27,8%: Փոխարենը բարձրացել է ԵՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը` կազմելով ընդհանուր առևտրաշրջանառության 27%-ը: Սակայն, բացի Ռուսաստանից, ԵՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը որևէ փոփոխություն չի կրել:

Փորձագետի կարծիք


Չնայած առևտրային հոսքերի փոփոխություններին, արտաքին առևտրաշրջանառությունը որակական և կառուցվածքային առումով էական փոփոխություններ չի կրել, իսկ այդ փոփոխություններն էլ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այլ երկրների հետ մաքսատուրքերի բարձրացման պատճառով է: Քանի որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն ինքնուրույն առևտրային և մաքսային քաղաքականություն չի կարող վարել, նման մեկուսացումը խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը: Մինչդեռ Հայաստանը պետք է ընդլայնի տնտեսական կապերն ու դրանց աշխարհագրությունը:

Աշոտ Եղիազարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ


Հղումների պահոց

Ամփոփեց Աստղիկ Գևորգյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn