22-ամյա Անի Խաչատրյանը, որի վաղեմի երազանքն է արձակուրդներն անցկացնել Եվրոպայում շրջագայելով՝ սեփական աչքերով տեսնելու Հռոմի Կոլիզեյը, զբոսնելու Բարսելոնայի փողոցներով ու բացահայտելու Լուվրի գլուխգործոցները, վերջին շրջանում «թվային տագնապի» մեջ է։
Սոցիալական հարթակներում անընդհատ շրջանառվող լուրերը՝ Եվրոպա մուտքի կանոնների աննախադեպ բարդացման, անձնական տվյալների հավաքագրման և ՀՀ քաղաքացիների առաջ «փակվող դռների» մասին, նրան ստիպում են խիստ թերահավատորեն նայել վիզաների ազատականացման շուրջ հնչող խոստումներին։
«Կարդացել եմ, որ շուտով Եվրոպա մտնելը շատ ավելի է բարդանալու, նույնիսկ վիզա ունենալու դեպքում կարող են սահմանից հետ ուղարկել»,- անկեղծանում է նա։
Անիի և շատ այլ քաղաքացիների տագնապները փարատելու համար «Ամփոփ Մեդիան» զտել է էմոցիոնալ գրառումները և, վերլուծելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական ու թվային գործընթացները, ներկայացրել է իրական պատկերը։
Տասնամյա ճանապարհի նոր հանգրվանը
Հայաստան – ԵՄ ճամփորդությունների դյուրացման գործընթացը նոր չի սկսվել։ Դեռևս 2014 թ-ի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն օգտվում են վիզաների դյուրացման համաձայնագրից, որով նվազեցվել է վիզայի տուրքն ու պարզեցվել փաստաթղթերի ցանկը։ Սակայն իրական շրջադարձը տեղի ունեցավ դրանից տասը տարի անց՝ 2024 թ-ի սեպտեմբերի 9-ին, երբ պաշտոնապես մեկնարկեց վիզաների ազատականացման երկխոսությունը։
Քաղաքացիներն այս գործընթացը կարևորում են հատկապես ճամփորդական աճող պահանջարկի ֆոնին։ Ըստ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանի՝ Շենգենյան վիզայի համար դիմումների քանակը կտրուկ աճել է՝ 2022 թ-ի 60 հազարից 2024 թ-ին հասնելով 100 հազարի: Եվ չնայած այս հսկայական աճին՝ մերժումների ցուցանիշը տոկոսային հարաբերակցությամբ մնացել է կայուն՝ շուրջ 12-13% (2022-2025 թթ.)։ Սակայն դիմումների ընդհանուր քանակի գրեթե կրկնապատկման հետևանքով աճել են նաև բացարձակ թվով մերժումները՝ ծանրաբեռնելով ԵՄ հյուպատոսարաններին ու առաջացնելով վիզաների հսկայական հերթեր։
Եվ մինչ քաղաքացիներն ու հյուպատոսարանները բախվում են վարչական այս բարդություններին, պետական մակարդակում արդեն իսկ անցում է կատարվել համակարգային բարեփոխումների։ 2025 թ-ի նոյեմբերին Երևանում արդեն հայկական կողմին է փոխանցվել 74 հենանիշից բաղկացած Գործողությունների ծրագիրը (ԳԾ)։ Սա այն ճանապարհային քարտեզն է, որն իրականացնելուց հետո ՀՀ քաղաքացիները կկարողանան Շենգենյան գոտի մուտք գործել առանց վիզայի՝ 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալու իրավունքով։
Ընդ որում, Հայաստանը ներկայումս միակ պետությունն է աշխարհում, որի հետ Եվրամիությունը երկխոսում է վիզաների ազատականացման հարցով։ Այս գործընթացի հաջող ավարտը ենթադրում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր անձնագրով կկարողանա առանց լրացուցիչ վարչարարության և դեսպանատներում հերթ կանգնելու ուղղակիորեն մուտք գործել ԵՄ տարածք։ Այցելությունների նպատակները կարող են տարբեր լինել՝ կարճաժամկետ զբոսաշրջություն, գործնական հանդիպումներ կամ ընտանեկան ճամփորդություններ, բայց ոչ երկարաժամկետ աշխատանքի նպատակով ուղևորություններ։
Կարևոր է իմանալ
- Հայաստանը պետք է ապահովի 74 հենանիշի կատարումը՝ սկսած փաստաթղթերի անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ։
- Ըստ գլխավոր բանակցող ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի, բարեփոխումների ավարտի համար կպահանջվի ևս 2-3 տարի։

2026 թ-ի մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նախարար Արփինե Սարգսյանին փոխանցեց առաջընթացի վերաբերյալ մշտադիտարկման առաջին զեկույցը։
Երևանում կայացած այդ հանդիսավոր արարողությունից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր էջում գրել էր. «Մենք առաջընթաց ենք գրանցել ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում։ Ես գիտեմ՝ այն հայերի համար մեծ նշանակություն ունի։ Այն կարևոր նշանակություն ունի նաև ԵՄ-ի համար, քանի որ սրա արդյունքում մեր ժողովուրդներն ավելի են մոտենում իրար։ Ես վստահ եմ՝ մենք կհասնենք ցանկալի արդյունքին»։
Թվային սահման. բարդացո՞ւմ, թե՞ անվտանգություն
Այն, ինչ Անիին և շատերին թվում է դեպի Եվրոպա մուտքի բարդացում, իրականում համընդհանուր թվայնացում է։ 2025 թ-ի հոկտեմբերից սկսել է գործել Մուտքի/Ելքի համակարգը (Entry/Exit System (EES)), որն աստիճանաբար փոխարինում է անձնագրում կնիք դնելու հին մեթոդին։ Այսուհետ սահմանին իրականացվելու է էլեկտրոնային գրանցում՝ մատնահետքերի և դեմքի լուսանկարի միջոցով։
Թեև առաջին անգամ մուտք գործելիս գործընթացը կարող է փոքր-ինչ երկար տևել, սակայն տվյալները համակարգում պահպանվելու են 3 տարի, ինչը հաջորդ այցերը կդարձնի շատ ավելի արագ։ Սրան զուգահեռ, 2026-ի վերջին կներդրվի ETIAS համակարգը։ Կարևոր է հիշել՝ սա վիզա չէ, այլ առցանց թույլտվություն, որն անհրաժեշտ կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը անցնի առանց վիզայի կամ վիզաների ազատականացման ռեժիմի։
Միֆեր, որոնք սնում են տագնապը
Վիզաների ազատականացման գործընթացը հաճախ ուղեկցվում է ապատեղեկատվությամբ և հիբրիդային սպառնալիքներով։ Սոցիալական ցանցերում շրջանառվող միֆերին գումարվում են նաև միջնորդների և տուրիստական գործակալությունների ապակողմնորոշող խորհուրդները, ինչն էլ հանգեցնում է վիզաների մերժման և ավելորդ տագնապների:
Գործնականում դա դրսևորվում է կեղծ փաստաթղթերի տրամադրմամբ կամ վիզայի «հիմնական նպատակակետի» սկզբունքի չարաշահմամբ։ Քաղաքացիներին այս ռիսկերից զերծ պահելու նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկել է VisaWize Armenia ծրագիրը, որն ուղիղ աշխատանք է տանում Երևանի ավելի քան 200 տուրիստական գործակալությունների հետ՝ նվազեցնելու ապատեղեկատվությունն ու փաստաթղթային սխալները: Ծրագրի գլխավոր նշանաբանն է՝ «Ճիշտ դիմել նշանակում է դիմել տեղեկացված», ինչն օգնելու է քաղաքացիներին խուսափել մերժումներից մինչև վիզաների ազատականացման վերջնական հաստատումը:
Տարածված թեզերից մեկն այն է, թե վիզաների ազատականացումից կօգտվեն միայն հարուստներն ու պաշտոնյաները։ Իրականությունը, սակայն, այլ է։ Նպատակն է՝ ճամփորդությունը դարձնել ավելի հեշտ ու պակաս ծախսատար Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
Մեկ այլ մանիպուլյացիա վերաբերում է Հայաստանում «փախստականների ճամբարների» ստեղծմանը։ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները շեշտում է հակառակը. «Հստակ և կարգավորված շարժունակությունը հեշտացնում է օրինական ճանապարհորդությունը և օգնում կանխել անօրինական միգրացիան»։
Հանրային տագնապներն ու թերահավատությունը փարատելու համար պետպաշտոնյաներն ընդգծում են, որ վիզաների ազատականացման շրջանակներում իրականացվող այս բարեփոխումներն ինքնանպատակ չեն։ Դրանք կենսական նշանակություն ունեն պետության զարգացման համար և անհրաժեշտ կլինեին անգամ այն դեպքում, եթե վիզաների ազատականացման հեռանկար ընդհանրապես չլիներ։
Վիզաների ազատականացման գործընթացը չի վերաբերում միայն սահմանը հեշտ հատելուն։ Ինչպես նշում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Նելլի Դավթյանը, սա պետության արդիականացման հզոր խթան է, քանի որ այն ենթադրում է՝
- Ավելի անվտանգ փաստաթղթեր և պաշտպանված անձնական տվյալներ,
- Կոռուպցիայի դեմ պայքարի և իրավապահ համակարգի հզորացում,
- Սահմանների էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում (ՍԷԿՏ), որը թույլ կտա ավելի արդյունավետ վերահսկել սահմանային մուտքերն ու ելքերը։
Այս բարեփոխումներն անհնար են առանց կենսաչափական նոր անձնագրերի։ Ըստ ՆԳՆ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանի, արդեն ամփոփվել է ֆրանսիական ընկերության հետ իրականացվող պետություն-մասնավոր գործընկերության մրցույթը։
«Հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր մարզում կգործի նոր անձնագրերի առնվազն մեկ, իսկ Երևանում՝ երկու գրասենյակ»,- ասում է Դավթյանը։
«Այն, ինչ մենք դժվարանում էինք ձևակերպել կամ այդքան համարձակ չէինք գտնվում բարձր նշաձողեր սահմանելու համար, պարզ և ուղիղ տեքստով գրված է գործողությունների ծրագրում… Մեր պետությունը ոլորտային բարեփոխումների հսկայական ճանապարհ է անցնելու։ Նույնիսկ եթե վերջում ազատ վիզային ռեժիմը չլինի, այս ռեֆորմներն արդեն իսկ արժեքավոր են», – անկեղծանում է Դավթյանը։
Ի՞նչ է սպասվում ճամփորդին
Ազատականացում չի նշանակում անվերահսկելի սահման։ Ընդհակառակը, այն ենթադրում է ավելի բարձր պատասխանատվություն։ Արդեն իսկ հիշատակված ՍԷԿՏ համակարգը թույլ է տալու վայրկյանների ընթացքում նույնականացնել խախտումները։ Եթե անձը 90 օր անց ելք չի կատարել, համակարգը միանգամից ահազանգելու է։
Այսպիսով, մինչ պետությունն իրականացնում է իր առջև դրված 74 քայլերը՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարից մինչև սահմանային ալգորիթմների հզորացում, քաղաքացիներին մնում է չտրվել արհեստականորեն գեներացվող վախերին և պատրաստ լինել նոր, ավելի քաղաքակիրթ ու անվտանգ ճամփորդական մշակույթի։
Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Վիզուալիզացիան՝ հեղինակի
Գլխավոր պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/05/2026











