Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի բնակիչների շրջանում վերջին օրերին անհանգստություն է առաջացել գիշերային ժամերին անհայտ անձի շրջելու մասին տեղեկությունների պատճառով։
Բնակիչների փոխանցմամբ՝ այդ անձը գիշերները հարվածել է տների դռներին ու պատուհաններին, ինչից հետո գյուղում մարդիկ ավելի զգոն են դարձել։
Այս պատմությունը լայն հանրության ուշադրության արժանացավ օգոստոսի 16-ին՝ Shamshyan.com-ի հրապարակումից հետո։ Աղբյուրը նշում էր, որ Մալիշկայում ավելի քան 10 օր գիշերային ժամերին անհայտ դիմակավորված անձը քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները և փորձում վախեցնել բնակիչներին։
«Ամփոփ Մեդիան» զրուցել է Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանի և բնակիչներից մեկի հետ՝ պարզելու, թե որ տեղեկությունն է հաստատվում այս համայնքից։
Մալիշկան Վայոց ձորի խոշոր բնակավայրերից է։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 4460 մարդ, իսկ վերջին պաշտոնական աղբյուրներում նշվում է 5300-ից ավելի բնակիչ։ Մալիշկան սահմանային բնակավայր չէ, ուստի դեպքը Ադրբեջանի կամ սահմանային անվտանգության հետ կապելու համար այս պահին որևէ փաստական հիմք չկա։
Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանի խոսքով՝ դեպքի մասին տեղեկացել է մի քանի օր առաջ և նույն օրը տեղեկությունը փոխանցել ոստիկանությանը։
«Տեղեկացել եմ երեք օր առաջ և անմիջապես տեղեկացրել ոստիկանությանը։ Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Այլ մանրամասների չեմ տիրապետում»,– «Ամփոփ Մեդիային» փոխանցել է Նազարյանը։
Բնակիչներից 50-ամյա մի կին, ով չցանկացավ ներկայանալ, «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում պատմեց, որ գյուղում վերջին օրերին խոսվում է գիշերային ժամերին անհայտ անձի հայտնվելու, տների դռներին կամ պատուհաններին հարվածելու և բնակիչներին անհանգստացնելու դեպքերի մասին։ Նրա խոսքով՝ բնակիչները փորձել են բռնել այդ անձին, սակայն նա կարողացել է հեռանալ։
«Ասում են՝ պտտվում է, խփել է դռներին, փորձել են բռնել, բայց բավականին ճարպիկ փախել է՝ մինչև գյուղի վերևը։ Ենթադրում եմ՝ այնտեղից մեքենայով անհետացել է»,– ասաց նա։
Բնակչուհու փոխանցմամբ՝ գյուղում մարդիկ զգոն են, իսկ ոստիկանությունը վերջին օրերին ստուգումներ է իրականացնում։ Անձին հայտնաբերելու նպատակով ստուգումներ են իրականացվում նաև Եղեգնաձորում և հարևան համայներում։
«Հիմա Եղեգնաձորում ոստիկանները բոլոր մեքենաները ստուգում են, համատարած ռեյդ է։ Բոլորը փորձում են ինչ-որ բան անել, հասկանալ՝ ինչ է կատարվում»,– նշեց բնակիչը։
Գյուղում շրջանառվել է նաև տեղեկություն, թե անհայտ անձը կարող է հասած լինել Ազատեկ, որը Մալիշկայից մոտ 17 կմ կամ շուրջ 25 րոպե մեքենայով է հեռու։ Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես հաստատված չէ։
Այս պահին իրավապահ մարմինները դեռ չեն հրապարակել տեղեկություն անհայտ անձի ինքնության կամ նրան հայտնաբերելու վերաբերյալ։
Պատրաստեց Գոհար Սարգսյանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 17/08/2026










