Առողջություն

Օձերը Հայաստանում․ դեպքեր, միֆեր եւ ահազանգեր

Վերջին շրջանում գրեթե ամեն օր Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում օձերի հայնաբերման վերաբերյալ հաղորդագրություն է տարածում։ Լուրն անմիջապես տեղ է գտնում առցանց լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում։ Միայն 2017թ․ հուլիսին օձերի հայտնաբերման վերաբերյալ շուրջ 61 ահազանգ է ստացվել։ Տպավորություն է ստեղծվում, որ այս տարի թունավոր օձերի աննախադեպ աճ է գրանցվել՝ հատկապես բնակելի վայրերում։

Այս ամառ օձի խայթոցի դեպքերից առաջին ամենաազդեցիկ լուրերից մեկը տարածել էր «Թերթ.am» կայքը՝ նշելով 17-ամյա աղջկա մահվան մասին, որին օձը իբր թե խայթել էր՝ ծառից վրան ընկնելով։ Լուրը կարճ ժամանակ անց հերքվեց «Արմենպրեսի» միջոցով․ նշվեց, որ նման դեպք տվյալ բնակավայրում եւ որեւէ այլ տեղ Հայաստանի տարածքում չի գրանցվել։

Միֆերն ու իրականությունը պարզելու համար «Ամփոփ Մեդիան» հարցում ուղարկեց Հայաստանի առողջապահության նախարարություն (ԱՆ) եւ Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)՝ խնդրելով տրամադրել 2014թ-ից 2017թ․ 1-ին կիսամյակի ընթացքում գրանցված օձերի հայտնաբերման, խայթոցների դեպքերի, հետեւանքների եւ ահազանգերի վերաբերյալ տեղեկատվություն։ Մի քանի տարվա տվյալների համադրությունն օգնեց խնդրի վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ստանալ։

Իրավիճակ

Ստացված տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ԱՆ եւ ԱԻՆ «թեժ գիծ» ծառայություններն օձերի հայտնաբերման մասին առաջին ահազանգերը ստանում են ապրիլ ամսից սկսած։ Օրինակ, ԱՆ «թեժ գիծ» ծառայությունը 2017թ. օձի խայթոցի առաջին դեպքն արձանագրել է ապրիլի 18-ին, իսկ 2016 թ-ին` ապրիլի 13-ին:

ԱՆ նախարարության տրամադրած տվյալների համաձայն, 2016թ․ գրանցվել է օձի խայթոցի 98, 2015թ․՝ 106 դեպք։ 2014թ․ օձի խայթոցների դեպքերը 103-ն են եղել։ Այս երեք տարիների ընթացքում օձի խայթոցի հետեւանքով մահվան միայն 2 դեպք է գրանցվել՝ 2015թ-ին։ Համաձայն ԱՆ պատասխանի, մահվան դեպքերից միայն մեկն է գրանցվել մինչեւ բուժօգնության տրամադրումը։ Որպես պատճառ նշվում է, որ տուժողը ուշացած է դիմել բուժհաստատություն։

ԱԻՆ տրամադրած տվյալների համաձայն, միայն 2017թ․ 1-ին կիսամյակում բնակիչների կողմից օձերի նկատված լինելու վերաբերյալ 297 ահազանգ է ստացվել։ Ահազանգի հիման վրա մեկնած ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայրերում հայտնաբերել են 145 օձ, որոնցից 63-ը՝ թունավոր։ Սովորաբար ամենից շատ ահազանգերը ստացվում են Երեւանից, իսկ ամենաքիչը՝ Տավուշի մարզից։ 2014թ․-2017թ․ 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի ողջ տարածքից ստացվել է 2043 ահազանգ․ դրանցից 1007-ը՝ միայն Երեւանից, իսկ Տավուշից ընդամենը 21-ը։ Տվյալ ժամանակահատվածում թվով 2-րդ մարզը, որտեղից ավելի շատ ահազանգեր են ստացվել, Կոտայքի մարզն է (345 ահազանգ)։

Պատճառներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հավաստիացնում են, որ ՀՀ տարածքում օձերի՝ բնակավայրեր եւ բնակելի շինություններ ներխուժելու երեւույթը նոր չէ, եւ նման դեպքեր մշտապես արձանագրվել են:

«Վերջին տարիներին այդ դեպքերի շատացման վերաբերյալ վիճակագրական որեւէ փաստ չի արձանագրվել. պարզապես հաճախակի են դարձել «911» ծառայություն ահազանգելու դեպքերը: Ընդհանուր առմամբ՝ բնակելի հատվածներ օձերի ներխուժման դեպքերի ավելացումը պայմանավորված կարող է լինել նաեւ մարդու կողմից նոր տարածքների բնակեցման եւ կենդանու տարածման գոտի հաճախակի այցելություններով»,- ասվում է «Ամփոփին» տրամադրված պատասխանում:

Նշվում է նաեւ, որ եղել են առանձին տարիներ, երբ բնականոն գործոններով պայմանավորված՝ կենդանիների թվաքանակը աճել կամ նվազել է: «Ինչ վերաբերում է կենդանու տարածման առավել վտանգավոր վայրերին եւ նրան հանդիպելու հավանականությանը, ապա սողունի տեսակով պայմանավորված՝ նրան կարելի է հանդիպել հանրապետության ողջ տարածքում, նույնիսկ ջրային ավազաններում», – զգուշացնում է ԱԻՆ-ը:

 Հակաթույն

Առողջապահության նախարարության համաձայն, Հայաստանի բուժհաստատություններում կիրառվում է «Շիճուկ օձերի թույների դեմ (գյուրզա, էֆա, կոբրա) ձիու պոլիվալենտ մաքրված հեղուկ լուծույթ ներարկման (500ՀՄ + 250ՀՄ + 150ՄՄ) 10մլ, 1 դեղաչափ ամպուլա (1)» հակաթույն դեղը։

Օձի խայթոցի դեմ տրամադրվող բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով, քանի որ «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների եւ վիճակների ցանկում:

«Հիվանդներին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով յուրաքանչյուր տարի՝ ապրիլին, շրջաբերական նամակ է ուղարկվում ՀՀ մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան եւ ՀՀ ԱՆ ենթակայության ու մասնավոր բժշկական հաստատութուններ, որով բժշկական կազմակերպությունների տնօրեններին առաջարկվում է ապահովել «օձի հակաթույնի» առկայությունը։ Բժշկական կազմակերպությունները պարտավոր են ունենալ «անտիգյուրզին» հակաթույնը»,- ասված է ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացված պատասխանում։

Հայաստանում հանդիպող թունավոր օձերը

Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները (տես պատկերը)։ Թունավոր են համարվում այն օձերը, որոնց վերին ծնոտի առջեւի մասում տեղավորված 2 խոշոր ժանիքանման ատամները կապված են թունավոր գեղձերի հետ։ Բացի նշված տեսակներից՝ Հայաստանում հանդիպում են նաեւ 2 տեսակի կեղծ թունավոր օձեր, որոնք վտանգավոր են մանր կենդանիների համար։ Դրանք են՝ մողեսանման օձը եւ կատվանման օձը։

Ինչպե՞ս խուսափել վտանգից

Մասնագետների կարծիքով՝ օձի խայթոցներից կարելի է խուսափել՝ ուշադիր նայելով ոտքերի տակ ու կողքերը, եթե բնության գրկում եք: Օձ տեսնելիս պետք է պարզապես կանգ առնել, չշարժվել: Օձը, հասկանալով, որ իրեն ոչինչ չի սպառնում, կհեռանա:

Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում

Օձի խայթոցի դեպքում տուժածը պետք է մնա անշարժ դիրքում: Համաձայն ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի, պետք է փորձել արտածծել թույնը: Սակայն, մասնագետի խոսքով՝ այս մեթոդը անթույլատրելի է, եթե օգնություն ցուցաբերողի բերանում վերք կա կամ վերջինս ունի ստամոքսի խոց:

Անհրաժեշտ է հնարավորինս արագ տուժածին բուժհաստատություն հասցնել, որտեղ նրան հակաթույն կներարկեն: Հակաթույնի առաջին չափաբաժինը նախընտրելի է ներարկել խայթոցից հետո առաջին 6 ժամվա ընթացքում: Որքան շուտ է դա արվում, այնքան բարձր են տուժածի բուժման շանսերը:

Կարեւոր է իմանալ, որ անթույլատրելի է կտրվածք անել խայթոցի հատվածում, վառել կամ ժգուտ դնել:

Աշխարհում

Ըստ համաշխարհային ցուցանիշների, ամենաշատ օձերը գտնվում են հարավարեւելյան Ասիայում, իսկ ամենաշատ թունավոր օձերը՝ Ավստրալիայում: Հարավարեւելյան Ասիայի Մյանմա պետությունում, օրինակ, 150 տեսակի օձ կա, որոնցից 40-ը՝ թունավոր: Այստեղ օձի խայթոցից մահացությունը կազմում է 8%, ինչը երկու անգամ բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Անի Պետրոսյանը

Ինֆոգրաֆիկան՝ Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 05/08/2017