Մեր մասին Էթիկա











Լրահոս • Միջազգային

Հիջաբի շուրջ բողոքներ Ադրբեջանում․ ինչ է փոխվել դպրոցներում, և ինչու են մարդիկ փողոց դուրս եկել

Ադրբեջանի դպրոցներում հագուստի նոր պահանջների կիրառումը բողոքների է հանգեցրել Բաքվում և երկրի այլ հատվածներում։ Աշակերտները բոյկոտել են դասերը, իսկ իշխանությունները հայտնել են տասնյակ ձերբակալվածների մասին։

Ադրբեջանի մի շարք դպրոցներում բողոքներ են սկսվել այն բանից հետո, երբ նորացված հագուստի կանոնների կիրառման արդյունքում հիջաբ կրող որոշ աշակերտուհիների և ուսուցչուհիների չեն թույլատրել մտնել դպրոցներ կամ շարունակել դասավանդել։ Բողոքի ակցիաների մասնակիցները պնդում են, որ հիջաբը չպետք է խոչընդոտ լինի կրթություն ստանալու համար։

Բաքվի Բալախանի բնակավայրի թիվ 69 դպրոցում աշակերտների մի մասը հրաժարվել է մասնակցել դասերին՝ ի նշան համերաշխության հիջաբ կրող համադասարանցիների։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երեխաները կանգնել են դպրոցի դիմաց «Հիջաբը կրթության խոչընդոտ չէ» գրությամբ պաստառներով։ Նման բողոք է արձանագրվել նաև Մասալիի շրջանի Մոլլաոբա գյուղի դպրոցում։

Ի՞նչ է փոխվել դպրոցների հագուստի կանոններում

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել պետական հանրակրթական դպրոցներում աշակերտների համազգեստի գործող կանոններում։

Նոր պահանջներով չի թույլատրվում օգտագործել հագուստի այնպիսի լրացուցիչ տարրեր, որոնք խախտում են սահմանված համազգեստի միասնականությունը կամ չեն համապատասխանում ընդհանուր կրթության աշխարհիկության սկզբունքին։ Որոշման մեջ «հիջաբ» բառն առանձին չի հիշատակվում։

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի կառավարությունը հաստատել է նաև պետական դպրոցների ուսուցիչների համար հագուստի պահանջները։ Դրանցում ևս նշված է, որ հագուստը և դրա տարրերը պետք է համապատասխանեն ընդհանուր կրթության աշխարհիկության սկզբունքին։

Գործնականում, սակայն, որոշ դպրոցներ այս դրույթներն սկսել են կիրառել նաև հիջաբի նկատմամբ։ Ուսուցչուհի Զահրա Հասանովան Al Jazeera-ին պատմել է, որ իրեն հայտնել են, որ հիջաբով այլևս չի կարող աշխատել դպրոցում։

Այսպիսով, խոսքը ոչ թե հիջաբ կրելն արգելելու, այլ աշխարհիկության և միասնական հագուստի պահանջների կիրառման ձևի մասին է։

Ինչո՞ւ են բողոքում աշակերտներն ու ծնողները

Բողոքողները միայն դպրոցական համազգեստին չեն վերաբերում։ Նրանք պնդում են, որ հիջաբ կրելու պատճառով աշակերտներին դասերից զրկելը սահմանափակում է կրթության հասանելիությունն ու կրոնական ազատությունը։

Թիվ 69 դպրոցի և Մոլլաոբայի դպրոցի աշակերտները դասերը բոյկոտելով՝ պահանջել են, որ իրենց հիջաբ կրող համադասարանցիները վերադառնան դպրոց։

Մինչդեռ, ըստ սահմանադրության, Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, հետևաբար իշխանությունները փոփոխությունները ներկայացնում են աշխարհիկ կրթության և դպրոցներում միասնական մոտեցում ապահովելու շրջանակում։

37 մարդ ձերբակալվել է

Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 37 քաղաքացու ձերբակալության մասին։

Ըստ նախարարության՝ Բաքվում մի խումբ մարդիկ դպրոցներում կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծել, վնասել պետական կրթական հաստատություններ, խոչընդոտել երթևեկությանը և դպրոցների բնականոն աշխատանքին։

Այսպիսին է իշխանությունների պաշտոնական գնահատականը։ Իսկ միջազգային և անկախ լրատվամիջոցներն իրադարձությունների հիմքում շեշտադրում են հիջաբ կրող աշակերտուհիներին դպրոց չթողնելու դեմ բողոքները։

Հանրային կարգի խախտման հետ կապված գործողությունների կազմակերպումը կամ դրանցում ակտիվ ներգրավվածությունն Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով կարող է պատժվել մինչև երեք տարվա ազատազրկմամբ։

Բողոքներին զուգահեռ՝ հրկիզման երկու միջադեպ

Հոկտեմբերի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են նաև հրկիզման երկու դեպքի մասին։ Բաքվի Ղարադաղի շրջանում հրկիզվել է միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենի ավտոմեքենան։ Դեպքի վայրի հարևանությամբ երեխաներ են եղել, սակայն տուժածներ չկան։

Ոստիկանությունն սկսել է քննություն՝ հրկիզումն իրականացրած անձանց պարզելու համար։

Նույն օրը հաղորդվել է նաև, որ Բաքվի Յասամալի շրջանում փորձ է արվել հրկիզել դպրոցներից մեկը, սակայն հրդեհը կանխվել է։ Այս միջադեպում նույնպես տուժածներ չեն եղել։

Այս պահին հրապարակված տեղեկություններով՝ պարզ չէ, թե ովքեր են իրականացրել այդ գործողությունները և արդյոք դրանք ուղղակիորեն կապված են հիջաբի շուրջ բողոքներին մասնակցող որևէ խմբի հետ։

Իշխանությունները խոսում են նաև «տեղեկատվական հարձակման» մասին

Բողոքներին զուգահեռ Ադրբեջանի իշխանամետ տեղեկատվական հարթակներում և պետական կառույցների հայտարարություններում շեշտը դրվում է ոչ միայն դպրոցական հագուստի կանոնների, այլև թեմայի շուրջ արտաքին ազդեցության հնարավորության վրա։

Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալության և Աուդիովիզուալ խորհրդի համատեղ հայտարարության համաձայն՝ դպրոցական համազգեստի թեմայի շուրջ նկատվում է «համակարգված տեղեկատվական հարձակում» և հարցը քաղաքականացնելու ու կրոնական հակադրության վերածելու փորձ։

Պետական APA գործակալության հրապարակումներում նոր կանոնները ներկայացվում են որպես դպրոցներում միասնականություն, սոցիալական հավասարություն և աշխարհիկ կրթություն ապահովելու միջոց։

Սոցիալական ցանցերի խափանումների մասին հաղորդումներ

Բողոքների ընթացքում օգտատերերը հայտնել են նաև Instagram-ի և TikTok-ի հասանելիության հետ կապված խնդիրների մասին։ Որոշ ակտիվիստներ դրանք կապել են բողոքի կոչերի տարածման հետ։ Սակայն առայժմ ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ անկախ աղբյուրները չեն հաստատել, որ խափանումները դիտավորյալ սահմանափակումների հետևանք են կամ անմիջականորեն կապված են հիջաբի դեմ բողոքի ցույցերի հետ։

Պատրաստեց Դերենիկ Խաչատրյանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/10/2026