Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Թրամփի խոսքը՝ մատի փաթաթան. ինչպես Ֆրանսիայի միգրացիոն թեման վերափաթեթավորվեց հայկական տեղեկատվական դաշտում

Հոկտեմբերի 20-ին հայկական Telegram-ի և Facebook-ի մի շարք էջերում տարածվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունների վերաբերյալ հայտարարությունը։ Թրամփը Ֆրանսիայի իրավիճակը կապեց ներգաղթի հետ և հայտարարեց, որ «Փարիզը շատ շուտով մահմեդական քաղաք կդառնա»։

Սակայն հայկական տեղեկատվական դաշտում այս հայտարարությունը չմնաց որպես ԱՄՆ նախագահի վիճահարույց քաղաքական գնահատական։ Այն վերափաթեթավորվեց՝ դառնալով ավելի լայն պնդման մաս՝ ներգաղթը կործանում է Ֆրանսիան, ներգաղթը կործանում է Եվրոպան, Եվրոպայի արևմտյան մոդելը ձախողվում է, իսկ Հայաստանը նույն ճանապարհով գնալու դեպքում կարող է հայտնվել նույն վիճակում։

Այս շղթայում մի քանի տարբեր մակարդակի տեղեկություններ միավորվում են մեկ պատմության մեջ՝ իրական իրադարձություն, քաղաքական գործչի հայտարարություն, այդ հայտարարության մեկնաբանություն, կանխատեսում և արդեն հայկական լսարանի համար ստեղծված զգացմունքային ուղերձ։

«Ամփոփ Մեդիայի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե Թրամփի հայտարարությունն է, այլ այն, թե ինչպես է այդ հայտարարությունից ընդլայնվում պատճառահետևանքային կապը։ Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից արվում է ավելի լայն եզրակացություն ներգաղթի, Եվրոպայի և, ի վերջո, Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Ի՞նչ է ասել Թրամփը

Հոկտեմբերի 19-ին Թրամփը նախ Truth Social-ում գրել էր, որ «միգրանտները գրավել են Ֆրանսիան» և կոչ արել փակել սահմանները։ Նույն օրը լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ Ֆրանսիայում տեղի ունեցողը կապված է ներգաղթի հետ, ոչ թե դպրոցների կամ այլ խնդիրների հետ։ Նա նաև ասել էր, որ Փարիզը «շատ շուտով մահմեդական քաղաք կդառնա»։ 

Այսինքն՝ հայկական հրապարակումների սկզբնաղբյուրը ճիշտ է․ Թրամփն իսկապես նման հայտարարություն արել է։

Բայց Թրամփի ասածը ինքնին ապացույց չէ, որ Ֆրանսիայում տեղի ունեցող բռնությունների հիմնական կամ միակ պատճառը ներգաղթն է։ Նույն կերպ՝ «Փարիզը շուտով մահմեդական քաղաք կդառնա» ձևակերպումը քաղաքական գնահատական է, ոչ թե պաշտոնական վիճակագրական կանխատեսում։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Ֆրանսիայում

Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ին տեղի են ունեցել զանգվածային ցույցեր, որոնց մի մասը վերածվել է բռնությունների, թալանի, հրդեհների և բախումների ոստիկանության հետ։

Սակայն ցույցերի նախնական օրակարգը շատ ավելի լայն էր։

Շարժումը սկսվել էր դպրոցներում կրթական պայմանների, ուսուցիչների պակասի և վատթարացող ենթակառուցվածքների դեմ աշակերտների բողոքներից։ Հետագայում դրան միացել են գնաճից, վառելիքի թանկացումից, կենսապահովման ծախսերի աճից և հանրային ծառայությունների վիճակից դժգոհ խմբեր։ Հոկտեմբերի 17-ի ցույցերը միավորել էին աշակերտների, ուսանողների, արհմիությունների և «դեղին ժիլետների» շարժման ներկայացուցիչների։ 

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այդ օրը ամբողջ երկրում ցուցարարների թիվը հասել է մոտ 550 հազարի։ Միաժամանակ տեղի են ունեցել լուրջ անկարգություններ՝ հարձակումներ ոստիկանների վրա, խանութների թալան, հրդեհներ և պետական շենքերի վնասում։ 

Reuters-ը, AP-ն, AFP-ն և այլ միջազգային աղբյուրներ ցույցերի հիմքում նշում են սոցիալ-տնտեսական և կրթական դժգոհությունների մի քանի շերտեր։

Ավելին, Ֆրանսիայի արդարադատության նախարարության հոկտեմբերի 5-ի հաղորդագրությունն արդեն ցույց էր տալիս, որ դպրոցական շարժման կողքին առանձին քաղաքներում բռնություններ և գույքի վնասում տեղի էին ունենում դեռևս ավելի վաղ։ Պաշտոնական հաղորդագրությունը դրանք նկարագրում է որպես դպրոցական բողոքի շարժման ֆոնին տեղի ունեցող քաղաքային բռնություններ։ 

Այս համատեքստում Ֆրանսիայում տեղի ունեցող ամբողջ գործընթացը միայն ներգաղթով բացատրելը անտեսում է իրադարձությունների մյուս պատճառներն ու մասնակիցների դժգոհությունների բազմազանությունը։

Հայկական հրապարակումներից մեկի դեպքում Թրամփի մի շարք մտքեր ամբողջացվել էին «միգրանտները ոչնչացրել են Ֆրանսիան» ձևակերպման մեջ։

Թրամփը իրոք օգտագործել է կոշտ ձևակերպումներ և հայտարարել է, որ «միգրանտները գրավել են Ֆրանսիան»։ 

Այս դեպքում առաջին պնդումը ճիշտ է, բայց դա դեռ չի հաստատում հայկական հրապարակումներում տարածված այն պնդումը, որ Ֆրանսիան ներգաղթի պատճառով կործանվում  է։

Ինչպե՞ս է նույն պատմությունը տեղայնացվել Հայաստանում

Հայկական որոշ էջերում սկզբնական տեղեկությանը ավելացվել է հեղինակի սեփական մեկնաբանությունը։

Ֆրանսիայի միգրացիոն խնդիրները ներկայացվել են որպես ավելի լայն՝ Եվրոպայի ճգնաժամի օրինակ, իսկ այդ պատկերից փորձ է արվել եզրակացություն անել նաև Հայաստանի ապագայի և արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ։

Տարածման դեպքում սկզբնական փաստը պահպանվել է, բայց փոխվել դրա նշանակությունը։ 

Միգրացիան Հայաստանում նույնպես իրական խնդիր է, բայց դրա մասին խոսելու համար այլ փաստեր են պետք

Այս նարատիվը հեշտ է տեղայնացվում Հայաստանի համատեքստում, քանի որ վերջին տարիներին միգրացիոն հոսքերը Հայաստանում զգալիորեն փոխվել են, իսկ ներգաղթի և աշխատանքային միգրացիայի հարցերը դարձել են հանրային և քաղաքական օրակարգի նկատելի թեմաներ։

Բայց միգրացիայի հետ կապված իրական կառավարման խնդիրներից չի հետևում, որ որևէ կոնկրետ ազգության մարդիկ ինքնին սպառնալիք են, կամ որ օտարերկրացիների ներկայությունը կարելի է ներկայացնել որպես Հայաստանի համար կործանման նշան։

Այդպիսի ձևակերպումները ոչ միայն փաստական հիմնավորման խնդիր ունեն։ Դրանք կարող են նպաստել նաև թշնամանքի և անհանդուրժողականության տարածմանը՝ մարդկանց գնահատելով ոչ թե նրանց կոնկրետ գործողությունների, այլ ազգային պատկանելության հիմքով։

Իսկ ի՞նչ է ենթադրում Հայաստան–ԵՄ մերձեցումը

Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին հրապարակումներում միգրացիայի թեման զուգորդվում էր ավելի լայն քաղաքական եզրակացության հետ: Եվրոպայում ստեղծված իրավիճակը ներկայացվում էր որպես արևմտյան քաղաքականության ձախողման օրինակ, իսկ այդ տրամաբանությունը տեղափոխվում էր նաև Հայաստան՝ երկրի՝ Արևմուտքի և, մասնավորապես, Եվրոպայի հետ մերձեցման ֆոնին։ 

Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են առանձին ինստիտուցիոնալ գործընթացներով։ Դրանց թվում են տնտեսական և քաղաքական համագործակցությունը, էներգետիկան, տրանսպորտը, անվտանգությունը և վիզաների ազատականացման գործընթացը [1 և 2]:

Հատկանշական է, որ հենց միգրացիայի կառավարումն էլ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի բաղադրիչներից է։ Հետևաբար, Հայաստան-ԵՄ մերձեցումը ինքնին չի նշանակում միգրացիոն հարցերի անտեսում, այլ ենթադրում է դրանց կառավարման ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացում։

ԵՄ ճամփորդելու նոր կանոնները. ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացուն, և ե՞րբ կվերանան վիզաների հերթերը

Հետևաբար Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունից ուղղակիորեն եզրակացնել, թե Հայաստանի արևմտյան ուղղությունն անհեռանկար է, փաստական հետևություն չէ։

Ինչո՞ւ է այսպիսի նարատիվը ազդեցիկ

Միգրացիան այն թեմաներից է, որտեղ իրական խնդիրները շատ հեշտ է միացնել հասարակության վախերին։

Շղթան կարող է սկսվել իրական փաստից՝ Հայաստանում օտարերկրյա աշխատողների թվի աճից կամ Ֆրանսիայում միգրացիոն խնդիրներից։ Այնուհետև այդ փաստին ավելացվում է մեկ պատճառ՝ «ներգաղթը»։ Հետո տեղի է ունենում ընդհանրացում՝ «այսպիսին է ամբողջ Եվրոպան»։ Իսկ վերջում՝ կանխատեսում՝ «Հայաստանն էլ նույն ճանապարհով է գնում»։

Այս կառուցվածքում յուրաքանչյուր հաջորդ քայլ ավելի է հեռվանում սկզբնական փաստի հետ։

Ամփոփեց Սեդա Մարտոյանը

#փաստացի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/10/2026