Նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրության վերաբերյալ Կառավարության մայիսի 14-ի որոշումը հանրության շրջանում նոր հարցերի տեղիք տվեց։
«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է նոր կանոններին առնչվող ամենաքննարկվող հարցերի մասին պարզաբանումները։
Կառավարության որոշումը ուժի մեջ է մտել մայիսի 18-ից, համաձայն որի արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ․ հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ը, սակայն ավելի մեղմացված սահմանափակումների ռեժիմով։
-
Դիմակ դնելը պարտադիր է փակ վայրերում
Նախ պետք է իմանալ, որ դիմակի առկայությունն է պարտադիր։ Անկախ այն հանգամանքից՝ ուր և ինչպես եք գնում, դիմակ ունենալը պարտադիր է, անգամ եթե զբոսնում եք այգում կամ քայլում եք որևէ բաց տարածքում։
«Պարտադիր ասելով, չի նշանակում, որ պարտադիր եռաշերտ դիմակների մասին է խոսքը։ Դրանք կարող են լինել նաև տան պայմաններում պատրաստված «ինքնաշեն» դիմակներ», – հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Դիմակ դնելը պարտադիր է բոլոր փակ վայրերում՝ հանրային տրանսպորտում, առևտրի իրականացման օբյեկտներում, մարզասրահներում, աշխատանքի վայրերում՝ սահմանված կարգով։
Աշխատանքի վայրում գործատուն պարտավոր է աշխատակիցներին ապահովել անհրաժեշտ պարագաներով։
Պարետատնից պարզաբանել են, որ երեխաներին պարտադիր չէ դիմակ դնել։
Առևտրի վայրերից կամ դեղատներից գնված դիմակները նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար և արժեն 150-250 դրամ։ Առողջապահության նախարարությունը շարունակ հիշեցնում է, որ այդպիսի դիմակները մեկանգամյա են և պետք է փոխել ամեն 4 ժամը մեկ։
Ռեզինե ձեռնոցների արժեքը 70-100 դրամ է։
Հանրային տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է մտնելիս արդեն լինել դիմակով և ձեռնոցով, հակառակ դեպքում վարորդը կարող է չթույլատրել օգտվել տրանսպորտային միջոցից։
Հանրային միջոցառումներ կարելի է կազմակերպել ոչ ավելի քան հինգ հոգու մասնակցությամբ։ Թույլատրվում է միայն ռեստորանների, սրճարանների և բարերի բացօթյա հատվածներում այցելուների սպասարկումը, սակայն նախ նրանց ջերմաչափելուց և անունները գրանցելուց հետո։
Փակ վայրերում սույն որոշմամբ հիշատակված կանոնների խախտման դեպքում քաղաքացին ոստիկանության աշխատակցի կողմից կարող է տուգանվել՝ 10 000 դրամի, իսկ տնտեսվարողը 100000-300000 դրամի չափով։
-
Չեն գործում կրթական և մշակութային հաստատություններն ու արտադպրոցական խմբակները
Դպրոցները, բուհերը, կրթական բոլոր օջախներն առայժմ շարունակում են փակ մնալ։ Թույլատրված է միայն նախադպրոցական կրթություն կազմակերպող կենտրոնների գործունեությունը, ինչը հիմնավորվում է նրանով, որ աշխատող ծնողների համար մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը խնդիր է։
Դպրոցներում չեն կազմակերպվելու վերջին զանգեր, բուհերում՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություններ։
-
Առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց
Այս տարի բոլոր պետական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց, եթե տվյալ բնակավայրում այդ դպրոցը միակը չէ։ Հայտագրումը պետք է կատարել Hayt.emis.am համակարգի միջոցով։ Հունիսի 11-ին համակարգը կբացվի բոլորի համար։ Մանրամասներն ԱՅՍՏԵՂ։
-
Բուհերի ընդունելության կարգը մեղմացվել է
Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն: Դիմում-հայտերը կներկայացվեն առցանց` մայիսի 25-ից հունիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:
Քննության համար ընտրվելու է այն առարկան, որը տվյալ ֆակուլտետի համար առաջնային է։
«Կարևոր սկզբունքն այն է, որ ընտրել այնպիսի առարկաներ, որ դիմորդը հնարավորություն ունենա նաև մյուս ֆակուլտետների և մյուս մասնագիտությունների համար մասնակցել մրցույթի»,- ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նպատակն այն է, որ մեկ առարկա հանձնելով՝ դիմորդը մեկ հայտով կարողանա մասնակցել մի շարք այլ մասնագիտությունների մրցույթի ևս։
-
Թանգարաններ և թատրոններ
Կշարունակեն փակ մնալ թանգարաններն ու թատրոնները, փակ տարածքներում գործող մշակութային օջախները։
Թույլատրված է միայն բաց թանգարանների գործունեությունը, սակայն սահմանափակ այցելուների առկայությամբ։
-
Արտադպրոցական խմբակներն ու գեղարվեստի կենտրոնները հնարավոր է վերաբացվեն
Այժմ ոլորտի պատասխանատուները քննարկում են արտադպրոցական դաստիարակության, համայնքային ազատ ժամանցի կազմակերպման և գեղարվեստական կրթության ոլորտների հետագա բնականոն գործունեության հնարավոր կազմակերպման հարցը։ Չի բացառվում, որ դրանց գործունեությունը վերականգնվի, եթե դրանք կազմակերպվեն փոքր խմբերով։
Ամփոփեցին՝ Ռաիսա Պապյանը, Սուրեն Դեհերյանը
Ինֆոգրաֆիկան՝ Լիլիթ Մկրտչյանի
Հավելյալ աղբյուրներ
- Վարկեր և միանվագ գումարներ․ Հակաճգնաժամային միջոցառումներ բիզնես ոլորտին
- Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում
#COVID19 #ArmGov #anticrisis #actions
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/05/2020