Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը աշխարհի 2028 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլում։ Մրցակիցներն են Հունգարիայի և Շվեդիայի հավաքականները։
Ինչպե՞ս են նվաճում աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք
Եվրոպայում որակավորման մրցաշարերը կազմակերպում է ՈւԵՖԱ-ն։
Որակավորման փուլը կազմված է 4 մասից՝ նախնական, հիմնական, փլեյ-օֆֆ և էլիտար փուլ։
Նախնական փուլին մասնակցում էին 24 ամենացածր վարկանիշ ունեցող հավաքականները, որոնք բաժանվել էին 4-ական թիմից բաղկացած խմբերի։ Յուրաքանչյուր խմբից երկու լավագույն ընտրանիները նվաճել են հիմնական փուլի ուղեգիր։
Հիմնական փուլը կտևի մինչև 2027 թվականի մարտի 3-ը։ Հավաքականները յուրաքանչյուր մրցակցի հետ կանցկացնեն մեկական հանդիպում տանը և արտագնա։
Այս փուլում պայքարի մեջ մտած 24 թիմերին (այդ թվոմ՝ Եվրոպայի չեմպիոն Իսպանիային և Աշխարհի նախկին չեմպիոն Պորտուգալիային) միացել են 12 հավաքականներ, որոնք հաղթահարել էին ապրիլին կայացած նախնական փուլը։
12 խմբերի հաղթողները և երկրորդ տեղ գրաված 4 լավագույն թիմերն ուղիղ ուղեգիր կստանան էլիտար փուլ։ Երկրորդ տեղ զբաղեցրած մյուս 8 հավաքականները կմրցեն փլեյ-օֆֆում։
20 հավաքականներ կբաժանվեն 5 խմբի՝ 4-ական թիմով։ Թիմերը միմյանց հետ կանցկացնեն մեկական հանդիպում տանը և արտագնա։ Խմբերի հաղթողներն ուղիղ դուրս կգան եզրափակիչ փուլ։ 2-րդ տեղ զբաղեցրած 4 լավագույն թիմերը կխաղան փլեյ-օֆֆում։ (Եթե Աշխարհի առաջնության տանտեր դառնա ՈՒԵՖԱ-ի անդամ որևէ ազգային ֆեդերացիա, փլեյ-օֆֆում կմրցեն 2-րդ տեղ զբաղեցրած թիմերից միայն 2 լավագույնները)։
Չորս թիմերը բաց վիճակահանությամբ կբաժանվեն 2 զույգի։ Զույգերի հաղթողները կստանան եզրափակիչ փուլի վերջին ուղեգրերը։ Եթե ձևավորվի միայն մեկ զույգ, վիճակահանությունը կորոշի խաղերի անցկացման հերթականությունը։

ԱԱ-2028-ի որակավորման փուլը կավարտվի 2028 թվականի ապրիլին։ Աշխարհի առաջնությունում հանդես կգան եվրոպական 7 հավաքականներ, սակայն եթե եզրափակիչ մրցաշարի անցկացման իրավունքը վստահվի ՈՒԵՖԱ-ի անդամ որևէ ազգային ֆեդերացիայի, ապա նրա հավաքականը կստանա ուղիղ ուղեգիր, և որակավորման արդյունքներով Աշխարհի առաջնության ուղեգիր կնվաճեն եվրոպական միայն 6 թիմեր։
2028-ի հոկտեմբերի 7-29-ը կայանալիք աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ են ներկայացրել Ֆրանսիան, Ինդոնեզիան, Քուվեյթը, Մալայզիան, Մարոկկոն և Իսպանիան։ Թե երբ պաշտոնապես հայտնի կդառնա, թե որ երկիրն է ընդունելու մրցաշարը՝ հայտնի չէ։ ՖԻՖԱ-ն ստուգում ու գնահատում է ներկայացված հայտերը:
2026 թվականի հուլիսի 30-ին՝ ՖԻՖԱ-ի կողմից «FIFA Forward Enterprise» նախագծի հայտարարումից հետո (որով առաջարկվում էր ՖԻՖԱ-ի մրցաշարերի, այդ թվոմ՝ Ֆուտզալի աշխարհի առաջնության կազմակերպչական մասնաբաժինները վաճառել մասնավոր ներդրողներին), ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 անդամ ասոցիացիաները համաձայնեցին անորոշ ժամանակով բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը, քանի դեռ առաջարկը չէր չեղարկվել և երաշխիքներ չէին տրվել, որ նման նախագիծն այլևս չի դրվի քննարկման։
Մեկ օր անց՝ հուլիսի 31-ին, նախագիծը չեղարկվեց, թեև ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ, միևնույն է, այլևս չի վստահում ՖԻՖԱ-ին։ Գրավոր երաշխիքներ ստանալուց հետո ՈՒԵՖԱ-ն օգոստոսի 27-ին ժամանակավորապես կասեցրեց իր բոյկոտը 2026–27 մրցաշրջանի համար, թեև բոյկոտը ներկայումս ուժի մեջ է մնում այս մրցաշրջանից հետո անցկացվելիք մրցաշարերի համար։
Հայաստանի հավաքականն ու մրցակիցները

Վերջին տարիներին ֆուտզալի ազգային հավաքականի հաջողություններն ակներև են։
Մեր ընտրանին այս տարի ձմռանը, պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը և 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը՝ հաղթելով Ուկրաինային ու Չեխիային ու ոչ-ոքի խաղալով Լիտվայի հետ։ Քառորդ եզրափակչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած ընտրանին 0։3 հաշվով զիջեց Խորվաթիային, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ մնաց առաջին հավաքականը, որ թիմային սպորտաձևում մասնակցում է Եվրոպայի առաջնության։
Եվրոպական վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը (ՖԻՖԱ-ի աղյուսակում՝ 16-րդը)՝ Հայաստանի հավաքականն «ազատվել է» նախնական փուլից։ Հիմնական փուլում մրցակիցներն են Հունգարիայի և Շվեդիայի հավաքականները։

Առաջին հանդիպումը հոկտեմբերի 20-ին է։ Մրցակիցը Հունգարիան է, որը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 14-րդն է, ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում՝ 29-րդը։ Հունգարացիներն արդեն հասցրել են այս խմբում հանդիպում անցկացնել ու հաղթել Շվեդիային՝ 3։1 հաշվով։
Շվեդիայի դեմ Հայաստանի առաջին հանդիպումը արտագնա է և նախատեսված է այս տարվա նոյեմբերի 7-ին։ Շվեդները ՈւԵՖԱ-ի աղյուսակում 29-րդն են, ՖԻՖԱ-ի աղյուսակում՝ 63-րդը։ Սկանդինավները հիմնական փուլին մասնակցելու ուղեգիր նվաճել են նախնական փուլում իրենց խմբում հաղթելու շնորհիվ։ Անգլիայում անցկացված մինի-մրցաշարում նրանք նախ հաղթեցին Հյուսիսային Իռլանդիային (3:2), ապա ոչ-ոքի խաղացին Շվեյցարիայի հետ (1։1) ու պարտության մատնեցին տանտերերին (2։1)։
Այս խմբի ֆավորիտը Հայաստանի հավաքականն է, բայց առաջին խաղին մեր ընտրանին կմոտենա կորուստներով։ Դենիս Նեվեդրովը և Կարեն Պետրոսյանը չեն օգնի հավաքականին։ Նրանց փոխարեն հրավիրվել են Էրիկ Լազարյանն ու Արթուր Մկրտչյանը։

Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսի հայրը։ Հայաստան-Հունգարիա հանդիպմանը գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Խաչատուր Միքայելյանը:
Ամփոփեց Դերենիկ Խաչատրյանը
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի էջից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/10/2026









