93 տարեկան հասակում վախճանվել է վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը։ Նա ղեկավարել է վրաց եկեղեցին գրեթե հինգ տասնամյակ՝ դառնալով ժամանակակից Վրաստանի պատմության ամենաազդեցիկ և հարգված դեմքերից մեկը։ Պատրիարքի մահվան մասին մարտի 17-ի ուշ երեկոյան հայտնել է պատրիարքական տեղապահ, միտրոպոլիտ Շիո Մուջիրին։
Իլյա Երկրորդը մահացել է Թբիլիսիի Կովկասյան բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր նույն օրը վաղ առավոտյան՝ ստամոքսային ծանր արյունահոսությամբ։ Չնայած վերակենդանացման բաժանմունքի բուժանձնակազմի ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Պատրիարքի առողջական վիճակը վերջին տարիներին կտրուկ վատացել էր, ինչի պատճառով նա հազվադեպ էր հայտնվում հանրության առջև։
«Պատմական կերպար». արձագանքներ և ժառանգություն
«Նա պատմական կերպար էր։ Սա մեծ կորուստ է աշխարհի ողջ ուղղափառ հանրության համար։ Նրա աշխատանքի շնորհիվ Աստված Վրաստանին վերադարձրեց հավատքի»,- հիվանդանոցի մոտ հավաքված լրագրողներին ասել է միտրոպոլիտ Շիոն։
Իլյա Երկրորդի մահվան լուրն ստանալուն պես հիվանդանոց են ժամանել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Ըստ եկեղեցու խոսնակ հայր Ջաղմաիձեի՝ պատրիարքի մարմինն ամփոփվելու է Թբիլիսիի Սուրբ երրորդություն (Ծմինդա Սամեբա) մայր տաճարում։
Խորհրդային լծից մինչև անկախ պետականություն
Իրակլի Շիոլաշվիլին (Իլյա Երկրորդ) ծնվել է 1933 թ-ին Վլադիկավկազում։ Նա իր հոգևոր ուղին սկսել է 1957-ին, իսկ Պատրիարք է ընտրվել 1977-ին՝ խորհրդային աթեիզմի տարիներին՝ 44 տարեկան հասակում։
Նրա գահակալությունը համընկել է Վրաստանի համար բախտորոշ իրադարձությունների՝ 1991-ի անկախության վերականգնման և դրան հաջորդած տասնամյակների ընթացքում տեղի ունեցած տրանսֆորմացիայի հետ։ Նրա օրոք վրաց ուղղափառ եկեղեցին խորհրդային ճնշված կառույցից վերածվեց երկրի ամենահզոր ինստիտուտի։ Հարցումների համաձայն՝ բնակչության շուրջ 83%-ն իրեն նույնականացնում է եկեղեցու հետ, իսկ Իլյա երկրորդը տասնամյակներ շարունակ Վրաստանի ամենաբարձր վարկանիշ և վստահություն ունեցող անձն է եղել։
Ազդեցություն, արտոնություններ և հակասություններ
Իլյա երկրորդի դերն ամրագրված էր նաև իրավական մակարդակով։ 2002 թ-ին պետության և եկեղեցու միջև կնքված «Կոնկորդատը» եկեղեցուն տվեց հարկային բացառիկ արտոնություններ, պատրիարքի անձեռնմխելիություն և պետական գույքի սեփականաշնորհման առաջնահերթություն։
Սակայն նրա կառավարումը զերծ չէր նաև քննադատությունից և սկանդալներից։
-
Քաղաքականություն. Պատրիարքը հայտնի էր առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ ունեցած իր բարդ հարաբերություններով։ 1989-ի ապրիլյան արյունալի իրադարձությունների ժամանակ՝ խորհրդային զորքերի հարձակումից րոպեներ առաջ, նա հորդորել էր ցուցարարներին ցրվել։
-
Ներեկեղեցական սկանդալներ. Վերջին տարիներին եկեղեցին ցնցվեց «ցիանիդի գործով» (քահանայի ձերբակալություն՝ պատրիարքի օգնականի սպանության փորձի մեղադրանքով) և հոգևորականների նկատմամբ պետական գաղտնալսումների մասին լուրերով։
-
Արտաքին կողմնորոշում. Չնայած Իլյա երկրորդը պաշտոնապես սատարում էր Վրաստանի եվրաինտեգրմանը, նա հաճախ էր այցելում Մոսկվա և պահպանում սերտ կապերռՌուս ուղղափառ եկեղեցու հետ, ինչը հանրության մի հատվածի մոտ հարցեր էր առաջացնում։
Հարաբերությունները հայ եկեղեցու հետ՝ եղբայրական սեր և չլուծված վեճեր
Իլյա երկրորդի երկարամյա գահակալության ընթացքում հայ-վրացական եկեղեցական հարաբերություններն ունեցել են երկակի դրսևորում՝ արտաքուստ ջերմ ու բարեկամական, ներքուստ՝ լարված՝ եկեղեցիների սեփականության շուրջ չլուծված վեճերի պատճառով։ Վրաց պատրիարքը մշտապես սերտ կապեր է պահպանել ամենայն հայոց կաթողիկոսների հետ՝ Վազգեն Ա-ից մինչև Գարեգին Բ՝ հաճախ շեշտելով, որ երկու քրիստոնյա ժողովուրդների բարեկամությունը Կովկասում կայունության հիմքն է։
-
Եկեղեցիների պատկանելության խնդիրը. Վրաստանի տարածքում գտնվող մի շարք հայկական եկեղեցիների (օրինակ՝ Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին) կարգավիճակի և դրանց «վրացականացման» փորձերի շուրջ վեճերը մնացին օրակարգում։ Վրաց պատրիարքարանը, Իլյա երկրորդի օրոք, հաճախ էր շրջանցում այս խնդիրները կամ առաջ քաշում պատասխան պահանջներ Հայաստանի տարածքում գտնվող քաղկեդոնական տաճարների նկատմամբ։
-
Թեմական կարգավիճակ. Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տալու գործընթացը ևս տևական ժամանակ բախվում էր վրաց եկեղեցու դիմադրությանը, ինչը հաղթահարվեց միայն մեծ դժվարությամբ և քաղաքական միջամտությամբ։
Չնայած այս կոնֆլիկտային թեմաներին, Իլյա երկրորդը հայության շրջանում ընկալվում էր որպես իմաստուն առաջնորդ, ով կարողանում էր ճգնաժամային պահերին զսպել բողոքի ազգայնական ալիքները և պահպանել միջեկեղեցական երկխոսությունը։
Ո՞վ կլինի հաջորդը
Մինչև նոր պատրիարքի ընտրությունը, եկեղեցու գործերը կղեկավարի միտրոպոլիտ Շիո Մուջիրին, ում դեռ 2017-ին Իլյա երկրորդը նշանակել էր տեղապահ։
Ըստ եկեղեցական կանոնադրության՝ նոր գահակալը պետք է ընտրվի 40 օրից ոչ շուտ և 2 ամսից ոչ ուշ։ Թեկնածուն պետք է լինի ազգությամբ վրացի, 40-70 տարեկան, ունենա աստվածաբանական կրթություն և կուսակրոն լինի։
Նոր Կաթողիկոս-պատրիարքի ընտրությունը կկատարվի Սուրբ Սինոդի կողմից առաջադրված երեք թեկնածուներից՝ ընդլայնված եկեղեցական ժողովի քվեարկությամբ։
Ամփոփ Մեդիա
Պատրաստվել է վրացական աղբյուրների հիման վրա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 18/03/2026









