Կրթություն

Ներառական կրթությունը Հայաստանի դպրոցներում

Ներառական կրթությունը ցանկացած երեխայի իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից է: Այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ և սովորելու հնարավորություն է տալիս հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց: Ներառական կրթությունը մշակվում է ավելի ճկուն մոտեցմամբ, որպեսզի բավարարի տարբեր կրթական պահանջներ ունեցող երեխաներին, և նրանք նույնպես դպրոցում սովորելու հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան։ Հայաստանը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Իսկ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

Իրավիճակ

Հայաստանի տարածքում առկա 1464 դպրոցներից միայն 291-ն են պաշտոնապես համարվում ներառական կրթություն իրականացնող: Սա կազմում է առկա դպրոցների մոտ 20 տոկոսը: Այս դպրոցների մեծ մասը Երևանում են։  Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) համաձայն, 2016թ․ դրությամբ Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան  8016 մարդ: 2012թ. ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտարարել էր, որ այլևս գոյություն չեն ունենալու ներառական կրթություն իրականացնող և չիրականացնող դպրոցներ: Այսինքն, Հայաստանում գործող բոլոր հանրակրթական դպրոցները մինչև 2025թ. պետք է դառնան ներառական, հասանելի և մատչելի լինեն բոլոր երեխաների համար։ Սակայն ներառական դպրոցների աճի դինամիկան ցույց է տալիս, որ գործընթացը շատ դանդաղ է առաջ ընթանում: Տարեկան միջինը 16 դպրոցում է անցում կատարվում ներառական կրթության, բացառությամբ 2015 և 2016 թթ., երբ ներառական կրթություն սկսեցին իրականացնել համապատասխանաբար 43 և 72 դպրոցներ:

Ըստ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրության, Հայաստանում գործում է ոչ թե ներառական, այլ ինտեգրված կրթություն: Այսինքն, ԿԱՊԿՈՒ երեխան ինտեգրվում է դպրոց, կրթություն է ստանում բոլորի հետ միասին, սակայն նրա նկատմամբ կիրառվում է տարբերակված մոտեցում: Ուսուցիչները բավարար ժամանակ չեն տրամադրում երեխայի հետ աշխատանքին: Թույլ է ծնողների հետ համագործակցությունը: Հասարակության մի հատվածը կարծրատիպային վերաբերմունք է դրսևորում ԿԱՊԿՈՒ երեխաների հանդեպ: Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում բացակայում են տարրական պայմանները հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Դպրոցները չունեն մատչելի թեքահարթակներ, սանհանգույցներ, ինչպես նաև համապատասխան մասնագետ-ուսուցիչներ: Ենթակառուցվածքի բացակայության, մանկավարժական անձնակազմին չվստահելու, հասարակության կարծրատիպային մոտեցման պատճառով ծնողների մի մասը ձգտում է երեխային թաքցնել շրջապատից, չուղարկել դպրոցական կրթության:

Պատմական ակնարկ  

Կրթության մատչելիությունն ու հասանելիությունը, որպես հասարակության զարգացման ու առաջընթացի հիմնական միջոց, ամրագրվել են  դեռևս 1990-ականներին, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿO-ի անդամ երկրների կողմից ընդունվեցին «Երեխաների իրավունքների կոնվենցիան» և «Կրթությունը բոլորի համար համաշխարհային հռչակագիրը»։ 1994թ. աշխարհի 92 երկրների կառավարությունների ու 15 միջազգային կազմակերպությունների կողմից ստորագրված «Սալամանկայի հռչակագիրը» սահմանեց, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթական առանձնահատկություններ և կրթության հիմնարար իրավունք: Համաձայն այս հռչակագրի, կրթական ծրագրերը պետք է մշակվեն և իրականացվեն՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները: Ներառական կրթության գաղափարը Հայաստանում տեղ գտավ հռչակագրի ստորագրումից 11 տարի անց` 2005թ․, երբ ընդունվեց համապատասխան օրենքը։  Դրանից միայն երկու տարի անց Երևանի 10 դպրոցներ ստացան ներառական դպրոցի կարգավիճակ:

Փաստարկ

Հայաստանում ներառական կրթություն իրականացվում է հիմնականում Երևանում և մասամբ՝ մարզերում: Այդ պատճառով էլ մարզերում հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս են մնում կրթական համակարգից: Ներառական կրթության առանձնահատկությունն այն է, որ կրթությունը պետք է հիմնվի բազմազանության վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները և կարիքները: Դպրոցը, իր հերթին, պետք է բացահայտի և չեզոքացնի ուսումնական գործընթացում լիարժեք մասնակցությանը խոչընդոտող գործոնները բոլոր աշակերտների համար: Իսկ պետական մակարդակով ներառական կրթության համար պետք են խորքային և երկարաժամկետ փոփոխություններ, դրանց իրականացմանն ուղղված աջակից կառույցներ և ռեսուրսներ, ինչպես օրինակ՝ ուսուցիչների, վարչական անձնակազմի, աշակերտների և ծնողների հատուկ կենտրոններ: Մինչև 2005թ․ ներառական դպրոցները ֆինանսավորվում էին երկու ձևով՝ տիպային և փորձնական: Այսինքն ԿԱՊԿՈԻ երեխաների համար ֆինանսավորումը մոտ 4-5 անգամ ավել էր՝ տարեկան 400.000-ից 500.000 դրամ, մինչդեռ մյուս երեխաներինը 100․000 ՀՀ դրամ էր: Այժմ ֆինանսավորումը կատարվում է ըստ կարիքի: Ներառական դպրոցների տնօրենների մի մասը գտնում է, որ հատկացվող գումարը չի բավարարում ուսուցիչների և մասնագետների վերապատրաստմանը, ներառական կրթության համար անհրաժեշտ նոր մեթոդների, ուսումնական նյութերի ու խաղերի անընդհատ թարմացմանը: Մյուս խնդիրն այն է, որ կան դպրոցներ, որոնք ներառական կրթությանը վերաբերվում են որպես ֆինանսական նոր աղբյուրի՝ ներկայացնելով ներառական կրթության կարիք ունեցող աշակերտների ավելի մեծ թիվ, քան իրականում կա:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Առավոտ օրաթերթի անդրադարձը ներառական կրթության մասին
  • Disabilityinfo կայքի անդրադարձը ներառական կրթությանը,
  • Կրթության մասին ՀՀ օրենքը,
  • ՀՀ-ում ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը,
  • Education transition for children with disabilities in Armenia Research report,
  • An assessment of implementation of inclusive education in the Republic of Armenia:

Ամփոփեց Մարիամ Սարիբեկյանը

Ինֆոգրաֆիկաները՝ Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 16/12/2016