Ընտրություններ

Փաստարկում. Ինչպես զայրացնել հանրությունը՝ ելույթից մի հատված մատուցելով

Նոյեմբերի 26-ին` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկային օրը, «Իմ քայլը» դաշինքն իր քարոզարշավը սկսեց Արագածոտնի մարզի Թալին  քաղաքից: Այստեղ ելույթ ունեցողների շարքում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում 7-րդ համարի ներքո հանդես եկող Սասուն Միքայելյանը, որի ելույթը քննարկումների բուռն ալիք բարձրացրեց: Նման թեժ քննարկման հիմքում լրատվամիջոցներում հայտնված հետևյալ վերնագիրն էր:

«Հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան»

Asekose.am կայքից

Մասնավորապես, Asekose.am և Yerkir.am լրատվական կայքերը մի քանի րոպեի տարբերությամբ վերը նշված վերնագրի ներքո հրապարակեցին նույնաբովանդակ նյութ։ Ի տարբերություն Yerkir.am կայքում տեղադրված նյութի, Asekose.am կայքում առկա նյութը պարունակում էր նաև ելույթի տեսանյութը։ Այս հրապարակումները շղթայական ռեակցիայով տարածում գտան այլ լրատվականներում ևս:

Հայտնի է, որ սոցիալական ցանցերում շատ օգտատերեր, տեղեկատվական հոսքերին հետևելով, բավարարվում են միայն լրահոսում հայտնված նյութերի վերնագրերն ընթերցելով` առանց ներկայացված թեմայի բուն էությանը ծանոթանալու: Միայն այս տողերը` վերնագրի տեսքով, ընթերցողի վրա բացասական ազդեցություն են թողնում, այնինչ ամբողջական կոնտեքստում, կարծես, պարզ է դառնում, թե ինչ նկատի ուներ ազատամարտիկ Սասուն Միքայելյանը նման արտահայտություն անելիս: 

Սասուն Միքայելյանն ասել է հետևյալը (տեսանյութն` այստեղ).

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը։ Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, թե ինչ մարդիկ,  ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին։ Այսօր եկել է ժամանակը՝ մեր հաղթանակներով, մեր կամքի ուժով, մեր տեսակով գնանք դեպի փայլուն ապագա և դա պետք է արվի ամեն մի անհատի ձայնի, գործի շնորհիվ»։

Ստորև պատկերի միջոցով ներկայացված են «Գուգլ» որոնողական համակարգում այդ վերնագրով ելույթը տարածած լրատվամիջոցների ոչ ամբողջական ցանկը:

«Հայկական Ժամանակ» օրաթերթը, որպես հրապարակման վերնագիր, ելույթից մեկ այլ հատված էր ընտրել` շեշտը դնելով Միքայելյանի՝ նախկին իշխանությունների նկատմամբ վերաբեմունքի վրա.

«Նախկին սատկած կռիսները տարբեր մեկնաբանություններ են տալիս, որին չպետք է խաբվել»։

Սասուն Միքայելյանի նման համեմատությունը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից: Կրքերն ավելի բորբոքվեցին, երբ դրա մասին տարբեր հարթակներից սկսեցին խոսել քաղաքական օպոնենտները:  

«ՀՅԴ» կուսակցության պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը  կուսակցական քարոզարշավին, չթաքցնելով իր վրդովմունքը, ելույթի ընթացքում Միքայելյանի մասին ասաց հետևյալը.

«Երկու տարբերակ կա՝ կա՛մ Սասուն Միքայելյանը չի հասկացել՝ ինչ է ասում, կա՛մ սա ուղղակի Արցախյան պայքարը նսեմացնելու փորձ է»:

Հետաքրքիր էր նաև, որ այս արտահայտությանն անտարբեր չմնաց նաև Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա էլ ֆեյսբուքյան իր էջում էր գրառում կատարել, որը մեկ օր անց, սակայն, հեռացրել էր:

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Իսկ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն այս առիթով տարածեց հայտարարություն.

«Զայրույթ է հարուցում այն, որ քարոզարշավի ժամանակ Արցախյան ազատամարտը շահարկվում ու նսեմացվում է՝ ի նպաստ ինչ-որ կուսակցական շահերի: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է, որ նման հայտարարություններն արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ: Սթափվե՛ք, տղանե՛ր»:

Արդեն մի քանի ժամ անց` Շիրակի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ, Սասուն Միքայելյանը հանդես եկավ պարզաբանմամբ: Նա մասնավորապես նշեց, որ իր նախորդ հայտարարությունը տարընթերցումների ու թյուրըմբռնումների տեղիք է տվել:

«Որոշ մարդիկ ուրիշ ձև են մեկնաբանում կամ պատկերացնում, բայց եթե չլիներ այս հաղթանակը, ապա Արցախյան ազատամարտն էլ հաջողություն չէր ունենա։ Այսօրվա մեր համախմբվածությունը մի քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու ժողովրդից։ Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք, ով ասում էր, թե չի տեսել մի ժողովուրդ, որ պատերազմ սիրի, բայց չի տեսել մի ժողովուրդ, որ իր հաղթանակը չսիրի։ Բայց նախորդ իշխանությունները մեզ բաժան-բաժան անելով չթողեցին զգալ մեր հաղթանակի գինը։ Բայց այսօր՝ մենք՝ մեր միասնությամբ, պարտավոր ենք ամրապնդել Արցախի սահմանները, ազատագրված ՀՀ-ով Արցախ աշխարհի սահմանը կամրապնդենք»,- ասվում է Սասուն Միքայելյանի խոսքում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում ունեցած ելութի ժամանակ, անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքերին. նշեց, որ ինքը համաձայն է Սասուն Միքայելյանի հետ, քանի որ եթե տեղի չունենար հեղափոխությունը, ապա Արցախյան պատերազմում տարած հաղթանակը վտանգի տակ կհայտնվեր։

Իսկ արդեն երեկոյան՝ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում Միքայելյանը նշեց, որ լավ կլիներ, որ մարդիկ կարդային կամ լսեին ամբողջական ելույթը, և ոչ թե կարծիք կազմեին՝ կարդալով միայն մամուլում հրապարակված վերնագրերը։

Փորձագետի կարծիք



Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 28/11/2018