Մեր մասին Էթիկա
Լրահոս

Արդյունքը՝ չգոհացնող, առաքելությունը՝ կատարվա՞ծ. Մ21 հավաքականի որակավորման փուլի ամփոփումը

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 5-ին ավարտեց ելույթները Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլում՝ 1 միավորով։ Սա սերնդափոխություն ապրող ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու ու միջազգային փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն էր։

Արդյունքները՝ որակավորման փուլում

Երիտասարդական հավաքականն անցկացրեց 10 հանդիպում, չհաղթելով դրանցից ոչ մեկում ու միակ միավորը վաստակեց վերջին տուրում՝ Չեռնոգորիայի դեմ խաղում։ Որակավորման փուլում այդպես էլ միավոր չկարողացան վաստակել Սան Մարինոյի, Ջիբրալթարի, Մալթայի հավաքականները, իսկ հաղթանակներ չտոնեցին Էստոնիայի (2մ) ու Լիտվայի (2մ) հավաքականները։

Մ21 հավաքականը խփեց 5 գոլ (2 անգամ աչքի ընկավ Դավիթ Հակոբյանը, 1-ական անգամ՝ Նարեկ Հովհաննիսյանը, Էդիկ Վարդանյանը, Վյաչեսլավ Աֆյանը), իսկ սեփական դարպասն ընդունեց 25 գնդակ։ Գոլերի հարաբերակցության -20 ցուցանիշով, այս որակավորման փուլին մասնակցած 51 երկրից, Հայաստանը առաջ է Սան Մարինոյից (-57), Ջիբրալթարից (-43), Մալթայից (-36), Ուելսից (-21) ու Կիպրոսից (-21)։

Խփած գոլերի քանակով Հայաստանը գերազանցել է Սան Մարինոյին (0), Ջիբրալթարին (1), Մալթային (2), Բոսնիա և Հերցեգովինային (3) և Լիտվային (4)։

Բաց թողած գոլերի քանակով Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած հավաքականը իրենից հետ է թողել Սան Մարինոյին (57), Կիպրոսին (29), Ջիբրալթարին (44), Էստոնիային (28), Մալթային (38) ու Ուելսին (28):

Հարկ է նշել, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը տնային խաղերում խփել է ընդամենը 1 գոլ։

Արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն, սակայն պետք է հաշվի առնել, որ երիտասարդական հավաքականը ծառայում է ազգային ընտրանուն ֆուտբոլիստներ «մատակարարելու» գործին։ Այս որակավորման փուլում Մ21-ից ազգայինի ճամբար են տեղափոխվել Արտյոմ Բանդիկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Արթուր Ասկարյանը, Ֆինն Գերագուսյանը, Արայիկ Էլոյանը, Արթուր Ղարիբյանն ու Գոռ Մատինյանը։

Որակավորման այս փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում հանդիպումների մասնակցեց 32 ֆուտբոլիստ, նրանցից Պետիկ Մանուկյանը, Դավիթ Հակոբյանն ու Համլետ Սարգսյանը մասնակցեցին բոլոր խաղերին, իսկ Էդիկ Վարդանյանն ու Միսակ Հակոբյանը՝ 9 խաղի։

Նախորդ արդյունքներն ու նոր շրջափուլը

2023-ին կայացած որակավորման փուլում երիտասարդական ընտրանին վաստակեց 2 միավոր ու կրկին խմբում վերջինն էր։ 2022-ին Ֆարերյան կղզիների դեմ տոնած հաղթանակը 3 միավոր բերեց թիմին, բայց խմբում կրկին վերջին տեղը, 2021-ին՝ նախավերջին՝ 5-րդ տեղում էինք, բայց նույնական միավորներով, որքան վերջին տեղը զբաղեցրած Լյուքսեմբուրգը՝ 3։

Հենց Լյուքսեմբուրգի նկատմամբ տոնած հաղթանակն էլ նախավերջինն էր։ 2019 թվականի հոկտեմբերին կայացած խաղից հետո Մ21 հավաքականը հաղթել է ընդամենը 1 անգամ։

Դրանից հետո, մինչ Ֆարերյան կղզիների դեմ տոնած հաղթանակը, 9 անընդմեջ պարտություն (ընդ որում, Իտալիայի դեմ՝ 0։6, Շվեդիայի դեմ 0։10), որոնցից 2-ը՝ տեխնիկական։

Հատկանշական է, որ Լյուքսեմբուրգի դեմ տնային խաղը կայացավ Գյումրիում։ Հենց այստեղ էլ գալիք տարվանից երիտասարդական հավաքականն անցկացնելու է իր տնային խաղերը։

Թեև հայկական ֆուտբոլում երիտասարդական մակարդակով արդյունքները դեռևս հեռու են գոհացուցիչ լինելուց, միջազգային ասպարեզում երիտասարդական առաջնություններին սկսում են ավելի լուրջ վերաբերվել։ Ուշագրավ է, որ 2027թ. առաջնությունը ոչ միայն սպորտային, այլև քաղաքական հաշտեցման նախագիծ է դարձել

Ալբանիան և Սերբիան համատեղ կհյուրընկալեն Եվրոպայի Մ21 առաջնությունը

2027 թվականի ֆուտբոլի Եվրոպայի Մ21 առաջնությունը տեղի է ունենալու Ալբանիայում և Սերբիայում։ Երկու երկրների միջև տասնամյակներ տևած քաղաքական լարվածությունից հետո սա առաջին խոշոր համատեղ նախագիծն է։

Մրցաշարի անցկացման հայտը սկզբում նախատեսում էր միայն Ալբանիայի մասնակցությունը, սակայն ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանելու համար Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված եղավ համագործակցություններ փնտրել։ Կոսովոյի և Հյս․ Մակեդոնիայի հետ նախնական քննարկումներից հետո ընտրությունը կանգ առավ Սերբիայի վրա:

Համատեղ հայտի ներկայացումը միանշանակ չընդունվեց երկու երկրներում էլ։ Հաշվի առնելով անցյալի հակամարտությունները, Կոսովոյի կարգավիճակի շուրջ տարաձայնությունները և 2014 թվականին Բելգրադում կայացած հայտնի ընտրական խաղի միջադեպը (որն ընդհատվել էր անօդաչու սարքի և երկրպագուների բախումների պատճառով)՝ երկու երկրների որոշ երկրպագուներ և մարզական գործիչներ դեմ են արտահայտվել նախագծին։

Այնուամենայնիվ, ՈՒԵՖԱ-ն և ֆեդերացիաների ղեկավարները շեշտում են, որ սա «ֆուտբոլային նախագիծ է՝ ուղղված խաղաղությանն ու տարածաշրջանային համագործակցությանը»։

Մրցաշարի կարևորությունը

Մրցաշարը կծառայի նաև որպես 2028 թվականի Լոս Անջելեսի Ամառային օլիմպիական խաղերի որակավորման փուլ։ Լավագույն երեք հավաքականները կստանան Օլիմպիադայի մասնակցության իրավունք։

Եզրափակիչ փուլին կմասնակցեն 16 հավաքականներ։ Հյուրընկալող երկրները՝ Ալբանիան և Սերբիան ստացել են մասնակցության իրավունք, իսկ Խորվաթիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան ու Իսպանիան հաղթել են որակավորման իրենց խմբերում։ Նրանց միացել է նաև Լեհաստանը, որն ուներ որակավորման խմբում 2-րդ տեղը զբաղեցրած հավաքականների մեջ լավագույն ցուցանիշը։ 

Որակավորման խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած մյուս ութ թիմերը (առանց 6-րդ տեղում գտնվող հավաքականների հետ հանդիպումների արդյունքները հաշվի առնելու)  պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կխաղարկվեն եզրափակիչ փուլի վերջին չորս ուղեգրերը։

Ամփոփեց Դերենիկ Խաչատրյանը

#Սպորտ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/10/2026