Ռուսաստանյան և ռուսալեզու տելեգրամյան ալիքներում Իրանի՝ TRIPP-ի վերաբերյալ իրական մտահոգությունները ներկայացվում են իբրև մի նախագիծ, որը դարձել է հայ-իրանական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը և կարող է Իրանի սահմանին բերել ամերիկյան ուժային ներկայություն։
Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցից հետո ռուսալեզու «КАВКАЗАРЬ» տելեգրամյան ալիքը մի գրառում էր արել՝ «Երրորդն ավելորդ է. TRIPP-ը խանգարո՞ւմ է հայ-իրանական հարաբերություններին» վերնագրով (Третий лишний․ TRIPP мешает армяно-иранским отношениям?)։
Հրապարակումը հետագայում տարածեցին նաև այլ ալիքներ, այդ թվում վլոգեր Միկա Բադալյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի տելեգրամյան ալիքները։
Նյութի հեղինակները հղում էին անում Միրզոյանի՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի և խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպումներին։
Սակայն պաշտոնական հանդիպումների նկարագրությունից հետո հրապարակման մեջ արվում են արդեն ավելի լայն պնդումներ՝ թե TRIPP-ը «հայ-իրանական հարաբերությունների գլխավոր խոչընդոտն է», Հայաստանը Սյունիքով անցնող «միջանցքը հանձնել է ԱՄՆ-ի ներկայացուցիչներին», այնտեղ կարող է հայտնվել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություն, իսկ ԱՄՆ «ուժային ներկայությունը» կարող է ուժեղացնել հետախուզական գործունեությունն ու սպառնալիք ստեղծել Իրանի հյուսիսային սահմանի համար։
Այս եզրակացությունների համար, սակայն, Իրանի որևէ պաշտոնական հայտարարություն չի ներկայացվում։
«Ամփոփ Մեդիան» համադրել է 2025 թվականի օգոստոսից մինչև 2026 թվականի հոկտեմբեր Հայաստանի և Իրանի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները՝ հասկանալու համար՝ արդյո՞ք դրանք հիմք են տալիս TRIPP-ը հայ-իրանական հարաբերությունների գլխավոր խոչընդոտ ներկայացնելու համար։
Իրանը իսկապես մտահոգություններ ունի TRIPP-ի վերաբերյալ
2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի պայմանավորվածություններից հետո Իրանի պաշտոնական արձագանքներում երկու հիմնական հարց էր առանձնանում՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի, հատկապես ԱՄՆ-ի հնարավոր անվտանգային ներգրավվածությունը [1,2,3,]։
2026 թվականի հունվարին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Թեհրանը մտահոգված է TRIPP-ի շրջանակում ԱՄՆ դերակատարությամբ։ Միաժամանակ դեսպանը նշել էր, որ հայկական կողմը Իրանի իշխանություններին հավաստիացրել է՝ Հայաստանը երբեք Իրանի համար սպառնալիքի աղբյուր չի դառնա։

Մարտի 2-ին Շիրղոլամին կրկին անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ Իրանի համար կարևոր է, որպեսզի ճանապարհը չօգտագործվի օտար դերակատարների կողմից Իրանի դեմ գործողությունների համար։
Միաժամանակ նա նշել էր, որ հայկական իշխանությունները հավաստիացրել են՝ ճանապարհը ռազմական կամ անվտանգային նշանակություն չի ստանա, իսկ Հայաստանի ինքնիշխանությունը երթուղու նկատմամբ կպահպանվի։ Դեսպանը նաև վերահաստատել էր Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, եթե այն ծառայում է Հայաստանի շահերին։
Այսինքն՝ իրանական կողմի մտահոգությունները իրական են, բայց այդ հայտարարություններում TRIPP-ը չի ներկայացվում որպես ինքնին անընդունելի նախագիծ։
TRIPP-ի փաստաթուղթը ի՞նչ է իրականում նախատեսում
2026 թվականի մայիսի 26-ին հրապարակված Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը նախատեսում է ստեղծել TRIPP Development Company համատեղ ձեռնարկություն, որտեղ ԱՄՆ-ին պատկանող կառույցը կունենա 74% վերահսկիչ մասնակցություն, իսկ Հայաստանը՝ 26%։
Միաժամանակ համաձայնագրում մի քանի անգամ ամրագրվում է, որ Հայաստանը պահպանում է TRIPP-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։
Սահմանային վերահսկողությունը, մաքսային և ներգաղթի գործառույթները, իրավապահ գործունեությունն ու անվտանգությունը նույնպես մնում են Հայաստանի իրավասության ներքո։
Համաձայնագրի 7-րդ հոդվածով Հայաստանը նաև պահպանում է ենթակառուցվածքների անվտանգության պլանները հաստատելու իրավունքը։ Եթե այդ պլաններում նախատեսվի մասնավոր անվտանգության անձնակազմի ներգրավում, այդ անձինք պետք է գործեն հայկական լիցենզավորման ներքո։
Այսինքն՝ փաստաթուղթը թույլ է տալիս մասնավոր անվտանգության անձնակազմի ներգրավում, բայց չի նախատեսում ԱՄՆ զինված ուժերի կամ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության տեղակայում Հայաստանում։
Մայիսին հայկական կողմը հենց այդ հարցն էր պարզաբանել Իրանի համար
Մայիսի 26-ին Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Իրանի գործընկերների մոտ TRIPP-ի վերաբերյալ հարցեր են առաջացել, այդ թվում՝ երրորդ երկրների զինված ուժերի հնարավոր տեղակայման մասին։
Ըստ Միրզոյանի՝ իրանական կողմը տեսել է, որ ստորագրված փաստաթղթում նման բան նախատեսված չէ, իսկ ամբողջ ենթակառուցվածքը մնալու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Միրզոյանը նաև նշել էր, որ TRIPP-ը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ստեղծել հենց Իրանի համար՝ Իրանի երկաթուղային ցանցը Հայաստանի միջոցով այլ ուղղությունների, այդ թվում՝ Սև ծովի հետ կապելու միջոցով։
Այս հայտարարությունը հայկական կողմի գնահատականն է՝ Իրանի մտահոգություններին տրված պատասխանների վերաբերյալ, ոչ թե Իրանի պաշտոնական դիրքորոշման փոխարինում։
Սեպտեմբերին Իրանի դեսպանը հստակ ձևակերպեց պայմանները
Սեպտեմբերի 23-ին APRI Forum-ի ժամանակ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին արդեն առավել մանրամասն ձևակերպեց Թեհրանի դիրքորոշումը։
Նրա խոսքով՝ Իրանի համար առաջին պայմանն այն է, որ TRIPP-ի իրականացումը չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Երկրորդ պայմանը վերաբերում է ԱՄՆ ռազմական կամ անվտանգային ներկայությանը․ Իրանը չի ընդունի այդպիսի ներկայություն տարածաշրջանում։
Միաժամանակ դեսպանը հայտարարել է, որ եթե այդ երկու պայմանները պահպանվեն, Իրանը TRIPP-ին առարկելու պատճառ չունի, եթե նախագիծը նպաստում է Հայաստանի զարգացմանն ու բարեկեցությանը։
Նույն ելույթում Շիրղոլամին նաև նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի՝ որպես ծով ելք չունեցող երկրի հաղորդակցությունների բազմազանացման անհրաժեշտությունը և նման նախագծերի մեջ տեսնում է ոչ միայն մարտահրավերներ, այլ նաև հնարավորություններ։
Այս ձևակերպումները չեն համապատասխանում այն ներկայացմանը, թե Իրանի պաշտոնական դիրքորոշումը «TRIPP-ը մեզ համար անընդունելի է» կամ «TRIPP-ը հայ-իրանական հարաբերությունների գլխավոր խոչընդոտն է»։
Հոկտեմբերի 5-ի հանդիպումներում հարաբերությունների ճգնաժամի մասին խոսք չի եղել
Հոկտեմբերի 5-ին Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի և խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Արաղչիի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ամբողջ օրակարգը՝ էներգետիկա, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, Հայաստանի և Իրանի սահմանին երկրորդ կամրջի կառուցում, երրորդ էլեկտրահաղորդման գծի ավարտ և բեռնափոխադրումների դյուրացում։
Երկու կողմերն էլ ընդգծել են հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Նշվել է նաև Իրանի աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, իսկ Միրզոյանը ներկայացրել է TRIPP-ի իրականացման ընթացքն ու տարածաշրջանի համար հնարավոր տնտեսական օգուտները։
Հատկանշական է նաև, որ նույն հանդիպմանը կողմերը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը՝ մեդիադաշտում «անհարկի շահարկումներին» հակազդելու նպատակով։
Փեզեշքիանի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրությունում նույնպես նշվում է ակտիվ հայ-իրանական քաղաքական երկխոսությունը, հաղորդակցությունների ենթակառուցվածքների զարգացումը և էներգետիկ համագործակցությունը։ Միրզոյանը ներկայացրել է նաև TRIPP-ի իրականացման ընթացքը։
Ղալիբաֆի հետ հանդիպման դեպքում ևս ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունն ընդգծում է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը, փոխադարձ վստահությունն ու դրանց ռազմավարական բնույթը։ Քննարկվել է նաև երկու երկրների ենթակառուցվածքային կապերի զարգացումը։
Այս պաշտոնական հաղորդագրությունները չեն հաստատում հարաբերությունների այնպիսի պատկեր, որտեղ TRIPP-ը դարձել է Երևանի և Թեհրանի միջև «գլխավոր խոչընդոտ»։
Իսկ որտեղի՞ց է գալիս ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության մասին պնդումը
«КАВКАЗАРЬ»-ի հրապարակման մեջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության հնարավոր ներկայության մասին հատվածը ներկայացվում է Իրանի մտահոգությունների շարունակության մեջ։
Բայց դրա համար տրված հղումը տանում է ոչ թե իրանական պաշտոնական աղբյուրի, այլ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ներկայացուցչի հայտարարության։
Այսինքն՝ ռուս պաշտոնյայի գնահատականը փաստացի ներմուծվում է մի տեքստ, որի ընդհանուր կառուցվածքը ընթերցողին կարող է տպավորություն տալ, թե խոսքը Իրանի դիրքորոշման բնական շարունակության մասին է։
Մինչդեռ TRIPP-ի հրապարակված շրջանակային համաձայնագրում ԱՄՆ զինված ուժերի կամ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության տեղակայում նախատեսված չէ։ Փաստաթուղթը միայն հնարավորություն է տալիս ենթակառուցվածքների անվտանգության պլաններում ներգրավել մասնավոր անվտանգության անձնակազմ՝ Հայաստանի հաստատման և հայկական լիցենզավորման պայմանով։
Նույն տարբերակումն անհրաժեշտ է նաև «ամերիկյան հետախուզական ներկայության» վերաբերյալ պնդումների դեպքում․ TRIPP-ի հրապարակված փաստաթղթերում նման բաղադրիչ ամրագրված չէ։
Ինչպե՞ս է փոխվում սկզբնական հայտարարությունների իմաստը
Տելեգրամյան հրապարակման մեխանիզմը կարելի է բաժանել երեք քայլի։
Նախ վերցվում է իրական փաստ՝ Իրանը TRIPP-ի վերաբերյալ մտահոգություններ ունի։
Այնուհետև առանձնացվում են այդ մտահոգությունների առավել կոշտ ձևակերպումները՝ ԱՄՆ հնարավոր անվտանգային ներկայության, տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության և Հայաստանի ինքնիշխանության մասին։
Վերջում դրանց ավելացվում են արդեն այլ աղբյուրներից եկող կամ հեղինակային հետևություններ՝ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություն, հետախուզական գործունեություն, Իրանի սահմանի նկատմամբ ճնշման հնարավորություն և հայ-իրանական հարաբերությունների «գլխավոր խոչընդոտ» լինելու պնդումը։
Արդյունքում Իրանի պայմանական և բազմաշերտ դիրքորոշումը ներկայացվում է ավելի կտրուկ՝ որպես TRIPP-ի նկատմամբ ընդհանուր հակադրություն։
Այսպիսով՝ ի՞նչ են իրականում ասում Իրանի պաշտոնյաները
Պաշտոնական հայտարարությունների համադրումը ցույց է տալիս երեք հիմնական բան։
Առաջին՝ Իրանը TRIPP-ի վերաբերյալ իրական մտահոգություններ ունի։ Դրանք վերաբերում են Հայաստանի ինքնիշխանության պահպանմանը, տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռությանը և ԱՄՆ ռազմական կամ անվտանգային ներկայության հնարավորությանը։
Երկրորդ՝ Իրանի պաշտոնյաները TRIPP-ը չեն հայտարարել անվերապահորեն անընդունելի նախագիծ։ Ընդհակառակը՝ Իրանի դեսպանը հրապարակայնորեն ասել է, որ Հայաստանի ինքնիշխանության պահպանման և ԱՄՆ ռազմական կամ անվտանգային ներկայության բացառման դեպքում Թեհրանը նախագծին առարկելու պատճառ չունի։
Երրորդ՝ հայ-իրանական հարաբերությունների պաշտոնական օրակարգը շարունակում է ներառել ռազմավարական համագործակցություն, էներգետիկ, տրանսպորտային և ենթակառուցվածքային ծրագրեր։ Հոկտեմբերի 5-ի հանդիպումների պաշտոնական հաղորդագրություններում TRIPP-ը ներկայացվում է այդ ավելի լայն օրակարգի մի մաս, ոչ թե հարաբերությունների ճգնաժամի առանցք։
Ի՞նչն է մոլորեցնող տարածվող մեկնաբանությունում
«TRIPP-ը հայ-իրանական հարաբերությունների գլխավոր խոչընդոտն է» ձևակերպումը Իրանի պաշտոնական դիրքորոշում չէ։
Այն հիմնված է Իրանի իրական մտահոգությունների վրա, սակայն դրանցից արվում է ավելի լայն եզրակացություն՝ միաժամանակ անտեսելով նույն իրանցի պաշտոնյաների այն հայտարարությունները, որոնցում Թեհրանը հստակ պայմաններով նախագծին չառարկելու պատրաստակամություն է հայտնել։
Նույն հրապարակման մեջ Իրանի մտահոգություններին ավելացվում են նաև ԱՄՆ մասնավոր ռազմական ընկերության, հետախուզական ենթակառուցվածքների և «ուժային ներկայության» վերաբերյալ պնդումներ, որոնք Իրանի պաշտոնական հայտարարություններով չեն հաստատվում և TRIPP-ի հրապարակված շրջանակային համաձայնագրում որպես նախագծի բաղադրիչ նախատեսված չեն։
Այսպիսով, տարածվող մեկնաբանությունը ամբողջությամբ հորինված չէ, քանի որ Իրանի մտահոգություններն իրական են։ Սակայն դրանք ներկայացվում են ընտրովի և ընդլայնվում այնպիսի հետևություններով, որոնք պաշտոնական իրանական դիրքորոշումը չի հաստատում։
Հեղինակ՝ Սեդա Մարտոյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 12/10/2026










