Քաղաքական

#ԱԺ2018. Քաղաքական ուժերի առաջին տասը թեկնածուները` տարիք, զբաղմունք, ընտրատարածք /ինֆոգրաֆիկա/

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում կպայքարի 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն: Ընդհանուր առմամբ նախապես գրանցվել էր 1485 թեկնածու, որոնցից 53-ը դեկտեմբերի 4-ի դրությամբ ինքնաբացարկ էր ներկայացրել:

Ampop.am-ն ամփոփ ձևաչափով՝ ինֆոգրաֆիկաների միջոցով, ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համապետական ցուցակում ընդգրկված առաջին 10 թեկնածուներին, որոնք ըստ էության յուրաքնաչյուր քաղաքական ուժի կորիզն են: Պատկերներում, մասնավորապես, առանձնացրել ենք յուրաքանչյուր կուսակցության թեկնածուների տարիքը, կուսակցական պատկանելիությունը, աշխատավայրը (զբաղեցրած պաշտոն, զբաղմունք), ինչպես նաև ռեյտինգային ցուցակով նրանց ընտրական տարածքն ու քվեաթերթիկում զբաղեցրած համարը: Պատկերների հերթականությունը ներկայացված է ըստ քաղաքական ուժերի համարների, որոնցով նրանք մասնակցում են ընտրություններին:

Համար 1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)

«ՀՀԿ» համապետական ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, ով «Լույս հիմնադրամ»-ի գործադիր տնօրենն ու «ՀՀԿ» նախագահի 1-ին տեղակալն է: Առաջին տասնյակում հիմնականում «ՀՀԿ» անդամներ են, բացի՝ երեքից: Կան երկու անկուսակցականներ` Դավիթ Շահնազարյանը և Մենուա Հարությունյանը: Դավիթ Շահնազարյանը 1994-1995թթ. եղել է  Ազգային անվտանգության պետական վարչության պետ: Նշենք նաև, որ նա 2008-2012թթ. եղել է «ՀԱԿ» անդամ: Մյուս անկուսակցականը՝ Մենուա Հարությունյանը, հանդիսանում է Slaq.am կայքի և «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր: «ՀՀԿ» համապետական ցուցակի տասնյակը եզրափակում է ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Իսկ համապետական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Արման Սահակյանը, ըստ ԿԸՀ-ում առկա տեղեկատվության, չի աշխատում: Ներկա պահին նա միայն «ՀՀԿ» խորհրդի անդամ է: Տասնյակում ընդգրկված է իգական սեռի երկու ներկայացուցիչ՝ ԱԺ փոխնախագահ, «ՀՀԿ» ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր, «ՀՀԿ» խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը:

Համար 2. «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն

Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորում է տնտեսագետ Սուրեն Սահակյանը: Առաջին տասնյակում ընդգրկված բոլոր թեկնածուները Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից են: ԿԸՀ-ում առաջին տասնյակի թեկնածուների աշխատավայրի մասին որևէ տեղեկատվություն չկա, փոխարենը, նշված է թեկնածուներից յուրաքանչյուրի մասնագիտությունը: «ՔՈ» կուսակցության առաջին տասնյակում ընդգրկված է իգական սեռի երկու ներկայացուցիչ՝ Ռուզաննա Տոռոզյանը, ով Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի Գորիսի մասնաճյուղի տնօրենն է: Եվ Աստղիկ Մելքոնյանը, ով, ի դեպ, տասնյակում ամենաերիտասարդն է՝ 27 տարեկան:

Համար 3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)

«ՀՅԴ» համապետական ցուցակը գլխավորում է ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս, ինչպես նաև առաջին տասնյակից ևս երկու թեկնածու, չեն առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով՝ «ՀՅԴ» ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը և ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: Ըստ ԿԸՀ-ում առկա տվյալների՝ առաջին տասնյակից Արթուր Խաչատրյանը (Շիրակի նախկին մարզպետ), Արծվիկ Մինասյանը (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար),  և Աշոտ Սիմոնյանը (Արագածոտնի նախկին մարզպետ), չեն աշխատում: «ՀՅԴ» կուսակցության առաջին տասնյակում ընդգրկված է իգական սեռի երկու թեկնածու՝ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը և մանկաբույժ Նունե Պետրոսյանը:

Համար 4. «Իմ Քայլը» դաշինք

«Իմ Քայլը» դաշինքի համապետական ցուցակը գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս չի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: «Իմ Քայլը» դաշինքի առաջին տասնյակի բոլոր թեկնածուները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են: «Իմ Քայլը» համապետական ցուցակում թեկնածուների մեծ մասը գործադիր իշխանության ներկայացուցիչների պաշտոնակատարներ են, և, հաշվի առնելով այն կանխատեսումները, որ «Իմ Քայլը» դաշինքն ԱԺ-ում կունենա մեծամասնություն, մեծ է հավանականությունը, որ առաջին տասնյակում ընդգրկված թեկնածուները վարչապետի ընտրությունից հետո ընդգրկվեն ապագա ձևավորվող կառավարության կազմում: Թեկնածուներից միայն երկուսն են ԱԺ պատգամավոր՝ Ալեն Սիմոնյանը և ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: «Իմ Քայլը» դաշինքի առաջին տասնյակում ևս կա իգական սեռի երկու ներկայացուցիչ՝ ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Համար 5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Առաջին տասնյակում է նաև Մանե Թանդիլյանը, ով չնայած հրաժարական է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, սակայն ԿՀԸ-ում նշված է որպես նախարար: Կուսակցության առաջին տասնյակում կա երկու անկուսակցական՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am կայքի հիմնադիր) տնօրեն Արման Բաբաջանյանը և ԵՊՀ դոցենտ, «Ի Էլ Էլ» գործընկերություն ՓԲԸ իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Տարոն Սիմոնյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակի առաջին տասնյակում կա իգական սեռի երեք ներկայացուցիչ՝ Մանե Թանդիլյանը, Անի Սամսոնյանը (Երևանի ավագանու անդամ, ամենաերիտասարդը տասնյակում՝ 28 տարեկան) և  Աննա Կոստանյանը (չի աշխատում):

Համար 6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

Այս կուսակցության ցուցակը գլխավորում է Քրիստոնեա-դեմոկրատական շարժման (ՔԴԿ) նախագահ, քաղաքագիտության դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանը, որը սակայն, ըստ ներկայացված տվյալների, ՔԴԿ-ի անդամ չէ և անկուսակցական է: Շիրինյանը և առաջին տասնյակի ևս չորս թեկնածու անկուսակցական են (տես պատկերում)՝ Մարիամ Մանուկյանը, Հայկ Սուքիասյանը, Վարդան Սրտաշյանը և Անուշ Սարգսյանը: Տասնյակում են նաև երկու այլ կուսակցությունների ներկայացուցիչներ՝ Գևորգ Հովսեփյանը (Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն) և Միքայել Քացախյանը («ՀԱՅՔ» Հայկազուններ կուսակցություն): Տասնյակում կա իգական սեռի երկու ներկայացուցիչ:

Համար 7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)

ԱԺ ընտրարշավին մասնակցող 11 քաղաքական ուժերից միայն «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համարն է կին: Այս կուսակցության ցուցակը գլխավորում է սոցիոլոգ Լուսինե Հարոյանը: ԱԱԿ-ի անդամների աշխատավայրը ևս նշված չէ ԿԸՀ ներկայացված տվյալներում. թեկնածուները ներկայացված են ըստ մասնագիտությունների: Բոլոր անդամներն «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամներ են: Կուսակցության համապետական ցուցակի առաջին տասնյակում ներկայացված է իգական սեռի չորս թեկնածու՝ սոցիոլոգ Լուսինե Հարոյանը, նախագծող-ճարտարագետ Մանե Բաբայանը, իրավապաշտպան Աղավնի Օհանյանը, բժիշկ Հասմիկ Աղինյանը:

Համար 8. «Մենք» դաշինք

«Մենք» դաշինքը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը: Կուսակցությունը դաշինք է կազմել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, որի նախագահը Խաչատուր Քոքոբելյանն է: Առաջին տասնյակում ընգրկված է «Հանրապետություն» կուսակցության 3, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ 5 ներկայացուցիչ: Առաջին տասնյակում ներառված են նաև անկուսակցականներ՝ Բորիս Նազարյանը («Հիդրոէկելտրաշին» ՍՊԸ ներկայացուցիչ) և Անահիտ Ադամյանը (Irates.am կայքի քաղաքական մեկնաբան): Իգական սեռի ներկայացուցիչներն առաջին տասնակում երեքն են՝ Անժելա Խաչատրյանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ), Անահիտ Ադամյանը (Irates.am, քաղաքական մեկնաբան) և Սոնա Մինասյանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության մամուլի խոսնակ):

Համար 9. «Օրինաց Երկիր » կուսակցություն

Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը չի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: Ցուցակում, և մասնավորապես առաջին տասնյակում, հայտնի «ՕԵԿ»-ականներն են՝ Մհեր Շահգելդյանը (ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիա), Հեղինե Բիշարյանը (Եվրոպական համալսարանի ռեկտոր): «ՕԵԿ»-ի առաջին տասնյակում  է նաև Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը, Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի ղեկավար Մարինե Քոչարյանը, Եվրոպական ակադեմիայի Գյումրու և Իջևանի մասնաճյուղերի տնօրեններ՝ Հասմիկ Եղիազարյանը և Վահե Վարդապետյանը: Առաջին տասնայում կա իգական սեռի երեք ներկայացուցիչ:

Համար 10. «Սասնա Ծռեր» կուսակցություն

«Սասնա Ծռեր» կուսակցությունը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը: Վերջինս և կուսակցության համապետական ցուցակում ներկայացված առաջին տասնյակի 6 թեկնածու, ըստ ԿԸՀ տվյալների, չեն աշխատում: Տասնյակում ներառված է անկուսակցական, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ՀԿ նախագահ Ստեփան Գրիգորյանը, ինչպես նաև Ժողովրդավարական հայրենիք կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Տասնյակում են իգական սեռի երկու ներկայացուցիչներ՝ լրագրող Հերմինե Մկրտչյանը և Կառա Չոբանյանը: Վերջինս զբաղվում է բիզնեսով: Նշենք, որ ազատամարտիկ Ժիրար Սեֆիլյանը չի ներառվել «Սասնա Ծռեր» կուսակցության համապետական ցուցակում, քանի որ վերջինիս չտրվեց ՀՀ քաղաքացիություն:

Համար 11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)

Ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով նույնպես չի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: «ԲՀԿ» ցուցակի առաջին տասնյակում ևս կարելի է տեսնել քաղաքական ասպարեզից ճանաչված դեմքերի, որոնք ԱԺ վերջին գումարման պատգամավորներ են՝ Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Տիգրան Ուրիխանյան, Վահե Էնֆիաջյան և այլք: Տասնյակում է նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդատու Արման Աբովյանը: «ԲՀԿ» ցուցակի առաջին տասնյակում ներառված է իգական սեռի երկու թեկնածու՝ ԱԺ պատգամավորներ Նաիրիա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:

Փորձագետի կարծիք



Ամփոփումն ու ինֆոգրաֆիկաները` Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Հղումների պահոց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 05/12/2018