Ընտրություններ

#ԱԺ2018 նախընտրական ծրագրեր. «Իմ քայլը», ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Քաղաքացու որոշում»

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 11 քաղաքական ուժերից յուրաքանչյուրը յուրովի մեկնարկեց քարոզարշավը։ «Ամփոփ մեդիան» երկու մասից բաղկացած նյութով ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջարկներն ու ծրագրային դրույթները, որտեղ առկա են նաև ակտիվ հղումներ դեպի տվյալ քաղաքական ուժերի ամբողջական ծրագրերը: Այստեղ ներկայացված են 11 քաղաքական ուժերից հինգը: Մյուս վեցի ծրագրային առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը հրապարակային ներկայացվեց պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 25-ին կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում։ Հաջորդ օրը Շիրակի մարզից մեկնարկեցին քաղաքացիների հետ հանդիպումները։

«Իմ քայլը» դաշինքի ծրագրի հիմնական դրույթներն են՝

ա) ինքնիշխան, պաշտպանված և դիմակայուն պետություն,

բ) խելացի, առողջ և սոցիալապես պաշտպանված հասարակություն,

գ) արդյունավետ կառավարում և օրենքի գերակայություն։

Դաշինքի ներկայացուցիչների համոզմամբ՝ առաջիկա հինգ տարում վերոնշյալ դրույթներում ամփոփված 50 քայլով իրականություն կդառնա նրանց կարգախոսը, այն է՝ երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն։

Առաջին դրույթը կյանքի կոչելու ճանապարհը, ըստ ծրագրի, բանակի մարտունակության հետևողական բարձրացումն ու պաշտպանության և անվտանգության համակարգի արդիականացումն է՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման և ծառայության պայմանների բարելավման միջոցով։

Արտաքին քաղաքականության ոլորտում դաշինքը շեշտը դնելու է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման և հայրենադարձության վրա։

Դաշինքը քվե է ուզում տնտեսական հեղափոխությունն իրականություն դարձնելու համար և այդ նպատակով նախատեսում է յոթ քայլ: Դրանցից կառանձնացնենք երկուսը՝ հարկային դրույքաչափերի իջեցումն ու մինչև 20 մլն շրջանառություն ունեցող ՓՄՁ-ներին հարկային պարտավորություններից ազատումը։ Ի դեպ, առաջինը ենթադրում է եկամտային հարկի համահարթ՝ 23 տոկոս դրույքաչափ՝ 2019թ. հունվարից։ Այս փաստը թեժ քննարկումների առիթ դարձավ արդեն նախորդ ԱԺ-ում։

Երկրորդ դրույթի՝ խելացի, առողջ և սոցիալապես պաշտպանված հասարակություն կերտելու ճանապարհը, ըստ «Իմ քայլը» դաշինքի, մրցունակ կրթություն, զարգացած գիտություն, հասանելի առողջապահություն և սոցիալական պաշտպանության կայուն համակարգ ունենալն է։ Դաշինքի ներկայացուցիչների վստահեցմամբ՝ վերջին կետը թույլ կտա առաջիկա հինգ տարում գործազրկության մակարդակն իջեցնել 5, իսկ աղքատությանը՝ 10%-ով։

Երրորդ դրույթը ենթադրում է անկախ դատարանների գոյություն և անցումային արդարադատության ներդրում, զուգահեռաբար՝ հակակոռուպցիոն պայքար՝ որոշակի մեխանիզմներով։ Մանրամասներին ծանոթացեք այստեղ` «Իմ քայլը» դաշինքի ծրագիր:

Ի տարբերություն «Իմ քայլի», Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ծրագիրը բավականին սեղմ է, բայց՝ կարգախոսին «սերտաճած». սև ու սպիտակ դարձերեսով բրոշյուրի՝ «Եթե մտահոգ ես…ընտրիր Հանրապետականին» վերնագիր-կարգախոսի ներքո մտահոգության «առարկաներն» ու արժեքներն են։ ՀՀԿ-ի օրակարգի թիվ մեկ խնդիրն Արցախի անվտանգ ապագան ու կայուն զարգացումն է, անհանգստության պատճառը՝ արտաքին կապերի անորոշ հեռանկարը։ Այս առումով ՀՀԿ-ականները վստահեցնում են՝ վարելու են երկարաժամկետ, ՀՀ շահերից բխող քաղաքականություն։

Ավանդական ընտանիքն ու եկեղեցին բարձրագույն արժեքներ համարող ուժը տնտեսական առաջնահերթությունների շարքում շեշտում է մենաշնորհների վերացումը, ՓՄՁ խրախուսումը։

Իր իսկ կողմից ներդրված «Ազգ-բանակ» հայեցակարգը դիտարկելով որպես երկրի պաշտպանունակության, կայուն ու անվտանգ զարգացման երաշխիք՝ ՀՀԿ-ն նշում է դրա ամրապնդման ուղիները։ Հիմնավորումը, թե ինչու պետք է ընտրել իրենց, նույնպես ներառված է ծրագրում.

Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ,

Գիտենք և ընդունել ենք մեր սխալները։

ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Արմեն Աշոտյանի համաձայն, կուսակցությունն այս անգամ քարոզարշավն ավանդական ձևով՝ բակային հանդիպումներով չի անցկացնի։ Հանրապետականների ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ` ՀՀԿ կուսակցության ծրագիր:

Արամ Մանուկյանի արձանի մոտից քարոզարշավը մեկնարկած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ) ևս  փորձում է ընտրազանգված հավաքել՝ հիշեցնելով իր անցած ուղին։ «Հավատարիմ հողին ու հային» կարգախոսով ընտրությունների գնացող ուժի նախընտրական ծրագրի առաջին հենասյունը՝ ազատ անհատ և համերաշխ հասարակություն, որոշակի նմանություն ունի «Իմ քայլի» կարգախոսին:

Միայն թե այդ դրույթն իրագործելու ուղին տնտեսական կայուն աճով պայմանավորող դաշնակցականները համոզված են, որ եկամտահարկի համահարթեցումը, այսինքն՝ միասնական դրույքաչափի կիրառումը անկախ եկամտի չափից, սոցիալական անհավասարությունը չի մեղմելու։

Երկրորդ հենասյան՝ պատասխանատու պետություն և ակտիվ տնտեսական քաղաքականության առանցքում, դաշնակցականների համոզմամբ, պետք է լինի պետություն-գործարար հատված սերտ համագործակցությունը՝ հայրենական արտադրողին ցուցաբերվող աջակցությամբ, տեսչական բեռի թեթևացմամբ և հակամենաշնորհային պայքարի ուժեղացմամբ։

ՀՅԴ-ն նաև առաջարկում է ապահովել պետական մարմինների գործունեության թափանցիկություն, ներդնել հանրային ծառայողների արժանավայել կենսամակարդակ երաշխավորող վարձատրության համակարգ, ընդդիմության և քաղհասարակության մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին։

Վերջին՝ երրորդ հենասյունն անկախ և հզոր պետությունն է։ Հայաստանը, որն Արցախի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորն է, ըստ ՀՅԴ-ականների, պետք է ռազմաքաղաքական պայմանագիր կնքի Արցախի հետ՝ միաժամանակ շարունակելով աշխատանքներն Արցախի միջազգային ճանաչման և բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ։

Անվտանգության ապահովման ամենահուսալի տարբերակը ՀՅԴ-ն համարում է «Ազգ-բանակ» հայեցակարգի տրամաբանությամբ հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, կամավոր պրոֆեսիոնալ զինվորականների շրջանակի ընդլայնումը, սպայական անձնակազմի համար ապրուստի արժանավայել պայմանների ապահովումը։ Իսկ արտաքին քաղաքականության մեջ անփոփոխ առաջնահերթություն է մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Կուսակցության ծրագրին ծանոթացեք այստեղ` ՀՅԴ ծրագիր:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) իր 36 կետանոց նախընտրական ծրագիրն առաջինը ներկայացրել է լրագրողներին։ Նրանում նկատելի տնտեսական շեշտադրումների պատճառը ԲՀԿ պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանը պարզաբանեց այսպես. «ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդեն տնտեսական ու տեխնոլոգիական հեղափոխությունները»։ Այս ուժի նախընտրական ծրագրի առաջին կետով առաջ է քաշվում նվազագույն աշխատավարձի բարձրացման խնդիրը, բայց հստակ չափն ու ուղիները չեն նշվում։

Այլ ուժերի հետ ծրագրային որոշակի ընդհանրություններ ունենալով՝ ԲՀԿ-ն առաջարկների հարցում որոշակի առանձնահատկություններ ունի, օրինակ՝ առաջարկում են առաջիկա երեք տարում անցնել շրջանառության հարկով հարկման համակարգին, իսկ հարկային պարտավորություններից ազատել ոչ թե մինչև 20, այլ մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող ՓՄՁ-ներին։ Մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարել, ԲՀԿ-ականների համոզմամբ, կհաջողվի հակամենաշնորհային օրենքի ընդունման դեպքում։

Ահա ԲՀԿ ծրագրից ևս երկու կետ. դրանցից մեկով առաջարկվում է զգալիորեն իջեցնել էլեկտրաէներգիայի և գազի սակագները, իսկ մյուսով՝ յուրաքանչյուր տարի պետբյուջեի ծախսային մասի 5 տոկոսն ուղղել ռազմարդյունաբերության զարգացմանը։

Իսկ թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին 11 ուժերից ընտրի հենց ԲՀԿ-ին, Միքայել Մելքումյանը կարճ պատասխանեց. «Քանի որ մեր անցած ճանապարհը տեսանելի է»։ Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ` ԲՀԿ ծրագիր:

Ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՔՈ կուսակցություն) իր գրանցման վկայականը ստացել է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետից մեկ օր առաջ:

Ինչպես ասում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Կիրակոսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության ձևավորումը սկսվել է մայիսյան հեղափոխությունից մեկ ամիս հետո և այս նորաստեղծ քաղաքակական միավորը գալիս է քաղաքական նոր մշակույթ ստեղծելու նպատակով:

«Մեր կուսակցությունը ձևավորվել է երկու ուղղություններից` քաղհասարակության սեկտորից և փողոցում պայքարող քաղաքացիներից: Մենք կոնսոլիդացվում ենք մեր ընդհանուր գաղափարների շուրջ, որի հիմքում թափանցիկության ստեղծումն է, քաղաքական կյանքում նորմալ գործառույթների կազմակերպումն է, որպեսզի ցանկացած քաղաքացի մասնակցելու հնարավորություն ունենա»,- ասում է Կիրակոսյանը:

Առաջարկվող ծրագրին ծանոթացեք այստեղ` ՔՈ կուսակցության ծրագիր:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը

Պատասխանատու խմբագիր` Աստղիկ Գևորգյան

Հավելյալ աղբյուրներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 06/12/2018